21/11/2014

Հայեցակարգ /անհիմն հարստացման հետևանքով ծագած պարտավորություններ/

ՀԱՅԵՑԱԿԱՐԳ

/անհիմն հարստացման հետևանքով ծագած պարտավորություններ/

 

            Իրավական դաշտի ընդհանուր բնութագիրը: Անհիմն հարստացման հետևանքով ծագած պարտավորությունները ներկայումս կանոնակարգվում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 61-րդ գլխով: Այս կանոնակարգումների իրավական հենքը հանդիսանում է հռոմեական մասնավոր իրավունքի condictiones sine causa իրավական ինստիտուտը: Ինչպես երևում է ինստիտուտի անվանումից, այս պարտավորության կողմերից մեկը պետք է առանց բավարար հիմքի հարստացած լինի ուրիշի հաշվին, իսկ մյուս կողմը` ունենա նրանից հատուցում պահանջելու իրավունք: ՀՀ քաղաքացիական օրենսգրքում անհիմն հարստացման հետևանքով ծագած պարտավորությունների կանոնակարգումների մեջ կատարվում է հետևյալ հիմնական շեշտադրումը` անհիմն հարստացման հետևանքով ծագած պարտավորությունները արտապայմանագրային միակողմ պահպանական (պաշտպանական) բնույթ ունեցող պարտավորություններ են, որոնք ունեն համընդհանուր, միևնույն ժամանակ սուբսիդիար կիրառություն:

Ոլորտի հետ կապված գիտական աշխատությունները Հայաստանում սուղ են, իսկ դատական ակտերի որոնողական համակարգերով հնարավոր է գտնել Վճռաբեկ դատարանի նախադեպային քիչ թվով որոշումներ՝ կապված անհիմն հարստացման հետ:

Նման պայմաններում, երբ գրեթե հարուստ չէ ոլորտը կարգավորող օրենսդրության կիրառական փորձը, աննպատակահարմար է նախաձեռնել ոլորտի օրենսդրության արմատական փոփոխություններ: Այդուհանդերձ ստորև ներկայացվում են առկա որոշ խնդիրներ.

 

            Առկա խնդիրները: Անհիմն հարստացման հետևանքով ծագած պարտավորությունների կանոնակարգումների մեջ առկա են հետևյալ հիմնական խնդիրները.

ü    Պարտավորության ծագման հիմքերի առաջացման պահը անհարկի սահմանափակված է:

ü    Այն ժամանակ, երբ անհիմն հարստացումն իրականացվում է երկու անձի` գույք ձեռք բերողի և գույք խնայողի կողմից, առկա չեն համապատասխան չափանիշներ, որոնց հիման վրա կորոշվի որ անձին պետք է ուղղվի տուժողի պահանջը:

ü    Պարտավորության օբյեկտների մասով օրենսդրությունը միատեսակ մոտեցում չի ցուցաբերում:

ü    Պարտավորության բովանդակության մասով տարանջատված չեն անհատապես որոշվող և տեսականիշով որոշվող իրերի վերադարձման պարտավորության առանձնահատկությունները:

ü    Անհիմն հարստացման կամ խնայման առարկա գույքի պատահական կորստի, պակասորդի կամ վատթարացման համար բարեխիղճ ձեռբերողի գույքային պատասխանատվություն  է սահմանվում մինչև հարստացման անհիմն լինելու մասին իմանալը:

ü    Չվերադարձվող անհիմն հարստացումը՝ ի կատարումն գոյություն չունեցող պարտավորության տրված դրամական գումարները և այլ գույքը, եթե տուժողը գիտեր պարտավորության բացակայության մասին, չի կարգավորում փաստի սխալի դեպքերը:

Վերլուծություն: Ելնելով առկա խնդիրների շրջանակից գտնում ենք, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 62-րդ գլուխը կատեգորիկ փոփոխությունների և լրացումների կարիք չունի, սակայն օրենսդրությունը մշակումը պետք է իրականացվի հետևյալ հիմնական շեշտադրումները հաշվի առնելով.

  1. Պարտավորության ծագման հիմքերի առաջացման պահը անհարկի սահմանափակված է: Այսպես` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1092-րդ հոդվածով սահմանվում է, որ անձը, ով առանց օրենքով, այլ իրավական ակտերով կամ գործարքով սահմանված հիմքերի ուրիշ անձի (տուժողի) հաշվին ձեռք է բերել գույք կամ խնայել է այն (ձեռք բերողը), պարտավոր է տուժողին վերադարձնել անհիմն ձեռք բերած կամ խնայած գույքը (անհիմն հարստացումը): Քննարկվող իրավադրույթի կարգավորման շրջանակից դուրս են մնում այն իրավիճակները, երբ անձը գույքը ձեռք է բերել օրենքով, այլ իրավական ակտերով կամ գործարքով սահմանված հիմքերով, սակայն այդ հիմքերը ժամանակի ընթացքում վերացել են:
  2. Այն ժամանակ, երբ անհիմն հարստացումն իրականացվում է երկու անձի` գույք ձեռք բերողի և գույք խնայողի կողմից միաժամանակ, առկա չեն համապատասխան չափանիշներ, որոնց հիման վրա կորոշվի` որ անձին պետք է ուղղվի տուժողի պահանջը և ինչ կարգով: Խնդիրն արդիական է դառնում հատկապես այն ժամանակ, երբ անհիմն գույք ձեռք բերողը կամ խնայողը, գույք չեն ունենում տուժողի հանդեպ ունեցած պարատավորությունները պատշաճ կատարելու համար: Կամ անհիմն հարստացումը տուժողին վերադարձնելուց հետո անհիմն գույք ձեռք բերողի և խնայողի միջև առաջանում են պայմանագրային բնույթի վեճեր, որից կախված էլ տուժողի պահանջի իրավունքի ծավալը ձևափոխվում է: 
  3. Պարտավորության օբյեկտների մասով օրենսդրությունը միատեսակ մոտեցում չի ցուցաբերում: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1092-րդ հոդվածի համաձայն` անհիմն հարստացման հետևանքով ծագած պարտավորությունների օբյեկտ է հանդիսանում գույքը` ներառյալ դրամական միջոցները, արժեթղթերը և գույքային իրավունքները: Համաձայն քննարկվող հոդվածի քաղաքացիական իրավունքի իրավունքի մյուս օբյեկտները այս պարտավորության օբյեկտ չեն կարող հանդիսանալ: Չնայած դրան` նույն քաղաքացիական օրենսգրքի 1095-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն`  անձը, ով ժամանակավորապես անհիմն օգտվել է ուրիշի ծառայություններից, պետք է տուժողին վերադարձնի այն, ինչը խնայել է` այն վայրում գոյություն ունեցող գնով, որտեղ դա կատարվել է: Այսպիսով` նշվածից պարզ է դառնում, որ ներկա իրավակարգավորման մեջ առկա է ներքին հակասություն օբյեկտների տեսակների մասով, իսկ աշխատանքների մասով համապատասխան կանոնակարգումները բացակայում են: 
  4. Պարտավորության բովանդակության մասով տարանջատված չեն անհատապես որոշվող և տեսականիշով որոշվող իրերի վերադարձման պարտավորության առանձնահատկությունները: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1094-րդ հոդվածի առաջին մասը սահմանում է ընդհանուր կանոն, համաձայն որի անհիմն հարստացման առարկա գույքը ձեռք բերողը պետք է տուժողին վերադարձնի բնեղենով: Այս ընդհանուր կանոնի սահմանումը նախ խնդիրներ է առաջացնում դրամական միջոցներով անհիմն հարստացման պարտավորությունների կատարման հետ, և երկրորդ` միատեսակ մոտեցում սահմանելը անհատապես որոշվող և տեսականիշով որոշվող գույքի նկատմամբ արդարացված չէ, թեկուզև այն պատճառաբանությամբ, որ անհատապես որոշվող գույքի ժամանակ կիրառվում են վինդիկացիոն հայցի նորմերը, իսկ տեսակնիշով որոշվողի դեպքում անհիմն հարստացման նորմերն այն տրամաբանությամբ, որ տուժողին է վերադարձվում անհիմն հարստացվածին հավասարարժեք գույք: 
  5. 1094-րդ հոդվածի երկրորդ մասը այն հատվածով, որ մինչև հարստացման անհիմն լինելու մասին իմանալը ձեռքբերողը պատասխանատվություն է կրում դիտավորությամբ կամ կոպիտ անզգուշությամբ գույքի պատահական կորստի, պակասորդի  համար չի սահմանում բացառություն այն դեպքի համար, երբ ձեռքբերողը բարեխիղճ է գործել և մինչև անհիմն հարստացման  մասին իմանալը օգտագործել է գույքը և այն սպառվել է, կամ կորստյան է մատնել այն գործելով բարեխղճորեն և  չիմանալով, որ դա ուրիշի գույք է: Բարեխիղճ գործելու դեպքում ձեռքբերողի անհիմն հարստացումը պետք է կարգավորվի նույն կերպ և օգտվի այն պաշտպանության միջոցից, որ նախատեսված է 1099 հոդվածի 3-րդ մասով նախատեսված կարգավորումից, որպիսին չվերադարձվող անհիմն հարստացումն է: Տուժողը որոշակի ռիսկեր նույնպես կրում է այլ անձանց անհիմն հարստացման պարագայում և տվյալ կարգավորումը կհավասարակշռի պատասխանատվությունը ըստ ձեռքբերողի բարեխղճության հանգամանքի: 
  6. 1099 հոդվածի 4-րդ մասը որպես չվերադարձվող է սահմանում անհիմն հարստացման այն դեպքը, երբ ապացուցվում է, որ գույքը վերադարձնել պահանջող անձը գիտեր, որ դրամական միջոցները կամ գույքը տրվել է գոյություն չունեցող պարտավորության դիմաց կամ բարեգործական նպատակներով: 

Այսինքն, անհիմն հարստացման չվերադարձման բավարար և ինքնուրույն  պայման է այն, որ տուժողը գիտեր, որ պարտավորություն գոյություն չունի: Սակայն հստակ չէ, թե ինչպես պետք է օրենքը մեկնաբանել և կիրառել, եթե գումարի կամ գույքի փոխանցումը եղել է հակաիրավական արարք (օր. կաշառք կամ փրկագին) կամ դրամի փոխանցումը ձեռքբերողին կատարվել է փաստի սխալի արդյունքում (օր. տուժողը մտածել է, որ պարտավոր է վճարել գումարը, սակայն իրականում չի եղել պարտավորություն և այլն):

ՀՀ Վճռաբեկ դատարանը, որն իր նախադեպային ԵԱՔԴ/0455/02/09 որոշմամբ անդրադարձել է 1099-րդ հոդվածի 4-րդ մասի քննարկվող հատվածի մեկնաբանությանն ու կիրառմանը: Տվյալ դեպքում հայցվորը և պատասխանողը համատեղ փաստացի ամուսնական կյանքով են ապրել, որի ընթացքում հայցվորը պարբերաբար գումարներ է փոխանցել պատասխանողի դրամային հաշվին, իսկ վերջինս էլ ստացել և օգտագործել է այն: Վճռաբեկ դատարանը գտել է, որ քանի որ հայցվորը իր կամքով և ցանկությամբ է փոխանցումները կատարել, ապա անհիմն հարստացումը ապօրինի չէ, հետևաբար 1099 հոդվածի 4-րդ մասի ուժով հանդիսանում է չվերադարձվող անհիմն հարստացում:

Փաստի սխալի դեպքում նույնպես տուժողը գումար կարող է փոխանցել իր կամքով, սակայն գտնվելով բարեխիղճ մոլորության մեջ և մտածելով, որ առկա է պարտավորություն այն դեպքում, երբ նման պարտավորություն գոյություն չունի կամ ոչ այն անձին փոխանցելու ցանկությամբ, ում փաստացի փոխանցվել է, այլ երրորդ անձի, ուստի արդյոք այս դեպքում նույնպես կամքն ու ցանկությունը բավարար են անհիմն հարստացումը չվերադարձվող համարվելու համար: Այսպիսի մեկնաբանությունը և կիրառումը բացահայտում է օրենքի թերությունը առ այն, որ այն ճկուն չէ կոնկրետ գործի վերոհիշյալին տրամագծորեն հակառակ տրամաբանությամբ հանգամանքների վերաբերյալ այնպես մեկնաբանելու և կիրառելու համար, որ փաստի սխալի կամ նման այլ դեպքում անհիմն հարստացումը տուժողի կողմից հետ պահանջեու և ստանալու հնարավորություն տրվի: Հակառակ դեպքում անհիմն հարստացումը հետ ստանալը գործնականում անհնար կարող է դառնալ:

Հիմնավորումներ: Առկա խնդիրների լուծման արդյունքում ՀՀ քաղաքացիական օրենսգրքով

ü    Պարտավորության ծագման հիմքերի առաջացման պահը անհարկի չի սահմանափակվի: Կկարգավորվեն նաև այն իրավիճակները, երբ գույքն անցել ձեռքբերողին օրենքով, այլ իրավական ակտով կամ գործարքով սահմանված հիմքերով, սակայն հետագայում այդ հիմքերն ինչ-ինչ պատճառներով վերացել են:

ü    Այն ժամանակ, երբ անհիմն հարստացումն իրականացվում է երկու անձի` գույք ձեռք բերողի և գույք խնայողի կողմից, կսահմանվեն համապատասխան չափանիշներ, որոնց հիման վրա կորոշվի որ անձին պետք է ուղղվի տուժողի պահանջը: Արդյունքում կլուծվեն պրակտիկայում առաջացող այն խնդիրները, որոնք առաջանում են, երբ ձեռքբերողներից մեկը սնանկ է լինում կամ ձեռքերողների միջև առաջանում է պայմանագրային կամ այլ բնույթի վեճ, որի արդյունքում էլ ոտնահարվում են տուժողի իրավունքները` օժտելով դրանց ոչ հստակ և երերուն բնույթ:

ü    Պարտավորության օբյեկտների մասով օրենսդրությունը միատեսակ մոտեցում կցուցաբերվի: Անհիմն հարստացման օբյեկտ կդիտարկվեն նաև այն աշխատանքներն ու ծառայությունները, որոնցից օգտվել են ձեռքբերողները: Հակառակ պարագայում անհիմն ուրիշի աշխատանքներից օգտվելու հանգամանքը ոչ մի իրավական հետևանք չի առաջացնի անձանց համար` ի տարբերություն ծառայությունների:

ü    Պարտավորության բովանդակության մասով կտարանջատվեն անհատապես որոշվող և տեսականիշով որոշվող իրերի վերադարձման պարտավորության առանձնահատկությունները: Դրամական պարտավորությունների մասով կսահմանվի ընդհանուր կանոնից (պարտավորությունը բնեղենով կատարել) բացառում: Կսահմանվի, որ տեսականիշով որոշվող իրերի դեպքում տուժողին է վերադարձվում անհիմն հարստացվածին հավասարարժեք գույք, իսկ անհատապես որոշվող իրերի դեպքում կիրառվում են վինդիկացիայի կանոնները:

ü    Բարեխիղճ ձեռքբերողը պատասխանատվություն չի կրում մինչև անհիմն հարստացման մասին իմանալը գույքի պատահական կորստի, պակասորդի կամ վիճակի վատթարացման համար:

ü    Փաստի սխալի օրենսդրական կարգավորումը հնարավորություն կտա անհիմն հարստացման ավելի հստակ մեկնաբանման ու կիրառման համար: