Դեպի վեր

22/03/1996

ՀՀ վարչապետի որոշումը ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի եվ վերլուծության վարչության կանոնադրությունը եվ կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

  

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 մարտի 1996 թ. N 172

  

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԵՎ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  

 1. (1-ին կետն ուժը կորցրել է 09.09.98 N 542)

2. Սահմանել Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչության կոլեգիայի անդամների թվաքանակը` 9 մարդ:

3. Ուժը կորցրած ճանաչել ՀՍՍՀ Մինիստրների խորհրդի 1988 թվականի ապրիլի 9-ի «Հայկական ՍՍՀ վիճակագրության պետական կոմիտեի և Հայկական ՍՍՀ շրջաններում և քաղաքներում պետական վիճակագրության մարմինների կանոնադրությունը հաստատելու մասին» N 197 որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ


 

Հաստատված է 
ՀՀ վարչապետի 1996 թ. 
մարտի 22-ի N 172 որոշմամբ

 

 

 

 

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

  

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԵՎ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

  

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչությունը (այսուհետև` վարչություն) պետական կառավարման հանրապետական մարմին է, որն իրականացնում է վիճակագրության համակարգի կառավարումը` ենթարկվելով Հայաստանի Հանրապետության կառավարությանը:

2. Վարչությունը պատասխանատվություն է կրում գիտական մեթոդաբանության վրա հիմնված օբյեկտիվ և արժանահավատ վիճակագրական տվյալներով ապահովման, ձեռնարկությունների պետական ռեգիստրի վարման, ինչպես նաև վիճակագրական համակարգում տիրող վիճակի, նրա հեռանկարային զարգացման և գիտատեխնիկական ու կառուցվածքային քաղաքականության իրականացման համար:

3. Վարչությունն իրավաբանական անձ է, ունի Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք:

 

II. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

4. Վարչության հիմնական խնդիրներն են`

ա) Հայաստանի Հանրապետությունում տնտեսագիտական վիճակագրական տեղեկատվության հավաքումն ու մշակումը, դրա վերլուծությունը, սոցիալ-տնտեսական և ժողովրդագրական գործընթացների վերաբերյալ ցուցանիշների համակարգի ու կանխատեսումների պատրաստումը, սահմանված ժամկետներում հասցեատերերին հաշվետվական տվյալների ներկայացումը.

բ) Հայաստանի Հանրապետության տնտեսությունում շուկայական հարաբերությունների ծավալման և սեփականության տարբեր ձևերի զարգացման պայմաններում տնտեսագիտական-վիճակագրական համակարգի կայունության, միջազգային չափանիշներին համապատասխան գիտականորեն հիմնավորված վիճակագրական մեթոդաբանության մշակումը և ձևերի ճկունության, հանրապետության սոցիալական կյանքում և տնտեսությունում կատարվող գործընթացների, իրադարձությունների և տեղաշարժերի ընթացքի վերաբերյալ օպերատիվ տեղեկատվության ապահովումը.

գ) վիճակագրական տեղեկատվության լայն հրապարակայնության և օրենսդրությամբ սահմանված կարգով մատչելիության ապահովումը, Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակի, ապրանքների և ծառայությունների, գների դինամիկայի, ինչպես նաև բնակչության կենսամակարդակի վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներով հասարակությանը պարբերաբար տեղեկացնելը.

դ) Հայաստանի Հանրապետությունում ձեռնարկությունների պետական ռեգիստրի վարումը.

ե) գիտատեխնիկական նվաճումների, ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների և համակարգերի բազայի վրա վիճակագրական ցուցանիշների կատարելագործումը, վիճակագրական տեղեկատվության օպերատիվության ու որակի բարձրացումը, վիճակագրության համակարգի մարմինների տեխնիկական վերազինումը, նորագույն էլեկտրոնային հաշվողական մեքենաների, կապի միջոցների և կազմտեխնիկայի լայն կիրառումը.

զ) պետական վիճակագրության մարմինների կողմից, անհրաժեշտության դեպքում, այլ կազմակերպություններին, ինչպես նաև քաղաքացիներին ինքնուրույն վիճակագրական դիտարկումների, ուսումնասիրությունների անցկացման և արդյունքների վերլուծության հարցերի գծով մեթոդաբանական օգնություն ցույց տալը:

5. Վարչությունն իր առջև դրված խնդիրներին համապատասխան`

ա) կատարում է վիճակագրական աշխատանքներ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

բ) հաստատում և գործողության մեջ է դնում պետական վիճակագրական հաշվետվությունների ձևերը, դրանց կիրարկման հրահանգները, միանվագ հաշվառումների, հետազոտությունների, հաշվեգրումների ձևերն ու ծրագրերը.

գ) ապահովում է վիճակագրական տեղեկատվության պահպանումը, պաշտպանումը, պետական և առևտրային գաղտնիքների վերաբերյալ տվյալների գաղտնիությունը: Վիճակագրական մարմինների աշխատողները գործող օրենսդրությամբ նախատեսված կարգով պատասխանատվություն են կրում պետական և առևտրային գաղտնիքների հրապարակման համար.

դ) վիճակագրական համատարած դիտարկումներին զուգընթաց լայնորեն իրականացնում է ընտրանքային հաշվեգրումներ, հետազոտություններ և հարցումներ.

ե) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և մյուս նախարարությունների ու գերատեսչությունների հետ համատեղ աշխատանքներ է տանում հանրապետության տնտեսությունում ազգային հաշիվների համակարգի մշակման և ներդրման ուղղությամբ` միջազգային չափանիշներին համապատասխան.

զ) պատրաստում և հանրապետության իրավասու պետական մարմիններին է ներկայացնում հանրապետության սոցիալական և տնտեսական դրության վերաբերյալ ամենամսյա զեկուցագիր, պարբերաբար` հանրապետության սոցիալական և տնտեսական վիճակի ու հրատապ նշանակություն ունեցող առանձին հարցերի վերաբերյալ վերլուծական զեկուցագրեր և մեկնաբանություններ.

է) ուսումնասիրում է սոցիալական գործընթացները, բնակչության կենսամակարդակը, կյանքի պայմանները: Անցկացնում է սոցիալ-ժողովրդագրական հետազոտություններ, հարցումներ, կազմակերպում ընտանեկան բյուջեների հետազոտություններ, Հայաստանի Հանրապետության կառավարության հանձնարարությամբ անցկացնում մարդահամարներ.

ը) իրականացնում է հանրապետության տնտեսությունում սկզբնական հաշվառմանն ու հաշվետվություններին վերաբերող հարցերի ընդհանուր ղեկավարումը, այդ նպատակով ձեռնարկություններին, հիմնարկներին և կազմակերպություններին տալիս է մեթոդական ցուցումներ պետական վիճակագրության սկզբնական հաշվառման և հաշվետվությունների կազմակերպման ու կատարելագործման վերաբերյալ: Օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով ստուգում է ձեռնարկություններում, հիմնարկներում ու կազմակերպություններում վիճակագրական հաշվառման և հաշվետվության դրվածքն ու տվյալների արժանահավատությունը.

թ) զանգվածային լրատվության միջոցներով հրապարակում է հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման վերաբերյալ ընթացիկ և տարեկան արդյունքները: Պարբերաբար լուսաբանում է Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի կատարումը, գների ինդեքսների և բնակչության կենսամակարդակի մասին տվյալները.

ժ) կազմակերպում է հանրապետությունում գործող ձեռնարկություններին, հիմնարկներին, կազմակերպություններին պետական վիճակագրական հաշվետվությունների ձևերի բլանկներով և դրանց լրացման վերաբերյալ հրահանգներով անվճար ապահովման աշխատանքները.

 ի) համագործակցում է այլ պետությունների ազգային վիճակագրական ծառայությունների և այլ միջազգային կազմակերպությունների հետ, իր գործունեության ընթացքում օգտագործում է միջազգային վիճակագրական կազմակերպությունների խորհրդատվությունները և այլ երկրների առաջավոր փորձը:

6. Իր առջև դրված խնդիրների և գործառույթների իրականացման նպատակով վարչությունն իրավունք ունի`

ա) անվճար ստանալու Հայաստանի Հանրապետության նախարարություններից, գերատեսչություններից, պետական կառավարման տարածքային և տեղական ինքնակառավարման մարմիններից, Հայաստանի Հանրապետությունում գործող ձեռնարկություններից, հիմնարկներից, կազմակերպություններից (այդ թվում` ֆինանսավարկային), քաղաքացիներից պետական հաշվետվություն (այդ թվում` առևտրային գաղտնիք պարունակող).

բ) ստանալու անհրաժեշտ տեղեկություն (հարցումների, հարցաթերթիկների ձևով) և ներկայացվող հաշվետվություններին կից բացատրություններ` վիճակագրական և հաշվառման աշխատանքների մշակման ցանկացած փուլում, անհրաժեշտ ծավալներով և նախատեսված ժամկետներում.

գ) վիճակագրական դիտարկումների անցկացման համար պայմանագրային հիմունքներով անհրաժեշտ տվյալներ ստանալու քաղաքացիներից` նրանց սոցիալ-ժողովրդագրական վիճակի, այդ թվում` տնային տնտեսությունների մասին.

դ) հրապարակայնորեն պարզաբանելու վիճակագրական տեղեկատվության և տվյալների ոչ ճիշտ օգտագործման ու մեկնաբանման դեպքերը.

ե) ներդնելու իր կողմից հաստատված վիճակագրական հաշվետվությունների ձևերը.

զ) օրենսդրությամբ սահմանված կարգով պետական վիճակագրության ու հաշվառման հարցերի վերաբերյալ ընդունելու նորմատիվ ակտեր, հրապարակելու հրամաններ և հաստատելու հրահանգներ, որոնց կատարումը պարտադիր է վիճակագրական դիտարկման օբյեկտների համար.

է) վերահսկողություն իրականացնելու վիճակագրական դիտարկման օբյեկտների կողմից վիճակագրության և հաշվառման վերաբերյալ օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ.

ը) կատարելու ուղղումներ պետական հաշվետվություններում հաշվետվական տվյալների անճշտությունների և աղավաղումների հայտնաբերման դեպքում` պարտավորեցնելով համապատասխան անճշտությունը և աղավաղումը թույլ տված օբյեկտներին ու քաղաքացիներին այդ ուղղումները կատարել սկզբնական հաշվառման և հաշվապահական փաստաթղթերում, փոխկապակցված այլ ցուցանիշներում.

թ) օրենսդրությամբ սահմանված կարգով միջոցներ ձեռնարկելու վիճակագրության մասին օրենսդրության խախտումների համար մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ.

ժ) վիճակագրության և հաշվառման հարցերի վերաբերյալ անցկացնելու պաշտոնական փորձաքննություն:

 

III. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

  

7. Վարչության համակարգն ընդգրկում է վիճակագրության և պետական ռեգիստրի Երևան քաղաքի և մարզային վարչությունները, նրանց կառուցվածքային տարածքային ստորաբաժանումներն ու տեղեկատվահրատարակչական կենտրոնը:

8. Վարչությունը պետական վիճակագրության համակարգին վերաբերող բոլոր հարցերը լուծում է իրեն վերապահված իրավունքների սահմաններում` չխախտելով ենթակա ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ նախատեսված ինքնուրույնությունը:

Վարչությունը մյուս նախարարությունների, գերատեսչությունների հետ համատեղ իրականացնում է գործարար կապեր և համագործակցություն` միջճյուղային հարցերի մշակման ու լուծման համար:

9. Վարչությունը Հայաստանի Հանրապետության կառավարության հանձնարարությամբ իրականացնում է իր համակարգի պետական գույքի տիրապետման և օգտագործման գործառույթները, ապահովում պետական սեփականության պահպանությունն ու դրա նկատմամբ խնայողական վերաբերմունքը:

10. Վարչությունը`

ա) ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ ու սույն կանոնադրությամբ դրանց հիման վրա և ի կատարումն դրանց, իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ և տալիս ցուցումներ, որոնց կատարումը պարտադիր է պետական կառավարման մյուս հանրապետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների, ինչպես նաև քաղաքացիների համար.

բ) նախարարությունների հետ համատեղ, անհրաժեշտության դեպքում, արձակում է հրամաններ և հրահանգներ.

գ) ընդհանրացնում է պետական վիճակագրությանն առնչվող օրենսդրական ակտերի կիրառման պրակտիկան, առաջարկություններ է մշակում օրենսդրության կատարելագործման վերաբերյալ և դրանք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության կամ Հայաստանի Հանրապետության վարչապետի քննարկմանը.

դ) սահմանված կարգով մասնակցում է իր իրավասության մեջ մտնող հարցերի վերաբերյալ միջազգային պայմանագրերի նախագծերի մշակմանն ու քննարկմանը.

ե) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների ընդունած հրամաններն ու հրահանգները:

11. Վարչությունը պետական վիճակագրության կազմակերպման և համակարգի կառավարման բոլոր հարցերի քննարկումն ու լուծումը կազմակերպում է կոլեգիալության և միանձնյա ղեկավարման զուգակցման հիման վրա` աշխատանքի հանձնարարված տեղամասում գործերի վիճակի և որոշակի առաջադրանքների կատարման համար պաշտոնատար անձանց պատասխանատվության ճշտորոշ սահմանումով:

12. Վարչությունը գլխավորում է պետ-նախարարը, որին Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը համապատասխան պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում Հայաստանի Հանրապետության նախագահը` Հայաստանի Հանրապետության վարչապետի առաջարկությամբ:

Վարչության պետ-նախարարն ունի տեղակալներ, որոնց պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում Հայաստանի Հանրապետության վարչապետը` խորհրդակցելով վարչության պետ-նախարարի հետ:

13. Վարչության պետ-նախարարը`

ա) պատասխանատվություն է կրում վարչության առջև դրված խնդիրների և գործառույթների կատարման համար.

բ) սահմանում է պետ-նախարարի տեղակալների, վարչությունների ու բաժինների պետերի և վարչության մյուս կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների պատասխանատվության աստիճանը` վարչության համակարգի գործունեության համար.

գ) կատարում է վարչության պետ-նախարարի տեղակալների միջև պարտականությունների բաշխում.

դ) Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում վարչության կենտրոնական ապարատի կառուցվածքը և աշխատողների թվաքանակը.

ե) հաստատում է վարչության կառուցվածքային ստորաբաժանումների և ենթակա ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների կանոնադրությունները.

զ) առաջարկում է վարչության կոլեգիայի անդամների թվաքանակը և Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում կոլեգիայի կազմը.

է) կազմակերպում և ղեկավարում է վարչության կոլեգիայի նիստերը.

ը) պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում վարչության աշխատողներին, կոնտրակտային եղանակով աշխատանքային պայմանագրեր է կնքում համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների ղեկավարների հետ.

թ) օրենսդրությամբ սահմանված կարգով խրախուսում և կարգապահական ներգործության միջոցներ է կիրառում վարչության կենտրոնական ապարատի աշխատողների ու ենթակա ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների ղեկավարների նկատմամբ:

14. Վարչության պետ-նախարարի բացակայության ժամանակ վարչության պետ-նախարարի պարտականությունները կատարում է վարչության պետ-նախարարի առաջին տեղակալը:

15. Վարչությունում ստեղծվում է կոլեգիա, որի կազմի մեջ մտնում է վարչության պետ-նախարարը (կոլեգիայի նախագահ), պետ-նախարարի տեղակալները` ի պաշտոնե, ինչպես նաև վարչության և նրան ենթակա ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների այլ ղեկավար աշխատողներ:

16. Վարչության կոլեգիան իր պարբերաբար անցկացվող նիստերում քննության է առնում համակարգի զարգացման հիմնական հարցերը և վարչության գործունեության այլ հարցեր, քննարկում է համակարգի գործնական ղեկավարման, ստուգումների, ղեկավար կադրերի ընտրության և օգտագործման հարցերը, կարևորագույն հրամանների և հրահանգների նախագծերը, լսում վարչության վարչությունների և բաժինների, ինչպես նաև ենթակա ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների հաշվետվությունները:

Կոլեգիայի որոշումները կենսագործվում են վարչության պետ-նախարարի հրամաններով: Վարչության պետ-նախարարի և կոլեգիայի անդամների միջև առկա տարաձայնությունների դեպքում պետ-նախարարը կենսագործում է իր որոշումը, ծագած տարաձայնությունների մասին զեկուցելով Հայաստանի Հանրապետության կառավարություն կամ Հայաստանի Հանրապետության վարչապետին, իսկ կոլեգիայի անդամները, իրենց հերթին, կարող են իրենց կարծիքը հայտնել Հայաստանի Հանրապետության կառավարություն կամ Հայաստանի Հանրապետության վարչապետին:

17. Վիճակագրական ցուցանիշների համակարգի, հաշվառումների և հետազոտությունների ծրագրերի, մեթոդաբանության կատարելագործման համար վարչությունում ստեղծվում է գիտամեթոդաբանական խորհուրդ` վարչության պետ-նախարարի (նախագահ), շահագրգիռ նախարարությունների, գերատեսչությունների, գիտական հիմնարկների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Գիտամեթոդաբանական խորհրդի կազմը և խորհրդի կանոնադրությունը` հաստատում է վարչության պետ-նախարարը:

18. Վարչությունը մասնակցում է համակարգի աշխատողների մասնագիտական պիտանիության և որակավորման վերաբերյալ պահանջների սահմանման գործին, կոորդինացնում համակարգի ղեկավար կադրերի ընտրության, բաշխման և որակավորման բարձրացման աշխատանքները:

19. Վարչությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, ֆինանսների նախարարության և էկոնոմիկայի նախարարության համաձայնությամբ ստեղծում, վերակազմավորում և լուծարում է համակարգի ենթակայության ձեռնարկությունները, հիմնարկները և կազմակերպությունները:

20. Վարչությունը համակարգի ձեռնարկություններին, հիմնարկներին և կազմակերպություններին թույլտվություն է տալիս պետական սեփականություն հանդիսացող դուստր ձեռնարկություններ հիմնադրելու համար:

21. Վարչությունը համաձայնություն է տալիս համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, բաժանմունքների մասնաճյուղերի ու ներկայացուցչությունների տեղաբաշխման համար:

22. Վարչությունը համակարգի ձեռնարկություններին, հիմնարկներին և կազմակերպություններին թույլտվություն է տալիս իրենց տնօրինության տակ գտնվող պետական ֆինանսական միջոցները Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս ներդնելու համար:

23. Վարչությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերահսկում է ենթակա ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների տնօրինությանը հանձնված պետական գույքի օգտագործումը, ինչպես նաև համաձայնություն է տալիս այդ գույքի օտարման կամ վարձակալության հանձնման համար:

24. Վարչությունն իրականացնում է համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների գործունեության, ներառյալ հիմնադիր փաստաթղթերի և նրանց կողմից կնքված պայմանագրերի օրինականության վերահսկումը:

25. Վարչությունը կազմակերպում է քաղաքացիների նամակների (դիմումների, գանգատների) ժամանակին քննարկումը, ինչպես նաև միջոցներ է ձեռնարկում քաղաքացիների նամակներում հաղորդվող` վարչության համակարգի գործունեության մեջ տեղ գտած թերությունների վերացման համար:

26. Վարչության կենտրոնական ապարատի ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեի միջոցների հաշվին:

 

Հաստատված է 
ՀՀ վարչապետի 1996 թ. 
մարտի 22-ի N 172 որոշմամբ

 

 

 

 

ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԵՎ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն