21/11/2014

Հայեցակարգ ՀՀ քաղաքացիական օրենսգրքում գրավի իրավունքին վերաբերող դրույթների մասին

ՀԱՅԵՑԱԿԱՐԳ

ՀՀ քաղաքացիական օրենսգրքում գրավի իրավունքին վերաբերող դրույթների մասին

 

1. Ներածություն

 

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի (ընդունված 1998թ.) 15-րդ գլուխը կարգավորում է գրավի իրավունքի հետ կապված հարաբերությունները: Նշված դրույթներն արդեն շուրջ 16 տարի, ընդհանուր առմամբ, արդյունավետ կարգավորել են գույքային այդ հարաբերությունները, առանց մեծաքանակ փոփոխություններ կրելով (մինչ օրս կատարվել են թվով 21 փոփոխություններ): Սակայն նշված նորմերի գիտական ուսումնասիրությունը, ինչպես նաև դրանց կիրառման պրակտիկայի հետ ծանոթացումը թույլ են տալիս կարծելու, որ ՀՀ քաղաքացիական օրենսգիրքի 15-րդ գլուխը որոշակի փոփոխությունների կարիք ունի:

 

2. Առկա խնդիրները և փոփոխությունների անհրաժեշտությունը

Գրավի իրավունք գլխում առկա հիմնական խնդիրները հետևյալն են՝ գրավի իրավունքի կարգավիճակը որպես Ius in re է՝ գույքային իրավունք, հստակեցված չէ, բացակայում են բարեխիղճ գրավառուի իրավունքների պաշտպանության մեխանիզմները, գրավի իրավունքի հետ կապված իրավահարաբերությունների բոլոր կողմերի՝ գրավատուի, գրավառուի, պարտապանի և երրորդ անձանց (օրինակ՝ գրավ դրված գույքը բարեխիղճ ձեռքբերող) իրավունքների պաշտպանության մեխանիզմները թերություններ ունեն, առկա են անորոշ դրույթներ, որոնք գործնականում հնարավորություն չեն տալիս լիարժեք օգտագործել այդ գույքային իրավունքի բոլոր հնարավորությունները: Հիմնական հայեցակարգային առաջարկությունները ներկայացվում են ստորև.

 

1. ՀՀ քաղ. օր.-ի 226-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է գրավի իրավունքի հասկացությունը՝ չկիրառելով այդ հասկացության կարևորագույն հատկանիշը՝ գրավ դրված գույքի արժեքից բավարարում ստանալու նախապատվության իրավունքը: Թեև նշված բացը լրացվում է նույն հոդվածի 3-րդ մասով, սակայն 1-ին մասում նշված սահմանումը դրանով լիարժեք չի դառնում: Առաջարկում ենք 226-րդ հոդվածի 1-ին մասը փոփոխել, որով կտրվի «գրավի իրավունք» հասկացության ամբողջական սահմանում:

2. Թեև Օրենսգրքի 226-րդ հոդվածի 1-ին մասը «գրավի իրավունք» հասկացությունը բնորոշում է որպես գույքային իրավունք, նույն հոդվածի 2-րդ մասը նույն հասկացությունն արդեն դիտարկում է որպես պարտավորություն: Անշուշտ՝ գրավի իրավունքն ակցեսոր (երկրորդական, լրացուցիչ, բխող, ծառայող և այլն) է պարտավորությանը, սակայն դրանով իսկ գրավի իրավունքը չի դառնում պարտավորություն: Գրավի իրավունքը Ius in re է՝ գույքային իրավունք, և Օրենսգրքում պետք է գրավի իրավունքի այդ կարգավիճակը հստակ ընդգծվի:

3. Օրենսգրքի 15-րդ գլխի ուսումնասիրությունը հիմք է տալիս եզրակացնելու, որ գրավի իրավունքով չի կարող ապահովվել ապագայում ծագելիք պարտավորություն: Բացի այդ, անորոշ է, թե գրավի իրավունքը կարող է ապահովել պայմանական պարտավորություն: Նշված պարտավորությունների ապահովումը գրավի իրավունքով տարածված պրակտիկա է զարգացած շուկայական հարաբերություններ ունեցող երկրներում՝ այդ թվում կոնտինենտալ համակարգին հարող երկրներում: Կարծում ենք, որ Օրենսգրքում այդ մասին էկսպլիսիտ կերպով նշումը կարգավորումը կդարձնի ավելի կատարյալ:

4. Կոնտինենտալ համակարգի քաղաքացիական օրենսգրքերում տարածված պրակտիկա է նշելը, որ պայմանագրով կարող է սահմանվել պարտավորության առավելագույն սահմանաչափ, որի կատարումն ապահովվում է գրավով: Կարծում ենք, մեր օրենսգրում նման դրույթի առկայությունը տվյալ հարցում կարող է հստակություն մտցնել:

5. Օրենսգիրքը չի նախատեսում նորմ, որը կպաշտպանի բարեխիղճ գրավառուին: Առաջարկում ենք, սահմանել դրույթ, համաձայն որի այն դեպքում, երբ գույքը գրավադրում է նման իրավասություն չունեցող անձ և գրավառուն այդ մասին չգիտի, ապա գրավի իրավունքը համարվում է օրինական (իրավաբանական ֆիկցիա): Իհարկե, Օրենսգրքում նշված կանոնից կարող է արվել բացառություններ:

6. Օրենսգրքի 228-րդ հոդվածը որպես գույքի գրավատու դիտարկում է միայն գույքի սեփականատիրոջը: Միևնույն ժամանակ, կոնտինենտալ համակարգին հարող շատ երկրներում գրավատու կարող է լինել նաև գրավառուն՝ գույքը բազմակի անգամ գրավադրելիս: Առաջարկում ենք քննարկել Օրենսգրում նման փոփոխություն կատարելու նպատակահարմարության հարցը:

7. Թեև Օրենսգիրքը տալիս է հնարավորություն, որպեսզի գրավատու հանդիսանա նաև պարտապան չհանդիսացող երրորդ անձ, սակայն Օրենսգիրքը անհրաժեշտ հնարավորություն չի ստեղծել այդ երրորդ անձի համար պաշտպանելու իր իրավունքները: Կարծում ենք, որ 228-րդ հոդվածում պետք է սահմանվի դրույթ, համաձայն որի երրորդ անձ գրավատուն պարտապանին հավասար պետք է ունենա պարտատիրոջն առարկություններ ներկայացնելու հնարավորություն:

8. Առաջարկում ենք Օրենսգրքի 230-րդ հոդվածում սահմանել, որ գրավի իրավունքը տարածվում է նաև գրավի առարկայի պատկանելիք գույքի վրա:

9. Օրենսգրքի 234-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է գրավի պայմանագրի էական պայմանները՝ կողմերի անունները (անվանումները) և բնակության վայրերը (գտնվելու վայրերը), գրավի առարկան, գրավով ապահովված պարտավորության էությունը, չափն ու կատարման ժամկետը: Նախևառաջ, առաջարկում ենք էական պայմանների շրջանակից հանել բնակության վայրեր (գտնվելու վայրեր) պայմանը: Բացի այդ, առաջարկում ենք, որ Օրենսգրքում հնարավորություն ստեղծվի, որպեսզի գրավով ապահովված պարտավորության էության, չափի ու կատարման ժամկետի նշման փոխարեն հղում կատարվի ապահովվող պարտավորության հիմք հանդիսացող պայմանագրի վրա:

10. Առաջարկում ենք Օրենսգրքի 236-րդ հոդվածում (հաջորդող գրավ) սահմանել, որ բոլոր այն դեպքերում, երբ գրավի առարկան տրվում է գրավառուին, հաջորդող գրավի դեպքում, այն մնում է այն գրավառուի մոտ, որի իրավունքը ժամանակային առումով նախորդում է մյուս գրավառուների իրավունքներին:

11. Օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ հաջորդող գրավը թույլատրվում է, եթե այն արգելված չէ դրան նախորդած գրավի պայմանագրերով: Կարծում ենք, որ նշված կարգավորումը կարող է անհամաչափորեն սահմանափակել գրավատուի իրավունքը: Այդ իսկ պատճառով շատ երկրներում նման կարգավորումից հրաժարվել են: Առաջարկում ենք Օրենսգրքից հանել նշված դրույթը:

12. Օրենսգրքում անհրաժեշտություն կա մանրամասն կարգավորել գրավատու, նախորդող և հաջորդող գրավառու և պարտապաններ հարաբերությունները: Օրենսգրքում պարզ չէ, թե ինչ է լինում այն դեպքում, երբ հաջոդրող գրավառուն որոշում է բռնագանձում տարածել գրավ դրված գույքի վրա:

13. Օրենսգրքի 236-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է, որ հաջորդող գրավի դեպքում նոր գրավառուի պահանջները բավարարվում են գրավի առարկայի արժեքից նախորդ գրավառուի պահանջները բավարարելուց հետո, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով: Նախևառաջ, անհասկանալի է, թե ինչու պետք է օրենքով այլ բան նախատեսվի: Բացի այդ, պարզ չէ, թե այն դեպքում, երբ նախորդող գրավով ապահովված պարտատերը հրաժարվում է բռնագանձում տարածել գրավի առարկայի վրա, արդյոք հաջորդող գրավի իրավունք ունեցող անձը բռնագանձում տարածելու իրավունք ունի, թե՝ ոչ: Այդ իսկ պատճառով առաջարկում են այդ նշված հոդվածում ավելացնել դրույթ, համաձայն որի հաջորդող գրավի ժամանակ գրավի առարկան իրացնելու իրավունք պետք է ունենա այն գրավառուն, ում գրավի իրավունքը նախորդում է մյուս գրավառուների իրավունքները: Եթե նշված անձը հրաժարվում է իր իրավունքից, հաջորդող գրավատուները գրավի առարկայի իրացման իրավունք են ստանում:

14. Օրենսգրքի 237-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է, որ գրավառուի կողմից նույն հոդվածի 1-ին կետում նշված պարտականությունները կոպիտ խախտելու դեպքում, որը գրավ դրված գույքի կորստի կամ վնասվածքի սպառնալիք է ստեղծում, գրավատուն իրավունք ունի պահանջել վաղաժամկետ դադարեցնելու գրավը: Գտնում ենք, նշված կարգավորումը ուղղված չէ բուն խնդրի լուծմանը՝ գրավադրված գույքը հավուր պատշաճի պահպանմանը: Գործնականում այն կարող է անհամաչափ սահմանափակել պարտատիրոջ իրավունքները և հանգեցնել ծախսատար դատական վիճաբանությունների: Այդ իսկ պատճառով առաջարկում ենք նշված մասի փոխարեն սահմանել դրույթ, համաձայն որի այն դեպքում, երբ գրավառուն չի կատարում գույքը պատշաճ պահպանելու պարտականությունը, գրավատուի պահանջով գրավադրված գույքը կարող է փոխանցվել երրորդ անձի պահպանությանը:

15. Օրենսգրքի 241-րդ հոդվածը սահմանում է դրույթներ, որոնք ուղղված են գրավի առարկայի նկատմամբ գրավառուի իրավունքների պաշտպանությանը: Միջազգային պրակտիկայում ընդունված կանոն է, որ գրավառուն պետք է օգտվի գրավադրված գույքի նկատմամբ իր իրավունքների պաշտպանության նույն ծավալից, ինչ ունի սեփականատերը: Սակայն Օրենսգրքի 241-րդ հոդվածը սահմանում է միայն գրավատուի՝ գրավադրված գույքի տիրապետման և օգտագործման իրավունքների պաշտպանության մեխանիզմներ: Միչդեռ գրավատուն պետք է օգտվի իր գույքային իրավուքնի պաշտպանության ավելի լայն շրջանակից: Որպես օրինակ կարելի է բերել գրավատուի իրավունքը պահանջելու գրավի առարկայի վրա դրված արգելանքի վերացում: Գործնականում հաճախ են հանդիպում դեպքեր, երբ անբարեխիղճ գրավատուները, որպեսզի խուսափեն գրավի առարկայի բռնագանձումից, իրենց դեմ «բեմականացնում» են կեղծ դատական գործեր, որոնց հայցապահանջների ապահովման համար արգելադրվում են գրավադրված գույքերը: Արդյունքում գրավառուն զրկվում է իր իրավունքների իրացման, ինչպես նաև դրանց պաշտպանության հնարավորությունից:

16. Օրենսգրքի 247-րդ հոդվածը սահմանում է գրավի դադարման հիմքերը: Քանի որ նախատեսվում է Օրենսգրքում կատարել փոփոխություններ, որոնք համապարփակ կպաշտպանեն բարեխիղճ ձեռքբերողի իրավունքները, անհրաժեշտ է նաև գրավի դադարման հիմքերում ավելացնել նաև այն դեպքը, երբ գրավադրված գույքը հատուցման դիմաց ձեռք է բերվել երրորդ անձի կողմից, ով չգիտեր և չէր կարող իմանալ գրավի գոյության մասին:

17. Օրենսգրքի 247-րդ հոդվածը սահմանում է գրավի դադարման հիմքերը: Ըստ նշված հոդվածի՝ գրավի դադարման հիմք է հանդիսանում նաև գրավ դրված գույքը Օրենսգրքով սահմանված կարգով իրացվելը (վաճառվելը): Նշվածը, անկասկած, վերաբերում է Օրենսգրքի 248-250-րդ հոդվածներով սահմանված կարգով գույքի բռնագանձմանը և վաճառքին: Սակայն Օրենսգրքի 238-րդ հոդվածը նույնպես նախատեսում է գրավադրված գույքի վիրացման (վաճառքի) հնարավորություն, որի դեպքում գրավի իրավունքը չի դադարում: Այդ իսկ պատճառով առաջարկում ենք 247-րդ հոդվածում կատարել հստակեցում:

18. Օրենսգրքի 249-րդ հոդվածը սահմանում է գրավ դրված գույքի վրա առանց դատարան դիմելու բռնագանձում տարածելու կարգը, համաձայն որի գրավառուն իրավունք ունի որպես բռնագանձման և իրացման եղանակ ընտրել նաև գրավ դրված գույքը հիմնական պարտավորության համապատասխան չափի դիմաց գրավառուին կամ գրավառուի նշած երրորդ անձին ի սեփականություն հանձնելը: Նշենք, որ նման հնարավորությունը շատ երկրների քաղաքացիական օրենսգրքերով ուղղակիորեն արգելված է: Նման կարգավորում առաջ է բերում բազմաթիվ խնդիրներ՝ շահերի բախում, արդար գնի որոշման դժվարություն, անվստահություն, երկարատև դատական վեճեր և այլն: Կարծում ենք, որ գրավադրված գույքը գրավառուի կողմից իրացվելու դեպքում իրացումը պետք է կատարվի բացառապես աճուրդի միջոցով (բացառությամբ առանձին դեպքերի, օրինակ՝ շուտ փչացող առարկաներ, գնանշում ունեցող գույք և այլն): Հաշվի առնելով նշվածը՝ առաջարկում ենք համապատասխանաբար փոփոխել Օրենսգիրքը:

19. Օրենսգրքի 249-րդ հոդվածը սահմանում է գրավ դրված գույքի վրա առանց դատարան դիմելու բռնագանձում տարածելու կարգը, իսկ 2491-րդ հոդվածը՝ դատական կարգով բռնագանձում տարածելու կարգը: Ընդ որում, 249-րդ հոդվածի 1-ին մասից բխում է, որ առանց դատարան դիմելու կարգը կիրառվում է միայն կողմերի համաձայնության առկայության դեպքում: Այսինքն՝ Օրենսգիրքը լռելայն նախատեսում է գրավի իրացման բարդեցված ընթացակարգ՝ դատական կարգով: Գտնում ենք, որ արդարեցված չէ նման մոտեցումը: Ստացվում է այնպես, որ գրավի իրացումը դառնում է թանկ գործընթաց, որի իրականացման համար ներգրավվում են դատարանները, իսկ կողմերը կրում են դատական ծախսեր: Առաջարկում ենք Օրենսգրքից ընդհանրապես հանել 2491-րդ հոդվածը և թողնել միայն գրավ դրված գույքի վրա առանց դատարան դիմելու բռնագանձում տարածելու կարգը: Ընդ որում, այդ կարգով գրավի առարկան իրացվելիս գրավատուի անհամաձայնության դեպքում, վերջինս պատշաճ ծանուցվելուց հետո կունենա հնարավորություն վիճարկելու գրավի առարկայի իրացումը դատական կարգով, որի ժամանակ դատարանը որպես հայցի ապահովում կարող է կասեցնել բռնագանձման գործընթացը:

20. Օրենսգրքի 249-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ պարաբերությունը առանց դատարան դիմելու գրավի առարկան բռնագանձելիս գրավառուն պարտավոր է ծանուցել գրավատուին և միայն երկու ամիս հետո գույքի վրա բռնագանձում տարածելու իրավունք ձեռք բերել: Առաջարկում ենք քննարկել նշված երկու ամիս ժամկետի փոխարեն ավելի կարճ ժամկետ սահմանելու նպատակահարմարության հարցը: Գտնում ենք, որ արդարացված չէ ստիպել պարտատիրոջը, ում իրավունքները խախտվել են, սպասել ևս երկու ամիս, որպեսզի վերջինս ունենա հնարավորություն վերականգնելու իր խախտված իրավունքները:

21. Օրենսգրքի 249-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ պարաբերությունը սահմանում է, որ գրավի առարկան առանց դատարան դիմելու կարող է բռնագանձվել և իրացվել միայն շուկայում գործող ողջամիտ գնով: Կարծում ենք, որ նշված կարգավորումը զուրկ է իրավական որոշակիությունից, ինչի արդյունքում կարող է խախտել իրավահարաբերությունների կայունությունը: Հարց է առաջանում, թե ով պետք է որոշի շուկայում գործող ողջամիտ գինը: Քանի որ 13-կետում առաջարկել եմ նախատեսել գույքի իրացում միայն աճուրդով, գտնում եմ, որ շուկայում գործող ողջամիտ գնի վերաբերյալ դրույթը պետք է հանվի Օրենսգրքից: Այդ դեպքում օրենքով սահմանված կարգով կազմակերպված աճուրդում էլ կորոշվի գույքի գինը:

22. Օրենսգրքի 251-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ Գրավ դրված գույքի իրացումից ստացված գումարից կամ գրավառուին կամ նրա նշած անձին ի սեփականություն անցած գույքի արժեքից այդ գույքի վրա բռնագանձում տարածելու և իրացնելու համար ծախսերը վճարելու համար անհրաժեշտ գումարներ պահելուց հետո բավարարվում են գրավառուի` գրավով ապահովված պահանջները, իսկ մնացած գումարը տրվում է գրավատուին: Առաջարկում ենք նշված դրույթը լրացնել կարգավորումով, համաձայն որի գրավատուի մնացյալ գումարի ստանալուց հրաժարվելու մասին համաձայնությունն առոչինչ է:

23. Օրենսգրքի 256-րդ հոդվածը կարգավորում է իրավունքի գրավի հետ կապված առանձնահատուկ հարաբերությունները: Ընդ որում, 2-րդ մասը խոսում է ժամկետով տրված իրավունքի գրավի մասին՝ նշելով, որ այն կարող է լինել միայն մինչև դրա գործողության ժամկետի ավարտը: Սակայն Օրենսգիրքը չի մանրամասնում, թե ինչ է լինում այդ դեպքում, երբ ժամկետով տրված պահահանջի իրավունքը ժամկետից շուտ է կատարվում: Տվյալ իրավիճակների համար առաջարկում ենք, որպեսզի Օրենսգրքում սահմանվի դրույթ, համաձայն որի պարտավորությունը ժամկետից շուտ կատարվելու դեպքում կատարումը դառնում է գրավի առարկա:

24. Գրավի իրավունք գլխում անհրաժեշտ է կատարել նաև բազմաթիվ խմբագրական փոփոխություններ:

Առաջարկվող կարգավորման արդյունքում Քաղաքացիական օրենսդրության համակարգում կհստակեցվի գրավի իրավունքի դերը, համապատասխան իրավահարաբերությունների մասնակիցները կստանան իրենց իրավունքների պաշտպանության ավելի գործուն մեխանիզմներ և գրավի իրավունքն ավելի արդյունավետ կկիրառվի շուկայական հարաբերությունների մասնակիցների կողմից: