Դեպի վեր

04/10/2013

«Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծեր, հիմնավորում, տեղեկանքներ

ՆԱԽԱԳԻԾ 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 

Օ Ր Ե Ն Ք Ը 

«ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 14-ի ՀՕ-29-Ն օրենքի (այսուհետ՝ օրենք) 7-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել նոր՝ 2.1-րդ կետով.

«2.1) կազմակերպել փաստաբանի, փաստաբանի օգնականի՝ փաստաբանների պետական գրանցամատյանում հաշվառումը.»:

 

Հոդված 2. Օրենքի 13-րդ հոդվածի 8-րդ մասում՝

1)     8-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«8) իրականացնում է փաստաբանի, փաստաբանի օգնականի՝ օրենքով սահմանված կարգով փաստաբանների պետական գրանցամատյանում հաշվառելու աշխատանքները.».

2) 10-րդ կետի «ցուցակից» բառը փոխարինել «պետական գրանցամատյանից» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«1. Փաստաբան է այն անձը, որն ունի իրավաբան բակալավրի կամ իրավաբան դիպլոմավորված մասնագետի որակավորում, ստացել է համապատասխան արտոնագիր` փաստաբանական գործունեություն իրականացնելու համար և օրենքով սահմանված կարգով հաշվառված է փաստաբանների պետական գրանցամատյանում:»:

 

Հոդված 4. Օրենքի 17.1-րդ հոդվածի 2-րդ մասում՝

1) առաջին նախադասությունը «փաստաբանների պալատում» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով հաշվառվի փաստաբանների պետական գրանցամատյանում» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Հավատարմագրի գործողության դադարեցումը հիմք է օտարերկրյա փաստաբանին փաստաբանների պետական գրանցամատյանում հաշվառումից հանելու համար:»:

 

Հոդված 5. Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«5) մուծել անդամավճարներ և  պետական տուրք՝ փաստաբանների պետական գրանցամատյանում հաշվառելու համար.»:

 

Հոդված 6. Օրենքի 34-րդ և 35-րդ հոդվածները շարադրել նոր խմբագրությամբ.

«Հոդված 34.  Փաստաբանների պետական գրանցամատյանը

  1. Փաստաբանների  պետական գրանցամատյանը (այսուհետ՝ գրանցամատյան) էլեկտրոնային փաստաթուղթ է, որը պարունակում է սույն օրենքով նախատեսված տեղեկություններ փաստաբանների, փաստաբանների օգնականների, հավատարմագիր ստացած այլ պետության փաստաբանների  վերաբերյալ:
  2. Գրանցամատյանը վարում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

 

Հոդված 35.  Գրանցամատյանում հաշվառման նպատակը

 Գրանցամատյանում հաշվառման նպատակն է փաստաբանների վերաբերյալ տեղեկատվության հավաքման, մշակման և տրամադրման միջոցով նպաստել՝

1)            օրինականության ապահովմանը և յուրաքանչյուրի իրավաբանական օգնություն ստանալու իրավունքի իրականացմանը.

2) փաստաբանների հետ իրավահարաբերությունների մեջ գտնվող անձանց իրավունքների և շահերի պաշտպանվածությանը:

 

Հոդված 7. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 35.1-րդ հոդվածով.

«Հոդված 35.1 Գրանցամատյանում հաշվառելու կարգը     

1. Գրանցամատյանում փաստաբանին, փաստաբանի օգնականին հաշվառում, հաշվառված անձանց վերաբերյալ տվյալներում փոփոխություն է կատարում և հաշվառումից հանում է փաստաբանների պալատը:

2. Գրանցամատյանում մեկ տարի ժամկետով հաշվառելու համար հաշվառվող անձից գանձվում է պետական տուրք «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված չափով, որը գանձում և պետական բյուջե է փոխանցում փաստաբանների պալատը:

3. Գրանցամատյանում հաշվառված անձը հանվում է հաշվառումից արտոնագրի գործողությունը կասեցվելուց կամ դադարեցվելուց, հավատարմագրի գործողությունը դադարեցվելուց հետո հնգօրյա ժամկետում:

4. Փաստաբանների պալատը արտոնագիր կամ հավատարմագիր ստացած անձին հաշվառում է փաստաբանների պետական գրանցամատյանում արտոնագիր կամ հավատարմագիր տալուց հետո 15 օրյա ժամկետում: Կասեցված արտոնագրի գործողությունը վերականգնելու դեպքում փաստաբանների պալատը հաշվառում է փաստաբանին փաստաբանների պետական գրանցամատյանում կասեցված արտոնագրի գործողությունը վերականգնելու վերաբերյալ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10 օրյա ժամկետում:

5. Գրանցամատյանում հաշվառումն իրականացվում է էլեկտրոնային եղանակով՝ համապատասխան գրառում կատարելու միջոցով: Գրանցամատյանի մաս կազմող պետական գրանցման էլեկտրոնային քարտում սույն օրենքով սահմանված տեղեկությունները լրացվելուց հետո քարտը փաստաբանների պալատի նախագահի կամ վերջինիս կողմից լիազորված անձի կողմից առցանց հաստատվում է էլեկտրոնային ստորագրությամբ, որից հետո նույն տեղեկությունները անմիջապես գեներացվում են փաստաբանների պետական գրանցամատյանում:

6. Գրանցամատյանում գրառված տեղեկությունները չեն կարող փոխվել, բացառությամբ այն դեպքերի, երբ օրենքով սահմանված կարգով գրանցվում է համապատասխան փոփոխություն:

7. Գրանցամատյանում փաստաբանական գործունեության արտոնագիր ստացած փաստաբանի, փաստաբանի օգնականի, կամ փաստաբանական գործունեություն իրականացնելու հավատարմագիր ստացած օտարերկրացի փաստաբանի մասին գրառվում են հետևյալ տեղեկությունները՝

1) անուն, ազգանուն, հայրանուն.

2) անձնագրային տվյալները (սերիան, համարը, ում կողմից է տրված, տրման ամսաթիվը, վավերականության ժամկետը, Հայաստանի Հանրապետությունում կացության ժամկետը).

3) սեռը.

4) քաղաքացիությունը.

5) բնակության վայրը.

6) հաշվառման վայրը (եթե չի համընկնում բնակության վայրի հետ).

7) հանրային ծառայությունների համարանիշը կամ լիազոր մարմնի կողմից տրված հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը, տրման ամսաթիվը.

8) փաստաբանի գործունեության արտոնագրի համարը,  գործողության  ժամկետը, տրման, կասեցման, դադարեցման ամսաթիվը և հիմքը.

9) օտարերկրյա փաստաբանի գործունեության հավատարմագրի համարը, գործողության ժամկետը, տրման, կասեցման, դադարեցման ամսաթիվը և հիմքը.

10) փաստաբանական գործունեություն իրականացնելու համար ընտրված կազմակերպաիրավական ձևը, գրանցման կամ հաշվառման ամսաթիվը, ՀՎՀՀ-ն.

11) փաստաբանական գործունեության իրականացման վայրը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն.

12) փաստաբանի մասնագիտացումը.

13) հաշվառման համար գանձված պետական տուրքի գումարի չափը, պետական տուրքի գումարը գանձելու  և պետական բյուջե փոխանցելու ամսաթիվը:

8. Գրանցամատյանում պահպանվող տեղեկատվությունը հրապարակային է, բացառությամբ անձնագրային տվյալների, հանրային ծառայությունների համարանիշի և նրանց բնակության հասցեների մասին տեղեկատվության:

 9. Անձնագրային տվյալների, հանրային ծառայությունների համարանիշի և նրանց բնակության հասցեների մասին տեղեկատվությունն օրենքով սահմանված կարգով կարող է տրամադրվել նաև այլ մարմինների:»:

 

Հոդված 8. Օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 7-րդ կետով.

«7) օրենքով սահմանված ժամկետում չի հաշվառվել փաստաբանների պետական գրանցամատյանում:»:

 

Հոդված 9. Օրենքի 38-րդ հոդվածի 9-րդ մասը «պարտավոր է» բառից հետո լրացնել «վերահաշվառվել փաստաբանների պետական գրանցամատյանում և» բառերով:

 

Հոդված 10. Սույն օրենքի ուժի մեջ մտնելը

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 1-ից:

2. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելն արտոնագիր կամ հավատարմագիր ստացած փաստաբանին, փաստաբանի օգնականին, որոնց արտոնագրի գործողությունը սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին կասեցված չէ, փաստաբանների պալատը մինչև 2014թ.-ի փետրվարի 1-ը մեկ տարի ժամկետով հաշվառում է փաստաբանների պետական գրանցամատյանում, որի համար հաշվառվող անձից գանձվում է օրենքով սահմանված չափով պետական տուրք:

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ օրենք) 7-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «ժգ» կետով.

«ժգ) փաստաբանների պետական գրանցամատյանում հաշվառելու համար:»

 

Հոդված 2. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 19.6-րդ հոդվածով.

«Հոդված 19.6 Փաստաբանների պետական գրանցամատյանում պետական հաշվառման համար պետական տուրքի դրույքաչափերը

 

1)     Հայաստանի Հանրապետության            բազային տուրքի 60-ապատիկի չափով

 փաստաբանների պալատի կողմից

արտոնագրված փաստաբանին

 փաստաբանների պետական

գրանցամատյանում մեկ տարի

 ժամկետով հաշվառելու համար

 

2)    Հայաստանի Հանրապետության          բազային տուրքի 20-ապատիկի չափով

 փաստաբանների պալատի կողմից

արտոնագրված փաստաբանի

 օգնականին փաստաբանների

պետական գրանցամատյանում մեկ

տարի ժամկետով հաշվառելու համար

 

3)    Հայաստանի Հանրապետության           բազային տուրքի 100-ապատիկի չափով

փաստաբանների պալատի կողմից

հավատարմագրված այլ պետության

փաստաբանին փաստաբանների

պետական գրանցամատյանում մեկ

տարի ժամկետով հաշվառելու համար»:

 

Հոդված 6. Սույն օրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 1-ից:


Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«Փաստաբանության մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»  ՀՀ օրենքների ընդունման անհրաժեշտության 

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Փաստաբանության մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման անհրաժեշտությունը բխում է ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարձր տեխնոլոգիանների և տեղեկատվական համակարգերի կիրառմամբ էլեկտրոնային գրանցամատյանների ներդրման միջոցով ազգաբնակչությանը մատուցվող ծառայությունների որակի բարձրացման և պետական և այլ մարմինների ու կազմակերպությունների միջև տեղեկատվության արագ փոխանակման կապակցությամբ իրականացվող պետական քաղաքականությունից:

 

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Անհրաժեշտություն է առաջացել ստեղծել փաստաբանների պետական գրանցամատյան, որի վարման և համակարգման աշխատանքներն իրականացնելու է ՀՀ արդարադատության նախարարությունը, իսկ գրանցամատյանում հաշվառման, հաշվառումից հանելու և հաշվառման տվյալներում փոփոխություն կատարելու աշխատանքները իրականացնելու է ՀՀ փաստաբանների պալատը:

Օրենքի նախագծում նախատեսվող փաստաբաններից գանձման ենթակա պետական տուրքի գումարները նախատեսվում է ուղղել հանրային պաշտպանի գրասենյակի պահպանման, փաստաբանների պետական գրանցամատյանի տեխնիկական սպասարկման և շահագործման ծախսերի համար:

 

Կարգավորման նպատակը և ակնկալվող արդյունքը

Փաստաբանների պետական գրանցամատյանի ներդրմամբ նպաստել օրինականության ապահովմանը և յուրաքանչյուրի իրավաբանական օգնություն ստանալու իրավունքի իրականացմանը, փաստաբանների հետ իրավահարաբերությունների մեջ գտնվող անձանց իրավունքների և շահերի պաշտպանվածությանը, փաստաբանների պետական գրանցամատյանում հաշվառված անձանց և պետական, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների միջև տեղեկատվության արագ փոխանակմանը՝ կառավարման տեղեկատվական համակարգերի կիրառման միջոցով:

 

ՏԵՂԵԿԱՆՔ N 1

«ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ  ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

«Փաստաբանության մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»  ՀՀ օրենքների ընդունմամբ անհրաժեշտ է համապատասխան փոփոխություններ կատարել հետևյալ իրավական ակտում`

1. ՀՀ կառավարության 28.11.2002 «Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ uտեղծելու, Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաuտատելու մաuին» N 1917-Ն որոշում:

2. «Փաստաբանների պետական գրանցամատյանի վարման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշում: 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ N 2

«ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ  ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

«Փաստաբանության մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների ընդունման կապակցությամբ նախատեսվում է պետական բյուջեի եկամուտների մասում ավելացում՝ փաստաբանական գործունեության արտոնագիր և հավատարմագիր ստացած գործող փաստաբանների, փաստաբանների օգնականների թիվը բազմապատկած փաստաբանների պետական գրանցամատյանում մեկ տարի ժամկետով հաշվառվելու համար «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով նախատեսվող գանձման ենթակա  համապատասխան պետական տուրքի գումարների չափով:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն