Դեպի վեր

15/01/2019

ՄԻՊ ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թվականների գործողությունների ծրագրով 2018 թվականի երկրորդ կիսամյակում նախատեսված ՀՀ արդարադատության նախարարության իրավասությանն առնչվող միջոցառումների վերաբերյալ հաշվետվություն

          Միջոցառում 10

          Ենթադրյալ խոշտանգման ենթարկված անձի արդարացի փոխհատուցման ինստիտուտի անշեղ կիրառումն ապահովելու համար կատարել ուսումնասիրություններ և ներկայացնել առաջարկություններ բացահայտված թերությունների վերացման ուղղությամբ

          Հաշվետվություն

     Ի կատարումն նշված միջոցառման՝ ՀՀ արդարադատության նախարարության կողմից իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքները 2018 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 01/18/7-19 գրությամբ ուղարկվել են ՀՀ վարչապետի աշխատակազմ:

Կատարված վերլուծության արդյունքում ակնհայտ է, որ ներկայիս կարգավորումները բովանդակային առումով մասամբ տարբերվում են միջազգային իրավական փաստաթղթերով և արտասահմանյան երկրների փորձի բերված օրինակներով ներկայացված խոշտանգումից տուժած անձանց տրվող փոխհատուցման կարգավորումների շրջանակներից: Ուստի, փոխհատուցման առավել գործուն կառուցակարգ սահմանելու նպատակով առաջարկվում է միջազգային իրավական չափանիշների և միջազգային փորձի հիման վրա խոշտանգումից տուժած անձանց փոխհատուցման պարտավորություն նախատեսել նաև քրեական գործի վարույթի կասեցման պարագայում (մասնավորապես, ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի անհայտ լինելու կամ չհայտնաբերվելու դեպքերում):

 

          Միջոցառում 16

          Բարեփոխել ծանր հիվանդության հիմքով ազատազրկման ձևով պատիժը կրող դատապարտյալին պատժից, իսկ  կալանավորված անձին՝ կալանքից ազատելու իրավական կարգավորումները, ինչպես նաև սահմանել գործող բժշկական փորձաքննություն իրականացնող մարմինների գործունեության իրավական ընթացակարգեր և այդ հիմքով կալանքից և պատիժի մնացած մասը կրելուց ազատելու դատավարական հստակ մեխանիզմներ:

          Հաշվետվություն

          Նշված միջոցառման կատարումն ապահովելու նպատակով մշակվել և ՀՀ վարչապետի աշխատակազմ է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի N 825-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 1-ի թիվ 350-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 4-ի թիվ 1636-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծերի փաթեթը:

          Նշված փաթեթով նախատեսված են հետևյալ կարգավորումները.

          1) «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի N 825-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ: Նախագծով առաջարկվում է.

          ա) կալանավորված անձանց և դատապարտյալների բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպել «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ում, ընդ որում, արտահիվանդանոցային բժշկական օգնությունը և սպասարկումը՝ ՊՈԱԿ-ի քրեակատարողական հիմնարկներում տեղակայված արտահիվանդանոցային բժշկական ստորաբաժանումների կողմից.

          բ) կալանավորված անձանց, դատապարտյալներին տրամադրվող արտահիվանդանոցային, ներառյալ շարունակական հսկողության, հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման ծավալը և բովանդակությունը համապատասխանեցնել քաղաքացիների համար նախատեսված պետության կողմից երաշխավորված բժշկական օգնության և սպասարկման ծավալին և բովանդակությանը.

          գ) դյուրացնել և ավելի հասանելի դարձնել կալանավորված անձանց, դատապարտյալներին բժշկական օգնության և սպասարկման տրամադրումը՝ այն ամբողջովին կազմակերպելով քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ սուբորդինացիոն հարաբերությունների մեջ չգտնվող բժշկական անձնակազմի կողմից.

          դ) դյուրացնել կալանավորված անձանց և դատապարտյալների ուղեգրումը քաղաքացիական բժշկական հաստատություններ, այն կազմակերպելով բացառապես բժիշկների կողմից տրված ուղեգրերի վրա՝ հանելով ուղեգրման գործընթացից՝ լրացուցիչ օղակներ հանդիսացող քրեակատարողական հիմնարկի վարչակազմին և առողջապահության նախարարությանը.

          ե) ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 871-Ն հրամանով հաստատված հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների  վիճակագրական դասակարգչին է համապատասխանեցվել խափանման միջոց կիրառված կալանքի, ինչպես նաև ազատազրկման ձևով պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկը, որը, ըստ նախագծի կարգավորումների, կիրառվելու է նաև խափանման միջոց կիրառված կալանքի տակ գտնվող անձանց նկատմամբ: Բացի այդ ՀՀ օրենսդրությամբ առաջին անգամ սահմանվել է, որ այդ ցանկը սպառիչ չէ, այլ կողմնորոշիչ և ցանկում չընդգրկված, սակայն կալանավորված անձին կամ դատապարտյալի կյանքին իրական սպառնալիք հանդիսացող հիվանդությունը և կամ հիվանդությունների համակցությունը ևս կարող է հիմք հանդիսանալ խափանման միջոց ընտրված կալանքի, ինչպես նաև ազատազրկման ձևով պատիժը կրելուց ազատվելու համար միջնորդության ներկայացման: Պետք է նշել, որ այս  կարգավորման մշակման շրջանակներում ուսումնասիրվել է Ֆրանսիայի, Էստոնիայի, Ռումինիայի, Ավստրիայի փորձը, որտեղ հիվանդությունների ցանկեր ընդունված չեն, փոխարենը կիրառվում են որոշակի չափանիշներ, օրինակ՝ կյանքին վտանգ սպառնալը, որը կարող է կրել նաև կարճատև բնույթ, և առողջության մշտական բնույթ ունեցող խանգարումները, որոնք անհամատեղելի է ազատազրկման հետ: Նկատի ունենալով ՀՀ-ում  նման փորձի բացակայությունը, նախագծով առաջարկվում է մեկտեղել ՀՀ առկա փորձը եվրոպական նշված երկրների մոտեցումների հետ, սահմանելով կողմնորոշիչ ցանկ՝ չբացառելով ցանկում չընդգրկված հիվանդության, խանգարման կամ վիճակի առկայության դեպքում խափանման միջոց ընտրված կալանքի, ինչպես նաև ազատազրկման ձևով պատիժը կրելուց ազատվելու նպատակահարմարության վերաբերյալ բժշկական եզրակացության տրամադրումը.

          զ) ծանր հիվանդությամբ (խանգարում, վիճակ)  տառապելու հիմքով խափանման միջոց ընտրված կալանքը վերացնելու, ինչպես նաև ազատազրկման ձևով պատիժը կրելուց ազատվելու վերաբերյալ եզրակացության տրամադրման գործառույթը վերցնել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 4-ի N  1636-Ն որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովներից, ստեղծել նոր հանձնաժողով, որտեղ բացառությամբ ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցչի պետք է ընդգրկված լինեն բացառապես բժիշկ-մասնագետներ ՀՀ առողջապահության նախարարությունից և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ից, իսկ անհրաժեշտության դեպքում  կստեղծվեն հանձնաժողովին կից աշխատանքային խմբեր, որոնք անհրաժեշտ նեղ մասնագիտական ուսումնասիրությունների արդյունքում կտան բժշկական եզրակացություն ծանր հիվանդությամբ տառապելու հիմքով խափանման միջոց ընտրված կալանքի, ինչպես նաև ազատազրկման ձևով պատիժը կրելուց ազատվելու վերաբերյալ: Հանձնաժողովի գործունեության անկախության և արդյունավետության նպատակով սահմանվում է, որ հանձնաժողովի անդամների, ինչպես նաև դրան կից աշխատանքային խմբերի գործունեությունը լինելու է վճարովի: Հանձնաժողովը, դրան կից աշխատանքային խմբերը պետք է գործեն համապատասխան կարգին համապատասխան, որը հաստատելու իրավասությունը նախագծով առաջարկվում է տալ ՀՀ արդարադատության նախարարին.

          է) առաջին անգամ ՀՀ օրենսդրությամբ սահմանվում է կալանավորված անձի կամ դատապարտյալի սեփական միջոցների հաշվին բժշկական օգնություն և սպասարկում ստանալու կարգը՝ սահմանելով տարբեր մեխանիզմներ առողջական տարբեր կարիքների ունեցող կալանավորված անձանց և  դատապարտյալների համար:

          2) «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 1-ի N  350-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ: Նախագծով սահմանվում է, որ հոգեկան խանգարում ունեցող կալանավորված անձանց և դատապարտյալների հաշվառման և հաշվառումից հանելու, վկայարկման նպատակը, դեպքերը, ընդհանուր կարգավորումներն, հաշվի առնելով որոշակի առանձնահատկությունները, կարգավորվում են «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի N 825-Ն որոշման համաձայն.

          3) «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 4-ի N  1636-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ: Նախագծով առաջարկվում է 2003 թվականի դեկտեմբերի 4-ի N 1636-Ն որոշմամբ ստեղծված միջգերատեսչական բժշկական հանձնաժողովից վերցնել ծանր հիվանդության տառապելու հիմքով խափանման միջոց ընտրված կալանքի, ինչպես նաև ազատազրկման ձևով պատիժը կրելուց ազատվելու վերաբերյալ եզրակացության տրամադրման գործառույթը.

          4) «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ: Նախագծով առաջարկվում է պետության կողմից երաշխավորված բժշկական օգնություն և սպասարկման ուղեգիր տրամադրող կազմակերպությունների ցանկում ներառել «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ը և նրան սահմանված կարգով տրամադրել այդ ուղեգրերի ստացման համապատասխան քվոտա:

          Միաժամանակ, հարկ է նշել, որ պատժի կրման հետ անհամատեղելի համարվող հիվանդությունների ցանկն ու դրանց չափորոշիչները հստակեցնելու և հիվանդությունների միջազգային դասակարգման տասներորդ վերանայված տարբերակին համապատասխանեցնելու նպատակով դեռևս 2017 թվականի հուլիսի 6-ին ընդունվել է ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի N 825-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» թիվ 800-Ն որոշումը:

 Միջոցառում 27

          Վերանայել էրոտիկ բնույթի հեռուստառադիոհաղորդումների, սարսափ ու ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերի, ինչպես նաև անչափահասների առողջության, մտավոր, ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հաղորդումների բովան-դակության գնահատման չափորոշիչները:

          Հաշվետվություն

2018թ. սեպտեմբերի 5-ին ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը թիվ 01-341 գրությամբ ՀՀ արդարադատության նախարարության կարծիքին է ներկայացրել էրոտիկ բնույթի հեռուստառադիոհաղորդումների, սարսափ ու ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերի, ինչպես նաև անչափահասների առողջության, մտավոր, ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հաղորդումների բովանդակության գնահատման չափորոշիչները սահմանող նախագիծը, որի առնչությամբ ՀՀ արդարադատության նախարարությունը 2018թ. հոկտեմբերի 5-ի թիվ 01/14/624308-18 գրությամբ ՀՌԱՀ-ին հայտնել է, որ Նախագծի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ չունի:

Միջոցառում 43

          Իրականացնել վերապատրաստում անչափահասների գործերով արդարադատության ոլորտում ներգրավված պաշտոնատար անձանց համար

          Հաշվետվություն

          Մշակվել և հրատարակվել է  «Երեխաների մասնակցությամբ դատավարություն» գործառնական ուղեցույց դատավորների և դատախազների համար:

          Իրականացվել է պրոբացիայի ծառայողների վերապատրաստում (մասնակիցների թիվը՝ 35) և հրատարակվել է «Պրոբացիայի ծառայությունում անչափահասի հետ աշխատանքը» գործառնական ուղեցույց:

          Իրականացվել են դասընթացներ ԴԱՀԿ ծառայողների,  ՍԾՏԳ,  ԽՀՀ անդամների (մասնակիցների թիվը՝ 39) համար երեխանների մասնակցությամբ քաղաքացիական  գործեր երեխայի լավագույն շահի ապահովման և երեխայակենտրոն մոտեցումների ձևավորման,  երեխայի հետ աշխատանքի առանձնահատկությունների վերաբերյալ:

          Միաժամանակ, անչափահասների արդարադատության ոլորտում իրազեկվածության բարձրացման նպատակով ստեղծվել է  Անչափահասների արդարադատության կայքը (http://forchild.am/):

 Միջոցառում 78

          Ձևավորել ընդհանուր հավասարության ապահովման և խտրականության արգելքի անկախ և արդյունավետ մարմին:

          Հաշվետվություն

  Հարկ է նշել, որ ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակվել է «Իրավահավասարության ապահովման մասին» օրենքի նախագիծը և հարակից օրենքների նախագծերի փաթեթը, որը 2018թ. փետրվար ամսին e-draft.am կայքում դրվել էր հանրային քննարկման:[1] «Իրավահավասարության ապահովման մասին» ՀՀ օրենքի նախագծով սահմանվում են խտրականության հասկացությունը և տեսակները, կանոնակարգվում են խտրականության վերացմանն ուղղված և խտրականությունից պաշտպանվելու իրավական մեխանիզմները, ինչպես նաև Իրավահավասարության խորհրդի կարգավիճակը, խնդիրները և գործունեությունը։

  Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Իրավահավասարության ապահովման մասին» ՀՀ օրենքի նախագծի որոշ կարգավորումներ լրացուցիչ քննարկման կարիք ունեն շահագրգիռ մարմինների և քաղաքացիական հասարակության հետ՝ վերջինս ներկայումս գտնվում է լրամշակման փուլում և նախատեսվում է խնդրո առարկա նախագիծը ներկայացնել նոր ձևավորված Ազգային ժողովի դատին:

Միաժամանակ հայտնում եմ, որ ի կատարումն ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018-2022 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» 2018 թվականի սեպտեմբերի 6-ի N 1030-Լ որոշման Հավելված 1-ի 54-րդ կետի՝ ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակվել և 2018թ. դեկտեմբերի 27-ի թիվ 01/17.2/631825-18 գրությամբ ՀՀ վարչապետի աշխատակազմ է ներկայացվել «ՀՀ կառավարության 2017թ. մայիսի 4-ի N 483-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, համաձայն որի՝ ՄԻՊ ԳԾ-ի 78-րդ կետի կատարման վերջնաժամկետ է սահմանվում 2019թ. չորրորդ եռամսյակը:   

Միջոցառում 79

          Մշակել հավասարության ապահովման և խտրականության արգելքի վերաբերյալ ազգային օրենսդրության կիրառման վերաբերյալ ուսումնա-տեղեկատվական նյութեր

          Հաշվետվություն

          Իրավահավասարության ապահովման և խտրականության արգելքի վերաբերյալ ազգային օրենսդրության կիրառման վերաբերյալ ուսումնա-տեղեկատվական նյութերի հրապարակումը կիրականացվի նախագծերի փաթեթի ընդունումից հետո:

         Միջոցառում 89

          Բարելավել որդեգրման գործընթացի կանոնակարգումը,  ապահովել  որդեգրման գործընթացի     թափանցիկությունը, ներդնել որդեգրման ենթակա երեխաների  անձնական (սահմանափակ) տվյաները, որդեգրել ցանկացող անձանց տրամադրելու մեխանիզմները

          Հաշվետվություն

          Որդեգրման գործընթացի կանոնակարգմանն ուղղված ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ, որը վերջինիս կողմից 04.12.2018թ. թիվ ԱԱՄ/ԳԳ-2/19213-18 գրությամբ ներկայացվել է ՀՀ կառավարության քննարկմանը: Սույն թվականի հունվարի 8-ին թիվ 02/14.10/12-19 գրությամբ նախագիծը վերադարձվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ լրամշակման: 

 Միջոցառում 96

          ՀՀ նախարարին կից հասարակական խորհուրդներում քննարկել սույն գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումների կատարման ընթացքը, ինչպես նաև համապատասխան նախարարության կողմից մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված այլ միջոցառումներ

Հաշվետվություն

2018թ. օգոստոսի 3-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը: Օրակարգում ներառված հարցերը վերաբերել են անազատության մեջ գտնվող անձանց՝ արտաքին աշխարհի հետ շփման-հաղորդակցման խնդիրներին, ՔԿՀ-ներում ոչ կանոնադրական հարաբերությունների լուծման հնարավոր ուղիներին[2]: Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել նիստի ընթացքում բարձրացված առաջարկներն ու դրանց իրավական կարգավորումները Արդարադատության նախարարություն ներկայացնել նաև գրավոր տարբերակով:

 


[1] https://www.e-draft.am/projects/770/justification

[2] http://www.moj.am/article/2098

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն