21/11/2014

Հայեցակարգ ՀՀ քաղաքացիական օրենսգրքում ուրիշի գույքն օգտագործելու իրավունքը (ուզուֆրուկտ) կանոնակարգող դրույթներ ներմուծելու վերաբերյալ

ՀԱՅԵՑԱԿԱՐԳ

ՀՀ քաղաքացիական օրենսգրքում ուրիշի գույքն օգտագործելու իրավունքը (ուզուֆրուկտ) կանոնակարգող դրույթներ ներմուծելու վերաբերյալ

Լիպարիտ Դրեմյան

Արթուր Հովհաննիսյան

1. Ներածություն

ՀՀ գործող քաղաքացիական օրենսդրությունը չի ճանաչում ուզուֆրուկտը և չի բացահայտում դրա հասկացությունը: Միևնույն ժամանակ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով կարգավորված են մի շարք հարաբերություններ, որոնք պարունակում են ուզուֆրուկտին բնորոշ տարրեր: Մասնավորապես, գործող քաղաքացիական օրենսգրքի 205-209-րդ հոդվածները կարգավորում են հողամասի օգտագործման հետ կապված հարաբերությունները: Դրանցում հստակ տարանջատվում են հողամասի և վերջինիս վրա գտնվող անշարժ գույքի նկատմամբ իրավունքները:

Ուրիշի գույքն օգտագործելու իրավունքը (ուզուֆրուկտը) անձնական բնույթի սահմանափակ իրային իրավունք է, որի ուժով անձը տիրապետում և օգտագործում է իրը իր նպատակային նշանակությանը համապատասխան: Ուզուֆրուկտի սկզբունքային տարբերությունը կառուցապատման իրավունքից կայանում է նրանում, որ ուզուֆրուկտի դեպքում պարտադիր պահպանվում է իրի տնտեսական նշանակությունը և այն ենթակա չէ փոփոխման ուզուֆրուկտը ստացած անձի կողմից իրը տիրապետելու և օգտագործելու ողջ ժամանակահատվածում: Ուզուֆրուկտ սահմանվում է բացառապես ոչ առևտրային նպատակներով և որպես կանոն տրամադրվում է ֆիզիկական անձանց կամ ոչ առևտրային կազմակերպություններին: Հիմնականում ուզուֆրուկտը նշանակվում է գույքի սեփականատիրոջ համաձայնությամբ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Շինության նկատմամբ ուզուֆրուկտը նշանակվում է դրանով ծանրաբեռնված հողամասի նկատմամբ ուզուֆրուկտ տրամադրելու հետ մեկտեղ: Ուզուֆրուկտը ծագում է դրա պետական գրանցման պահից:

Ուզուֆրուկտը անքակտելի իրավունք է, և ենթակա չէ ժառանգման կամ այլ կերպ փոխանցման: Միևնույն ժամանակ, ուզուֆրուկտը հետևում է գույքին դրա սեփականատիրոջ փոփոխման դեպքում: Դրանով է պայմանավորված ուզուֆրուկտի իրային այլ ոչ թե պարտավորական իրավահարաբերության բնույթը:

Այսպիսով, ըստ էության գործող իրավակարգավորումը պարունակում է ուզուֆրուկտին բնորոշ որոշ տարրեր: Այդուհանդերձ այն ամբողջական չէ և ունի որոշ խեղաթյուրումներ: Այդ իսկ պատճառով առաջարկվում է ՀՀ քաղաքացիական օրենսդրության մեջ ներառել ուզուֆրուկտին վերաբերող առանձին համակարգված դրույթներ:

2. Առկա խնդիրները և փոփոխությունների անհրաժեշտությունը

Ինչպես նշվեց ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 205-209-րդ հոդվածները տարանջատում են հողամասի և դրա վրա գտնվող անշարժ գույքի նկատմամբ իրավական ռեժիմները: Արդյունքում առաջանում է մի վիճակ, երբ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունք ունեցող անձը օրենքի ուժով ձեռք է բերում օգտագործման իրավունք հողամասի նկատմամբ: Այս դեպքում հողամասի սեփականատիրոջ իրավունքը դառնում է ձևական, քանի որ հողամասը փաստացի գտնվում է դրա վրա կառուցված գույքի սեփականատիրոջ իշխանության ներքո, իսկ հողամասի սեփականատերը որևէ կերպ չի կարող լիարժեք իրականացնել այդ հողամասի նկատմամբ իր իրավունքները: Այստեղ անհրաժեշտ է նշել նաև այն, որ, նման հողամասում գտնվող անշարժ գույքը վաճառելիս հողամասի սեփականատիրոջ համաձայնությունը չի պահանջվում: Մյուս կողմից առկա է դիսոնանս այս հոդվածների և անշարժ գույքի առուվաճառքը կարգավորող դրույթների միջև (օրինակ տե°ս 564-րդ հոդվածը): Այս դեպքում քաղաքացիական օրենսգիրքը միմյանցից չի տարանջատում հողամասի և դրա վրա գտնվող անշարժ գույքի սեփականատիրոջ իրավունքները, եթե դա նույն անձն է: Վերջինիս կողմից հողամասի վրա գտնվող անշարժ գույքը վաճառելիս գույքի նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցելու հետ միաժամանակ փոխանցվում է հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը: Նման մոտեցումը առավել ճիշտ է թվում: Այս առումով չկա հիմք տարանջատելու նաև հողամասի օգտագործման իրավունքը դրա վրա գտնվող անշարժ գույքի նկատմամբ օգտագործման իրավունքից: Այլ կերպ ասած հողամասի վրա գտնվող անշարժ գույքի սեփականատերը այդպիսի իրավունք պետք է ունենա նաև հողամասի նկատմամբ: Իսկ եթե անձը հողամասի նկատմամբ ունի օգտագործման իրավունք, ապա դրա վրա գտնվող անշարժ գույքի նկատմամբ պետք է ունենա նույնպիսի իրավունք:

3. Առաջարկվող լուծումները

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 205-209-րդ հոդվածները տեղավորված են նույն գլխում ինչ սերվիտուտը և հողամասի կառուցապատման իրավունքը կարգավորող հոդվածները: Իր բնույթով լինելով անհատական կամ անձնական սերվիտուտի տեսակ, կարծում ենք, որ ուզուֆրուկտը կարգավորող դրույթները, որոնք կարող են փոխարինելու գալ 205-209-րդ հոդվածներին կարող են առանձնացվել առանձին պարագրաֆի տեսքով՝ <<Հողի նկատմամբ սեփականության իրավունքը և այլ գույքային իրավունքները>> գլխում: Ըստ այդմ անհրաժեշտ կլինի կառուցապատման իրավունքին և հողային սերվիտուտին վերաբերող դրույթները ևս տարանջատել առանձին պարագրաֆների տեսքով: Հոդվածների նման խմբավորումը կիրառվում է ինչպես Գերմանական և Ֆրանսիական այնպես էլ՝ Հոլանդական քաղաքացիական օրենսգրքերում:

Առաջարկվում է ուզուֆրուկտը, որպես սեփականատեր չհամարվող անձի իրային իրավունք նախատեսել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 170-րդ հոդվածի 1-ին մասում:

Առաջարկում ենք ամրագրել այն մոտեցումը, որ հողամասի վրա գտնվող անշարժ գույքի նկատմամբ օգտագործման իրավունք ձեռք բերելիս անձը ձեռք է բերում նաև այդ անշարժ գույքով ծանրաբեռնված հողամասի նկատմամբ օգտագործման իրավունք: Սա կվերացնի այն անհասկանալի վիճակը, երբ անշարժ գույքի սեփականատերը և դրա տակ գտնվող հողամասի սեփականատերը տարբեր սուբյեկտներ են: Գործող արհեստական տարանջատումը վերացնելու պայմաններում որոշակի կդառնա հողամասի սեփականատիրոջ իրավունքի իրացվելիությունը և դրա պաշտպանությունը:

Կարծում ենք, որ ուզուֆրուկտի ինստիտուտի ներդրում կարող է իրականցվել ինչպես ամբողջովին նոր բովանդակություն ունեցող հոդվածների շարադրմամբ, այնպես էլ՝ 205-209-րդ հոդվածներում փոփոխություններ կատարելու միջոցով:

Մասնավորապես առաջարկվում է սահմանել ուզուֆրուկտին բնորոշ հետևյալ նվազագույն դրույթները.

ա. ուզուֆրուկտը հանդիսանում է հողամասի նկատմամբ անքակտելի տիրապետման և օգտագործման իրավունք, որը կապված է մեկ անձի հետ ու չի կարող ժառանգվել, փոխանցվել կամ ծանրաբեռնվել, միևնույն ժամանակ, այն կարող է սեփականատիրոջ համաձայնությամբ վարձակալության տրվել,

բ. ուզուֆրուկտը պետք է պետական գրանցում ստանա կադաստրում, այս կապակցությամբ անհրաժեշտ կլինի նաև համապատասխան լրացումներ կատարել «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում,

գ. ուզուֆրուկտը կարող է լինել հատուցելի կամ անհատույց.

դ. ուզուֆրուկտ ստացողը իրավունք ունի հողի օգտագործմամբ պայմանավորված պտուղներ ստանալու, և դրանք համարվում են վերջինիս սեփականությունը.

ե. ուզուֆրուկտ ստացող անձը պարտավոր է հոգ տանել հողամասն իր տնտեսական նշանակությամբ պահպանելու համար.

զ. ուզուֆրուկտ ստացող անձը պարտավոր է ուզուֆրուկտի գործողության ընթացքում կրել հողամասի հետ կապված հանրային ու մասնավոր բեռերը՝ հարկերը, տուրքերը և այլ վճարները

է. ուզուֆրուկտ ստացողը պետք է ապահովագրի հողամասը:

Առաջարկվում է նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանել ուզուֆրուկտի ծագման և դադարման հիմքերը, ուզուֆրուկտարիի և ուզուֆրուկտ ստացողի իրավունքները և պարտականությունները, ուզուֆրուկտ ստացող անձի կողմից հողամասի վնասելու դեպքում վնասի հատուցման կարգը:

Քննարկման է ենթակա նաև շարժական իրերի նկատմամբ ուզուֆրուկտի ներդրումը, չնայած, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ուզուֆրուկտի ինստիտուտը նոր է ներդրվելու և անհայտ է ՀՀ իրավական համակարգի համար, առաջարկվում է սկզբնական փուլում սահմանափակվել միմիայն անշարժ իրերի ուզուֆրուկտի նախատեսմամբ:

4. Կարգավորման նպատակը և ակնկալվող արդյունքը

Նշված փոփոխությունների արդյունքում կվերանան այն դրույթները, որոնք ներդրվել են որպես իրավիճակային լուծումներ: Հողի նկատմամբ սեփականության և այլ գույքային իրավունքներ գլուխը կդառնա համակարգված և ամբողջական: Ուզուֆրուկտի ամբողջական ներմուծումը հայկական իրավունք առավել որոշակի կդարձնի սեփականատիրոջ և հողամասի օգտագործողի միջև հարաբերությունները: