Դեպի վեր

Քննարկում՝ նոտարական, ՔԿԱԳ մարմինների, ԴԱՀԿ, քրեակատարողական ծառայության և պետական ռեգիստրի ոլորտներում առկա խնդիրների ու իրականացվող բարեփոխումների վերաբերյալ

01/08/2013

  Լոռու մարզում հուլիսի 30-ին տեղի է ունեցել «Նոտարական, ՔԿԱԳ մարմինների, ԴԱՀԿ ծառայության, քրեակատարողական ծառայության և պետական ռեգիստրի գործունեության ոլորտներում առկա խնդիրներն ու իրականացվող բարեփոխումները» խորագրով քննարկում։ Այն նախաձեռնել էր «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ կողմից գործարկվող Լոռու հակակոռուպցիոն կենտրոնը՝ «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի շրջանակներում:

  Ասոցիացիայի նախագահ, ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը իր ողջույնի խոսքում կարևորել է նման միջոցառումների կազմակերպումը, նշելով, որ դրանք նպաստում են կոռուպցիոն խնդիրների վերհանմանն ու դրանց բացառմանն ուղղված գործողությունների մշակմանը: Նրա խոսքով՝ իրենք պարբերաբար մշտադիտարկումներ են անցկացնում նոտարիատի, ՔԿԱ գրանցումների և իրավաբանական անձանց գրանցումների ոլորտներում: «Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ համակարգում բավական լուրջ բարեփոխումներ են իրականացվել»,- ասել է Կարեն Զադոյանը։

  ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արամ Օրբելյանն անդրադարձել է ՔԿԱԳ, ԴԱՀԿ, քրեակատարողական հիմնարկներում, պետական ռեգիստրի ու նոտարական համարգերում ընթացող բարեփոխումներին, խոսել նաև այդ ոլորտներում առկա խնդիրներից:

  Նախարարի տեղակալը, որպես բարեփոխումների հիմնական ուղղություն, նշել է առկա վարչարարության բարելավումը, էլեկտրոնային կառավարման համակարգերի ներդրումը, համապատասխան համակարգերում ավելորդ քայլերի բացառումը, ինչպես նաև «մեկ պատուհանի» սկզբունքով ծառայությունների մատուցումը, որոնց արդյունքում քաղաքացիները այլևս ստիպված չեն լինի որևէ գրանցում կատարելու համար այցելել մի քանի կառույցներ, հավաքել անհրաժեշտ տեղեկանքներն ու փաստաթղթերը:

 

  Այդ համատեքստում Արամ Օրբելյանը հատկանշական է համարել ՔԿԱԳ մարմիններում ու նոտարական համակարգում ներկայում կատարվող տվյալների շտեմարանների թվայնացման աշխատանքները:

  ՔԿՀ-ներում ընթացող բարեփոխումներից նախարարի տեղակալը կարևորել է Արմավիրում կառուցվող 400 հոգու համար նախատեսված քրեակատարողական հիմնարկի առաջին մասնաճյուղի գործարկումը, ինչպես նաև պրոբացիոն ծառայության ստեղծմանն ուղղված աշխատանքները:

  «Այս համակարգում ամենակարևոր փոփոխություններից մեկը լինելու է պրոբացիոն ծառայության ներդրումը. Իրավական ակտերի նախագծերի փաթեթն արդեն պատրաստ է: Այն, մի շարք փորձաքննություններ անցնելուց հետո, կներ­կայացվի հանրային քննարկման և պաշտոնապես կշրջանառվի»,- ասել է Արամ Օրբելյանը:

  Վանաձոր ՔԿՀ-ի պետ Արտյոմ Մխոյանը և Այլընտրանքային պատիժների կատարման Լոռու բաժանմունքի ղեկավար Գևորգ Մկրտչյանն առանձնացրել են աշխատանքային պայմանների բարելավման անհրաժեշտության խնդիրը, քրեակատարողական ծառայողների պատրաստման համար համապատասխան բարձրագույն ուսումնական հաստատության բացակայության ու օրենքով սահմանմանված արգելված իրերի ցանկը վերանայելու հարցերը:  

Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին հուզող խնդիրները հիմնականում կապված էին ԴԱՀԿ ծառայության կատարողական և հայցի ապահովման գործողությունների հետ:  

  Լոռու հակակոռուպցիոն կենտրոնի համակարգող Արթուր Սուքիասյանը ներկայացրել է բոլոր այն դիմում-բողոքները, որոնք վերաբերել են հանրային ծառայություններ մատուցող վերոնշյալ կառույցների գործողություններին:

  Լոռու հակակոռուպցիոն կենտրոնը 2013 թվականին որևէ գրավոր դիմում-բողոք չի ստացել նոտարական գրասենյակների ու նոտարների, ՔԿԱԳ-երի, ՔԿՎ-ների գործունեության վերաբերյալ: Արթուր Սուքիասյանի տեղեկացմամբ, հիմնական բողոքները վերաբերել են ԴԱՀԿ ծառայությանը: Նրա խոսքով, դրանց մի մասը պայմանավորված են օրենսդրական որոշ բացերով:

  Ողջույնի խոսքով ու դիտարկումներով են հանդես եկել նաև Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, ՀՀ նոտարական պալատի նախագահ, Վանաձոր նոտարական շրջանի նոտար Մամիկոն Ասլանյանը, Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն