Մտադրությունների հուշագիր՝ ուղղված ՀՀ-ում գործարար միջավայրի բարեփոխումների խթանմանն ու վեճերի այլընտրանքային կարգավորման համակարգի բարելավմանը

11/07/2013

  ՀՀ արդարադատության նախարարության և ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագրի(«Ի-Դի-Էմ-Սի»)  միջև այսօր ստորագրվել է մտադրությունների հուշագիր՝ Հայաստանում գործարար միջավայրի խթանմանն ուղղված բարեփոխումների, ինչպես նաև վեճերի այլընտրանքային կարգավորման(ՎԱԿ) համակարգի բարելավման վերաբերյալ:

  Հուշագիրն իրենց ստորագրությամբ վավերացրել են  ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը:

  Մտադրությունների հուշագրով նախանշված են մի շարք գործողություններ, որոնք պետք է իրականացվեն 2013 թվականի հուլիսից մինչև 2014 թվականի դեկտեմբերը: ԱՄՆ ՄԶԳ-ն նշված ծրագրի միջոցով աջակցելու է ՀՀ արդարադատության նախարարությանը նորմատիվ իրավական ակտերի և օրինագծերի մշակման, հանրային լսումների և շահառուների հետ կլոր սեղան- քննարկումների անցկացման հարցում: Համագործակցությունը ուղղված է լինելու ոչ միայն համակարգի բարելավմանը, այն նաև ապահովելու է բարեփոխումների վերաբերյալ պատշաճ իրազեկման միջոցով   ՎԱԿ համակարգի հանդեպ բիզնես համայնքի վստահության աճը:

  Մտադրությունների հուշագրի ստորագրման արարողությունից հետո ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները բազմիցս արդյունավետ փորձագիտական և տեխնիկական աջակցություն է ցուցաբերել՝  վստահություն հայտնելով, որ այս խնդրում ևս կնպաստի վեճերի այլընտրանքային կարգավորման համակարգը Հայաստանում զարգացնելու գործին:

  Դատարանների ծանրաբեռնվածության պատճառով այսօր Հայաստանում դատական գործընթացները սովորաբար դանդաղում և ավելի ծախսատար են դառնում, ինչը բացասաբար է ազդում գործարար միջավայրի վրա: Արդյունավետ ՎԱԿ համակարգը խնդրի հնարավոր լուծումներից է, որը տարաձայնություններ ունեցող կողմերին հնարավորություն կտա համաձայնության գալ առանց դատական գործընթացների մեջ ներքաշվելու: ՎԱԿ համակարգը ոչ միայն կօգնի գործարար կապերի պահպանմանը, այլ նաև կնպաստի սպառողների վստահության աճին: «Շատ ու շատ վեճեր, որոնք դատարաններում երկար ձգվում են, այլընտրանքային այս եղանակով  շատ արագ կլուծվեն»,- իր խոսքում նշել է նախարար Հրայր Թովմասյանը:

  Մտրադրությունների հուշագրի ստորագրման արարողությունից հետո ՀՀ արդարադատության նախարարը, շնորհակալություն հայտնելով արդյունավետ համագործակցության համար, Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին շնորհել է նախարարության՝ Շահամիր Շահամիրյանի անվան ոսկե հուշամեդալը:

 

  Դեսպան Ջոն Հեֆերնը հույս է հայտնել, որ այսօր ստորագրված հուշագրով նախատեսված  աշխատանքների  կատարման արդյունքում հնարավոր կլինի մեղմացնել հայաստանյան դատարանների գերբեռնվածությունը, ինչն էլ  կնպաստի գործարար համայնքի վստահության մեծացմանը՝ Հայաստանում ներդրումներ կատարելու հարցում: