Կադրային փոփոխություններ նախարարությունում բնականաբար կլինեն. Արդարադատության նախարարի հարցազրույցը News.am-ին

08/05/2014

 Արդարադատության նորանշանակ նախարար Հովհաննես Մանուկյանը պատասխանել է NEWS.am-ի թղթակցի մի քանի հարցերին:

 Պարոն Մանուկյան, դուք Վրաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանն էիք, ինչպե՞ս համաձայնեցիք նշանակվել նախարարի պաշտոնին, անակնկա՞լ էր այդ առաջարկը:

 Առաջարկն անակնկալ էր իհարկե, բայց զարմանալի չէր ինձ համար: Առիթ ունեցել եմ ասելու, որ չափազանց պատվաբեր է դեսպանի կարգավիճակը, սակայն իմ պարտքն եմ համարել վերադառնալ եւ փորձել օգտակար լինել երկրում ծառացած ավելի բարդ խնդիրների լուծմանը:

 Դեսպանից նախարար գնալը հե՞շտ է, թե՞ դժվար, ո՞րն է ավելի հոգեհարազատ, մի քանի օրվա աշխատանքային փորձը ի՞նչ է հուշում:

 Ցանկացած աշխատանք իր բարդությունն ունի: Տարբեր ոլորտներում եւ պաշտոններում եմ աշխատել, սական ոչ մի տեղ դեռ 4-5 տարուց ավելի չեմ մնացել: Կարծում եմ, որ բացի քաղաքական ընտրովի մի քանի պաշտոններից, որեւէ պաշտոնում երկար մնալը լճացման է տանում: Այս աշխատանքը հոգեհարազատ է, ոլորտը՝ նույնպես: Իսկ առաջին երկու օրվա աշխատանքի փորձը հուշում է որ համենայն դեպս մոտ հեռանկարում աշխատանքի պակասից չենք ձանձրանալու:

 Ինչպիսի՞ ժառանգություն եք ստացել ձեր նախորդից՝ Հրայր Թովմասյանից, անելիքնե՞րն են շատ, թե՞ արված գործերը:

 Իրավական համակարգում ես աշխատում եմ դեռեւս 1996 թվականից: Լավագույնս ճանաչում եմ համակարգը, ճանաչում եմ նաեւ անկախ Հայաստանի արդարադատության բոլոր նախկին նախարարներին Վահե Ստեփանյանից մինչեւ Հրայր Թովմասյան: Չեմ կարծում, որ Հրայր Թովմասյանը երեք ու կես տարում կարող էր հրաշքներ գործել եւ համակարգը բերել իդեալական վիճակի, քանի որ բարդագույն համակարգ է, խնդիրները շատ են եւ խճճված: Թեեւ կարծում եմ, որ բավական գործ է արված եւ լավագույն նախաձեռնությունները շարունակվելու են: Հրայր Թովմասյանի հետ պայմանավորվածություն ունեմ, որ կշարունակենք առանձին հարցերում համագործակցել՝ անկախ նրա հետագա կարգավիճակից:

Ի դեպ, մարդու վատագույն բնորոշիչներից է գործունեությունն սկսել նախորդներին քննադատելով:  Նման բնավորություն չունեմ եւ երբեք չեմ ունեցել: Ինչպես երկրի, այնպես էլ համակարգի առջեւ մարտահրավերներ կան եւ քրտնաջան աշխատանք է հարկավոր, ոչ թե բամբասանք:

 Լրատվամիջոցներում հրապարակումներ եղան, որ Ձեզ համար միջնորդել է Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, քանի որ դուք համարվում եք նրա «կադրը» Իրականությանը որքանո՞վ են համապատասխանում այդ տեղեկությունները:

 Հուսով եմ գիտեք, թե ես որքան եմ հարգում ազատ մամուլը: Միշտ բաց եմ եղել լրատվամիջոցների համար եւ կարեւորել եմ նրանց հետ թափանցիկ, գրագետ ու ճիշտ աշխատանքը: Պարզապես այս պահին ուզում եմ պայմանավորվենք հետեւյալի շուրջ. երբեւէ չեմ պատասխանելու կամ մեկնաբանելու որեւէ  ասեկոսե, բամբասանք կամ հերյուրանք եւ պիտի խնդրեմ ըմբռնումով մոտենալ: Ժամանակը թանկ է:

 Կադրային փոփոխություններ անելո՞ւ եք, Հրայր Թովմասյանի հեռանալուց հետո նախարարության երկու աշխատակիցներ աշխատանքից ազատվելու դիմումներ են գրել, խոսքը փոխնախարար Արամ Օրբելյանի եւ մամուլի քարտուղար Կարինե Քալանթարյանի մասին, է ինչպե՞ս եք վերաբերում այդ հանգամանքին:

 Իրականում հարցը ինստիտուցիոնալ է: Երկրներ կան, որտեղ նմանատիպ հարց չի ծագում ընդհանրապես եւ ընդունված է, որ ղեկավարի հետ քաղաքական թիմի հեռանալն ինքնաբերաբար ենթադրելի է: Զարմանալի է հակառակը: Եթե քաղաքական թիմը բացարձակ չի փոխվում, ապա ինչու է նախարարը փոխվել այդ դեպքում: Բերեմ մի թարմ օրինակ. Վրաստանի նախագահի աշխատակազմի հայեցողական պաշտոն զբաղեցնող անձանց հետ աշխատանքային պայմանագիրը կնքվում է  նախագահի պաշտոնավարման ժամկետով:

Կադրային փոփոխություններ նախարարությունում բնականաբար կլինեն, բայց դա չի նշանակում որ պարտադիր պետք է փոխվեն բոլոր առանցքային դեմքերը: Արժեքավոր կադրերը գնահատելի են եւ ցանկության դեպքում կշարունակեն նոր թիմում աշխատել: Խոսքս հաստատեմ նրանով, որ օրինակ Արամ Օրբելյանին ինքս եմ առաջարկել շարունակել պաշտոնավարել, սակայն վերջնս նախընտրել է այս փուլում մասնավոր գործունեության ոլորտը, ինչում իրեն հաջողություններ եմ մաղթում:

 Արդարադատության ոլորտը ամենից շատ քննարկվող եւ քննադատվողն է, պատրա՞ստ եք Աժ-ում ընդդիմադիր պատգամավորների կողմից «քարկոծվելուն» եւ բանավեճերի մեջ մտնելուն:

 Եթե հետեւել եք իմ աշխատաոճին, ապա պետք է նկատած լինեիք, որ ընդունում եմ ցանկացած առողջ գաղափար եւ կարծիք, կոնստրուկտիվ քննադատությունը համարում եմ սխալներից խուսափելու կարեւորագույն գործիք: «Քարկոծվելուն» պատրաստ չեմ, բայց միշտ պատրաստ եմ առարկայական բանավեճերի յուրաքանչյուր սրտացավ մարդու հետ՝ անկախ քաղաքական  եւ այլ  հայացքներից: Սիրում եմ կառուցողական եւ ստեղծագործ  մոտեցում, չեմ սիրում շոու, անչափ կարեւորում եմ բանավեճերն ու աշխատանքային քննարկումները, սակայն ճիշտ չեմ համարում, երբ խախտվում է բանավեճի կուլտուրան, էթիկան եւ փոխադարձ հարգանքը:

Ամբողջական հարցազրույցը՝ սկզբնաղբյուր կայքում: