14/04/2011

ՀՀ ԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՀԻՄՆԱԴՐԵԼՈՒ, ՀՀ ԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 14-Ի N 431-Ն ԵՎ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի N 624-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 

ՈՐՈՇՈՒՄ 

 

22 դեկտեմբերի 2016 թվականի N 1384-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՀԻՄՆԱԴՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 14-Ի N 431-Ն ԵՎ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի N 624-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

 

Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, 11-րդ հոդվածի 1-ին մասի «ժգ» կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հիմնադրել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի վերահսկողական ծառայություն` աշխատակազմի առանձնացված ստորաբաժանման կարգավիճակով:

2. Լուծարել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչությունը և այդ կապակցությամբ ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 14-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին» N 431-Ն որոշումը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունիսի 13-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության կողմից իրականացվող` ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունն ու ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը և ստուգաթերթերը հաստատելու մասին» N 624-Ն որոշումը:

3. Հաստատել`

1) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի վերահսկողական ծառայության կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի վերահսկողական ծառայության կառուցվածքը` համաձայն N 2 հավելվածի:

4. Մինչև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության լուծարումն սկսված և չավարտված դատական գործերի, վարչական վարույթների և կանոնադրական այլ գործառույթների իրականացման հետագա ընթացքի ապահովումը վերապահել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի վերահսկողական ծառայությանը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 11-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2016 թվականի դեկտեմբերի 22-ի

N 1384-Ն որոշման

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ 

 

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության (այսուհետ` նախարարություն) աշխատակազմի վերահսկողական ծառայությունը (այսուհետ` ծառայություն) նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանում է, որն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքներով նախարարությանը վերապահված վերահսկողական գործառույթներ և արդյունքների հիման վրա Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին ներկայացնում է առաջարկություններ:

2. Ծառայությունն ստեղծվում, վերակազմակերպվում է և նրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Ծառայությունը գործում է իր կանոնադրության համաձայն, որը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` նախարարի ներկայացմամբ:

3. Ծառայությունն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:

4. Ծառայությունն օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում իրավունք ունի Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:

5. Ծառայությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:

 

II. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ 

 

6. Ծառայության նպատակները և խնդիրներն են նախարարությանը վերապահված իրավասության սահմաններում`

1) նախարարության առանձնացված ստորաբաժանումների, նոտարական և քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործունեության համապատասխանությունն օրենքների և այլ իրավական ակտերի պահանջներին.

2) դատավորի նկատմամբ օրենքով սահմանված կարգով կարգապահական վարույթ հարուցելու նախարարի լիազորության իրականացման ապահովումը.

3) քաղաքացիների դիմումներին և բողոքներին օրենքով սահմանված կարգով ընթացք տալը.

4) նախարարությանը վերապահված այլ վերահսկողական լիազորությունների իրականացման ապահովումը:

 

III. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ 

 

7. Ծառայությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար իրականացնում է հետևյալ գործառույթները`

1) նախապատրաստում է դատավորի նկատմամբ կարգապահական վարույթի նյութեր.

2) «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ուսումնասիրում և ամփոփում է նոտարների գործունեությունը, վերահսկողության արդյունքներով նախարարին ներկայացնում է առաջարկություններ նոտարի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու և կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ.

3) իրականացնում է «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված վերահսկողություն` նոտարական պալատի կողմից օրենքների, այլ իրավական ակտերի և նոտարական պալատի կանոնադրական պահանջների պահպանման նկատմամբ.

4) իրականացնում է վերահսկողություն քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության կողմից օրենքների և այլ իրավական ակտերի պահպանման նկատմամբ և ապահովում է վերջինիս` օրենքով և այլ իրավական ակտերով, վերապահված գործառույթների իրականացումը, ներկայացնում է առաջարկություններ կարգապահական պատասխանատվության ենթարկելու կամ այդպիսի առաջարկով դիմելու վերաբերյալ, իրականացնում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործառույթ իրականացնող մարմինների կողմից կայացված վարչական ակտերը վերահսկողության կարգով և իր նախաձեռնությամբ վերանայելու նախարարության իրավասությունը.

5) իրականացնում է վերահսկողություն դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից օրենքների և այլ իրավական ակտերի պահանջների պահպանման նկատմամբ, ներկայացնում է առաջարկություն հարկադիր կատարողի նկատմամբ ծառայողական քննություն իրականացնելու և (կամ) պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ.

6) իրականացնում է վերահսկողություն քրեակատարողական ծառայության կողմից օրենքների և այլ իրավական ակտերի պահանջների պահպանման նկատմամբ, ներկայացնում է առաջարկություն քրեակատարողական ծառայողի նկատմամբ ծառայողական քննություն իրականացնելու և (կամ) պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ.

7) իրականացնում է վերահսկողություն պրոբացիայի պետական ծառայության կողմից օրենքների և այլ իրավական ակտերի պահանջների պահպանման նկատմամբ, ներկայացնում է առաջարկություն պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ.

8) իրականացնում է վերահսկողություն իրավաբանական անձանց պետական գրանցում, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառում իրականացնող մարմնի գործունեության ընթացքում օրենքների և այլ իրավական ակտերի պահանջների պահպանման նկատմամբ, ներկայացնում է առաջարկություն պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ.

9) նախարարի հանձնարարությամբ` անցկացնում է ծառայողական քննություններ և իրականացնում կարգապահական վարույթներ.

10) քննարկում և վերլուծում է դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմքերի, նոտարների, նախարարության առանձնացված ստորաբաժանումների, քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների գործունեության վերաբերյալ ներկայացված դիմումները և բողոքները.

11) հարուցում և իրականացնում է վարչական վարույթ.

12) նախարարի հանձնարարությամբ` իրականացնում է նախարարությանը վերապահված այլ վերահսկողական գործառույթներ, իրականացնում է օրենքով սահմանված այլ գործառույթներ:

 

IV. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ 

 

8. Ծառայությունը կառավարում է նախարարը: Ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնում է ծառայության պետը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է նախարարը` «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

9. Ծառայության պետն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, Հայաստանի Հանրապետության օրենքներով, նախարարության կանոնադրությամբ, սույն կանոնադրությամբ, ինչպես նաև այլ իրավական ակտերով:

10. Ծառայության պետը պատասխանատու է Հայաստանի Հանրապետության օրենքներով նախարարությանը վերապահված վերահսկողական գործառույթների իրականացման ապահովման համար:

11. Ծառայության պետը հաշվետու է Հայաստանի Հանրապետության վարչապետին, նախարարին, իսկ Քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` նաև նախարարության աշխատակազմի ղեկավարին:

12. Ծառայության պետը`

1) կազմակերպում, ծրագրում, համակարգում, ղեկավարում և վերահսկում է ծառայության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է ծառայության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.

2) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառի, նպատակների ու խնդիրների վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում նախարարին.

3) նախարարի հաստատմանն է ներկայացնում ծառայության տարեկան աշխատանքային ծրագիրը.

4) իր իրավասության սահմաններում արձակում է կարգադրություններ և տալիս ցուցումներ ու հանձնարարագրեր, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության և ծառայության անունից, ինչպես նաև տալիս է ծառայության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

5) իր իրավասության սահմաններում նախարարության աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ ծառայության աշխատողների նկատմամբ խրախուսանքի կամ կարգապահական տույժի միջոցների կիրառման վերաբերյալ.

6) ապահովում է նախարարի հրամանների և ցուցումների, հանձնարարականների ու առաջադրանքների կատարումը և արդյունքների մասին տեղեկացնում նախարարին.

7) լսում է ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության մասին հաշվետվությունները, քննարկում դրանց գործունեության ստուգման արդյունքները.

8) իրականացնում է վերահսկողություն ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների օգտագործմանը հանձնված պետական սեփականության պահպանության նկատմամբ.

9) նախարարին ներկայացնում է առաջարկություններ ծառայության կառուցվածքի և աշխատողների թվի, ինչպես նաև ծառայության խորհրդակցական մարմիններ ստեղծելու վերաբերյալ.

10) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների հետ.

11) նախարարին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն ծառայության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին.

12) յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ ամփոփում և նախարարին է ներկայացնում տեղեկանքներ ստացված առաջարկությունների, դիմումների, բողոքների քննարկման արդյունքների մասին.

13) իրականացված ուսումնասիրությունների, ծառայողական քննությունների և կարգապահական վարույթների, դրանց արդյունքների ամփոփման և մեղավոր անձանց նկատմամբ իրավասու անձի կողմից պատասխանատվության միջոցների կիրառման շրջանակներում նշված մարմինների ղեկավարներից և աշխատողներից, նոտարներից պահանջում և ստանում է բացատրություններ, պարզաբանումներ, զեկուցագրեր, ուսումնասիրությանը, ծառայողական քննությանը, կարգապահական վարույթին, պատասխանատվության միջոցների կիրառմանն առնչվող ցանկացած փաստաթղթեր.

14) իրականացնում է օրենքով նախատեսված այլ լիազորություններ:

13. Ծառայության պետի բացակայության դեպքում նրան փոխարինում է ծառայության պետի տեղակալը` քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

V. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ 

 

14. Օրենքով ծառայությանը վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացումը, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունն ապահովում է նախարարության աշխատակազմը:

15. Ծառայությունն ունի կառուցվածքային ստորաբաժանումներ:

16. Ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողները քաղաքացիական ծառայողներ են:

17. Ծառայության վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով և այլ իրավական ակտերով:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2016 թվականի դեկտեմբերի 22-ի

N 1384-Ն որոշման

 

ԿԱՌՈՒՑՎԱԾՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 

 

Կառուցվածքային ստորաբաժանումներ

 

1. Առաջին բաժին

2. Երկրորդ բաժին

3. Երրորդ բաժին

4. Չորրորդ բաժին

5. Հինգերորդ բաժին