Նախարար Հրայր Թովմասյանն ընդունեց ԵԽ Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին

14/06/2013

 Այսօր ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն ընդունել է Եվրոպայի Խորհրդի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Օլեքսանդր Պավլյուկին:

Հանդիպման նպատակն էր քննարկել ԵԽ նախաձեռնած «Ազատազրկման հետ կապված պատիժների կիրառման նվազեցումը եվրոպական ստանդարտներին համապատասխան» ծրագրի շրջանակներում համագործակցությանն առնչվող հարցերը:

 Նախ ԵԽ Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը ներկայացրեց, որ  ծրագրի նպատակն է աջակցել, որպեսզի հայաստանյան բանտային համակարգը համապատասխանեցվի եվրոպական բանտային կանոններին և ԵԽ այլ հանձնարարականներին, ինչպիսիք են՝ ԵԽ պրոբացիոն կանոնները, խոշտանգումների կանխարգելման հանձնաժողովի չափորոշիչները, ՄԻԵԴ-ի նախադեպերը և եվրոպական լավագույն փորձը:

 Ծրագիրն իրականացվելու է ՀՀ իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագրի շրջանակներում: ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հյուրերին իրազեկեց, որ իրավական և դատական բարեփոխումների ռազմավարական ծրագրով  նախատեսված է ՀՀ արդարադատության նախարարության կառուցվածքում ստեղծել քրեակատարողական ծառայությունից անկախ, առանձին պրոբացիայի ծառայություն և,  որ նախարարությունն արդեն իսկ մշակել է ծառայության   գործունեությունը կարգավորող իրավական ակտի նախագիծը:  «ՀՀ Նախագահի հաստատած ժամանակացույցի համաձայն 2014-ի հունվարի 1-ից պետք է գործի պրոբացիայի ծառայությունը,- նշեց նախարար Թովմասյանը:

 Հանդիպմանը մասնակցող «Ազատազրկման հետ կապված պատիժների կիրառման նվազեցումը եվրոպական ստանդարտներին համապատասխան» ծրագրի ղեկավար Հայկ Խեմչյանի փոխանցմամբ ԵԽ նախաձեռնած ծրագրի իրականացումը կառավարելու նպատակով ստեղծվելու է համակարգող խորհուրդ, որում ընդգրկված են լինելու ՀՀ արդարադատության նախարարության, ինչպես նաև այլ շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներ:

 Քննարկման ընթացքում կողմերի միջև պայմանավորվածություններ ձեռք բերվեցին  համատեղ աշխատանքները կազմակերպելու վերաբերյալ:

 Հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արամ Օրբելյանը և նախարարի խորհրդական Նիկոլայ Առուստամյանը: