Դեպի վեր

21/11/2014

Հայեցակարգ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի փոփոխությունների (գլուխ 5-րդ՝ իրավաբանական անձինք)

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 

ՀԱՅԵՑԱԿԱՐԳ 

(ԳԼՈՒԽ 5-ՐԴ՝ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻՆՔ) 

 

 

Հեղինակներ՝

Իրավ. գիտ. դոկտոր ԱՎԵՏԻՍՅԱՆ Վ.Դ.,

իրավ. գիտ. թեկնածու ՍԵՐՈԲՅԱՆ Դ.Մ.

 

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

 

 

1. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 5-րդ գլխում և հարակից օրենքներում համապատասխան փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը և հիմնավորումը

2. Հայեցակարգի նպատակը և խնդիրները

3. Հայեցակագի իրավական և փորձառական հիմքը

4. Հայեցակարգի ընդհանուր մեթոդաբանությունը և հատուկ մեթոդներն ու եղանակները

5. ՀՀ քաղաքացիական օրենսգրքում և հարակից օրենքներում առաջարկվող փոփոխությունները և դրանց հիմնավորումները

 

1. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 5-րդ գլխում և հարակից օրենքներում համապատասխան փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը և հիմնավորումը

 

Հայաստանի Հանրապետության անկախացումից հետո հասարակությունը կանգնեց հասարակական գիտակցության բազմաթիվ արժեքների վերաիմաստավորման և փոփոխման փաստի առջև։ Անցումը շուկայական տնտեսության պահանջեց մշակել նոր տնտեսական համակարգերի սպասարկման համար անհրաժեշտ իրավական հասկացություններ և կառուցակարգեր, որոնց շարքում իրենց ուրույն տեղն են զբաղեցնում կորպորացիաները և կորպորատիվ իրավունքը։

Արդի շուկայական տնտեսությանը հատուկ կազմակերպական հարաբերությունները սկզբունքորեն տարբերվում են խորհրդային ժամանակաշրջանի տնտեսության կազմակերպական հարաբերություններից։ Ներկայումս քաղաքացիական իրավունքի սուբյեկտները, ղեկավարվելով հասարակական հարաբերությունների կարգավորման մասնավոր և հանրային մեթոդներով, ելնելով իրենց մասնավոր շահերից, կայացնում են կորպորացիայի ստեղծման, վերակազմակերպման և լուծարման վերաբերյալ որոշումներ, կորպորացիայի կառավարման մարմիններն ընդունում են որոշումներ և ապահովում դրանց իրականացումը, որոշում համապատասխան կորպորացիայի զարգացման ռազմավարությունը, բաշխում շահույթը, իրենց սոցիալական, մշակութային, կրոնական և ոչ առևտրային շահերի իրացման համար ստեղծում հավելյալ կառուցակարգեր, այսինքն` կազմակերպում և կառավարում են կորպորացիայի գործունեությունը քաղաքացիաիրավական նորացված սկզբունքներով։

Նոր իրականությունը թույլ է տալիս արձանագրել քաղաքացիական օրենսդրությամբ կարգավորվող հասարակական հարաբերությունների կազմում գույքային և դրանց սերտորեն առնչվող ոչ գույքային բնույթի բարիքների կապակցությամբ կազմակերպական և կառավարչական որակապես նոր հարաբերությունների ձևավորման փաստը և դրանց պատշաճ կարգավորման անհրաժեշտությունը։ Սակայն շուկայական հարաբերություններ մուտք գործած Հայաստանի Հանրապետության իրավաստեղծ և իրավակիրառ պրակտիկայի ուսումնասիրությունը ցույց տվեց, որ սոցիալ–տնտեսական նոր հարաբերություններին անցման դժվարին պայմաններում հապշտապ, տարբեր իրավական համակարգերի անհարկի և գրեթե մեխանիկական ընդօրինակման արդյունքում ձևավորված քաղաքացիական օրենսդրությունն ներկայումս ի զորու չէ համալիր կարգավորել կորպորատիվ հարաբերությունները, լիարժեք կերպով ապահովել կորպորատիվ իրավահարաբերությունների մասնակիցների իրավունքների ու շահերի պաշտպանությունը։

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությամբ կորպորատիվ իրավահարաբերությունների համալիր և ինքնուրույն բնույթը չամրագրելը, կորպորատիվ իրավահարաբերությունների անկատար կարգավորումը, խոշոր բաժնետերերի և ընկերության շահերի միջև հստակ սահմանագծի բացակայությունը, օտարերկրյա իրավունքի՝ առանց ազգային առանձնահատկությունների հաշվառման փոխառումը մեր իրականությունում ստեղծել են մի իրավիճակ, երբ անհրաժեշտ է վերաիմաստավորել և վերաարժևորել կորպորատիվ իրավահարաբերությունների, կորպորատիվ տիպի իրավաբանական անձանց, կորպորացիայի մասնակցի իրավունքների և պարտականությունների, հսկող և հսկվող կորպորացիաների, կորպորատիվ կառավարման դերն ու նշանակությունը, ապահովել կորպորացիայի մասնակցի իրավունքների արդյունավետ պաշտպանությունը, լուծել այս ոլորտում առկա գործնական հիմնահարցերը։

 

2. Հայեցակարգի նպատակը և խնդիրները

 

Սույն Հայեցակարգի նպատակն է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունում կորպորատիվ իրավահարաբերությունների համակարգային ուսումնասիրության և վերլուծության արդյունքում գործնական հիմնախնդիրների վերհանումը, քաղաքացիական օրենսդրությունում Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային պարտավորություններին, ժամանակակից տեսության և պրակտիկայի պահանջներին համահունչ տեսական նոր դրույթների, տերմինների, կատեգորիաների և պատկերացումների ներդրումը, կորպորատիվ օրենսդրության դրույթների կատարելագործումը, ինչպես նաև կորպորատիվ իրավահարաբերությունների մասնակիցների շահերի հավասարակշռմանը, կորպորատիվ իրավունքների իրականացման և պաշտպանության մեխանիզմների ամրապնդմանն ու զարգացմանն ուղղված առաջարկությունների մշակումը։

Վերոնշյալ նպատակներին հասնելու համար խնդիր է դրվել.

 

• վերլուծել կորպորատիվ իրավահարաբերությունների էությունը և դրանց առանձնահատկությունները,

• բացահայտել կորպորատիվ տիպի իրավաբանական անձանց, հսկող և հսկվող կորպորացիաների էությունը,

• վեր հանել կորպորացիայի հիմնադրման, վերակազմակերպման և լուծարման իրավակարգավորման հիմնախնդիրները,

• տալ կորպորատիվ իրավունքների ծագման համար հիմք հանդիսացող կորպորատիվ արժեթղթերի ընդհանուր բնութագիրը,

• իրականացնել կորպորացիայի մասնակցի իրավունքների դասակարգում և բացահայտել այդ իրավունքների իրականացման ու պաշտպանության ընթացքում ի հայտ եկող հիմնահարցերը,

• ուսումնասիրել կորպորատիվ իրավաբանական անձանց կառավարման մարմինների էությունը, հասկացությունը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված կառավարման մոդելները,

• բացահայտել Հայաստանի Հանրապետությունում արդյունավետ կորպորատիվ կառավարմանը խոչընդոտող օրենսդրական բացթողումները,

• հետազոտել կորպորատիվ իրավահարաբերություններում իրավունքի չարաշահման առանձնահատկությունները,

• ուսումնասիրել կորպորատիվ իրավահարաբերությունների իրավական կարգավորմանը վերաբերող ՀՀ իրավական համակարգը, Մարդու իրավունքների եվրոպական, ՀՀ սահմանադրական, վճռաբեկ, վերաքննիչ և ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանների, ինչպես նաև օտարերկրյա պետությունների դատարանների որոշումները, Հայաստանի Հանրապետությունում գործող մի շարք կորպորացիաների կանոնադրությունները, ներքին կանոնակարգող փաստաթղթերը, կորպորացիաներում իրականացված կորպորատիվ գործողությունները։

 

3. Հայեցակագի իրավական և փորձառական հիմքը

 

Հայեցակարգի նորմատիվային հենքը կազմել է կորպորատիվ իրավահարաբերություններին վերաբերող Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը, արտասահմանյան երկրների նորմատիվ իրավական ակտերը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, ՀՀ սահմանադրական, վճռաբեկ, վերաքննիչ, ինչպես նաև օտարերկրյա մի քանի պետությունների դատարանների դատական ակտերը, մի շարք կորպորացիաների կանոնադրությունները և ներքին կանոնակարգող փաստաթղթերը։

 

4. Հայեցակարգի ընդհանուր մեթոդաբանությունը և հատուկ մեթոդներն ու եղանակները

 

Հայեցակարգում, պայմանավորված հետազոտման կոնկրետ նպատակով ու խնդիրներով, օգտագործվել են ինչպես ընդհանուր հետազոտական մեթոդները` դիալեկտիկայի, համատեսական` ինդուկցիայի, դեդուկցիայի, վերլուծական, սինթեզի, անալոգիայի, քննադատական մեթոդները, այնպես էլ մասնագիտական հատուկ մեթոդներ` համակարգակառուցվածքային, իրավահամեմատական մեթոդները, որոնց կիրառմամբ վերլուծվել են Հայաստանի Հանրապետության ու օտարերկրյա պետությունների` կորպորատիվ իրավահարաբերությունների իրավակարգավորմանը վերաբերող օրենսդրությունը, գիտահետազոտական աշխատանքները, դատական ակտերը, վեր են հանվել այս բնագավառում առկա գործնական հիմնախնդիրները, դրանց լուծման ուղղությամբ առաջարկվող ընդհանուր լուծումները։

 

5. ՀՀ քաղաքացիական օրենսգրքում և հարակից օրենքներում առաջարկվող փոփոխությունները և դրանց հիմնավորումները

 

1. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի և դրա հիման վրա ընդունված իրավաբանական անձանց տարատեսակ կազմակերպաիրավական ձևերի հետ կապված օրենքների կիրարկումն ու ուսումնասիրությունը թույլ է տալիս պնդել, որ քաղաքացիական օրենսդրությամբ կարգավորվող հարաբերությունների շրջանակը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1–ին հոդվածի 2–րդ կետում ամբողջությամբ արտացոլված չեն։ Մասնավորապես, քաղաքացիական օրենսդրությամբ կարգավորվում է հասարակական հարաբերությունների ինքնուրույն մի խումբ, որոնց շահառուները ոչ միայն մասնավոր անձինք են, այլև հանրությունը։

Հաշվի առնելով քաղաքացիական օրենսդրությամբ կարգավորվող հասարակական հարաբերությունների կազմում գույքային և դրանց սերտորեն առնչվող ոչ գույքային բնույթի բարիքների կապակցությամբ կազմակերպական և կառավարչական որակապես նոր հարաբերությունների ձևավորման փաստը՝ առաջարկում ենք ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1–ին հոդվածի 2–րդ կետում կատարել լրացում և քաղաքացիական օրենսդրությամբ կարգավորվող հարաբերությունների շարքում «այլ պարտավորություններ,» բառերից հետո ավելացնել «կազմակերպություններում մասնակցության կամ դրանց կառավարման հետ կապված (կորպորատիվ հարաբերությունները),» բառերը, և նշված փոփոխությանը համահունչ՝ համապատասխան փոփոխություններ կատարել կորպորատիվ իրավահարաբերությունները կարգավորող ՀՀ քաղաքացիական օրենսգրքի և այլ օրենքների համապատասխան նորմերում։

 

2. ՀՀ քաղաքացիական օրենսգրքում և այլ իրավական ակտերում կորպորատիվ իրավահարաբերությունների ինքնուրույն բնույթը հավուր պատշաճի ամրագրելուց բացի անհրաժեշտ է կանոնակարգել կորպորատիվ տիպի իրավաբանական անձանց, հսկող և հսկվող կորպորացիաների, կորպորացիայի հիմնադրման, վերակազմակերպման, լուծարման, կորպորացիայի, կորպորացիայի և դրա մասնակցի շահերի համադրման, կորպորատիվ իրավունքների իրականացման, կորպորացիայի մասնակցի, կորպորացիայի պարտատերերի և կորպորացիայի կողմից թողարկված արժեթղթերի շրջանառությանն առնչվող անձանց իրավունքների պաշտպանությունը վերաբերող հասարակական հարաբերությունները։

Իսկ քաղաքացիական օրենսդրության կատարելագործման ընթացքում հետևել այն սկզբունքին, որ քաղաքացիական օրենսգրքում չամրագրվեն իմպերատիվ նորմեր կամ հասկացություններ, որոնցից բացառություններ կամ դրանց տրամաբանությունից շեղվող կանոններ սահմանվեն օրենսգրքի այլ նորմերում կամ հատուկ օրենքներում, կամ սահմանվեն նորմեր, որոնք ունեն հանրային իրավունքի նորմի բնույթ, տեսական նշանակություն և չունեն որևէ գործնական կիրառություն։

 

3. Ղեկավարվելով վերը նշված սկզբունքով՝ առաջարկվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի՝ իրավաբանական անձանց հասկացությունը, տեսակները նախատեսող կամ սահմանազատող դրույթները լրամշակել և փոփոխել։ Մասնավորապես, որպեսզի ՀՀ քա¬ղա¬քա¬ցիա¬կան օրենսգր¬քի 50–րդ հոդ-վա¬ծի 1–ին կետում տրված իրավաբանական անձի հասկացությունն արտահայտի իրերի իրական վիճակը, առաջարկվում է օրենսգր¬քի նշված նորմը փո¬փո¬խել և շա-րադ¬րել հետևյալ խմբագ¬րու¬թյամբ.

«1. Մասնավոր իրավունքի իրա¬վա¬բա¬նա¬կան անձ է հա¬մար¬վում այն կազ¬մա-կեր¬պու¬թյու¬նը, որն ունի սույն օրենսգր¬քով կամ օրեն¬քով նա¬խա¬տես¬ված հա¬մա¬պա-տաս¬խան կազ¬մա¬կեր¬պաի¬րա¬վա¬կան ձև և պե¬տա¬կան գրան¬ցում։»։

Կորպորատիվ իրավահարաբերությունների ինքնուրույն բնույթը պահանջում է իրավաբանական անձանց առևտրայինի և ոչ առևտրայինի ավանդական դասակարգմանը զուգահեռ սահմանազատել կորպորատիվ և ոչ կորպորատիվ տիպի իրավաբանական անձանց։ Իրավաբանական անձի հիմնադիրների (մասնակիցների, անդամների) իրավաբանական անձի գործունեությանը կամ կառավարմանը մասնակցելու իրավունքի առկայության դեպքում այդպիսիք պետք է դասել կորպորատիվ կազմակերպությունների (կորպորացիաների շարքը (օրինակ՝ տնտեսական ընկերությունները և ընկերակցությունները, արտադրական ու սպառողական կոոպերատիվները, հասարակական կազմակերպությունները, ասոցիացիաները (միությունները)), իսկ այն իրավաբանական անձանց, որոնց հիմնադիրներն իրավաբանական անձի գործերի վարմանը մասնակցության կամ անդամության իրավունք ձեռք չեն բերում՝ դասել ոչ կորպորատիվ տիպի իրավաբանական անձանց շարքը (օրինակ՝ հիմնադրամներ, կրոնական կազմակերպություններ և այլն)։

Քաղաքացիական օրենսդրության կատարելագործմանը կնպաստի նաև իրավաբանական անձանց՝ հանրային և մասնավոր իրավունքի իրավաբանական անձանց դասակարգումը ևս։ Օրինակ, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 1–ին հոդվածի 1–ին կետը սահմանում է. «Հայաuտանի Հանրապետության կենտրոնական բանկը պետական գործառույթներով oժտված իրավաբանական անձ է, որի միակ հիմնադիրը Հայաuտանի Հանրապետությունն է։ Կենտրոնական բանկը գործում է Հայաuտանի Հանրապետության Uահմանադրությանը և oրենքներին համապատաuխան։»։ Հարց է ծագում՝ Կենտրոնական բանկը հանդիսանալով իրավաբանական անձ՝ ինչ կազմակերպաիրավական ձև ունի։ Գործող իրավակարգավորման պայմաններում մենք այդ հարցի պատասխանը տալ չենք կարող։ Ուստի առաջարկվում է մասնավոր իրավունքի իրավաբանական անձանց օրենսդրորեն տարանջատել հանրային իրավունքի իրավաբանական անձանցից։ Պետք է ճանաչվի հանրային իրավունքի իրավաբանական անձանց մասնավոր իրավունքի իրավաբանական անձանց հետ համահավասար քաղաքացիական իրավահարաբերություններում հանդես գալու հնարավորությունը, դրանց ստեղծման, կազմակերպման և գործունեության փաստը հավաստող օրենսդրության շրջանակներում։

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրության կատարելագործմանը կնպաստի քաղաքացիական օրենսգրքի ձերբազատումը ՀՀ իրավական համակարգում իրավաբանական անձի ոչ կենսունակ կազմակերպաիրավական ձևերից կամ միևնույն կազմակերպաիրավական ձևի տարբեր տեսակներից։ Ոչ կենսունակ կազմակերպաիրավական ձևերի շարքին դասվում են լրացուցիչ պատասխանատվությամբ ընկերությունները և տնտեսական ընկերակցությունները (1998 թվականի նոր քաղաքացիական օրենսգրքի ընդունումից մինչ օրս ՀՀ-ում նման կազմակերպաիրավական ձև ունեցող իրավաբանական անձիք չեն ստեղծվել)։ Իսկ իրավաբանական անձի միևնույն կազմակերպաիրավական ձևի երկու տեսակների նախատեսումը գործնականում էական նշանակություն չունի և կրում է արհեստական բնույթ։ Բաց և փակ բաժնետիրական ընկերությունների տարանջատումը գոյություն ունի միայն հետխորհրդային մի քանի պետություններում, իսկ զարգացած տնտեսություն և կորպորատիվ իրավահարաբերությունների ձևավորված ավանդույթներ ունեցող պետություններին հայտնի է միայն բաժնետիրական ընկերությունը՝ որպես իրավաբանական անձի ինքնուրույն կազմակերպաիրավական ձև։ Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կազմակերպաիրավական ձևի առկայության պայմաններում ՀՀ քաղաքացիական օրենսդրությամբ որպես իրավաբանական անձի ինքնուրույն կազմակերպաիրավական ձև հարկ է նախատեսել բաժնետիրական ընկերությունը, առանց դրա արհեստածին տեսակների։

Հիմնովին անհրաժեշտ է փոխել հիմնարկների նկատմամբ օրենսդրի ցուցաբերած մոտեցումները և հիմնարկը ճանաչել որպես սեփականատիրոջ կողմից կառավարչական, սոցիալական, մշակութային կամ այլ ոչ առևտրային նպատակներով ստեղծված իրավաբանական անձ:

 

4. Գործող օրենսդրության անկատարության արդյունքում ընկերությունների կողմից կայացվող որոշումները կանխորոշելու հնարավորություն ունեցող կամ պարտադիր կատարման ենթակա ցուցումներ տալու իրավունք ունեցող բազմաթիվ անձինք քաղաքացիաիրավական պատասխանատվության ենթակա չեն, օրինակ՝ ընկերությունների կողմից կայացվող որոշումները կարող են կանխորոշվել ոչ միայն ընկերությունների և ընկերակցությունների կողմից, այլև իրավաբանական անձանց այլ կազմակերպաիրավական ձևերի և անձանց խմբերի կամ համատեղ հանդես եկող անձանց կողմից։ Փաստորեն, ՀՀ քաղաքացիական օրենսդրությունը դուստր և հիմնական ընկերության կառուցակարգից բացի, տնտեսական կախվածության այլ դեպքերում հիմնական իրավաբանական անձանց և/կամ անձանց խմբերին պատասխանատվության ենթարկելու հնարավորություն չի նախատեսում, իսկ հիմնական տնտեսական ընկերությանը կամ ընկերակցությանը պատասխանատվության ենթարկելու հնարավորությունը հասցված է նվազագույնի։

Անհրաժեշտ է հիմնովին վերանայել ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված «դուստր» և «կախյալ» ընկերությունների ոչ արդյունավետ ինստիտուտը և այն փոխարինել «հսկող» և «հսկվող» անձանց հիմնովին նոր ինստիտուտով։

Որպես «հսկող» և «հսկվող» կորպորացիաների տարորոշման չափորոշիչ առաջարկվում է հետևյալ մոտեցումը. անձը համարվում է մեկ այլ իրավաբանական անձին հսկող, եթե ուղղակիորեն կամ անուղղակիորեն (երրորդ անձանց միջոցով), ինքնուրույն կամ իր հետ փոխկապակցված (աֆիլացված) անձանց հետ մեկտեղ հնարավորություն ունի կանխորոշել այդ իրավաբանական անձի գործողությունները (որոշումները)։ Եթե այլ բան ապացուցված չէ, իրավաբանական անձը պետք է համարվի մեկ այլ իրավաբանական անձի նկատմամբ հսկողություն իրականացնող.

• նրա կանոնադրական կապիտալում ուղղակի կամ անուղղակի ունեցած գերակշիռ մասնակցության ուժով,

• պայմանագրին համապատասխան իրավաբանական անձին պարտադիր կատարման ենթակա ցուցումներ տալու իրավունքի ուժով,

• միանձնյա գործադիր մարմնին (կառավարող կազմակերպությանը կամ կառավարչին) և/կամ կառավարման կոլեգիալ մարմնի անդամների կեսից ավելիին ընտրելու (նշանակելու) հնարավորության ուժով։

Առաջարկվող նորամուծության ներդրումը թույլ կտա հսկող ճանաչել ոչ միայն տնտեսական ընկերություններին կամ ընկերակցություններին, այլև կազմակերպաիրավական այլ ձևեր ունեցող իրավաբանական, ինչպես նաև ֆիզիկական անձանց։

Առաջարկվում է սահմանել հսկվող իրավաբանական անձի պարտավորությունների համար հսկող անձի համապարտ պատասխանատվությունը, եթե դրանք ծագել են հսկվող անձի գործողությունների կամ անգործության հետևանքով՝ հետևյալ հիմքերի առկայության դեպքում.

• այդ գործողությունները կատարվել կամ անգործությունը թույլ է տրվել հսկող անձի ցուցումները կատարելու հետևանքով,

• գործողությունների կատարումն (անգործությունը) ուղղված է հսկող անձի պատասխանատվության սահմանափակմանը, որը նա կկրեր, եթե այդպիսիք կատարեր անձամբ։ Միաժամանակ, այդ գործողություններով (անգործությամբ) պետք է վնաս պատճառվի հսկվողին կամ այլ անձի,

• հսկող անձը պարտավոր էր կանխել հսկվողի կողմից որոշակի գործողություններ կատարելու (անգործության) արդյունքում երրորդ անձանց վնաս պատճառելը, սակայն չի կատարել։

 

5. Գործող օրենսդրությունը չի կարգավորում դուստր (հսկվող) ընկերության կողմից հիմնական ընկերությունում մասնակցություն ձեռք բերելու կարևորագույն հիմնախնդիրը։ Ըստ էության, նման գործողությունների արդյունքում փաստացի տեղի է ունենում ընկերությունների միաձուլում, որի արդյունքում ոտնահարվում են փոքրամասնություն կազմող բաժնետերերի և ընկերությունների պարտատերերի շահերը։

Այս խնդրի լուծման նպատակով առաջարկվում է՝ դուստր կամ կախյալ (հսկվող) ընկերություններին օրենքով արգելել մասնակցություն ձեռք բերել հիմնական ընկերակցության կամ ընկերության կապիտալում, իսկ այդպիսի մասնակցության դեպքում, մինչև բաժնեմասի կամ բաժնետոմսերի օտարումը, չմասնակցել դրա կառավարմանը։

Ակնհայտ է, որ գործող իրավակարգավորման պայմաններում, երբ գործարարական գործունեությունը հաճախ իրականացվում է հսկող կորպորացիաների կազմում, որտեղ հիմնական ընկերությունները կանխորոշում են դուստր (հսկվող) ընկերությունների կամքը, դուստր ընկերությունների, դուստր ընկերության փոքրամասնություն կազմող բաժնետերերի և նրանց պարտատերերի իրավունքների պատշաճ պաշտպանությունը չի երաշխավորվում։

 

6. Գործող իրավակարգավորման պայմաններում «դուստր ընկերություն» հասկացությունը նույնական է գրականության մեջ օգտագործվող «հոլդինգային ընկերություն» հասկացության հետ։ Կորպորատիվ իրավահարաբերությունները կարգավորող օրենսդրությունը հոլդինգային ընկերության հասկացությունը չի բանաձևում, այլ դրանց գոյության մասին մենք տեղեկանում ենք «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 67–րդ հոդվածից, որում, որպես բաժնետերերի ընդհանուր ժողովի իրավասություն՝ դուստր և կախյալ ընկերությունների ստեղծման և դրանցում մասնակցության իրավունքի հետ մեկտեղ, նշված է հոլդինգային ընկերությունների հիմնադրման և հոլդինգային ընկերություններում մասնակցության մասին որոշում կայացնելու ժողովի իրավասությունը։ Կարծում ենք, նման անորոշ նորմի գոյությունը հանդիսանում է «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի, ինչու չէ նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի թերություններից մեկը, ուստի, կորպորատիվ իրավահարաբերություններին որոշակիություն հաղորդելու նկատառումներից ելնելով, անհրաժեշտ է նշված խնդիրը շուտափույթ լուծել։

 

7. Հայաստանի Հանրապետությունում կորպորացիաների ստեղծման փորձի ուսումնասիրությունը ցույց տվեց, որ դեռևս չստեղծված իրավունքի սուբյեկտին որևէ գույք հանձնելը կամ գույքային իրավունքով օժտելը խնդրահարույց է, իսկ եթե խոսքն անշարժ գույքի կամ արժեթղթերի մասին է, ապա սկզբունքորեն անհնարին։ Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ գործարքից բխող իրավունքները ենթակա են գրանցման, իսկ գրանցումը դառնում է անհնարին, քանի որ գոյություն չունի այն սուբյեկտը, որի իրավունքները ենթակա լինեն գրանցման։

Կորպորացիայի ստեղծման պահին կանոնադրական կապիտալը վճարելու պահանջի վերացումը մեծապես կօգնի լուծել վերը նշված խնդիրները։ Ուստի առաջարկվում է ընկերության հիմնադիրների համար սահմանել ընկերության պետական գրանցումից հետո՝ մեկ ամսվա ընթացքում, հիմնադիր պայմանագրին համապատասխան իրենց հանձնման ենթակա բաժնետոմսի (բաժնեմասի) արժեքը լրիվ վճարելու պարտականություն, իսկ ընկերության համար՝ վճարումը կատարելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում բաժնետոմսը (բաժնեմասը) հիմնադրին հանձնելու պարտականություն։

Նման իրավակարգավորման պայմաններում ընկերությունը, ինչպես նաև նոր ստեղծված իրավաբանական անձի պարտատերերը հնարավորություն կստանան կանոնադրական կապիտալը համալրելու պարտականություն ունեցող հիմնադրից պահանջել կատարելու հիմնադիր պայմանագրով ստանձնած պարտավորությունները, իսկ նշված գործիքակազմն արդյունավետ կիրառելու համար անհրաժեշտ է նաև նոր ստեղծված ընկերությանը մինչև կանոնադրական կապիտալի լրիվ վճարումն արգելել կանոնադրական կապիտալի համալրման գործընթացն ապահովող գործարքներից բացի այլ գործարքներ կնքել։

Գործող օրենսդրությունը կանոնադրական կապիտալի նվազագույն չափ չսահմանելու պայմաններում, հիմնադիրներին կանոնադրական կապիտալի, բաժնետոմսի (բաժնեմասի) արժեքի տարաժամկետ վճարման հնարավորություն տալով՝ անորոշություն է մտցնում կորպորատիվ իրավահարաբերություններում և իրավահարաբերության մասնակիցներին որոշակի իրավիճակներում հնարավորություն է տալիս թույլ տալ իրավունքի չարաշահում։ Գտնում ենք, որ կորպորացիայի հիմնադրումից հետո կանոնադրությունում պետք է արձանագրվի փաստացի վճարված կանոնադրական կապիտալի չափը, և կորպորացիայի մասնակցին պետք է հնարավորություն տրվի մասնակցելու ընկերության գործերի վարմանը` կանոնադրական կապիտալում ունեցած փաստացի ներդրմանը համապատասխան։

Բաժնետիրական ընկերությունների պարագայում կանոնադրական կապիտալի նվազագույն չափ չսահմանելը տվյալ տեսակի կորպորացիայի իրավակարգավորման ոլորտում հանդիսանում է հետընթաց քայլ։ Նման իրավակարգավորման պայմաններում կանոնադրական կապիտալը կորցնում է իր կարևորագույն գործառույթներից մեկը՝ ընկերության գործունեության համար նախնական նվազագույն նյութական բազա («նախնական» կապիտալ) հանդիսանալը։ Առաջարկվում է, հաշվի առնելով եվրոպական փորձը, ՀՀ-ում սահմանել բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի ողջամիտ նվազագույն չափ։

 

8. Քաղաքացիական իրավահարաբերություններին որոշակիություն հաղորդելու, վերակազմակերպման գործընթացը առավել թափանցիկ և արդյունավետ իրականացնելու, շահագրգիռ անձանց դրա մասին անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրելու անհրաժեշտությունից ելնելով՝ առաջարկվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսել վերակազմակերպման «խառը» ձևը կիրառելու հնարավորությունը, սահմանել վերակազմակերպվող իրավաբանական անձի պարտատերերի և շահագրգիռ այլ անձանց իրավունքների իրականցման արդյունավետ երաշխիքներ, այդ գործընթացում հստակ հավասարակշռել պարտատերերի, վերակազմակերպվող իրավաբանական անձի և դրա կողմից թողարկված արժեթղթերի շրջանառությանն առնչվող անձանց շահերը։

Վերակազմակերպման գործընթացի շրջադարձն առավել արդյունավետ իրականացնելու նկատառումով առաջարկվում է սահմանել վերակազմակերպման մասին որոշումն անվավեր ճանաչելու պահանջի հատուկ եռամսյա ժամկետ, միաժամանակ, քաղաքացիական օրենսգրքով վերակազմակերպված ընկերությանն արգելել մինչև նշված ժամկետի ավարտը կրկին վերակազմակերպվել կամ լուծարվել։ Սահմանել նշված ժամկետի ընթացքում վերակազմակերպման մասին որոշումն անվավեր ճանաչելու դեպքում կիրառվող անվավերության հետևանքները։ Մասնավորապես, թույլ տալ մինչև վերակազմակերպման մասին որոշում կայացնելը գոյություն ունեցած վիճակի վերականգնում և նախատեսել վերակազմակերպման արդյունքում ստեղծված նոր ընկերությունների բարեխիղճ պարտատերերի շահերի պաշտպանության կառուցակարգեր։ Նշված ժամկետն անցնելուց հետո, ընդհանուր հայցային վաղեմության ժամկետի ընթացքում, վերակազմակերպման մասին որոշումն անվավեր ճանաչելու հնարավորությունը բացառել և նման գործողությունների արդյունքում շահագրգիռ անձանց պատճառված վնասների հատուցումն ապահովելու նպատակով՝ անօրինական վերակազմակերպում իրականացրած անձանց համար սահմանել համապարտ պատասխանատվություն։

 

9. Իրավաբանական անձի մարմինների որոշումների իրավական բնույթի հետ կապված իրավական անորոշությունը վերացնելու, վերակազմակերպման իրավահարաբերությունների ներքին և արտաքին կողմին առնչվող սուբյեկտների շահերի հավասարակշռմանն ու արդյունավետ պաշտպանության նկատառումով՝ առաջարկվում է կորպորացիայի կողմից կայացվող և քաղաքացիական իրավահարաբերություններ առաջացնող, փոփոխող կամ այդպիսիք դադարեցնող որոշումները դիտել որպես գործարք և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 289–րդ հոդվածը փոփոխել և շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Գործարքը քաղաքացիական իրավահարաբերության մասնակցի (մասնակիցների) այն գործողություններն են, որոնք ուղղված են քաղաքացիական իրավահարաբերություններ առաջացնելուն, փոփոխելուն կամ դրանց դադարելուն»։

290–րդ հոդվածը լրացնել հետևյալ խմբագրությամբ նոր 4–րդ կետով.

«4. Կազմակերպություններում մասնակցության կամ դրանց կառավարման կապակցությամբ կորպորատիվ հարաբերությունների մասնակցի (մասնակիցների) կողմից կատարվող գործողությունը հանդիսանում է գործարք, որոնց նկատմամբ սույն բաժնի կանոնները կիրառվում են միայն այն դեպքում, երբ դրանց կնքման կարգին, ձևին, բովանդակությանը և վավերությանն օրենքով, այլ իրավական ակտերով, կանոնադրությամբ կամ ներքին կանոնակարգող փաստաթղթերով այլ բան սահմանված չէ։»։

Բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշումների վիճարկմանը վերաբերող դատական գործերի ուսումնասիրությունը թույլ է տալիս պնդել, որ կորպորատիվ իրավահարաբերություններին կայունություն հաղորդելու և կորպորատիվ իրավահարաբերությունների մասնակիցների շահերի պաշտպանության արդյունավետությունը բարձրացնելու առումով անհրաժեշտ է ՀՀ քաղաքացիական օրենսգրքով և հարակից օրենքներով սահմանել կորպորատիվ տիպի իրավաբանական անձանց կառավարման մարմինների որոշումների բողոքարկման վաղեմության հատուկ ժամկետ, ինչպես նաև նման որոշումների անվավերության հետևանքների կիրառման առանձնահատկությունները` հաշվի առնելով կորպորատիվ իրավահարաբերությունների բոլոր մասնակիցների շահերի հավասարակշռման անհրաժեշտությունը։

 

10. Իրավաբանական անձի լուծարման հարցերի կանոնակարգվածությունը պարունակում է բազմաթիվ թերություններ, որպիսիք բացասաբար են անդրադառնում իրավաբանական անձի կամավոր և հարկադիր լուծարման գործընթացի արդյունավետ իրականացման, դրա շրջադարձի, լուծարվող ընկերության, դրա մասնակիցների, պարտատերերի և ընկերության կողմից թողարկված արժեթղթերի շրջանառությանն առնչվող անձանց իրավունքների իրականացման և պաշտպանության վրա։ Այդպիսիք վերացնելու նպատակով առաջարկվում է հստակեցնել իրավաբանական անձի լուծարման հասկացության օրենսդրական բանաձևումը, սահմանել պարտատերերի պահանջների բավարարման հերթերի և լուծարումից հետո մնացած գույքը մասնակիցների միջև բաշխելու առավել արդյունավետ նոր կարգեր, վերացնել լուծարված իրավաբանական անձի իրավունքների իրավահաջորդության հնարավորությունը բացառող օրենսդրական արգելքը, հստակեցնել լուծարային հանձնաժողովի և լուծարվող իրավաբանական անձի կառավարման մարմինների իրավասությունների շրջանակը և դրանց հարաբերակցությունը։

 

11. ՀՀ քաղաքացիական օրենսգրքում, ինչպես նաև այլ հարակից օրենքներում անհրաժեշտ է հստակ կարգավորել կորպորացիայի կառավարման մարմինների (ժողով, խորհուրդ, միանձնյա և կոլեգիալ գործադիր մարմին) լիազորությունները, դրանց դադարման հիմքերը, ինչպես նաև «արտակարգ իրավիճակներում» իրավաբանական անձի բնականոն գործունեության ապահովման հետ կապված հարաբերությունները։ «Արտակարգ իրավիճակներ» ասելով նկատի ունենք այն դեպքերը, երբ ժողովի, խորհրդի կամ գործադիր մարմնի անդամները սուբյեկտիվ կամ օբյեկտիվ պատճառներով չեն կատարում իրենց վրա դրված պարտականությունները։ Նման իրավիճակներում առաջարկվում է օրենքով սահմանել կորպորատիվ տիպի իրավաբանական անձանց կառավարման մարմիններում ընդգրկված անձանց օրենքի ուժով միմյանց փոխարինման մեխանիզմներ, ինչը «արտակարգ իրավիճակներում» կապահովի կորպորացիայի բնականոն գործունեությունը։

 

12. Առաջարկվում է կորպորատիվ իրավունքների դատական պաշտպանության ավանդական միջոցներից բացի նախատեսել իրավունքների պաշտպանության այլընտրանքային արդյունավետ այլ միջոցներ (կառավարման մարմնի որոշումը վերադաս մարմնի կողմից վերանայման ինստիտուտի ներդրում, վեճեր քննող հանձնաժողովների ստեղծում և այլն), ինչպես նաև կորպորատիվ իրավահարաբերությունների ներքին կողմին առնչվող սուբյեկտների կողմից թույլ տրվող իրավունքի չարաշահման երևույթները կանխելու նպատակով վերջիններիս համար պատճառված վնասները փոխհատուցելու պարտականությունից բացի նախատեսել այլ սանկցիաներ ևս։

 

13. Առաջարկվում է արժեթղթերի ավանդական դասակարգման հետ մեկտեղ տարանջատել կորպորատիվ արժեթղթերը և այդպիսիք բնութագրել որպես կորպորացիայի հանդեպ արժեթղթի սեփականատիրոջ կորպորատիվ իրավունքները հավաստող կամ նման արժեթուղթ ձեռք բերելու իրավունք վերապահող փաստաթուղթ, իսկ կորպորացիայի մասնակցի կորպորատիվ իրավունքները՝ իրավազորությունների համակցություն, որոնք օրենքով, այլ իրավական ակտերով, կորպորացիայի կանոնադրությամբ և ներքին կանոնակարգող փաստաթղթերով պատկանում են կորպորատիվ իրավահարաբերության մասնակցին՝ որպես կորպորատիվ սուբյեկտիվ իրավունքի կրողի։

 

14. Ձեռնարկատիրական գործունեության մեկնաբանման հետ կապված բազմաթիվ գործնական խնդիրներից խուսափելու և կորպորատիվ հարաբերությունների բնականոն ընթացքն ապահովելու անհրաժեշտությունից ելնելով առաջարկվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքով ամրագրել այն փաստը, որ կորպորատիվ իրավունքներ ունենալը կամ կորպորատիվ արժեթղթերին տիրապետելը չի կարող դիտվել որպես ձեռնարկատիրական գործունեություն։

 

15. Առաջարկվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքով կամ կորպորատիվ օրենսդրությամբ իրավաբանական անձի որևէ կազմակերպաիրավական ձևի հետ կապված բաժնետոմսի, փայի կամ բաժնետոմսի ձեռքբերման նախապատվության իրավունք սահմանելու պարագայում հստակ սահմանել նախապատվության իրավունքի իրականացման արդարացի կարգ, որը թույլ կտա հավասարակշռել բոլոր շահագրգիռ սուբյեկտների շահերը։

 

16. Կորպորատիվ տիպի իրավաբանական անձանց մասնակիցներին իրավունքի չարաշահում թույլ տալու հնարավորությունից զրկելու, ընկերության գործունեության նկատմամբ անհրաժեշտ հոգածություն և շրջահայացություն ցուցաբերելու պարտականություն սահմանելու նպատակով առաջարկվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքով հստակ սահմանել կորպորատիվ տիպի իրավաբանական անձանց մասնակիցների պարտականությունները, որոնց շարքում առանձնակի պետք է ընդգծել կորպորացիայի մասնակցի օրենքով և իրավաբանական անձի կանոնադրությամբ սահմանված կարգով, չափով, ձևով և ժամկետներում կորպորացիայի գույքի ձևավորմանը մասնակցելու, կորպորացիայի գործունեության մասին գաղտնիք պարունակող տեղեկությունները չհրապարակելու, կորպորացիայի կողմից կայացվող որոշումների ընդունմանը մասնակցելու, կորպորացիայի շահերին հակասող գործողությունների կատարումից ձեռնպահ մնալու պարտականությունները։

 

17. Առաջարկվում է կորպորատիվ տիպի իրավաբանական անձանց համար ՀՀ քաղաքացիական օրենսգրքում ամրագրել խորհրդում կազմակերպության աշխատակիցների ներկայացուցչին ընդգրկելու հնարավորություն, ինչպես նաև սահմանել խորհրդի անդամների ընտրության, նրանց լիազորությունների դադարման ընդհանուր կարգ, հիմք ընդունելով նշված հարաբերությունների կարգավորմանը նվիրված «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 21.3–րդ և «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքի 26–րդ, 32-րդ հոդվածներում առկա լուծումները։

 

18. Իրավաբանական անձի գործադիր մարմինը հանդիսանալով դրա կառավարման մարմին, oրենքի ուժով արտահայտում է իրավաբանական անձի կամահայտնությունը, օժտված է դրա անունից ներկայացուցչություն իրականացնելու լիազորություններով, հետևաբար, գործադիր մարմնի ղեկավարը դասական առումով չի կարող դիտվել որպես իրավաբանական անձի ներկայացուցիչ և այդ հարաբերությունների նկատմամբ ներկայացուցչության կանոններն ամբողջությամբ կիրառելի չեն։ Առաջարկվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքում, «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում և «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքում ընկերության միանձնյա գործադիր մարմնի իրավական էության որոշակիացման մասով կատարել համապատասխան փոփոխություններ ու լրացումներ, ինչը հնարավորություն կընձեռի մեկ բաժնետեր կամ մասնակից ունեցող ընկերություններին, որոնցում բաժնետերը (մասնակիցը) միաժամանակ հանդիսանում է ընկերության գործադիր մարմնի ղեկավար, հավասարակշռել կորպորացիայի և գործադիր մարմնի ղեկավարի անձնական շահերը, սահմանել նման իրավիճակներում գործարքներ կնքելու նոր ընթացակարգեր և կանոններ։

Կարծում ենք, որ միանձնյա և կոլեգիալ գործադիր մարմինների միաժամանակյա գոյությունն արդարացված չէ, հաճախ խնդիրներ են առաջանում երկու մարմինների լիազորությունների սահմանազատման, կոլեգիալ մարմնի նիստերի գումարման պահանջ ներկայացնելու իրավունք ունեցող անձանց, քվորումի և բազմաթիվ այլ հարցերի հետ կապված։ Ուստի առաջարկվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքով և այլ օրենքներով գործադիր մարմնին վերաբերող հարաբերությունները կարգավորելիս բացառել կոլեգիալ գործադիր մարմնի հետ միաժամանակ միանձնյա գործադիր մարմնի գոյության հնարավորությունը, ներդնել կոլեգիալ գործադիր մարմնի ղեկավարի ինստիտուտը և կոլեգիալ գործադիր մարմնի նկատմամբ, որոշակի բացառություններով, կիրառել խորհրդին վերաբերող «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքով նախատեսված ընթացակարգերը։ 

19. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ամենակատարյալ օրենսդրական կարգավորման պայմաններում անգամ հնարավոր չէ բացառել իրավունքի չարաշահման հնարավորություն ընձեռող նորմերի գոյությունը, առաջարկվում է կորպորատիվ իրավահարաբերություններում իրավունքի չարաշահումը բնորոշվել որպես շեղվող վարքագիծ, իրավախախտման հատուկ տեսակ, որի դեպքում անձի կողմից իրեն պատկանող իրավունքների և օրինական շահերի իրականացումը երրորդ անձանց համար առաջացնում է վնաս, նման գործողությունների կատարումն ակնհայտորեն անհամաչափ է իրավունքներն ու օրինական շահերն իրացնող անձի անձնական շահին, օրենքի ոգուն և հակասում է իրավահարաբերությունների կարգավորման կարևորագույն սկզբունքներից՝ բարի կամքի և ազնվության սկզբունքներին։

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն