08/04/2013

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշումը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 նոյեմբերի 2002 թվականի N 1918-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը լրաց. 02.06.11 N 856-Ն)

 

Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ ու 3-րդ կետերը և 11-րդ հոդվածի 1-ին կետը, ինչպես նաև «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի ՆՀ-1064 հրամանագրով սահմանված կարգի 4-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը փոփ. 18.10.12 N 1310-Ն)

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի համակարգը վերակազմավորել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության` հիմնարկի առանձնացված ստորաբաժանման կարգավիճակով:

2. Հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.

բ) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կառուցվածքը` համաձայն N 2 հավելվածի:

(2-րդ կետը լրաց. 02.06.11 N 856-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

 

2002 թ. դեկտեմբերի 9

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2002 թվականի

նոյեմբերի 28-ի N 1918-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ

(վերնագիրը լրաց. 02.06.11 N 856-Ն)

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության (այսուհետ` նախարարություն) աշխատակազմի` իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը (այսուհետ` գործակալություն) նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանում է, որն օրենքով, իսկ առանձին դեպքերում` նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում, մատուցում է ծառայություններ իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման, ինչպես նաև զանգվածային լրատվության միջոցների հաշվառման բնագավառում` հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից:

(1-ին կետը խմբ. 12.05.11 N 596-Ն, լրաց. 18.10.12 N 1310-Ն)

2. Գործակալությունը ստեղծվում, վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Գործակալությունը գործում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, օրենքներին և այլ իրավական ակտերին ու սույն կանոնադրությանը համապատասխան:

(2-րդ կետը փոփ. 18.10.12 N 1310-Ն)

3. Գործակալության կանոնադրությունը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի (այսուհետ` նախարար) ներկայացմամբ:

(3-րդ կետը փոփ. 18.10.12 N 1310-Ն)

4. Գործակալության լիազորությունները սահմանվում են օրենքով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

(4-րդ կետը փոփ. 18.10.12 N 1310-Ն)

5. Գործակալությունն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:

(5-րդ կետը փոփ. 27.09.07 N 1112-Ն, 18.10.12 N 1310-Ն)

6. Գործակալությունն օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում իրավունք ունի Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:

(6-րդ կետը փոփ. 18.10.12 N 1310-Ն)

7. Գործակալությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն, ռուսերեն և անգլերեն անվանմամբ կլոր կնիք, դրոշմեր, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

(7-րդ կետը փոփ., լրաց. 18.10.12 N 1310-Ն)

 

 

II. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ

(վերնագիրը խմբ. 18.10.12 N 1310-Ն)

 

8. Գործակալության նպատակն է տեղեկատվության հավաքման, մշակման և տրամադրման, իրավաբանական փաստերի հաստատման, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ գործողությունների միջոցով նպաստել`

1) անհատ ձեռնարկատերերի, առևտրային կազմակերպությունների հիմնախնդիրների, մասնակիցների, կառավարման մարմինների անդամների, առևտրային կազմակերպությունների հետ իրավահարաբերությունների մեջ գտնվող անձանց իրավունքների և շահերի պաշտպանվածությանը.

2) ոչ առևտրային կազմակերպությունների մասնակիցների, շահառուների, դոնորների իրավունքների և շահերի պաշտպանվածությանը.

3) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տնտեսական, սոցիալական և այլ ոլորտներում արդյունավետ քաղաքականության մշակմանը:

(8-րդ կետը խմբ., լրաց. 02.11.06 N 1553-Ն, փոփ., լրաց. 27.09.07 N 1112-Ն, փոփ. 05.08.10 N 1043-Ն, խմբ. 17.02.11 N 114-Ն, 18.10.12 N 1310-Ն)

(գլուխը խմբ. 18.10.12 N 1310-Ն)

 

III. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

(վերնագիրը խմբ. 18.10.12 N 1310-Ն)

 

9. Գործակալության համակարգը կազմված է բաժիններից, որոնց միջոցով գործակալությունն իրականացնում է իր՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված գործառույթները:

(9-րդ կետը լրաց. 02.06.11 N 856-Ն, խմբ. 18.10.12 N 1310-Ն)

10. (կետն ուժը կորցրել է 18.10.12 N 1310-Ն)

11. Գործակալությունը`

ա) կազմակերպում է իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման գործընթացները.

բ) իրականացնում է պետական միասնական գրանցամատյանի վարումը.

գ) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով՝ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքի միջոցով հրապարակում է իրավաբանական անձանց գրանցման և լուծարման մասին տեղեկությունները.

դ) սահմանված կարգով տրամադրում է տեղեկություններ պետական միասնական գրանցամատյանից, ինչպես նաև՝ իրավաբանական անձանց կանոնադրությունների պատճենները.

ե) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված ծառայությունների ցանկին և այդ ծառայությունների վճարների չափերին համապատասխան՝ իրականացնում է իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման ծառայություններ.

զ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ գործառույթներ:

(11-րդ կետը փոփ., խմբ., լրաց. 02.11.06 N 1553-Ն, լրաց. 27.09.07 N 1112-Ն, լրաց., փոփ. 05.08.10 N 1043-Ն, 17.02.11 N 114-Ն, 02.06.11 N 856-Ն, խմբ. 18.10.12 N 1310-Ն)

12. (կետն ուժը կորցրել է 18.10.12 N 1310-Ն)

 

IV. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

(վերնագիրը փոփ. 18.10.12 N 1310-Ն)

 

13. Գործակալությունը կառավարում է նախարարը: Գործակալությունը գլխավորում է գործակալության պետը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է նախարարը` օրենքով սահմանված կարգով: Իր գործունեության ընթացքում գործակալության պետն առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, Հայաստանի Հանրապետության օրենքներով, սույն և նախարարության կանոնադրություններով և այլ իրավական ակտերով: Գործակալության պետի բացակայության դեպքում նրան փոխարինում է նրա տեղակալը:

(13-րդ կետը փոփ. 27.09.07 N 1112-Ն, խմբ. 18.10.12 N 1310-Ն)

14. Գործակալության պետը պատասխանատու է իրավաբանական անձանց պետական գրանցման բնագավառում մատուցվող ծառայությունների որակի, ինչպես նաև դրանց` օրենքների և այլ իրավական ակտերի համապատասխանության համար:

(14-րդ կետը փոփ. 18.10.12 N 1310-Ն)

15. Գործակալության պետը հաշվետու է Հայաստանի Հանրապետության վարչապետին, նախարարին, գործակալության գործունեությունը համակարգող նախարարի համապատասխան տեղակալին, իսկ քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` նաև նախարարության աշխատակազմի ղեկավարին:

(15-րդ կետը փոփ. 18.10.12 N 1310-Ն)

16. Գործակալության պետը`

ա) ղեկավարում է գործակալության ընթացիկ գործունեությունը և պատասխանատու է գործակալության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.

բ) նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին ներկայացնում է առաջարկություններ օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառի, նպատակների ու խնդիրների վերաբերյալ.

գ) իր իրավասության սահմաններում արձակում է կարգադրություններ և տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության և գործակալության անունից, ինչպես նաև տալիս է գործակալության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

դ) իր իրավասության սահմաններում նախարարության աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ գործակալության աշխատողների նկատմամբ խրախուսանքի կամ կարգապահական տույժի միջոցների կիրառման վերաբերյալ.

ե) նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն գործակալության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին.

զ) ապահովում է նախարարի հրամանների և ցուցումների, ինչպես նաև նախարարի համապատասխան տեղակալի ցուցումների, հանձնարարականների ու առաջադրանքների կատարումը և արդյունքների մասին տեղեկացնում նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին.

է) նախարարության և սույն կանոնադրություններին համապատասխան սահմանում է գործակալության բաժինների իրավասությունները.

ը) լսում է գործակալության բաժինների գործունեության մասին հաշվետվությունները, քննարկում դրանց գործունեության ստուգման արդյունքները.

թ) իրականացնում է վերահսկողություն գործակալության բաժինների օգտագործմանը հանձնված պետական սեփականության պահպանության նկատմամբ.

ժ) նախարարին ներկայացնում է առաջարկություններ գործակալության կառուցվածքի և աշխատողների թվի, ինչպես նաև գործակալության խորհրդակցական մարմինների ստեղծման մասին.

ժա) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների հետ.

ժա1) կնքում է իրավաբանական անձանց պետական գրանցման և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման վճարովի ծառայությունների մատուցման պայմանագրեր.

ժբ) (ենթակետն ուժը կորցրել է 18.10.12 N 1310-Ն)

ժգ) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

(16-րդ կետը փոփ., լրաց. 02.06.11 N 856-Ն, փոփ. 18.10.12 N 1310-Ն)

17. Գործակալության պետի բացակայության կամ պաշտոնեական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում գործակալության պարտականությունների կատարման հարցը կարգավորվում է «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի պահանջներին համապատասխան:

(17-րդ կետը փոփ. 18.10.12 N 1310-Ն)

18. Գործակալության բաժնի պետը`

ա) կազմակերպում է գործակալության համապատասխան բաժնի աշխատանքները.

բ) (ենթակետն ուժը կորցրել է 18.10.12 N 1310-Ն)

գ) կատարում է գործակալության պետի` իր իրավասության սահմաններում տրված հանձնարարականները և գրավոր ցուցումները.

դ) պատասխանատվություն է կրում համապատասխան բաժնի խնդիրների իրականացման համար.

ե) իրականացնում է հսկողություն բաժնի աշխատողների կողմից աշխատանքային կարգապահության պահպանման, նրանց կողմից պաշտոնական պարտականությունների ժամանակին և օրենքի պահանջներին համապատասխան կատարման նկատմամբ:

(18-րդ կետը փոփ., լրաց. 18.10.12 N 1310-Ն)

19. (կետն ուժը կորցրել է 18.10.12 N 1310-Ն)

20. (կետն ուժը կորցրել է 18.10.12 N 1310-Ն)

 

V. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

(վերնագիրը փոփ. 18.10.12 N 1310-Ն)

 

21. Օրենքով, այլ իրավական ակտերով, նախարարության և սույն կանոնադրություններով գործակալությանը վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունն ապահովում է նախարարության աշխատակազմը:

(21-րդ կետը փոփ. 18.10.12 N 1310-Ն)

22. Գործակալության բաժինների աշխատողները քաղաքացիական ծառայողներ են:

(22-րդ կետը փոփ. 02.06.11 N 856-Ն, 18.10.12 N 1310-Ն)

23. Պետական ռեգիստրի գործակալության վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով և այլ իրավական ակտերով:

(հավելվածը խմբ., լրաց., փոփ. 02.11.06 N 1553-Ն, փոփ., լրաց. 27.09.07 N 1112-Ն, 05.08.10 N 1043-Ն, խմբ., լրաց., փոփ. 17.02.11 N 114-Ն, խմբ. 12.05.11 N 596-Ն, լրաց., փոփ., խմբ. 02.06.11 N 856-Ն, 18.10.12 N 1310-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2002 թվականի

նոյեմբերի 28-ի N 1918-Ն որոշման

 

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ

(վերնագիրը խմբ. 02.06.11 N 856-Ն, 18.10.12 N 1310-Ն)

 

 

Սպասարկման բաժին (գրասենյակ)

 

Վերակազմակերպումների և հիմնադրամների գրանցման բաժին

 

Հասարակական միավորումների գրանցման բաժին

 

Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքի

սպասարկման բաժին

 

Գրանցման բաժին

 

Ինֆորմացիայի մշակման բաժին

(հավելվածը խմբ. 02.11.06 N 1553-Ն, 02.06.11 N 856-Ն, 18.10.12 N 1310-Ն)

 

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան