Արամ Օրբելյանը հանդիպել է Ֆրանսիայի ազգային կառավարման դպրոցի և Սորբոնի համալսարանի ուսանողներին

14/08/2013

  Հայաստանի  Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Արամ Օրբելյանը օգոստոսի 14-ին ընդունել է մեկ շաբաթով Հայաստան ժամանած Ֆրանսիայի ազգային կառավարման դպրոցի (École nationale d'Administration) և Սորբոնի համալսարանի ուսանողներ Առնո Իսին, Իլյա Սկրիլնիկովին և Սամուել Անդրե-Բերկովիչին:

  Հյուրերը հետաքրքվել են Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգով, տնտեսական ու իրավական ոլորտներում առկա խնդիրներով, իրականացվող բարեփոխումներով:

  Նախարարի տեղակալը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից գերակա ճյուղեր հայտարարված ոլորտների ուղղությամբ իրականացվող ծրագրերն ու ակնկալվող արդյունքները:

  Արամ Օրբելյանը հատկանշական է համարել նաև Հայաստանի Հանրապետության իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքները՝ դրանց արդյունքում կարևորելով դատարանների նկատմամբ վստահության բարձրացմանն ու պրոբացիոն ծառայության ներդրմանն ուղղված քայլերը: 

  Հյուրերը շնորհակալություն են հայտնել նախարարի տեղակալին իրենց ընդունելու, ջերմ ու անկաշկանդ մթնոլորտում զրույց ունենալու համար և հույս հայտնել, որ հնարավորության դեպքում ևս մեկ հանդիպում կունենան Արամ Օրբելյանի հետ, այս անգամ արդեն Ստրասբուրգում: