18/11/2014

Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի ձևավորման և գործունեության կարգը, խորհրդի կազմը հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ

 Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասով, ելնելով Հայաստանի Հանրապետությունում հակակոռուպցիոն քաղաքականության ամբողջական և արդյունավետ իրականացման անհրաժեշտությունից և կոռուպցիայի կանխարգելման ուղղությամբ տարվող պետական քաղաքականությունը կատարելագործելու նպատակով.

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Ստեղծել  Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ (այսուհետ՝ Խորհուրդ):
  2. Հաստատել Խորհրդի կազմը` համաձայն 1-ին հավելվածի:
  3. Հաստատել Խորհրդի գործունեության կարգը՝ համաձայն 2-րդ հավելվածի:
  4. Սահմանել, որ Խորհրդի կազմում խորհրդարանական ընդդիմադիր խմբակցություններից մեկական ներկայացուցիչ և Հայաստանի համայնքների միությունից մեկ ներկայացուցիչ ընդգրկելու նպատակով Հայաստանի Հանրապետության վարչապետը դիմում է համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին և Հայաստանի համայնքների միության նախագահին:
  5. Սահմանել, որ Խորհրդի կազմում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները ներգրավվում են մրցութային հիմունքներով: Մրցութային կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:
  6. Սահմանել, որ Փորձագիտական խմբի նյութատեխնիկական աջակցությունն ապահովում է ՀՀ կառավարության աշխատակազմը, իսկ աշխատանքները կազմակերպում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի հակակոռուպցիոն ծրագրերի մոնիթորինգի բաժինը:
  7. ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին՝ սույն որոշմամբ սահմանված կարգով կազմակերպել Խորհրդում հասարակական կազմակերպությունների ներգրավման աշխատանքները և Խորհրդի անհատական կազմը ներկայացնել ՀՀ վարչապետի հաստատմանը:
  8. ՀՀ արդարադատության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռօրյա ժամկետում ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնել Հասարակական կազմակերպությունների ներգրավման և ռոտացիայի կարգը սահմանելու մասին ՀՀ վարչապետի որոշման նախագիծ:

 

Հավելված 1

ՀՀ կառավարության

2014 թ ------   ի թիվ ---------- որոշման

 

 

 

Կ Ա Զ Մ

 

ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԽՈՐՀՐԴԻ

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ (Խորհրդի նախագահ)

 

Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար

 

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար

 

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար

 

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ (համաձայնությամբ)

 

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ      (համաձայնությամբ)

 

Խորհրդարանական ընդդիմադիր խմբակցություններից  մեկական ներկայացուցիչ  (համաձայնությամբ)

 

Հանրային խորհրդի նախագահ (համաձայնությամբ)

 

Հայաստանի համայնքների միության մեկ ներկայացուցիչ (համաձայնությամբ)

 

Քաղաքացիական հասարակության երկու ներկայացուցիչ (համաձայնությամբ) 

 

 

Հավելված 2

ՀՀ կառավարության

2014 թ ------   ի թիվ ---------- որոշման

 

 

ԿԱՐԳ

ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԽՈՐՀՐԴԻ

 ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ  

 

  1. Սույնով կարգավորվում են Խորհրդի գործունեության հետ կապված հարաբերությունները:
    1.    Խորհուրդը՝

1)             քննարկում և հաստատում է հակակոռուպցիոն ռազմավարության նախագիծը,

2)      քննարկում և հաստատում է հակակոռուպցիոն ռազմավարության նախագծի հիման վրա մշակված ոլորտային ծրագրերի նախագծերը,

3) համակարգում է հակակոռուպցիոն ռազմավարության իրականացումն ու հսկողություն է իրականացնում դրանից բխող միջոցառումների կատարման նկատմամբ,

4) քննարկում է հակակոռուպցիոն ծրագրերի գնահատման/մոնիթորինգի արդյունքները և Հայաստանի Հանրապետության կառավարության հակակոռուպցիոն ծրագրերի մոնիթորինգի բաժնի կողմից ամփոփված հաշվետվությունների հիման վրա առաջարկություններ ներկայացնում պատասխանատու մարմիններին: Խորհրդի  առաջարկությունները կենսագործվում են կառավարության որոշումներով, վարչապետի կամ պատասխանատու մարմինների կողմից ընդունվող իրավական ակտերով:

5)  միջոցներ  է ձեռնարկում հակակոռուպցիոն ռազմավարությունից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային պարտավորություններից ու հանձնառություններից բխող միջոցառումների իրականացման համար,

6) ապահովում է կոռուպցիայի դեմ պայքարի գործընթացում տարածաշրջանային և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը,

7)  կազմակերպում և համակարգում է Հայաստանի Հանրապետության գերատեսչական հակակոռուպցիոն ծրագրերի մշակման և իրականացման գործընթացը,

8)      հաստատում է Խորհրդի աշխատակարգը,

9)            հաստատում է Փորձագիտական խմբի աշխատակարգը,

10)          սահմանում է փորձագետների ընտրության կարգը, վերջիններիս ներկայացվող չափանիշները: Ընդ որում, սահմանված չափանիշներին համապատասխան ընտրության մրցույթն անցկացնում է ՀՀ կառավարության աշխատակազմը, եթե փորձագետների վարձատրությունն իրականացվելու է ՀՀ պետական ֆինանսական միջոցների հաշվին:

11)       համակարգված հանդիպումների միջոցով համագործակցում է հակակոռուպցիոն քաղաքականության իրականացման գործում դերակատարում ունեցող մարմինների ներկայացուցիչների, ինչպես նաև կոռուպցիայի կանխարգելմանը նպաստող ինստիտուտների ներկայացուցիչների հետ: Համակարգված հանդիպումների ժամանակ քննարկումներ են տեղի ունենում իրականացված միջոցառումների, խնդիրների, հնարավոր լուծումների վերաբերյալ՝ միաժամանակ ապահովելով պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջև պատշաճ հաղորդակցություն և արդյունավետ համագործակցություն: Քննարկումների արդյունքում ներկայացված կարծիքները Խորհուրդը կարող է ներառել իր նախապատրաստած առաջարկությունների մեջ:

  1. Խորհրդի նախագահը և անդամները Խորհրդի աշխատանքներին մասնակցում են հասարակական հիմունքներով:
  2. Խորհրդի գործունեությունը հիմնված է օրինականության, թափանցիկության և հրապարակայնության սկզբունքների վրա:
  3. Խորհրդի կազմում ներգրավվում են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ (այսուհետ՝ հասարակական կազմակերպություններ) ըստ սույն կարգի 8-րդ կետով սահմանված չափանիշների, որոնց թիվը Խորհրդում երկուսն է:
  4. Հասարակական կազմակերպությունների գործունեության նկատմամբ կիրառվում է ռոտացիայի սկզբունքը, իսկ հասարակական կազմակերպությունների ներգրավման և ռոտացիայի կարգը, ինչպես նաև հասարարական կազմակերպությունների կողմից ներկայացվող հայտերի ձևը սահմանում է ՀՀ վարչապետը:
  5. Ռազմավարության հետագա գործողության ամբողջ ընթացքում սահմանված չափանիշներին համապատասխանող այլ հասարարական կազմակերությունների կողմից Խորհրդի կազմում ընդգրկվելու համար ներկայացվում են հայտեր (ներկայացվում է ՀՀ կառավարության աշխատակազմ), որոնց՝ չափանիշներին համապատասխանության հարցը քննարկվում է Խորհրդում՝ նախապատվություն տալով այն հասարակական կազմակերպություններին, որոնք դեռ չեն եղել Խորհրդի կազմում:
    1. Հասարակական կազմակերպությունները պետք է համապատասխանեն հետևյալ չափանիշներին՝

1)     կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտի առնվազն հինգ տարվա գործունեության փորձ (վերջին հինգ տարիների),

2)    կայուն և արդյունավետ համագործակցության փորձ միջազգային կազմակերպությունների հետ սույն կետի 1-ին ենթակետում նշված ոլորտի և ժամանակահատվածի համար,

3)    միջազգային կառույցների հետ և (կամ) սեփական նախաձեռնությամբ վերը նշված ոլորտին վերաբերող իրականացրած առնվազն  5 ծրագրերի վերաբերյալ տեղեկատվություն,

4)    միջազգային կառույցների հետ իրականացված ծրագրերի արդյունավետության վերաբերյալ գործընկեր կազմակերպության դրական եզրակացություն (գնահատական):

  1. Խորհրդի գործունեությունն իրականացվում է նիստերի միջոցով:
  2. Խորհրդի նիստերը գումարվում են Խորհրդի նախագահի կամ Խորհրդի անդամների մեկ երրորդի նախաձեռնությամբ` ըստ անհրաժեշտության բայց ոչ պակաս, քան եռամսյակը մեկ անգամ:
  3. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե ներկա է Խորհրդի անդամների կեսից ավելին: Խորհրդի նիստերի վերաբերյալ կազմվում է արձանագրություն, որը ստորագրում է նիստը նախագահողը և Խորհրդի քարտուղարությունն ապահովող ՀՀ կառավարության աշխատակազմի համապատասխան ստորաբաժանման ղեկավարը: Եթե Խորհրդի որևէ անդամ Խորհրդի ընդունած որոշման վերաբերյալ ունի հատուկ կարծիք, ապա նրա ցանկությամբ այն գրավոր կցվում է Խորհրդի որոշմանը և դրա մասին գրառում է կատարվում  խորհրդի նիստի արձանագրության մեջ:
  4. Խորհրդի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ` նիստին ներկա անդամների ձայների մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում Խորհրդի նախագահի ձայնը վճռորոշ է:

13.  Խորհրդի նախագահը՝

1) ղեկավարում և համակարգում է Խորհրդի աշխատանքը,

2) Խորհրդի անդամների միջև կատարում է աշխատանքի բաշխում,

3)            Հայաստանի Հանրապետության Նախագահին է ներկայացնում Խորհրդի նախապատրաստած առաջարկությունները, ինչպես նաև Խորհրդի գործունեության, այդ թվում՝ համակարգման հանդիպումների արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն,

4)            հրավիրում և վարում է Խորհրդի նիստերը կամ նիստերի վարումը հանձնարարում է Խորհրդի անդամներից որևէ մեկին,

5)            առաջադրում է օրակարգը, որը քննարկվելիք այլ հարցերի վերաբերյալ անհրաժեշտ նյութերով Խորհրդի անդամներին է հանձնվում ոչ ուշ, քան նիստից երեք օր առաջ:

14.  Խորհրդի անդամը՝

1)             մասնակցում է Խորհրդի նիստերին, ինչպես նաև նիստերի ընթացքում բարձրացվող հարցերի քննարկմանը,

2)            ներկայացնում է առաջարկություն հակակոռուպցիոն ռազմավարության նախագծի և դրա  հիման վրա մշակված ոլորտային ծրագրերի նախագծերի, ինչպես նաև Խորհրդի կողմից քննարկվող այլ փաստաթղթերի վերաբերյալ ,

3)            մասնակցում է Խորհրդի՝ այլ գործառույթների իրականացմանը:

4)            Խորհրդի աշխատանքներին մասնակցելու անհնարինության դեպքում Խորհրդի անդամը տեղեկացնում է Խորհրդի նախագահին: Խորհրդի անդամի՝ խորհրդի աշխատանքներին մասնակցելու անհնարինության կամ անհարգելի բացակայությունների դեպքում վերջինիս փոխարինման հարցը Խորհրդի նախագահի առաջարկությամբ կարող է քննարկվել Խորհրդում:

  1. Խորհրդի հրավերով Խորհրդի նիստին կարող են մասնակցել քաղաքացիական հասարակության, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ, ինչպես նաև այլ անձինք:
  2. Խորհուրդն ապահովում է իր աշխատանքների լուսաբանումը և հրապարակայնությունը:
  3. Ռազմավարության և հակակոռուպցիոն միջոցառումների իրականացման գործընթացի վերաբերյալ Խորհրդին օբյեկտիվ, մասնագիտական և անկախ հաշվետվություններ, գնահատականներ տալու նպատակով Խորհրդին կից անկախ փորձագետներից ձևավորվում է փորձագիտական խումբ: Սույն կետով նախատեսված խնդիրները լուծելու համար փորձագիտական խումբն իրականացնում է հետևյալ գործառույթները՝

1)  աջակցում է հակակոռուպցիոն ռազմավարության և հակակոռուպցիոն ոլորտային ծրագրերի նախագծերի մշակմանը, առաջարկություններ է ներկայացնում խորհրդին ռազմավարությունում և (կամ) հակակոռուպցիոն ոլորտային ծրագրերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ,

2)            իրականացում է ծրագրերի մոնիթորինգ, գնահատում, ամփոփում է ծրագրերի իրականացման վերաբերյալ հաշվետվությունները,

3)            նախապատրաստում է հաշվետվություններ, զեկույցներ ծրագրերի կատարման վիճակի վերաբերյալ և առաջարկություններ ներկայացնում Խորհրդին,

4)            իրականացնում է կոռուպցիայի դրսևորումների և պատճառների ուսումնասիրությունը, վերլուծությունը, դրանց առավել արդյունավետ լուծմանն ուղղված առաջարկությունների ներկայացումը,

5)            Խորհրդի հանձնարարությամբ իրականացնում է միջոցառումներ կոռուպցիայի կանխարգելման հարցերով հասարակության գիտելիքների ընդլայնմանն ու տարածմանը նպաստելու համար,

6)            ապահովում է Խորհրդի համագործակցությունը կոռուպցիայի դեմ պայքարի գործընթացում տարածաշրջանային և միջազգային կազմակերպությունների հետ,

7)            Խորհրդի հանձնարարությամբ մշակում է ուղեցույցներ և ներկայացնում Խորհրդի հավանությանը, պատասխանատու մարմիններին ցուցաբերում է մեթոդական և այլ աջակցություն,

8)            իրականացնում է Խորհրդի կողմից սահմանված այլ գործառույթներ:

  1. Փորձագիտական խումբը եռամսյակը մեկ անգամ՝ իր գործունեության վերաբերյալ հաշվետվություն է ներկայացնում Խորհրդին:

19. Փորձագետը՝

1)             մասնակցում է  հակակոռուպցիոն ռազմավարության և հակակոռուպցիոն ոլորտային ծրագրերի մշակմանը,

2)            մասնակցում է ծրագրերի մոնիթորինգի իրականացման, գնահատման և ծրագրերի իրականացման գործընթացներին,

3)            նախապատրաստում է իր մասնագիտացված ոլորտի վերաբերյալ հաշվետվություններ,

4)            նախապատրաստում է զեկույցներ իր մասնագիտացված ոլորտային ծրագրերի կատարման վիճակի վերաբերյալ,

5)            ներկայացնում է առաջարկություններ իր մասնագիտացված ոլորտում առկա խնդիրները լուծելու վերաբերյալ,

6)            ուսումնասիրում և վերլուծում է իր մասնագիտացված ոլորտում կոռուպցիայի դրսևորումները և պատճառները,

7)            ներկայացնում է  իր մասնագիտացված ոլորտում կոռուպցիայի դրսևորումների և պատճառների առավել արդյունավետ լուծմանն ուղղված  առաջարկություններ,

8)            իրականացնում է Փորձագիտական խմբի համար սահմանված այլ գործառույթներ,

9)            իրականացնում է աշխատանքային պայամանագրով սահմանված այլ գործառույթները:

  1. Փորձագետի լիազորությունները դադարում են աշխատանքային պայմանագրով սահմանված կարգով:
  2. Խորհրդի քարտուղարությունը և կազմակերպատեխնիկական աշխատանքներն ապահովելու, սույն կարգի 14-րդ կետով նախատեսված փորձագիտական խմբի աշխատանքներն արդյունավետորեն կազմակերպելու, Խորհրդի ներկայացմանը ենթակա հաշվետվությունների տրամադրման ժամկետների պահպանման, այդ հաշվետվությունների ամփոփման, առանձին հարցերի հետ կապված մասնագիտական փորձաքննություն ապահովելու նպատակով ստեղծված ՀՀ կառավարության աշխատակազմի հակակոռուպցիոն ծրագրերի մոնիթորինգի բաժինը (այսուհետ՝ Մոնիթորինգի բաժին) իրականացնում է հետևյալ գործառույթները՝

1)             ապահովում է Խորհրդի կազմակերպատեխնիկական աշխատանքների իրականացումը,

2)            սահմանված ժամկետներում ընդունում և ամփոփում է ոլորտային պետական լիազոր մարմինների պատասխանատուների կողմից ներկայացված հաշվետվությունները և ներկայացնում Խորհրդին,

3)            կազմակերպում է փորձագիտական խմբի աշխատանքները և ապահովում վերջիններիս կապը ոլորտային պետական լիազոր մարմինների պատասխանատուների և աշխատանքային խմբերի հետ,

4)            իրականացնում է Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման միջոցառումների ծրագրի հաշվետվությունների և միջազգային պայմանագրերով կոռուպցիայի դեմ ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ զեկույցների և դրանց ներկայացման ժամկետների մոնիթորինգ,

5)            հսկողություն է իրականացնում իր գործունեության ոլորտներին առնչվող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության տվյալ տարվա գործունեության միջոցառումների ծրագրի և գերակա խնդիրների կատարման ընթացքի նկատմամբ,

6)           իրականացնում է իր գործունեության ոլորտներին, այսինքն` ռազմավարությամբ, ոլորտային ծրագրերով և այլ իրավական ակտերով հաստատված (սահմանված) հակակոռուպցիոն ծրագրերին առնչվող` Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի քննարկմանը կամ կարծիքին ներկայացված իրավական ակտերի նախագծերի, ինչպես նաև առանձին հարցերի հետ կապված մասնագիտական փորձաքննություն, տալիս է համապատասխան ոլորտի զարգացման, գործունեության արդյունավետության բարելավման վերաբերյալ իրավական ակտերի նախագծերի մասին եզրակացություններ,

7)            պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև տեղական և միջազգային ոլորտային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ կազմակերպում և իրականացնում է միջոցառումներ, այդ թվում՝ քննարկումներ, կլոր սեղաններ, տեղեկատվական նյութերի և ուղեցույցների պատրաստում և տարածում, որոնք կնպաստեն հասարակության իրազեկվածության մակարդակի բարձրացմանը կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում։