21/11/2014

Հայեցակարգ միջազգային մասնավոր իրավունքի բարեփոխման վերաբերյալ

 

Հայեցակարգ

 Միջազգային մասնավոր իրավունքի

բարեփոխման

(ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 12-րդ

Բաժին)

 

Փորձագիտական խմբի անդամներ՝ Արմեն Հայկյանց, Մուշեղ Մանուկյան, Եղիշե Կիրակոսյան, Վիգեն Քոչարյան, Ներսես Աղաբաբյան

 

I.Ներածություն

 

Միջազգային մասնավոր իրավունքը եղել և մնում է իրավական համակարգի ամենահետաքրքիր և ամենաբարդ ճյուղերից մեկը: Իր կոմպլեքսայնությունն այն դրսևորում է թե՛ իր կարգավորման առարկայի բնույթով և թե՛ իր մեթոդաբանական հիմքով: Միջազգային մասնավոր իրավունքի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ դրա կիրառման համար անխուսափելիորեն անհրաժեշտ է օտարերկրյա տարրի առկայություն, որը կարող է դրսևորվել թե՛ սուբյեկտի, թե՛ օբյեկտի և թե՛ իրավաբանական փաստի ձևով:

Երկար տարիներ գիտական և պրակտիկ ոլորտում ընթացել և ներկայումս էլ ընթանում են վեճեր միջազգային մասնավոր իրավունքի բնորոշման և իրավական համակարգում դրա տեղի որոշման կապակցությամբ: Գրականության մեջ շատ հաճախ արտահայտվում են կարծիքներ առ այն, որ «միջազգային մասնավոր իրավունք» տերմինը հանդիսանում է չհաջողված, իսկ դրա փոխարեն նպատակահարմար է օգտագործել «կոլիզիոն իրավունք» (conflict of laws) եզրույթը: Այս տեսակետի հետ հնարավոր կլիներ համաձայնել, եթե չլիներ մեկ այլ փաստարկ` կապված միջազգային մասնավոր իրավունքի կարգավորման առարկայի հետ: Սովորաբար, երբ օգտագործվում է «կոլիզիոն իրավունք» տերմինը, ապա նշված տերմինը բնորոշում է այսպես կոչված իրավունքի բախումները, այսինքն` երբ գոյություն ունեն բախումներ (կոլիզիաներ) երկու կամ ավել պետությունների նյութական իրավական համակարգերի միջև: Մինչդեռ, «միջազգային մասնավոր իրավունք» տերմինը  առավել կոմպլեքսային է և ներառում է ոչ միայն նյութական իրավունքի բախումները, այլև ընդդատության և օտարերկրյա դատական ու արբիտրաժային որոշումների ճանաչման և կատարման հիմնախնդիրները: Այսպես, միջազգային մասնավոր իրավունքի կարգավորման առարկան լայն իմաստով ներառում է կիրառելի իրավունքի, ընդդատության և օտարերկրյա դատական և արբիտրաժային որոշումների կատարման և ճանաչման հարցերը, այսինքն` միջազգային մասնավոր իրավունքը որևէ ձևով չի կարգավորում քննվող հարաբերության կապակացությամբ կողմերի իրավունքների և պարտականությունների բովանդակության հարցը, այլ միայն ունի ուղղորդող բնույթ` մատնանշելով է այն իրավական համակարգը(երը), որի (որոնց) համաձայն` քննվող հարաբերության իրավակարգավորումը կբնորոշվի, այն դատարանի իրավասությունը, որը իրավունք կունենա քննել օտարերկրյա տարրի մասնակացությամբ գործը, ինչպես նաև այն ընթացակարգերը, որոնց համաձայն` օտարերկրյա դատական և արբիտրաժային որոշումները կարող են կատարվել և ճանաչվել: Յուրաքանչյուր դեպքում պետք է նկատի ունենալ, որ «միջազգային» տերմինը «միջազգային մասնավոր իրավունք» հասկացության շրջանակներում վերաբերում է հենց օտարերկրյա տարրի առկայության հանգամանքին, որով ներպետական իրավահարաբերությունները ստանում են միջազգային բնույթ: Այս առումով միայն ՀՀ Քաղ. օր. 12-րդ բաժնի վերնագիրը` «Միջազգային մասնավոր իրավունք», ստեղծում է տարաձայնություններ, քանի որ, անկասկած, միայն Քաղաքացիական օրենսգիրքը չէ, որ կարգավորում է օտարերկրյա տարրի մասնակցությամբ մասնավոր հարաբերությունները: Կոլիզիոն իրավունքն իր մեջ ներառում է իրավական համակարգերի բախում քաղաքացիական, ընտանեկան և աշխատանքային իրավունքի ոլորտներում:

Ակնհայտ է, որ միջազգային մասնավոր իրավունքը իր բարդագույն լուծումներով և տրամաբանական հնարքներով առանձնանում է մասնավոր իրավունքի ընտանիքից, սակայն մեր երկրի դատական պրակտիկայում դրա լիարժեք կիրառելիությունը թերևս բացակայում է: Եթե մեր դատական պրակտիկան միջազգային մասնավոր իրավունքի բնագավառում ճիշտ ուղղությամբ ընթանար, երևան կգային միջազգային մասնավոր իրավունքի օրենսդրական կարգավորումներում առկա բազմաթիվ և բազմապիսի թերությունները, որոնց գիտակցումը հենց կստեղծեր օբյեկտիվ անհրաժեշտություն բարեփոխելու օրենսդրությունում առկա բացթողումները և թերությունները: Դատական պրակտիկայի իմիջիայլոց վերաբերմունքը միջազգային մասնավոր իրավունքին ոլորտի նկատմամբ ՀՀ օրենսդրության տխրահռչակ կայունության հետևանքն է:    

Պետք է համաձայնել, որ ՀՀ դատավորը բացառություն չի կազմում այն առումով, որ ամեն գնով ցանկանում է կիրառել lex fori, սակայն պետք է ընդունել, որ այդպիսի կիրառելիությունը պետք է բացառապես հիմվի օրենքի վրա և բխի դրանից, այլապես մենք կբախվենք միջազգային տարրի մասնակցությամբ ցանկացած դատական որոշման վիճարկելիության փաստի հետ, որը իհարկե որևէ կերպ չի կարող նպաստել Հայաստանում ներդրումների զարգացմանը: Դատավորը չպետք է վախենա օտարերկյա իրավունքի կիրառելիությունից, այլ ճիշտ հակառակը` օտարերկրյա իրավունքի կիրառումը նպաստում է դատական պրակտիկայի զարգացմանը, քանի որ դատավորը ծանոթանում է նույնական փաստերի համատեքստում այլ իրավունքի դիրքորոշմանը և դրանով իսկ զարգացնում հմտություններ և իրավակիրառ կարողություններ:

Միջազգային մասնավոր իրավունքի վերաբերյալ վերապատրաստման ոլորտում փաստաբանների զարգացումը պետք է փաստել: ՀՀ Փաստաբանների պալատի շրջանակներում տարբեր այլ դասընթացների հետ մեկտեղ իրականացվում է նաև միջազգային մասնավոր իրավունքի վերապատրաստման կարճատև դասընթացներ, որոնք որոշակի առումով կարող են փաստաբանների համար պարզաբանել միջազգային մասնավոր իրավունքի ոլորտում ՀՀ օրեսդրության և պրակտիկայի թերությունները, զարգացնել կոլիզիոն-իրավական հմտություններ, ինչպես նաև ստեղծել անհրաժեշտություն ոլորտի օրենսդրական, գիտական և պրակտիկ զարգացման համար: Սակայն իհարկե կարճատև դասընթացներով չպետք է սահմանափակվել:

Անհրաժեշտ է նաև փաստել, որ ՀՀ շատ ԲՈՒՀ-երի իրավաբանական ֆակուլտետներում միջազգային մասնավոր իրավունքը կամ դրան հարող այլ դիսցիպլիններ դասավանդվում են, որը իհարկե մեծապես նպաստում է ապագա իրավաբանների մոտ միջազգային մասնավոր իրավունքի վերաբերյալ գիտելիքների և պրակտիկ հմտությունների ձևավորմանը: Այնուամենայնիվ ուսանողները նշված դասընթացների ընթացքում սովորաբար ձեռք են բերում միայն տեսական գիտելիքներ և ընդհանուր պատկերացումներ միջազգային մասնավոր իրավունքի կարգավորման առարկայի և մեթոդաբանության վերաբերյալ, սակայն չեն հասցնում առնչվել ոլորտի պրակտիկ կիրառման և օրենսդրական խորքային խնդիրների հետ: Ցավոք մեր իրավաբանական կրթությունը դեռևս ունակ չէ ուսանողին տրամադրել պատշաճ պրակտիկ սեմինարների կամ կլինիկ աշխատանքների փորձառություն, որը ապագա իրավաբանի համար այնքան կարևոր է:   

II.միջազգային մասնավոր իրավունքի վերաբերյալ ՀՀ օրենսդրությունը եվ դրա բարեփոխման անհրաժեշտությունը

 

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կոլիզիոն նորմերը ամրագրված են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1253-1293, ՀՀ ընտանեկան օրենսգրքի 141-152, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 7-8 հոդվածներում: Կոլիզիոն նորմեր նախատեսվում են նաև ՀՀ մասնակցությամբ առանձին միջազգային երկկողմ և բազմակողմ պայմանագրերով, որոնք հանդիսանում են ՀՀ օրենսդրության բաղկացուցիչ մասը՝ համաձայն ՀՀ սահմանադրության 6-րդ հոդվածի: Հասկանալի է, որ ինչպես ողջ օրենսդրությունը, կոլիզիոն նորմերը ևս չեն կարող դիտարկվել ստատիկայի մեջ, դրանք պետք է դիտարկվեն դինամիկայի մեջ, այսինքն՝ մասնավոր շրջանառության փոփոխություններին ու զարգացումներին զուգահեռ՝ այդպիսիք ևս պետք է փոփոխվեն ու զարգանան: Այս ասպեկտով՝ քննադատ հայացք ձգելով ՀՀ օրենսդրությամբ նախատեսվող կոլիզիոն նորմերի վրա՝ պետք է ասել, որ առկա են առանձին հիմնախնդիրներ, որոնք կարելի է դիտարկել երկու հարթություններում՝ կոդիֆիկացիոն հիմնախնդիրներ  և կոլիզիոն-իրավական ինստիտուցիոնալ հիմնախնդիրներ: Կոլիզիոն-իրավական կարգավորման հիմնախնդիրներն իրականում օրգանական միասնության մեջ, ընդամենը գիտական-ձևական ճանաչողության նպատակով ենք այդպիսիք դիտարկում երկու հարթություններում, որպեսզի ավելի հստակ ընդգծվեն առանձին ասպեկտներ:

ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ նաև` ՀՀ Քաղ. օր.) 12-րդ բաժնում դրա ընդունումից` 1998 թ.-ից ի վեր ոչ մի փոփոխություն չի կատարվել: Ավելին` ՀՀ Աշխատանքային  և Ընտանեկան օրենսգրքերի միջազգային մասնավոր իրավունքին վերաբերող դրույթները ևս որևէ էական փոփոխության չեն ենթարկվել, այն ինչ նշված իրավական ակտերի շատ այլ դրույթներ պարբերաբար ենթարկվում են հաջող կամ ոչ այնքան բարեփոխումների:

Արտաքին տնտեսական հարաբերությունների զարգացումը պահանջում է, որպեսզի Հայաստանի Հանրապետության (ՀՀ) իրավական համակարգը համահունչ ընթանա միջազգային մասնավոր իրավունքի համաշխարհային զարգացումների հետ: Միջազգային մասնավոր իրավունքի զարգացումը մեր երկրի համար ունի ոչ միայն օտարերկրյա տարրի մասնակցությամբ հարաբերությունների հստակ կարգավորման խնդրի լուծման անհրաժեշտություն, այլև փորձը ցույց է տալիս, որ դրա գիտական, պրակտիկ և օրենսդրական բարելավումները խթանում են երկրում ներդրումների աճը: Ուստի, կարևորելով այդ հանգամանքը, պետք է պատշաճ ուշադրություն ցուցաբերել միջազգային մասնավոր իրավունքի խնդիրներին նաև մեր երկրում ներդրումային բարենպաստ կլիմա ստեղծելու համար:

III.Ոլորտում տեղի ունեցած զարգացումները եվ առկա վիճակը

 

Չնայած նրան, որ ՀՀ-ում միջազգային մասնավոր իրավունքը գիտական և օրենսդրական առումով փոքրածավալ ուշադրության է արժանացել, սակայն այնուամենայնիվ որոշ զարգացումներ նկատվել են: Որոշակի ձեռքբերում կարելի է համարել այն փաստը, որ Հայաստանի Հանրապետությունը միացել է Միջազգային առուվաճառքի պայմանագրերի վերաբերյալ ՄԱԿ-ի 1980 թ.-ի կոնվենցիային (Վիեննայի կոնվենցիա), Միջազգային մասնավոր իրավունքի Հաագայի Կոնֆերանսի մի շարք կոնվենցիաների, Միջազգային արբիտրաժային որոշումների ճանաչման և կատարման վերաբերյալ Նյու-Յորքի կոնվենցիային, Մինսկի և Քիշնևի կոնվենցիաներին և այլն: Այդուհանդերձ ցավով պետք է նշել, որ պրակտիկայումչեն հանդիպում ՀՀ դատարանների կողմից Վիեննայի կոնվենցիայի և շատ այլ միջազգային պայմանագրերի լայնամաշտաբ կիրառում այն դեպքերում, երբ դրանք անվերապահորեն պետք է կիրառվեն: Ավելին, «Հայաստանի Հանրապետության Միջազգային մասնավոր իրավունք. ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 12-րդ բաժնի (Միջազգային  մասնավոր  իրավունք) դրույթների գիտական և պրակտիկ մեկնաբանություններ» աշխատության շրջանակներում  Մ. Մանուկյանը, ուսումնասիրելով ՀՀ դատական պրակտիկայից շատ գործեր, ցավով արձանագրում է, որ չափազանց սակավաթիվ են այն գործերը, որտեղ ՀՀ դատարանը ճիշտ է ընկալում միջազգային մասնավոր իրավունքի էությունը և հանգում համապատասխան նյութական կիրառելի իրավունքի բնորոշմանը: Շատ դեպքերում ՀՀ դատարանը ջանք չի խնայում փնտրելու ցանկացած իրավական և ոչ իրավական հիմնավորում կիրառելու ՀՀ իրավունքը` չնայած որ գործի փաստերի համադրությունը հանգեցնում է օտարերկրյա իրավունքի կիրառմանը: Մի քանի այլ գործերով ՀՀ դատարանը որոշակի համեմատություններ է անցկացնում ՀՀ իրավունքի և օտարերկրյա իրավունքի նյութական նորմերի միջև` փաստելով, որ երկու իրավունքներն էլ արձանագրում են նույն կարգավորումը և այդպիսի հիմքերի հիման վրա որոշում նյութաիրավական խնդրի ճակատագիրը` առանց բնորոշելու որևէ հստակ կիրառելի իրավունք: Կարելի է բազմաթիվ գործերով փաստել ՀՀ դատարանների դժվարությունները և սխալները միջազգային մասնավոր իրավունքի կիրառման ոլորտում, որոնք հենց վկայում է միջազգային մասնավոր իրավունքի բարեփոխումների շրջանակներում կրթական և վերապատրաստման բաղադրիչին պատշաճ ուշադրություն դարձնելու անհրաժեշտությունն ու կարևորությունը:

Կարծում ենք, որ Հայաստանում միջազգային մասնավոր իրավունքի հետագա զարգացման գործում պետք է նաև որոշակիորեն հաշվի առնել Ռուսաստանի Դաշնության իրավական համակարգի համապատասխան կարգավորումները` նկատի ունենալով մեր երկրի ներկայիս բռնած քաղաքական ուղղությունը, որից անմասն չի մնա նաև միջազգային մասնավոր իրավունքը: Պետք է փաստել, որ ՌԴ միջազգային մասնավոր իրավունքը իր հերթին իր զարգացումն է ապրում: Այսպես, ՌԴ օրենսդիրը ներկայումս ձեռնարկում է քայլեր` փոփոխելու միջազգային մասնավոր իրավունքի նորմերը «Քաղաքացիական օրենսդրության զարգացման կոնցեպցիայի» շրջանակներում` հաշվի առնելով միջազգային մասնավոր իրավունքի արդի մոտեցումները, այդ թվում նաև` Եվրոպական մասնավոր իրավունքի զարգացումները` կապված Հռոմ I և Հռոմ II կանոնակարգերի ընդունման հետ, որի արդյունքում որոշակի փոփոխություններ արդեն ուժի մեջ են մտնել 2013 թ.-ին: Այնուամենայնիվ կատարված և առաջարկվող օրենսդրական փոփոխություններում առկա են նաև ուրույն` ազգային շահերից բխող կարգավորումներ և կոլիզիոն լուծումները: Որքան էլ մենք հետևենք միջազգային մասնավոր իրավունքի ոլորտում լավագույն փորձին` չպետք է անտեսել ազգային նկարագիրը և ներպետական շահերը, որոնց խորագույն գիտակցմամբ հնարավոր է կառուցել միջազգային մասնավոր իրավունքի պատշաճ օրենսդրական, պրակտիկ, գիտական և կրթական համակարգ: 

IV.Կոլիզիոն իրավական կարգավորումների հիմանական խնդիրները, մարտահրավերները եվ օրենսդրական բարեփոխումների հիմնական ուղղությունները

 

ՀՀ կոլիզիոն նորմերի բարեփոխման հիմնական տրամաբանությունն է հանդիսանում միջազգային մասնավոր իրավունքի ընդունված սկզբունքների և մոտեցումների ամբողջական արտացոլումը ՀՀ իրավական համակարգում՝ այդպիսով ՀՀ իրավական համակարգը առավել գրավիչ դարձնելով օտարերկրյա ներդրողների համար: Մի շարք դեպքերում անհրաժեշտություն կա նախատեսել առավել ճկուն կոլիզիոն լուծումներ՝ հիմք ընդունելով պրակտիկայում առաջացող խնդիրները: Կոլիզիոն նորմերի բարեփոխման նպատակներից է  հանդիսանում նաև ՀՀ իրավունքի կիրառման սահմանները ընդլայնելը:

Ստորև ներկայացված են այն հիմնական խնդիրները, որոնք առկա են ՀՀ քաղ. օր. 12-րդ բաժնում:

ՀՀ քաղաքացիական օրենսգրգի 1253-1261 հոդվածները ամրագրում են կոլիզիոն նորմերի կիրառման համար ընդհանուր հանդիսացող հիմանկան դրույթները: Այս գլխում առկա իրավական կարգավորումները անհրաժեշտ է համապատասխանեցնել միջազգային մասնավոր իրավունքի տրամաբանությանը և ընդունված սկզբունքներին և մոտեցումներին: Մասնավորապես օրինակ՝ կոլիզիոն նորմերի կիրառման շրջանակները, միջազգային մասնավոր իրավական հարաբերությունների բնորոշումը, կամ բազմաթիվ իրավական համակարգ ունեցող պետությունների իրավունքը կիրառելիս՝ համապատասխան իրավական նորմերի որոշման կանոննորը անհրաժեշտ է լրամշակել և համապատասխանեցնել միջազգային մասնավոր իրավունքի ընդունված սկզբունքներին՝ վերացնելով առկա ներքին անհամապատասխանությունները: Ի հավելումն բազմաթիվ այլ թերությունների, որոնցից կարելի է նշել իրավաբանական փաստի` որպես օտարերկրյա տարրի բացակայությունը, «Հայաստանի Հանրապետության կողմից ճանաչված միջազգային սովորույթ» եզրույթը, առավել սերտ կապի սկզբունքի տարաբնույթ կիրառելիության կարգավորումը և այլն, թերևս ամենակարևոր բացթողում պետք է համարել այն փաստը, որ 1253-րդ հոդվածը որևէ ձևով չի նշում, որ օտարերկրյա տարրի մասնակացությամբ հարաբերությունների դեպքում կիրառելի իրավունքը որոշվում է հենց 12-րդ բաժնի հիման վրա:

Օրենսդրի կողմից կիրառվում են որոշակի մոտեցումներ, որոնք այսօր կարող են իրավունքի կիրառման ընթացքում, որոշակի խոչընդոտներ ստեղծել, մասնավորապես՝ 1254-րդ հոդվածը, որը սահմանում է իրավաբանական հասկացությունների բնորոշման դեպքում կիրառվելիք իրավունքը, այն է ՝ ՀՀ իրավունքը: Պրակտիկայում կարող են առաջ գալ իրավիճակներ, երբ նպատակահարմար է կիրառել օտարերկյա իրավունքը, իսկ ՀՀ իրավունքի կիրառմամբ դատարանը կարող է շեղվել այն իմաստից, որը կողմերը ընկալել են իրենց հարաբերություններում:

1255-րդ հոդվածը անվերապահորեն սահմանում է, որ օտարերկյա նորմի բովանդակության պարզելը դատարանի պարտականությունն է և հենց դատարանը պետք է միջոցներ ձեռարկի բովանդակության պարզելու ուղղությամբ: Նման իրավիճակում դատարանը հատկապես պայմանագրային պարտավորությունների դեպքում, երբ կողմերն են ընտրել օտարերկյա կիրառելի իրավունքը, ստիպված է լինում բացառապես պետական գործիքների և միջոցների շնորհիվ պարզելու իրավունքի բովանդակությունը, որը իհարկե անհարկի բեռ է դատարանի համար:

1259-րդ հոդված սահմանում է իմպերատիվ նորմերի Էությունը: Սակայն պրակտիկայում, ինչպես նաև «իմպերատիվ նորմերի» եզրույթի օրենսդրական ձևակերպումից ակնհայտ չէ, որ այստեղ խոսքը չի գնում ցիվիլիստական իմաստով դասական իմպերատիվ նորմերի մասին, այլ` առավել հատուկ նշանակություն ունեցող նորմերի: Այս իսկ պատճառով սույն նորմը երբևէ ՀՀ դատական պրակտիկայում չի կիրառվել: Անհրաժեշտ է առավել հստակեցնել իմպերատիվ նորմերի իրավական բնույթը միջազգային մասնավոր իրավունքի համատեքստում և սահմանել դրանց գերիմպերատիվ լինելը:    

1262-1271, հոդվածները ամրագրում են քաղաքացիների նկատմամբ կիրառվող իրավունքը որոշելու համար հիմք հանդիսացող կոլիզիոն նորմերը: Նախ պետք է նշել, որ արդեն իսկ գլխի վերտառությունը պետք է վերանվանվի և կարգավորումներ սահմանվի ոչ թե քաղաքացիների մասով, այլ առավել ընդհանրական` ֆիզիակական անձանց մասով:

ՀՀ  քաղ.օր. 1262-րդ հոդվածի 1-ին մասում սահմանվում . ,,Եթե անձն ունի երկու կամ ավելի պետության քաղաքացիություն, ապա նրա անձնական օրենքն այն պետության իրավունքն է, որի հետ այդ անձն առավել սերտ է կապված՛՛: ՀՀ 1262-րդ հոդվածն առանձին անդրադարձ չունի ՀՀ երկքաղաքացիների կատեգորիային` դրանով իսկ ՀՀ երկքաղաքացիներին դիտարկելով այլ պետությունների երկքաղաքացիների շարքում և ցուցաբերելով համանման իրավական մոտեցում: Նման մոտեցումը որևէ կերպ արդարացված չէ, անհրաժեշտ էր ցուցաբերել տարբերակված մոտեցում, ինչպես նաև հստակեցնել առավել սերտ կապի բնորոշման ուղղությունները:

Այսպես,օրինակ, ՀՀ քաղ.օր. 1267-րդ հոդվածով սահմանվում է.  «Օտարերկրյա քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձն անգործունակ կամ սահմանափակ գործունակ է ճանաչվում Հայաստանի Հանրապետության իրավունքով՛», որը իհարկե իր հերթին խնդիրներ է առաջանում պրակտիկայում, քանի որ անձը ձեռք է բերում իրավունքների իր անձանական օրենքի համաձայն, սակայն իրավունքների սահմանափակումը իրականացվում է մեկ այլ իրավունքի համաձայն` lex fori (նմանատիպ մոտեցում է ցուցաբերվում նաև ՀՀ քաղ.օր. 1269-րդ հոդվածում): ՀՀ օրենսդիրը հաշվի չի առել այն հանգամանքը, որ  օտարերկրյա քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձը Հայաստանի Հանրապետության իրավունքով անգործունակ կամ սահմանափակ գործունակ կարող է ճանաչվել միայն Հայաստանի Հանրապետությունում, մինչդեռ գործող նորմի ձևակերպման պարագայում՝ կանգնում ենք իսկական դոկտրինալ անհեթեթության առջև:

1272-1275 հոդվածներն ամրագրում են իրավաբանական անձանց նկատմամբ կիրառվող իրավունքի ընտրությունը կարգավորող կոլիզիոն նորմերը: Այս գլխում տեղ գտած դրույթներում առկա են որոշակի անհամապատասխանություններ և բացեր, որոնք ի հայտ են եկել պրակտիկայում կիրառվելու արդյունքում:

Անհրաժեշտ է նաև իրավաբանական անձի նկատմամբ կիրառվող իրավունքի ընտրության կապը համապատասխանեցնել միջազգային մասնավոր իրավունքի ընդունված մոտեցումներին և սկզբունքներին: Այս հատվածում տեղ գտած խնդրահարույց կարգավորումներից է օրինակ, իրավաբանական անձի պատասխանատվությունը որոշող օրենքը, որը ըստ մեր օրենքի համարվում է իրավաբանական անձի անձնական օրենքը: Իրական կիրառման ընթացքում նման մոտեցումը կարող է հանգեցնել բազմաթիվ խնդիրներին, հետևաբար և անհրաժեշտություն կա վերանայել այս դեպքում կիրառվող կոլիզիոն կապը:

Դրույթներում առկա ձևակերպումները պետք է հստակեցվեն և լրամշակվեն:

1276-1279 հոդվածները կարգավորում են գույքային իրավունքների նկատմամբ կիրառվող իրավունքի ընտրությանն առնչվող հարցերը: Նշված բաժնում ներառված դրույթները և ձևակերպումները պետք է համապատասխանեցնել միջազգային մասնավոր իրավունքի հիմնական սկզբունքներին և ընդունված մոտեցումներին:

1280 հոդվածը նվիրված է անձնական ոչ գույքային իրավունքների նկատմամբ կիրառվող իրավունքի ընտրության հարցին: Առավել տրամաբանական կլիներ նախատեսել այս կոլիզիոն կապը վնաս պատճառելու հետևանքով առաջացող հարաբերությունների նկատմամբ կիրառվելիք իրավունքի ընտրությանը վերաբերող հոդվածների հետ միասին: Նախ, անհրաժեշտ է կիրառվող մոտեցումն առավել ճկուն դարձնել՝ հիմք ընդունելով միջազգային մասնավոր իրավունքի ընդունված մոտեցումները և սկզբունքները, ինչպես նաև Եվրոպական միության Հռոմ 2 կանոնակարգը: Անհրաժեշտ է վերանայել հոդվածի ձևակերպումները՝ հստակեցնելով և լրամշակելով դրանք:

1281-1283 հոդվածները կարգավորում են գործարքների, ներկայացուցչության և հայցային վաղեմության նկատմամբ կիրառվող իրավունքը: Նշված դրույթները անհրաժեշտ է վերանայել՝ հաշվի առնելով միջազգային մասնավոր իրավունքի զարգացումները, ինչպես նաև Եվրոպական միության Հռոմ 1 կանոնակարգը: Դրույթնեի ձևակերպումները ևս խնդրահարույց են և կարիք կա հստակեցնել որոշ ձևակերպումներ: Այսպես օրինակ, «արտաքին տնտեսական գործարք» հասկացությունը կարելի է ասել, որ պրակտիկայում կիրառություն չունի և օրենսդիրը չի հստակեցնում այդ հասկացության բովանդակությունը: Առկա են նաև այնպիսի ձևակերպումներ, որոնք իրենց էությամբ ոչ թե կոլիզիոն են այլ նյութաիրավական, և հետևաբար անհրաժեշտ է համապատասխանաբար վերախմբագրել դրույթները:

1284-1287 հոդվածներով սահմանվում են պայմանագրային պարտավորությունների նկատմամբ կիրառվող իրավունքի ընտրության հիմնական կոլիզիոն կապերը: Այս բաժնի դրույթների վերանայման ընթացքում անհրաժեշտ է որպես ելակետ ընդունել կամքի ինքնավարության սկզբունքը՝ lex voluntaris-ը: Շատ պետություններ սահմանում են առավել ճկուն կոլիզիոն-իրավական կապեր՝ այդպիսով առավել բարենպաստ և գրավիչ միջավայր ստեղծելով օտարերկրյա ներդրումների համար: Պայմանագրի կողմերին պետք  է առավել լայն հնարավորություն ընձեռվի կիրառվող իրավունքի ընտրության հարցը որոշելիս, մասնավորապես կողմերի հնարավորություն տրվի ընտրել ոչ միայն որոշակի իրավական համակարգ, այլ այնպիսի միջազգային գործիքների, ինչպիսի է օրինակ ՈՒՆԻԴՐՈՒԱյի սկզբունքները: Միևնույն ժամանակ պետք է նախատեսել այնպիսի կարգավորումներ, որոնք կապահովեն խնդրո առարկա հարաբերությունների կայունությունը և համապատասխանեն ողջամտության սկզբունքներին: Առկա են նաև խմբագրական և իրավաբանական տեխնիկայի խնդիրներ, հետևաբար պետք է որոշակիորեն վերաձևակերպել առկա դրույթները: Անհրաժեշտ է նաև տարբերակված մոտեցում ցույց տալ՝ կախված պայմանագրային հարաբերությունների տեսակից, օրինակ՝ սպառողական բնույթի կամ աշխատանքային պայմանագրերի դեպքում lex voluntaris-ի կիրառումը պետք է որոշակիորեն սահմանափակվի. հաշվի առնելով այդ հարաբերությունների առանձնահատկությունները:

Սույն բաժնի հոդվածները ևս կարիք ունեն վերանայման՝ իրավաբանական տեխնիկայի կանոններին համապատասխանեցվելու, ինչպես նաև կիրառման ընթացքում անորոշություններից խուսափելու նպատակով:

1288 հոդվածն ամրագրում է միակողմանի գործարքներից ծագող պարտավորությունների նկատմամբ կիրառվող իրավունքի ընտրության հարցը: Միակողմանի գործարքներից ծագող պարտավորությունների նկատմամբ կիրառվող իրավունքի ընտրությունը կարգավորող կոլիզիոն նորմը պետք է համապատսխանեցվի միջազգային մասնավոր իրավունքում ընդունված մոտեցումներին:

1289-1290 հոդվածները  կարգավորում է վնաս պատճառելու հետևանքով առաջացող և անհիմն հարստացման հետ կապված հարաբերությունների նկատմամբ կիրառվող իրավունքի հարցը: Այս պարագայում այդքան էլ տրամաբանական չէ կողմերին վերապահել հնարավորություն որոշել կիրառելի իրավունքը այն դեպքերի համար, երբ հարաբերությունները դեռևս չեն առաջացել: Որպես կանոն դելիկտային պարտավորությունների դեպքում կարգավորումներն իրականացվում են դելիկտի կատարման կամ վնասների առաջացման երկրի իրավունքով՝ այդ երկրի հանրային կարգի շրջանակներում: Անհրաժեշտություն կա նաև վերանայել անհիմն հարստացման հարաբերությունների նկատմամբ կիրառելի իրավունքի ընտրության սկզբունքը, հատկապես պայմանագրային հարաբերությունների նկատմամբ կիրառվող իրավունքի հետ համադրության մեջ: Վնաս պատճառելու հետևանքով առաջացող հարաբերությունների նկատմամբ կիրառվող իրավունքի ընտրության կոլիզիոն կապի ընտրության ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել նաև սպառողների իրավունքների պաշտպանությունը՝ այդ դեպքի համար սահմանելով տարբերակված մոտեցում:

1291 հոդվածն ամրագրում է մտավոր սեփականության նկատմամբ կիրառվող իրավունքի ընտրությունը կարգավորող կոլիզիոն նորմը: Օրենսդրի կողմից սահմանվում է, որ այս դեպքում կիրառվում է այն երկրի օրենքը, որտեղ հայցվում է իրավունքի պաշտպանությունը՝ lex protectionis: Նախ անհրաժեշտ է համապատասխանեցնել այս մոտեցում միջազգային մասնավոր իրավունքի զարգացումներին՝ հաշվի առնելով ՀՀ առանձնահատկությունները, այսպես օրինակ, նման հարաբերությունների նկատմամբ կարող է կիրառվել նաև առավել սերտ կապի սկզբունքը: Դրույթն անհրաժեշտ է վերանայել, քանզի ձևակերպումները առաջացնում են տարընթերցումներ և կիրառման բարդություններ:

1292-1293 հոդվածներում ամրագրված է ժառանգության նկատմամբ կիրառվող իրավունքի ընտրության սկզբունքները:  Մեր օրենսդրությունը սահմանում է lex domicilii կոլիզիոն կապը ըստ կտակի ժառանգության դեպքում: Այս դրույթի պրակտիկ կիրառման դեպքում կարող են առաջ գալ մի շարք խնդիրներ, հատկապես եթե հաշվի առնենք, որ արտերկրում ապրող մեր հայրենակիցների թիվը բավականին մեծ է և ժառանգություն բացվելու դեպքում ՀՀ տարածքում կարող է առաջանալ օտարերկրյա իրավունքի կիրառման խնդիր, ինչն անհրաժեշտ է համապատասխանաբար կարգավորում նախատեսել՝ կիրառելով միջազգային մասնավոր իրավունքի լավագույն փորձը:

Միջազգային մասնավոր իրավունքի քաղաքացիա-իրավական ոլորտի փոփոխությունները նաև անհրաժեշտություն են ստեղծում քաղաքացիական դատավարությունում համապատասխան իրավակիրառ գործիքների նախատեսման համար,  որոնք հնարավորություն կտան դատավորներին ճիշտ ընկալելու միաջազգային մասնավոր իրավունքի կիրառման հաջորդական քայլերը: Այդ առումով աշխատանքային խմբի հետագա քայլերը կարող են դրսևորվել դատավորների, նոտարների և այլ մասնագետների համար կիրառման մեթոդական ուղեցույցի մշակման ուղղությամբ, որը թույլ կտա կիրառական քարտեզի միջոցով քայլ առ քայլ ուրվագծել միջազգային մասնավոր իրավունքի կիրարկման առանձնահատկությունները: 

V.Այլ իրավական ակտերում ամրագրված կոլիզիոն նորմերի վերանայում 

Նախատեսվում է վերանայել ՀՀ աշխատանքային օրենսգրքում և ՀՀ ընտանեկան օրենսգրքում ամրագրված կոլիզիոն նորմերի ընդհանուր սկբունքները՝ համապատասխանեցնելով դրանք ՀՀ քաղաքացիական օրենսգրքում ամրագրված նորմերին:

Աշխատանքային խումբը իր առջև նպատակ չի դնում վերացնել բոլոր առկա թերությունները հարակից նորմատիվ ակտերում, վերանայել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի միջազգային մասնավոր իրավունքի հատվածը, ինչպես նաև իրականացնել ՀՀ աշխատանքային և ընտանեկան օրենսգրքների միջազգային մասնավոր իրավունքի ինստիտուտների լրամշակում, քանի որ դրանց իրականացումը էականորեն դուրս գա աշխատանքաների նախատեսված ձևաչափից:  

ՀՀ քաղ. օր.-ից բացի, կոլիզիոն իրավական նորմեր են նախատեսված ՀՀ աշխատանքային օրենսգրքով և ՀՀ ընտանեկան օրենսգրքով:

-Ընտանեկան օրենսգրքի 7-րդ բաժինը նախատեսում է վերը նշված ընդհանուր ինստիտուտներից միայն երկուսը՝ օտարերկրյա ընտանեկան իրավունքի նորմերի բովանդակության պարզումը (ՀՀ ընտ.օր. 151-րդ հոդված) և օտարերկրյա ընտանեկան իրավունքի նորմերի կիրառման սահմանափակումը (ՀՀ ընտ.օր. 152-րդ հոդված)

-Աշխատանքային օրենսգիրքը նույնիսկ առանձին բաժին չի հատկացրել աշխատանքային-իրավական կոլիզիոն նորմերին, իսկ միջազգային աշխատանքային հարաբերությունների կոլիզիոն-իրավական կարգավորմանն ուղղված երկու համեստ հոդվածները՝ 7-րդ և 8-րդ, ընդհանրապես չեն հիշատակում վեր նշված ընդհանուր ինստիտուտների մասին:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը ունի կրկնվող նորմեր, որոնք շփոթությունը են առաջացնում դատավորների շրջանում, քանի որ ունեն փոքր ինչ այլ բովանդակություն: Օրինակ, հոդված 11-ը սահմանում է օտարերկրյա իրավունքի բովանդակության պարզման մեխանիզմները ճիշտ այնպես, ինչպես սահմանված է Քաղ.օր.-ում, սակայն առանց «պաշտոնական» բառի: Անհրաժեշտ է վերացնել գոյություն ունեցող անհամապատասխանությունները ՀՀ Քաղ.օր. իրավակարգավորումների հետ: