Քննարկվել են ՀՀ արդարադատության նախարարության և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի համագործակցության ուղղությունները

02/06/2014

 ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հունիսի 2-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող և ՄԱԶԾ-ի մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոյի գլխավորած պատվիրակությանը:

 Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողն իր գոհունակությունն է արտահայտել մինչ օրս Արդարադատության նախարարության հետ ունեցած արդյունավետ համագործակցության համար, միևնույն ժամանակ հույս հայտնել, որ այն շարունակական բնույթ կկրի:

 Բուզետտոն անդրադարձել է գյուղական համայնքներում իրականացվող իրավաբանական անվճար օգնության ինստիտուտի զարգացմանը՝ նշելով, որ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակն այդ ուղղությամբ պատրաստ է աջակցություն տրամադրել: 

 Հովհաննես Մանուկյանը ներկայացրել է ոլորտի ներկա և իրականացվելիք բարեփոխումները և տեղեկացրել, որ Կառավարության ծրագրային դրույթներից մեկն ուղղված է մարզերում անվճար իրավաբանական օգնությունն ուժեղացնելուն:

 Հանդիպման ընթացքում անդրադարձել են նաև Մարդու իրավունքների պաշտպանության միջոցառումների ծրագրին՝ այն երկուստեք համարելով կարևորագույն գործիք՝ մարդու իրավունքների պաշտպանության հարցում: 

 Կողմերը քննարկել են նաև սահմանադրական բարեփոխումներն ու  դրանց շուրջ անցկացվող հանրային քննարկումները: 

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոն շնորհակալություն է հայտնել բարեփոխումների վերաբերյալ ներկայացված պարզաբանումների համար:

 Բարձր գնահատելով ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի հետ համագործակցությունը՝ նախարար Հովհաննես Մանուկյանը հույս է հայտնել, որ առաջիկա տարիներին այն զարգացնելու նոր հնարավորություններ կստեղծվեն: