Դեպի վեր

Հրայր Թովմասյանն ընդունեց ԵԱՀԿ ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Ռադմիլա Շեկերինսկայի գլխավորած պատվիրակությանը

26/03/2012

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն այսօր ընդունեց ԵԱՀԿ ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Ռադմիլա Շեկերինսկային և պատվիրակության անդամներ Մառլա Մորրին ու Քսենյա Դաշուտինային:

Հյուրերին մասնավորապես հետաքրքրում էր ՀՀ արդարադատության նախարարության դերը ընտրական գործընթացներում, ինչպես նաև ընտրությունների ընթացակարգին և օրենսդրությանը վերաբերող այլ հարցեր:
Զրույցի ընթացքում նախարար Թովմասյանը նախ պարզաբանեց, որ իր ղեկավարած գերատեսչությունն անմիջական առնչություն չունի ընտրական գործընթացների հետ: Նախարարությունն, իհարկե, մասնակցել է օրենսդրական ՝ մասնավորապես «ՀՀ ընտրական օրենսգրք»ի, «Զանգվածային լրատվության մասին», ինչպես նաև «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքների փոփոխությունների իրականացմանը: Արդարադատության նախարարությունը հեղինակել է «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքը:
Հարցին, թե որքանով են բավարարում փորձառու իրավաբան, ընտրական իրավունքի մասնագետ Հրայր Թովմասյանին «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունները, նախարարը պատասխանեց, որ եվրոպական կառույցների դրական գնահատականին արժանացած՝ «Հավաքների ազատության մասին» օրենքի հեղինակը նախարարությունն է, և վերջին մեկ տարվա ընթացքում նախորդ տարիներին բազմիցս օգտագործվող «չարտոնված կամ արգելված հավաքներ» արտահայտություններն այլևս վերացել են, նման դեպքեր պարզապես չեն եղել:
Ինչ վերաբերում է ՀՀ «Ընտրական օրենսգրքին», ապա նախարար Թովմասյանի խոսքով ինստիտուցիոնալ առումով որևէ առարկություն չունի:
Հյուրերի խնդրանքով արդարադատության նախարարը ներկայացրեց նաև ընտրական օրենսգրքով սահմանված ընտրության արդյունքները բողոքարկելու, ընտրությունների ընթացքը վերահսկելու մեխանիզմները, ինչպես նաև ընտրություններին կանանց մասնակցության հնարավորությունները:
Զրույցի ընթացքում ՀՀ արդարադատության նախարարն, ընդգծելով մայիսի 6-ին ազատ և թափանցիկ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտությունը, շեշտեց, որ դա առաջին հերթին պետք է մեր երկրին ու մեր քաղաքացիներին, ուստի ամեն ինչ արվելու է այդ չափանիշներին համապատասխանող ընտրություններ անցկացնելու համար:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն