Դեպի վեր

Հրայր Թովմասյանն ընդունեց Էստոնիայի արդարադատության նախարարի գլխավորած պատվիրակությանը

20/05/2013 Տառատեսակի
չափսը
A A A

 Մայիսի 19-ին ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի պաշտոնական հրավերով եռօրյա  այցով Երևան է ժամանել Էստոնիայի Հանրապետության արդարադատության նախարար Հանո Պեվկուրի գլխավորած պատվիրակությունը:

 Այսօր ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն ընդունեց Էստոնիայի արդարադատության նախարարի գլխավորած պատվիրակությանը:

 Հյուրերի խնդրանքով նախարար Թովմասյանը ներկայացրեց իր ղեկավարած գերատեսչության ենթկայության տակ գտնվող առանձին ստորաբաժանումների գործառույթները, համակարգում իրականացվող բարեփոխումները, որոնք նախատեսված են  2012-2016 թվականների իրավական և դատական բարեփոխումների ծրագրով: Մասնավորապես անդրադառնալով ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում առկա խնդիրներին Հրայր Թովմասյանն ասաց, որ շուտով շահագործման կհանձնվի միջազգային չափանիշներին համապատասխանող «Արմավիր» քրեակատարողական հիմնարկը, միևնույն ժամանակ հավելելով, որ առաջիկա տարիների ընթացքում նախատեսված է կրճատել քրեակատարողական հիմնարկների թիվը: Ծրագրված է ունենալ 5 քրեակատարողական հիմնարկ՝ այսօրվա 13-ի փոխարեն:

 ՀՀ արդարադատության նախարարությունում էստոնացի հյուրերի հետ հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Գրիգոր Մուրադյանը, տեղակալներ Արամ Օրբելյանը, Եղիշե Կիրակոսյանը, նախարարի խորհրդական Նորա Սարգսյանը:

 Էստոնիայի Հանրապետության արդարադատության նախարար  Հանո Պեվկուրի պատվիրակության կազմում  են Էստոնիայի արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավար  Մարկուս Սառապուն,  ԵՄ հարցերով աշխատակազմի ղեկավարի խորհրդական Կրիստի Վարկը:

Հանդիպումներին  մասնակցում նաև ՀՀ-ում և Վրաստանում Էստոնիայի դեսպան պրն Պրիիտ Թուրքը:

ՀՀ արդարադատության նախարարությունում հանդիպումից հետո Էստոնիայի Հանրապետության պատվիրակության անդամներն այցելեցին ճանապարհային ոստիկանություն՝ ծանոթանալու ավտոմեքենաների էլեկտրոնային հաշվառման համակարգին:  Միևնույն ժամանակ ներկայացվեց  քաղաքացիական կացության ակտերի, ինչպես նաև  իրավաբանական անձանց գրանցման էլեկտրոնային համակարգը:

Այցի շրջանակներում էստոնացի հյուրերին ընդունելու են   ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը և ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը:

 Էստոնիայի Հանրապետության արդարադատության նախարարի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան երկու երկրների միջև առկա համագործակցությունը խորացնելու նպատակով է, և ինչպես ՀՀ արդարադատության նախարարությունում, այնպես էլ նշված մյուս  գերատեսչություններում, նախատեսված հանդիպումների առանցքում է լինելու համագործակցության ընդլայնումը: 

 Էստոնիայի արդարադատության նախարարի այցին նախորդել էր ՀՀ արդարադատությանը նախարար Հրայր Թովմասյանի գլխավորած պատվիրակության այցը Էստոնիա՝ 2012թ. հոկտեմբերին: Տալինում ՀՀ  արդարադատության նախարարության պատվիրակության  անդամները ծանոթացել և ուսումնասիրել էին Էստոնիայի էլեկտրոնային կառավարության, ինչպես նաև Արդարադատության նախարարության տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերը:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն