Դեպի վեր

Արման Խոջոյանին 17.10.2011թ. ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ ընդունելու իրավաչափության մասին

16/04/2012 Տառատեսակի
չափսը
A A A

ՀՀ ոստիկանության ձերբակալվածների պահման վայրերի վերահսկողության դիտորդական խումբը ՀՀ արդարադատության նախարարին հասցեագրված 24.10.2011թ. թիվ 2245-99 գրության մեջ նշել է.<<2011թվականի հոկտեմբերին ՀՀ ոստիկանության Վայոց Ձորի մարզի Եղեգնաձորի ՁՊՎ, արձանագրել է, որ հետախուզվող Ա. Հ Խոջայանին 17.09.2011թ. բերման են ենթարկել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության կենտրոնական բաժին, որից հետո տեղափոխել են ՀՀ ԱՆ <<Նուբարաշեն>> ՔԿՀ: Ավելին Խոջայանին ՔԿՀ ընդունելիս վարչակազմը չի պահանջել ՀՀ օրենսդրությամբ անհրաժեշտ փաստաթղթերը և ապօրինի կերպով նրան պահել են ՔԿՀ-ում: Միայն երեք օր անց է նկատվել այն փաստը, որ քաղաքացուն ՔԿՀ ընդունելու համար անհրաժեշտ փաստաթղթերը(կալանավորման վերահաստատման որոշումը, ձերբակալման արձանագրությունը) բացակայում են: Դրանից հետո, 20.09.2011թ.-ին Խոջայանին քննիչի միջնորդությամբ տեղափոխում են ՀՀ ոստիկանության Վայոց Ձորի ՄՎ Եղեգնաձորի ՁՊՎ և այնտեղ կազմակերպում նրա կալանավորման վերահաստատումը>>:

Նշված գրության հիման վրա ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրինական վերահսկողության տեսչության կողմից կատարվել են համապատասխան ուսումնասիրություններ, որոնց արդյունքում պարզվել է, որ ՀՀ ԱՆ <<Նուբարաշեն>> քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից Արման Խոջոյանին 17.10.2011թ ընդունելը եղել է իրավաչափ:

Այսպես համաձայն գործի փաստական հանգամանքների`

Քրեական վարույթն իրականացնող մարմինը 07.02.2010թ. որոշում է կայացրել Արման Հրանտի Խոջայանին ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով որպես մեղադրյալ ներգրավելու մասին և նույն օրը նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 07.10.2010թ. որոշմամբ մեղադրյալ Արման Խոջայանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը` 2 ամիս ժամկետով:

17.09.2011թ. ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության կենտրոնական բաժնի կողմից հայտնաբերվել է հետախուզվող Արման Խոջայանը, բերման ենթարկվել և տեղափոխվել ՀՀ ԱՆ <<Նուբարաշեն>> ՔԿՀ:

Արման Խոջոյանի նկատմամբ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 20.09.2011թ. որոշմամբ կալանքի կիրառումը վերահաստատվել է:

<<Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին>> ՀՀ օրենքի 3-րդ մասի 2-րդ կետի համաձայն.

<<Կալանավորվածներին պահելու վայրերում անձին պահելու հիմքը քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան կայացված դատարանի որոշումն է` կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին>>:

<<Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության` կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու մասին>> ՀՀ կառավարության 03.08.2006թ. որոշման 6-րդ կետի համաձայն.

<<Կալանավորվածներին պահելու վայրի պատասխանատու հերթապահն ստուգում է կալանավորվածներին պահելու վայր բերված անձին ընդունելու համար անհրաժեշտ հետևյալ փաստաթղթերը` անձնագիրը, իսկ դրա բացակայության դեպքում` նկարով` անձը հաստատող այլ փաստաթուղթ, կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին դատարանի որոշումը, ձերբակալված լինելու դեպքում` ձերբակալելու մասին արձանագրությունը, հագուստի և անձնական իրերի անվանացանկի մասին արձանագրությունը և սահմանված կարգով տրված` դատվածության մասին տեղեկանքը>>:

Այսինքն յուրաքանչյուր անգամ կալանավոր ընդունելիս պատասխանատու հերթապահն ստուգում է միայն`

1. անձնագիրը, իսկ դրա բացակայության դեպքում` նկարով` անձը հաստատող այլ փաստաթուղթ,գործում առկա համապատասխան տեղեկանքը

2. կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին դատարանի որոշումը

3. հագուստի և անձնական իրերի անվանացանկի մասին արձանագրությունը

4. սահմանված կարգով տրված` դատվածության մասին տեղեկանքը

5. ձերբակալելու մասին արձանագրությունը, եթե անձը ձերբակալվել:

17.10.2011թ. <<Նուբարաշեն>> ՔԿՀ պատասխանատու հերթապահի կողմից Արման Խոջայանին ընդունելիս առկա են Արման Խոջայանի անձը հաստատող փաստաթուղթը, Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 07.10.2010թ. կալանք կիրառելու վերաբերյալ որոշումը, հագուստի և անձնական իրերի անվանացանկի մասին արձանագրությունը:

Ինչ վերաբերում է ձերբակալելու մասին արձանագրությունը, ապա այն տվյալ դեպքում առկա չի եղել, քանի որ Ա. Խոջայանը 17.10.2011թ. ոչ թե ձերբակալվել է, այլ բերման է ենթարկվել: Ուստի գործում ձերբակալման արձանագրության առկայությունն անհրաժեշտ չէր: Ընդ որում ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը նման դեպքում որպես պարտադիր պայման չի սահմանում անձի ձերբակալումը: Հետևաբար Ա. Խոջայանին բերման ենթարկելը եղել է օրինական:

Ինչ վերաբերում է դիտորդական խմբի կողմից վկայակոչվող կալանավորման վերահաստատման որոշման առկայության հարցին, ապա անհրաժեշտ է նշել, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը հետախուզման մեջ գտնվող անձին հայտնաբերելու դեպքում նրա նկատմամբ մինչև հայտնաբերելը կայացված կալանավորման մասին որոշման վերահաստատման պահանջ չի սահմանում: Նման պահանջը բխում է Եվրոպական դատարանի նախադեպային որոշումներից, ինչպես նաև ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2008թ. ԼԴ/0197/06/08 գործով կայացված որոշումից:

Այսպես Գարաբաևն ընդդեմ Ռուսաստանի գործով վճռում Եվրոպական դատարանն արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը.<<Այն, որ դատարանը հեռակա որոշում է կայացրել անձին կալանավորելու մասին այն պայմաններում, երբ անձը թաքնվում էր արդարդատությունից և գտնվում էր միջազգային հետախուզման մեջ, չի հակասում Կոնվենցիայի դրույթներին։ Սակայն Թուրքմենստանից դիմումատուի վերադառնալուց և Ռուսաստանում ձերբակալվելուց հետո, Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի հիման վրա, նա պետք է անհապաղ հասցվեր դատավորի մոտ (Garabaev v. Russia, 2007թ., բողոք N 38411/02, կետ 101)>>:

ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2008թ. ԼԴ/0197/06/08 գործով կայացված որոշման մեջ նշել է.<<Կոնվենցիայով հստակ ամրագրված և Եվրոպական դատարանի նախադեպային պրակտիկայում բազմիցս վերահաստատված պահանջի ներպետական երաշխավորման պահանջը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ ներպետական օրենդրության մակարդակում ազատության իրավունքի ապահովման անհրաժեշտ երաշխիք պետք է լինի հետախուզման մեջ գտնվող անձին հայտնաբերելուց հետո, արդեն նրա ներկայությամբ, նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցի հարցի կրկնակի քննարկումը նախաքննության կատարման վայրի դատարանում։ Դա հնարավորություն կտա նվազեցնել կամայական կալանավորման դեպքերը, ինչպես նաև կապահովի Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ մասի` Հայաստանի Հանրապետության համար միջազգային պարտավորություն հանդիսացող պահանջների կատարումը։

Հետևաբար` հետախուզման մեջ գտնվող անձին հայտնաբերելուց հետո նա պետք է անհապաղ (72 ժամվա ընթացքում) տարվի դատավորի մոտ>>։

Այսինքն ՀՀ վճռաբեկ դատարանը սահմանել է, որ հետախուզման մետ գտնվող անձը, ում նկատմամբ կիրառվել է կալանք խափանման միջոցը, պետք է հայտնաբերվելու պահից 72 ժամվա ընթացքում նախաքննության մարմնի կողմից տարվի դատարան` նրա նկատմամբ կիրառված կալանքը վերահաստատելու նպատակով:

Վերոնշյալից բխում է, որ նախ կալանքի վերահաստատման պահանջը դրված է նախաքննություն իրականացնող մարմնի վրա, այլ ոչ թե քրեակատարողկան հիմնարկի վրա:

Երկրորդ, անձը պետք է դատարան տարվի բերման ենթարկվելու պահից 72 ժամվա ընթացքում:

Երրորդ, ոչ Եվրոպական դատարանի, ոչ էլ ՀՀ վճռաբեկ դատարանի վերը նշված որոշումները չեն սահմանում որևէ պահանջ առ այն, թե որտեղ պետք է դատապարտյալը պահվի այդ 72 ժավմա ընթացքում` քրեակատարողական հիմնարկում, թե ձերբակալված անձանց պահելու վայրում:

Սույն գործի փաստական հանգամանքների վերլուծությունից բխում է, ՀՀ ԱՆ <<Նուբարաշեն>> ՔԿՀ վարչակազմը 17.10.2011թ. Արման Խոջոյանին ընդունելիս գործել է իրավաչափ` թույլ չտալով որևէ իրավական ակտի խախտում, իսկ վճռաբեկ դատարանը որոշմամբ սահմանված 72 ժամյա պահանջը տվյալ դեպքում պահպանվել է, քանի որ դատարանի 20.09.2011թ. որոշմամբ կալանքի կիրառումը վերահաստատվել է:

Ուստի տվյալ դեպքում Արման Խոջոյանին 17.10.2011թ. ՀՀ ԱՆ <<Նուբարաշեն>> ՔԿՀ ընդունելը եղել է իրավաչափ, և դրա արդյունքում Արման Խոջոյանի ՀՀ Սահմանադրության և Եվրոպական կոնվենցիայով նախատեսված որևէ իրավունք չի խախտվել:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն