ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեում Հայաստանի Հանրապետության երրորդ պարբերական զեկույցի քննարկումը

15/05/2012

Մայիսի 10-ին և 11-ին Ժնևում ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեն իր 48-րդ նստաշրջանում քննարկեց Հայաստանի 3-րդ պարբերական զեկույցը ՄԱԿ-ի Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի և պատժի դեմ կոնվենցիայի իրականացման վերաբերյալ:

ՀՀ պատվիրակության կազմում, որը ղեկավարում էր ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Եղիշե Կիրակոսյանը, ընդգրկված էին ՀՀ արտաքին գործերի, պաշտպանության, արդարադատության նախարարությունների, գլխավոր դատախազության, վճռաբեկ դատարանի, ոստիկանության ներկայացուցիչները:

Քննարկման ընթացքում կոմիտեի կողմից բարձրացվեցին խոշտանգումների կանխարգելման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների կատարման վիճակը, մասնավորապես բարձրացվեց ՀՀ քրեական օրենսգրքում խոշտանգման հասկացության համապատասխանեցման հարցը ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոնվենցիայի պահանջներին, քրեակատարողական հիմնարկներում ձեռնարկված միջոցները խոշտանգումների կանխարգելման ուղղությամբ, բանակում կատարվող բռնության դեպքերը:

Հայաստանյան պատվիրակությունը ներկայացրեց վերջին տարիների ընթացքում խոշտանգումների կանխարգելման ուղղությամբ Հայաստանի ձեռնարկած քայլերը, ինչպես այն գործողությունները, որոնք նախատեսվում են իրականացնել առաջիկայում, մասնավորապես ներկայացվեց, որ ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծն արդեն իսկ ընդգրկված է ՀՀ ԱԺ օրակարգում, ներկայացվեցին քրեակատարողական համակարգում, բանակում և դատական համակարգում իրականացվելիք բարեփոխումները և արդեն իսկ կատարված քայլերը:

 

Զեկույցի քննարկմանը կհաջորդի կոմիտեի եզրակացությունների և առաջարկությունների ընդունումը:

 

Տեղեկանք` ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեն 10 անկախ փորձագետներից կազմված ՄԱԿ-ի պայմանագրային մարմին է, որը հսկում է Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի և պատժի դեմ կոնվենցիայի ընթացքը` 4 տարի պարբերականությամբ ներկայացվող զեկույցի միջոցով: