Լրատվամիջոցն ապատեղեկատվություն է տարածել

26/02/2014

«Ժողովուրդ» օրաթերթը փետրվարի 26-ի՝ «Որոտանի ՀԷԿ-ի ոդիսականը» վերնագրով հոդվածում, առանց փաստերը մանրամասն և բազմակողմանի ուսումնասիրելու, մեկնաբանել է, թե իբր ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, դեռ փետրվարի 5-ին, ԱԺ-ում հայտարարելով, թե Որոտանի ՀԷԿ-ը վաճառել է ոչ թե իր ողջ գույքը, այլ դրա մի մասը, «մեղմ ասած ստել է»:

Թերթը նշում է, թե իրենց «տրամադրության տակ է հայտնվել Որոտանի ՀԷԿ-ի վաճառքի վերաբերյալ պայմանագիրը», ըստ որի ամերիկյան «Քոնթուր գլոբալ հիդրո կասկադ» ՓԲԸ-ն ձեռք է բերել օգտագործվող սեփականության իրավունքով վաճառողին պատկանող ամբողջ գույքը»: Իրականում, նույն այդ պայմանագրում հստակ նշված է, որ ամերիկյան ընկերությունը գնել է Որոտանի երեք՝ Սպանդարյանի Հիդրոէլեկտրակայան (այսուհետ`«ՀԷԿ»)` 76 մվտ հզորությամբ, 2 էներգաբլոկ, կառուցված 1989 թ., Շամբի ՀԷԿ` 171 մվտ հզորությամբ, 2 էներգաբլոկ, կառուցված 1979 թ., և Տաթևի ՀԷԿ` 157 մվտ հզորությամբ, 3 էներգաբլոկ, կառուցված 1970 թ.: Այսինքն՝ ընկերությունը չի գնել չորրորդ՝ Հերհերի ՀԷԿ-ը:

Ի դեպ «Որոտան» ՀԷԿ-ի վաճառքի վերաբերյալ դեռ անցյալ տարի  նոյեմբերին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կայացրած որոշմանն անդրադարձել են մի շարք լրատվամիջոցներ, որոնց հրապարակումներում ևս հստակ նշված է, որ  ամերիկյան  ընկերությունը «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ընկերության  չորս ՀԷԿ-ից միայն երեքն է գնել:

Վերը նշվածով  փաստերը հաստատում են, որ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը պատգամավորներին լիովին ճիշտ տեղեկություն է տրամադրել: Իսկ «Ժողովուրդ» օրաթերթը    ապատեղեկատվություն է տարածել :

Հոդվածագրին և օրաթերթի պատասխանատուներին նախ խորհուրդ ենք տալիս ամբողջությամբ և ուշադիր ընթերցել պայմանագիրը, սխալն ուղղել ճշմարիտ տեղեկություն հրապարակելով, ապա նաև ներողություն  խնդրել ապատեղեկատվություն  տարածելու համար:

Կից ներկայացնում ենք «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ-ի անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայականը: