24/03/2016

Հայաստանի Հանրապետության օրենքը «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

            ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ 

«ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հոդված 1.  «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության  2006 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-51-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 2-րդ մասում լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.2-րդ կետ.  

«2.2) Պարտապանը իրավունք ունի դիմել դատարան կանխատեսվող սնանկության դիմումով այնպիսի հանգամանքների առկայության դեպքում, երբ ակնհայտ է, որ պարտապանը ի վիճակի չի լինելու կատարել իր դրամական պարտավորությունները կամ պարտադիր վճարումները սահմանված ժամկետներում (սնանկության վտանգ):»

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

« Հոդված 4. Սնանկության գործերի առարկայական ընդդատությունը

1. Սնանկության գործերի վարումն իրականացվում է ընդհանուր իրավասության դատարաններում (այսուհետ` դատարան)։ Դատարանում սնանկության գործերը վարվում են սնանկության գործեր քննող մասնագիտացված դատավորի կողմից միանձնյա:

2. Սնանկության գործով պարտապանի գույքի կազմում ներառված գույքի և իրավունքների առնչությամբ ծագած բոլոր քաղաքացիաիրավական վեճերը, որտեղ պարտապանը հանդես է գալիս որպես պատասխանող կամ պատասխանողի կողմում հանդես եկող երրորդ անձ, քննվում են նույն սնանկության գործի շրջանակում»:

Հոդված 3. Օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասում լրացնել հետևյալ բովանդակությամբ դ) կետ.

«դ) ֆինանսական առողջացման ծրագրի նախագիծ 3-րդ հոդվածի 2.2-րդ մասով նախատեսված դեպքերում:»:

Հոդված 4. Օրենքի 12-րդ հոդվածի`

1) 1-ին մասում «սնանկությունը ճանաչելու» բառերից հետո լրացնել «կամ սնանկության վտանգի» բառերը:

 2) 1-ին մասի «ե» կետում «մտադրության մասին» բառերից հետո լրացնել «, իսկ սնանկության վտանգի դիմումի դեպքում՝ ներկայացնել նաև սույն օրենքի պահանջներին համապատասխան կազմված ֆինանսական առողջացման ծրագրի նախագիծ։» բառերը:

3) 1-ին մասում լրացնել հետևյալ բովանդակությամբ է) կետ .

«է) սնանկության վտանգի մասին դատարան ներկայացվող դիմումի և կից փաստաթղթերի պատճենները բոլոր պարտատերերին ուղարկելու մասին ապացույցները, սնանկության գործով կառավարչի վերաբերյալ առաջարկը։»:

Հոդված 5. Օրենքի 15-րդ հոդվածի

1) 1-ին մասում «սնանկության» բառից հետո լրացնել  «կամ սնանկության

վտանգի» բառերը,

2                ) 1-ին մասի գ) կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«գ) պարտապանի կողմից ներկայացվել է սնանկության վտանգի մասին դիմում:»

3) 1-ին մասում լրացնել հետևյալ բովանդակությամբ դ) կետ`

«դ) քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված այլ

դեպքերում:»:

Հոդված 6. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ  2.1 գլխով.

«ԳԼՈՒԽ 21

ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՎՏԱՆԳԻ ՎԱՐՈՒՅԹԸ

Հոդված 15.1. Սնանկության վտանգի դիմումի քննության կարգը

Դատարանը պարտապանի կողմից ներկայացված սնանկության վտանգի դիմումի քննությունն իրականացնում է սույն օրենքով նախատեսված սնանկության վարույթի կանոնների համաձայն, այն հատուկ կանոնների պահպանմամբ, որոնք սահմանված են սույն գլխի դրույթներով։

Հոդված 15.2.

Սնանկության վտանգի վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելը

1. Սույն օրենքով նախատեսված պահանջների պահպանմամբ ներկայացված սնանկության վտանգի դիմումը դատավորն այն ստանալու օրը ընդունում է վարույթ և նշանակում է դատական նիստ մեկամսյա ժամկետում:

2. Դիմումը վարույթ ընդունելու և դատական նիստ հրավիրելու մասին դատավորը կայացնում է որոշում: Դիմումը վարույթ ընդունելու հետ միաժամանակ դատարանը պարտապանի կողմից առաջադրած սնանկության գործերի կառավարչին նշանակում է կառավարիչ։

3. Դատարանը սնանկության վտանգի վերաբերյալ դիմումի վարույթ ընդունելու մասին որոշումն անհապաղ ուղարկում է պարտապանին, պարտապանի կողմից դիմումում ներկայացված պարտատերերին և կառավարչին։

Հոդված 15.3.

Պարտապանի սնանկության վտանգի դիմումի քննարկումը

1. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին  պատշաճ ձևով տեղեկացված պարտապանի, պարտատերերի կամ կառավարչի չներկայանալն արգելք չէ պարտապանի սնանկության վտանգի դիմումի քննության համար:

2. Ֆինանսական առողջացման ծրագիրը քննարկելու (լրամշակելու, փոփոխելու և այլն) նպատակով պարտապանի կամ պարտատիրոջ միջնորդությամբ դատարանը կարող է երկարաձգել դիմումի քննարկումը մինչև 90 օր ժամկետով։

3․ Դատական նիստում դիմումի, ինչպես նաև առկայության դեպքում պարտատերերի առարկությունների և առաջարկությունների քննարկման արդյունքներով դատարանը կայացնում է վճիռ` պարտապանի սնանկության վտանգի դիմումը բավարարելու և  ֆինանսական առողջացման ծրագիրը հաստատելու մասին, եթե՝

ա) պարտապանի ֆինանսական առողջացման ծրագիրը համապատասխանում է սույն օրենքի պահանջներին, պարտատերերը միաձայն համաձայնություն են տվել պարտապանի ֆինանսական առողջացման ծրագրին, ինչպես նաև առկա է ֆինանսական առողջացման ծրագրում առկա տեղեկությունների արժանահավատության և ծրագրի կատարման հավանականության վերաբերյալ կառավարչի դրական  եզրակացությունը․

բ) պարտապանի ֆինանսական առողջացման ծրագիրը համապատասխանում է սույն օրենքի պահանջներին, պարտապանի ֆինանսական առողջացման ծրագրին հավանություն են տվել պարտապանի նկատմամբ պահանջների ընդհանուր ծավալով առնվազն 60 տոկոս պահանջի իրավունք ունեցող պարտատերերը, առկա է կառավարչի և պարտապանի համաձայնությունը և պարտապանի ֆինասնական առողջացման ծրագրով նախատեսված է ծրագրին համաձայնություն չտված պարտատերերի պահանջների  բավարարումը առնվազն այն չափով, որքան պարտատերերը ողջամտորեն կարող էին ստանալ պարտապանի լուծարման դեպքում։

     4․ Դատական նիստում դիմումի քննարկման արդյունքներով դատարանը կայացնում է վճիռ` պարտապանի սնանկության վտանգի դիմումը մերժելու մասին, եթե դրա բավարարման համար սույն օրենքով նախատեսված հիմքերն առկա չեն։

     5. Պարտապանի սնանկության վտանգի դիմումը բավարարելու և  ֆինանսական առողջացման ծրագիրը հաստատելու մասին կամ դիմումը մերժելու մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։  Պարտապանի սնանկության վտանգի դիմումը բավարարելու կամ մերժելու մասին վճիռը կարող է բողոքարկվել վերաքննության կարգով վճիռը կայացնելու օրվանից 15 օրյա ժամկետում։

Հոդված 15.4.

Պարտապանին սնանկության վտանգի վերաբերյալ դիմումը բավարարելու հետևանքները

1. Պարտապանի սնանկության վտանգի դիմումը բավարարելու և ֆինանսական առողջացման ծրագիրը հաստատելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո դատարանը`

ա) պարտապանի սնանկության վտանգի վերաբերյալ դիմումը բավարարելու մասին անհապաղ տեղեկացնում է`

- պարտապանի պետական գրանցումն իրականացնող պետական մարմնին,

- անշարժ և պետական գրանցման ենթակա այլ գույքի (իրավունքների) պետական գրանցումն իրականացնող պետական մարմիններին,

- այն հարկային մարմիններին, որտեղ պարտապանը հաշվառված է,

- մաքսային պետական մարմիններին,

- կենտրոնական բանկին` Հայաստանի Հանրապետության բանկերին և այլ վարկային կազմակերպություններին և Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիային, Հայաստանի Հանրապետության տարածքում գործող վարկային բյուրոներին ծանուցելու համար,

- դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությանը,

- Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանին` Հայաստանի Հանրապետության բոլոր դատարաններին ծանուցելու համար,

- պարտապանին լիցենզիա տված պետական մարմնին (մարմիններին), եթե դիմումում առկա է տեղեկատվություն լիցենզիա ունենալու մասին.

- աշխատանքի և սոցիալական հարցերով լիազոր պետական մարմնին:

Սույն կետով նախատեսված տեղեկացումն ուղարկվում է գրավոր կամ առանձին գերատեսչությունների հետ համաձայնեցված կարգով, այդ թվում` էլեկտրոնային հաղորդակցության միջոցների գործադրմամբ.

բ) կառավարչին պարտավորեցնում է ոչ ուշ, քան համապատասխան դատական ակտերի ուժի մեջ մտնելու պահից` 5 օրվա ընթացքում, պարտապանին սնանկության վտանգի դիմումի բավարարման մասին պարտապանի հաշվին հրապարակել Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում և փակցնել դատարանի շենքում հատուկ հատկացված տեղում.

2. Պարտապանին սնանկության վտանգի դիմումը բավարարելու մասին դատարանի որոշումն օրինական ուժի մեջ մտնելու պահից և պարտապանի ֆինանսական առողջացման ծրագրի գործողության ժամանակահատվածում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերում ստուգման կամ ուսումնասիրության իրականացման համար դատարանի որոշում չի պահանջվում:

3. Պարտապանին սնանկության վտանգի դիմումը բավարարելու մասին դատարանի որոշումն օրինական ուժի մեջ մտնելու պահից կասեցվում են պարտապանի կանոնադրական (բաժնեհավաք, փայահավաք) կապիտալում մասնակցություն ունեցող անձանց` օրենքով և պարտապանի կանոնադրությամբ սահմանված այն լիազորությունները, որոնք պայմանավորված են այդ մասնակցությամբ: Նշված լիազորությունների իրականացումը կարող է թույլատրվել դատարանի որոշմամբ` ֆինանսական առողջացման ծրագրի շրջանակներում:

Սնանկության վտանգի դիմումը բավարարելու և ֆինանսական առողջացման ծրագիրը հաստատելու մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո պարտապանը (ղեկավարը) գործում է կառավարչի հսկողությամբ։

Հոդված 15.5.

Պարտատերերի պահանջների բավարարման սառեցումը (մորատորիում) սնանկության վտանգի վարույթում

1. Պարտապանին սնանկության վտանգի դիմումը բավարարելու մասին դատարանի որոշումն օրինական ուժի մեջ մտնելու պահից `

ա) արգելվում է առանց դատարանի որոշման պարտապանի կողմից իր ցանկացած պայմանագրային կամ այլ պարտավորություններով պարտատերերին դրամական կամ այլ բավարարում տալը այլ կերպ, քան ֆինանսական առողջացման ծրագրով նախատեսված կարգով,

բ) արգելվում է պարտապանից գումարի բռնագանձման կամ գույք հանձնելու պահանջներով որևէ քաղաքացիական կամ վարչական գործի վարույթի սկսումը, որտեղ պարտապանը հանդես է գալիս որպես պատասխանող կամ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող պատասխանողի կողմում հանդես եկող երրորդ անձ` պարտապանի մասով.

գ) կարճվում է սնանկության վտանգի վարույթին առնչվող կամ դրա ընթացքի վրա ազդող պարտապանից գումարի բռնագանձման կամ գույք հանձնելու պահանջներով այն քաղաքացիական գործի վարույթը, որտեղ պարտապանը հանդես է գալիս որպես պատասխանող կամ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող պատասխանողի կողմում հանդես եկող երրորդ անձ` պարտապանի մասով:

Նշված քաղաքացիական գործը կարող է վերսկսվել սնանկության վտանգի վարույթի ավարտից հետո պարտապանի ֆինանսապես առողջացման դեպքում:

դ) կասեցվում է դրամական պարտավորությունների և պարտադիր վճարումների, ներառյալ` հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար հաշվարկման, վճարման կամ գանձման ենթակա տուժանքների և այլ ֆինանսական պատժամիջոցների, ինչպես նաև վճարման ենթակա տոկոսների հաշվարկումը, վճարումը կամ գանձումը.

ե) կարճվում են գույքային բռնագանձումներով բոլոր կատարողական վարույթները:

2. Մորատորիումի գործողությունը չի տարածվում`

ա) ալիմենտների բռնագանձման վրա.

բ) ի ապահովումն պարտապանի պարտավորությունների կատարման` երաշխիք կամ երաշխավորություն տված անձանց կողմից այդ երաշխիքի կամ երաշխավորության գծով դրամական կամ այլ բավարարում տալու կամ դրա կատարմանն ուղղված ցանկացած գործողության կամ գործընթացի վրա.

գ) սնանկության վտանգի դիմումը բավարարելու և ֆինանսական առողջացման ծրագիրը հաստատելու մասին դատարանի վճիռը կայացնելուց հետո ընկած ժամանակահատվածում պարտապանի կողմից ստանձնած պարտավորությունների վրա։

4. Իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր պարտապանին սնանկության վտանգի վերաբերյալ դիմումը բավարարելու մասին դատարանի որոշումն օրինական ուժի մեջ մտնելու պահից ֆինանսական և այլ բնույթի հաշվետվություններ շարունակում է ներկայացնել պարտապանի ղեկավարը կամ անհատ ձեռնարկատերը և կրում է դրանք չներկայացնելու կամ ոչ պատշաճ ներկայացնելու համար օրենսդրությամբ սահմանված պատասխանատվությունը:

5. Մորատորիումը շարունակվում է մինչև տվյալ սնանկության վտանգի վարույթով ֆինանսական առողջացման ծրագրի ավարտի օրը։

Հոդված 15.6  Պարտապանին սնանկ ճանաչելը սնանկության վտանգի դիմումի հիման վրա

Եթե սնանկության վտանգի դիմումի քննարկման արդյունքում պարզվում է, որ պարտապանի մոտ առկա է սույն օրենքին համապատասխան պարտապանին սնանկ ճանաչելու հիմքերը, ապա դատարանը կարող է սնանկ ճանաչել պարտապանին, եթե պարտապանը համապատասխան դիմում է ներկայացնում։

Հոդված 15.7.

Ֆինանսական առողջացման ծրագրի ներկայացումը

Սնանկության վտանգի դիմումի վարույթով Ֆինանսական առողջացման ծրագիր կարող են ներկայացնել պարտապանը, պարտատերերը կամ կառավարիչը։

Հոդված 15.8.

Ֆինանսական առողջացման ծրագրի պարտադիր պայմանները

1. Սույն օրենքով նախատեսված պայմաններից բացի, սնանկության վտանգի վարույթում ներկայացվող պարտապանի ֆինանսական առողջացման ծրագիրը պետք է ներառի նաև`

ա) կառավարչի լիազորությունները,

բ) պարտապանի ֆինանսական առողջացման ծրագրի իրականացումը ֆինանսավորող անձի պահանջների արտահերթ բավարարման պայման, ընդ որում այդ պահանջին պետք է տրվի մնացած բոլոր պարտատերերի պահանջների, կառավարչի վարձատրության, վարչական ծախսերի նկատմամբ գերակայություն։

Հոդված 15.9. Ֆինանսական առողջացման ծրագրի վաղաժամկետ դադարեցումը

Սույն օրենքով նախատեսված Ֆինանսական առողջացման ծրագրի վաղաժամկետ դադարեցման հիմքերի առկայության դեպքում դատարանը կառավարչի միջնորդությամբ վաղաժամկետ դադարեցնում է ֆինանսական առողջացման ծրագիրը և վճիռ է կայացնում պարտապանի սնանկության վտանգի վարույթը ավարտելու մասին։

Հոդված 15.10.

Ֆինանսական առողջացման ծրագրի ավարտը

Եթե սույն օրենքով սահմանված կարգով սնանկության վտանգի վարույթով ֆինանսական առողջացման ծրագրի կատարման մասին կառավարչի հաշվետվությունը դատարանը մերժում է, ապա վճիռ է կայացվում սնանկության վտանգի վարույթն ավարտելու մասին։»:

Հոդված 7. Օրենքի 16-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «պարտապանն առերևույթ անվճարունակ է» բառերը փոխարինել «առկա է սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կամ 2.1-րդ կետերով կամ 5-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքերը» բառերով։

2) 2-րդ մասի 1-ին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Հարկադրված սնանկության վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելուց հետո` 15 օրվա ընթացքում, դատավորը նշանակում է դատական նիստ, որին հրավիրվում են պարտապանը և դիմումում նշված պարտատերերը:»:

Հոդված 8. Օրենքի 17-րդ հոդվածի՝

1) 1-ին մասի 1-ին պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն.

«Հարկադրված սնանկության վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը ստանալուց հետո հնգօրյա ժամկետում պարտապանը պարտավոր է դատարանին ներկայացնել սույն օրենքի 12-րդ հոդվածով նախատեսված փաստաթղթերը և կրում է դրանք չներկայացնելու պատճառով առաջացող իրավական հետևանքների ռիսկը։».

2) 3-րդ մասում «ծախսերը» բառից հետո լրացնել «և վճարել ժամանակավոր կառավարչի վարձատրությունը» բառերը:

Հոդված 9. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 20.1 հոդվածով.

«Հոդված 20.1 Սնանկության գործով առանձին պահանջների քննության կասեցման հիմքերը և կարգը

  1. Սնանկության գործի վարույթը առանձին պարտատերերի պահանջների մասով կարող է կասեցվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ և 106-րդ հոդվածներով նախատեսված՝ կասեցման հիմքերի առկայության դեպքում, եթե այդ իրավակարգավորումները կիրառելի են սնանկության վարույթում առանձին պահանջների քննության նկատմամբ:

2.  Առանձին պահանջների մասով վարույթի կասեցումը չի ընդհատում սնանկության վարույթի ընթացքը:

3.  Առանձին պահանջի քննությունը կասեցնելու դեպքում հետագա վարույթի ընթացքում նույն հերթի մնացած պահանջները բավարարելուց հետո,  կասեցված պահանջի չափի համամասնությամբ դրամական միջոցներ են սառեցվում սնանկության հատուկ հաշվին: Վարույթը կասեցնելու հիմքը վերանալուց և  պահանջը հաստատվելուց հետո դատարանի որոշմամբ սնանկության հատուկ հաշվին սառեցված դրամական միջոցները փոխանցվում են պարտատիրոջը: Եթե պահանջի քննության կասեցման հիմքերը վերանալուց հետո կասեցված պահանջը չի հաստատվում, ապա այդ հիմքով սնանկության հատուկ հաշվին սառեցված դրամական միջոցները բաշխվում են սույն օրենքով սահմանված կարգով՝ դատարանի որոշման հիման վրա:

  1. Այն պարտատերը, ում պահանջի քննությունը կասեցվել է, կարող է մասնակցել պարտատերերի ժողովներին միայն խորհրդակցական ձայնի իրավունքով: Պահանջի քննության կասեցման հիմքերը վերանելու և դատարանի կողմից այդ պահանջը հաստատելու դեպքում՝ պարտատերը մասնակցում է պարտատերերի ժողովին քվեարկության իրավունքով՝ սույն օրենքով սահմանված կարգով»:

Հոդված 10.  Օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի բ) կետում ««ե» և «զ»» բառերը փոխարինել ««ե», «զ» և «ժբ»» բառերով:

Հոդված 11. Օրենքի 22-րդ հոդվածում լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-րդ մաս .

«2.1 Եթե պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռ կայացնելուց հետո` 3 աշխատանքային օրվա ընթացքում պարտապանը և գործին որպես դիմող մասնակցած պարտատերը ժամանակավոր կառավարչին տվյալ սնանկության գործով կառավարիչ նշանակելու դեմ առարկություն չեն ներկայացնում, ապա դատարանը կարող է որոշում կայացնել տվյալ սնանկության գործով ժամանակավոր կառավարչին կառավարիչ նշանակելու մասին»:

Հոդված 12. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 23.1 հոդվածով.

«Հոդված 23.1. Կառավարչի վարքագծի կանոնները

1. Կառավարիչը պարտավոր է առաջնորդվել վարքագծի հետևյալ կանոններով.

1) ապահովել հարգալից և անկողմնակալ վերաբերմունք պարտապանի և պարտատերերի նկատմամբ.

2) կողմերին պարզաբանել սնանկության գործընթացի բնույթը.

3) պահպանել սնանկության գործի գաղտնիությունը.

4) սնանկության գործընթացում իրեն վերապահված լիազորություններն իրականացնել հնարավոր սեղմ ժամկետներում,

5) նպաստել կառավարիչների նկատմամբ վստահության ձևավորմանը։»:

Հոդված 13. Օրենքի 26-րդ հոդվածում՝

2)    լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մաս.

«1.1 Եթե կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության անդամ կառավարիչների թիվը նվազում է 20-ից, ապա ինքնակարգավորվող կազմակերպության գործառույթներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը՝ մինչև օրենքի պահանջներին համապատասխան կառավարիչների  ինքնակառավարվող կազմակերպության անդամ կառավարիչների թվի համալրումը կամ նոր ինքնակառավարվող կազմակերպության հիմնադրումը»:

2)    5-րդ մասից՝

ա. հանել «էթիկայի» բառը և «կիրառումը» բառից հետո լրացնել «սույն օրենքի 23.1.-ին հոդվածով սահմանված կանոնների հիման վրա» բառերը:

բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ երկրորդ նախադասություն.

«Կառավարիչների շարունակական մասնագիտական զարգացումն ապահովելու նպատակով՝ կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունը կազմակերպում և իրականացնում է սնանկության գործով կառավարիչների ամենամյա պարտադիր վերապատրաստումներ նվազագույնը 24 ակադեմիական ժամ ընդհանուր տևողությամբ:»:

Հոդված 14. Օրենքի 29-րդ հոդվածում`

1) 1-ին մասի ժբ) կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ժբ) օրենքով սահմանված կարգով դիմում է շարժական գույքի նկատմամբ կիրառված սահմանափակումները գրանցելու համար.»,

2) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ ժգ) կետով.

«ժգ) պարտապանի կամ պարտատերերի կամ պարտապանի ֆինանսական առողջացման ծրագրով ներգրավված ֆինանսավորողի պահանջով վերջիններիս տրամադրում է տեղեկություններ պարտապանի սնանկության վարույթի կամ ֆինանսական առողջացման վերաբերյալ:»:

3) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ ժդ) կետով.

«ժդ) իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ:»:

Հոդված 15. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 29.1-րդ հոդվածով.

«Հոդված 29.1. Կառավարչի գործունեության կասեցումը

1. Կառավարչի գործունեությունը կասեցվում է`

1) եթե երեք ամիս անընդմեջ չի վճարել  կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությանը վճարվող անդամավճարը.

2) եթե կառավարիչը դատական կարգով ճանաչվել է սնանկ՝ սնանկության վարույթի ողջ ժամանակահատվածում.

3) եթե կառավարիչը առանց հարգելի պատճառների չի մասնակցել կառավարիչների վերապատրաստման դասընթացներին մեկ տարվա ընթացքում ավելի քան 8 ակադեմիական ժամ տևողությամբ.

4) օրենքով նախատեսված այլ դեպքերում, կարգով և ժամկետներում:

2. Կառավարչի գործունեության կասեցման մասին որոշումը կայացնում է կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության գործադիր տնօրենը` նշելով գործունեության կասեցման հիմնավորումները և ժամկետը:

Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դեպքում կառավարչի գործունեությունը կասեցվում է մինչև անդամավճարի վճարումը, իսկ 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված դեպքում՝ մինչև համապատասխան քանակով վերապատրաստման դասընթացների մասնակցության ժամերը լրացնելը: Սույն մասով նախատեսված կասեցման ժամանակահատվածը չի կարող մեկ տարուց ավելին լինել։

3. Կառավարչի գործունեությունը կասեցված է համարվում կասեցման մասին որոշումը (հրամանը) նրան հանձնելու օրվան հաջորդող օրվանից:

4. Գործունեությունը կասեցված կառավարիչն իրավունք չունի կատարել կառավարչի լիազորությունները՝ մինչև կասեցման ժամկետի ավարտը:

5. Կառավարիչն իրավունք ունի դատական կարգով բողոքարկել իր գործունեության կասեցման մասին որոշումը:

6. Կառավարչի գործունեության կասեցման դեպքում նրա վարույթում գտնվող սնանկության գործերով նշանակվում է նոր կառավարիչ՝ սույն օրենքի 22-րդ հոդվածով սահմանված կարգով»:

Հոդված 16. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 29.2-րդ հոդվածով.

« Հոդված 29.2 Կառավարչի լիազորությունները դադարեցնելը

 1. Կառավարչի լիազորությունները դադարեցվում են սնանկության կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության դիտորդ խորհրդի որոշմամբ, եթե`

1) կառավարիչը դիմել է այդ մասին.

2) լրացել է նրա 65 տարին (պաշտոնավարման տարիքը).

3) իր գրավոր համաձայնությամբ ընտրվել կամ նշանակվել է այլ պաշտոնում կամ անցել է սնանկության գործով կառավարչի գործունեության հետ անհամատեղելի այլ աշխատանքի.

4) ժամանակավոր անաշխատունակության հետևանքով նա ավելի քան վեց ամիս անընդմեջ չի ներկայացել աշխատանքի.

5) ստացել է սնանկության գործով կառավարչի որակավորում` օրենքի պահանջների խախտմամբ.

6) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա նա ճանաչվել է անգործունակ, սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող կամ մահացած.

7) օրինական ուժի մեջ է մտել նրա նկատմամբ ազատությունից զրկող մեղադրական դատավճիռը, կամ նա օրենքով սահմանված կարգով ճանաչվել է պաշտոնական հանցագործություն կատարած անձ.

8) դատական կարգով ճանաչվել է սնանկ և սնանկության վարույթը չի ավարտվել պարտապանի ֆինանսական առողջացմամբ.

9) եթե նա թույլ է տվել կառավարչի` օրենքով սահմանված պարտականությունների կոպիտ կամ պարբերական խախտումներ: Կոպիտ է համարվում այն խախտումը, որը անհամատեղելի է կառավարչի վարքագծի կանոնների հետ: Պարբերական է այն խախտումը, որը,  առանձին վերցրած, թեև կոպիտ խախտում չի համարվում, սակայն իր պարբերականությամբ անհամատեղելի է կառավարչի վարքագծի կանոնների հետ:

2. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն կառավարչի լիազորությունները դադարում են նրա 65 տարին լրանալու հաջորդ օրվանից, իսկ սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 3-5-րդ մասերով նախատեսված դեպքերում` որոշման մեջ նշված օրվանից, իսկ 6-8-րդ կետերով նախատեսված դեպքերում՝ համապատասկան դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու օրվանից:

3. Լիազորությունները դադարեցված կառավարիչը պարտավոր է ոչ ուշ, քան հնգօրյա ժամկետում իր մոտ պահպանվող՝ ընթացիկ սնանկության գործերով փաստաթղթերը և նյութերը հանձնել կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության կողմից լիազորված անձին:

4. Սնանկության կառավարչի գործունեությամբ զբաղվելու պաշտոնավարման տարիքը լրանալու դեպքում կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության դիտորդ խորհրդի որոշմամբ՝ կառավարիչը կարող է մինչև 5 տարի ժամկետով շարունակել զբաղվել սնանկության կառավարչի գործունեությամբ»։

Հոդված 17. Օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Պարտապանի ֆինանսական առողջացման դեպքում, կառավարչի վարձատրության չափը սահմանվում է ֆինանսական առողջացման ծրագրի իրականացման ընթացքում պարտատերերի պահանջների բավարարման չափի առնվազն 5 տոկոսի չափով: Իսկ ֆինանսական առողջացման ծրագիրը բարեհաջող ավարտելու և պարտապանի առողջացման դեպքում՝ կառավարչին վճարվում է պարգևավճար՝ ֆինանսական առողջացման ծրագրով նախատեսված կարգով:»:

Հոդված 18. Օրենքի 39-րդ հոդվածի՝

1) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից`

1) պարտապանի պարտավորությունների կատարման ժամկետները համարվում են սկսված,

2) արգելվում է առանց դատարանի որոշման պարտապանի կողմից իր ցանկացած պայմանագրային կամ այլ պարտավորություններով պարտատերերին դրամական կամ այլ գույքային բավարարում տալը, բացառությամբ պարտապանի ֆինանսական առողջացման ծրագրով նախատեսված դեպքերի,

3) պարտապանի վճարային, ներառյալ հարկերի, տուրքերի և պարտադիր այլ վճարների գծով  պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար ցանկացած տեսակի տույժերի, տոկոսների և տուգանքների հաշվեգրումը դադարում են,

4) կարճվում կամ ավարտվում են պարտապանից գումարի բռնագանձման կամ գույք հանձնելու պահանջով  քաղաքացիական, վարչական կամ արբիտրաժային տիրբունալի վարույթում գտնվող գործերը, և պարտապանի դեմ պարտատերերի պահանջները կարող են ներկայացվել սնանկության վարույթի շրջանակներում՝ սույն օրենքով սահմանված ժամկետներում և կարգով:

5) կարճվում է պարտապանի վերաբերյալ ցանկացած կատարողական վարույթ, բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի:

6) վերանում են հայցի ապահովման և վճռի կատարման ապահովման կարգով պարտապանի գույքի վրա դրված արգելանքները, եթե հայցը բավարարելու մասին վճիռը մտել է օրինական ուժի մեջ»:

2) 3-րդ մասի գ) կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

գ) ապահովված իրավունք ունեցող պարտատիրոջ ապահովված իրավունքի առարկայի վրա, եթե դատարանը սույն օրենքով սահմանված կարգով պարտատիրոջը չի մերժել դրա իրացումը արտադատական կարգով:»:

Հոդված 19. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 39.1-րդ և 39.2-րդ հոդվածներով.

«Հոդված 39.1 Ապահովված իրավունքի առարկայի իրացման մասին դիմումը

1. Այն պարտատերը, ով պարտապանի նկատմամբ ունի ապահովված իրավունքներ և նրանց միջև օրենքով սահմանված կարգով կնքված պայմանագրով առկա են այդ իրավունքների արտադատական իրականացման պայմաններ, կարող է մինչև պարտատերերի պահանջների ցուցակը դատարանի կողմից հաստատելը դիմում ներկայացնել դատարանին՝  պահանջի չափը հաստատելու և ապահովված իրավունքների առարկայի արտադատական կամ սույն օրենքով նախատեսված կարգով իրացում թույլատրելու խնդրանքով:

2. Ապահովված պարտատիրոջ դիմումը և կից փաստաթղթերը  ներկայացվում են սույն օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով։

Հոդված 39.2 Ապահովված իրավունքի առարկայի իրացման և ապահովված պահանջի չափը հաստատելու մասին դիմումի քննության կարգը

1. Դատարանը, ստանալով ապահովված պարտատիրոջ դիմումը, դիմումի  օրինակը երկու աշխատանքային օրվա ընթացքում հանձնում է պարտապանին և կառավարչին։ Պարտապանը և կառավարիչը պարտավոր են դիմումի օրինակը  ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում դիմումի կապակցությամբ գրավոր դիրքորոշում հայտնել:

2. Եթե պարտապանը կամ կառավարիչը սահմանված ժամկետում դիրքորոշում չեն ներկայացնում կամ ներկայացված դիրքորոշմամբ չեն առարկում դիմումին, ապա դատարանը դիմումը ստանալուց հետո 11-րդ օրը կայացնում է որոշում ապահովված պարտատիրոջ պահանջի չափը հաստատելու և ապահովված իրավունքների առարկայի իրացում թույլատրելու մասին:

3. Եթե պարտապանը կամ կառավարիչը դատարանին ներկայացված դիրքորոշմամբ առարկում է դիմումին, ապա դատարանը առարկությունը ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում դատական նիստ է հրավիրում, որի մասին պատշաճ կարգով ծանուցվում են դիմողը, պարտապանը և կառավարիչը: Առարկությունների քննարկման արդյունքում դատարանը որոշում է պահանջի օրինականությունը, չափը, առաջնահերթությունը և ապահովվածությունը:

4. Եթե պարտապանի կամ կառավարչի առարկությունը պայմանավորված է ապահովված իրավունքի առարկայի՝ պարտապանի ֆինանսական առողջացման ծրագրում օգտագործելու անհրաժեշտությամբ, ապա առարկությանը կից պետք է ներկայացվեն ֆինանսական առողջացման ծրագրի նախագիծը և ապահովված պարտատիրոջը համարժեք ապահովվածություն տրամադրելու մասին հայտարարությունը:

5. Ապահովված պարտատիրոջ՝ ապահովված իրավունքի առարկայի արտադատական իրացման մասին դիմումը կարող է դատարանի կողմից մերժվել, եթե

1) պարզվում է, որ ապահովված պարտատերը չունի արտադատական կարգով

գույքն իրացնելու իրավունք,

2) առանց ապահովված իրավունքի առարկայի օգտագործման պարտապանի

ֆինանսական առողջացման ծրագիրը չի կարող իրականացվել, պայմանով, որ  ապահովված պարտատիրոջը տրամադրվել է համարժեք ապահովվածություն և վերջինիս կողմից տրվել է համաձայնություն:

6. Ապահովված պարտատերն իրավունք ունի կրկին դիմելու ապահովված իրավունքի առարկան իրացնելու մասին դիմումով, եթե գույքն արտադատական կարգով իրացնելու մերժման հիմքերը վերացել են։ Ապահովված պարտատիրոջ կրկին ներկայացված դիմումի քննարկումը և լուծումը կատարվում է սույն հոդվածով սահմանված կարգով:

7.  Արտադատական կարգով գույքն իրացնելու իրավունք չունեցող ապահովված պարտատիրոջ կողմից դատական կարգով ապահովված իրավունքի առարկայի  վրա բռնագանձում տարածելու և իրացնելու մասին դիմումը ներկայացվում և քննվում է սույն օրենքի 39.1-րդ և 39.2-րդ հոդվածներով սահմանված կարգով, եթե այդ հոդվածների իրավակարգավորումները կիրառելի են տվյալ դիմումի քննության համար՝ պահպանելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի համապատասխան իրավակարգավորումների պահանջները: Սույն մասի հիմքով դատարանի վճռով ապահովված իրավունքի առարկայի վրա բռնագանձում տարածելու դեպքում ապահովված իրավունքի առարկայի իրացումը կատարվում է սնանկության գործի շրջանակներում՝ սույն օրենքով սահմանված կարգով»:

Հոդված 20. Օրենքի 43-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

« Հոդված 43. Ապահովված պահանջները և դրանց բավարարումը

«1. Ապահովված են համարվում ապահովված իրավունքով ծանրաբեռնված պահանջները: Ապահովված պարտատերեր են համարվում ապահովված իրավունք  ունեցող անձինք` այդ պահանջների մասով:

2. Ապահովված իրավունքի առարկան իրացնելու մասին դիմումը բավարարելու վերաբերյալ դատարանի որոշմամբ ապահովված պարտատերը չի ընդգրկվում սնանկության գործով պարտատերերի ցանկում, և նրա ապահովված պահանջները բավարարվում են բացառապես այդ պարտավորության համար ապահովված իրավունքի առարկայի  իրացման հաշվին: Այդ դեպքում ապահովված պարտատերը, անկախ ապահովված պահանջների բավարարման չափից, տվյալ պարտավորության մասով հետագայում չի կարող որևէ պահանջ ներկայացնել պարտապանի այլ գույքի նկատմամբ:

3. Երաշխիքով կամ երաշխավորությամբ ապահովված պարտատիրոջ պահանջները, այդ թվում` ապահովված պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար պայմանագրով սահմանված տուժանքները, տուգանքները և վճարման ենթակա տոկոսները կարող են բավարարվել երաշխիք կամ երաշխավորություն տված անձի միջոցների հաշվին: Երաշխիք կամ երաշխավորություն տված անձի միջոցները բավարար չլինելու կամ երաշխիք կամ երաշխավորություն տված անձին պահանջ չներկայացնելու դեպքում ապահովված պարտատերը սույն օրենքի 46-րդ հոդվածով սահմանված կարգով ընդգրկվում է սնանկության գործով պարտատերերի ցանկում և իր պահանջների բավարարումն ստանում է սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված կարգով: Ընդ որում, երաշխիքով կամ երաշխավորությամբ ապահովված պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար պարտապանի սնանկության գործընթացում հաշվարկված` պայմանագրով սահմանված տուժանքների, տուգանքների և վճարման ենթակա տոկոսների գումարները չեն կարող պահանջվել պարտապանից:

4. Եթե ապահովված պարտատերն ընդգրկվում է սնանկության գործով պարտատերերի ցանկում, ապա նա իր ապահովված պահանջների բավարարումը ստանում է սույն հոդվածի 5-րդ, 6-րդ, 7-րդ և 9-րդ մասերով սահմանված կարգով:

5. Պարտատերերի ցանկում ընդգրկված ապահովված պարտատերը կարող է պահանջել` ապահովված պարտավորությունը առաջնահերթ կերպով բավարարել ապահովված իրավունքի առարկայի վաճառքից ստացված միջոցների հաշվին:

6. Պարտատերերի ցանկում ընդգրկված ապահովված պարտատերը չի կարող մասնակցել պարտապանին պատկանող իր համապատասխան պարտավորության համար չապահովված իրավունքի առարկայի իրացումից ստացված միջոցների բաշխմանը մինչև ապահովված իրավունքի առարկայի իրացումը, քանի դեռ ապահովված իրավունքի առարկայի  արժեքն ավելի կամ հավասար է ապահովված պարտատիրոջ պահանջին, բացառությամբ դատարանի որոշմամբ համարժեք ապահովվածություն տրամադրելու դեպքերի: Եթե ապահովված իրավունքի առարկայի արժեքը (մեկնարկային գինը) հրապարակային սակարկություններով իրացման ընթացքում կամ գույքի կորստի (ոչնչացում, հափշտակություն) կամ վնասելու արդյունքում նվազում է ապահովված պահանջի չափից, ապա ապահովված պարտատերը ձեռք է բերում քվեարկության ձայնի իրավունք` ապահովված իրավունքի առարկայի արժեքի նվազած չափով:

7. Եթե ապահովված իրավունքի առարկայի իրացումից ստացված միջոցները բավարար չեն պարտատերերի ցանկում ընդգրկված ապահովված պարտատիրոջ պահանջներն ամբողջովին մարելու համար, ինչպես նաև երաշխիքով (երաշխավորությամբ) ապահովված պահանջների չբավարարված (այդ թվում` երաշխիք կամ երաշխավորություն տված անձից պարտավորության կատարում չպահանջելու հետևանքով չբավարարված) մասը (բացառությամբ այդ պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար պարտապանի սնանկության գործընթացում հաշվարկված` պայմանագրով սահմանված տուժանքների, տուգանքների և վճարման ենթակա տոկոսների գումարների) համարվում է չապահովված պահանջ, իսկ պարտատերը` չապահովված պարտատեր` չապահովված պահանջի չափով:

8. Եթե ապահովված իրավունքի առարկայի իրացումից ստացված միջոցները գերազանցում են համապատասխան ապահովված պահանջի գումարը, ապա գերազանցող գումարի մասով այդ միջոցների նկատմամբ տարածվում է մորատորիում, և այդ միջոցները բաշխվում են սույն օրենքով սահմանված հերթականությամբ, իսկ եթե ապահովված իրավունքի առարկան այլ անձի սեփականություն է` փոխանցվում են այդ անձին:

9. Եթե ապահովված իրավունքի առարկայի մեկնարկային գինը հավասար է ապահովված պարտատիրոջ պահանջի գումարին կամ ցածր է դրանից, ապա պարտատերերի ցանկում ընդգրկված պարտատերն իրավունք ունի իր պահանջի կամ դրա մասի չափով դատարանի որոշմամբ որպես սեփականություն իր կամ իր նշած անձի օգտին ստանալու գրավի առարկան` փոխհատուցելով այդ գույքի պահպանման և փոխանցման հետ կապված ծախսերը, ինչպես նաև կառավարչի վարձատրությունը` գրավի առարկայի արժեքի 5 տոկոսի չափով: Այդ դեպքում տվյալ պարտատիրոջ պահանջի չափը չի նվազեցվում գույքի պահպանման և փոխանցման ծախսերի և կառավարչի վարձատրության համար վճարված գումարի չափով:

10. Եթե պարտատերերի ցանկում ընդգրկված ապահովված պարտատիրոջ պահանջն ապահովված է երրորդ անձի գույքով, ապա այդ անձն իրավունք ունի դադարեցնելու իր գույքով պահանջի ապահովումը` սնանկության հատուկ հաշվին որպես դեպոզիտ փոխանցելով`

1) գույքի առաջիկա իրացման համար գնահատված կամ մեկնարկային գինը հիմնական ապահովված պարտավորության արժեքի չափը գերազանցելու դեպքում` ապահովված պահանջի, գույքի պահպանման և փոխանցման հետ կապված ծախսերը.

 2) գույքի առաջիկա իրացման համար գնահատված կամ մեկնարկային գինը հիմնական ապահովված պարտավորության արժեքի չափից պակաս լինելու դեպքում` վերջին չկայացած աճուրդի մեկնարկային գնի չափով:

11. Երրորդ անձ գրավատուի, երաշխավորի կամ երաշխիք տվող անձի` պարտապանի նկատմամբ օրենսդրությամբ սահմանված կարգով պահանջ ձեռք բերելու դեպքում այդ պահանջը ենթակա է բավարարման` որպես սույն օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «է» կետով նախատեսված պահանջ»:

Հոդված 21. Օրենքի 46-րդ հոդվածի 7-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7. Եթե իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում հրապարակումից հետո` յոթ օրվա ընթացքում, կառավարիչը, պարտապանը և պարտատերերը գրավոր առարկություն են ներկայացնում պահանջների նախնական ցուցակի առաջնահերթության կամ որևէ պարտատիրոջ պահանջի վերաբերյալ, ապա դատավորը, առարկությունն ստանալուց հետո 15 օրվա ընթացքում հրավիրում է դատական նիստ, որի տեղի և ժամանակի մասին կառավարչին, պարտապանին և պարտատերերին ծանուցում է իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում` նիստից առնվազն երեք օր առաջ տրվող հայտարարությամբ կամ ծանուցագիր ուղարկելու միջոցով:»:

Հոդված 22. Օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասում  «գրավով ապահովված» բառերը փոխարինել «ապահովված իրավունքով» բառերով և «գրավադրված գույքը» բառերը փոխարինել «ապահովված իրավունքի առարկան» բառերով:

Հոդված 23. Օրենքի 50-րդ հոդվածի 6-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «6. Սույն հոդվածով սահմանված սահմանափակումները չեն տարածվում դատարանի կողմից բավարարված արտադատական կարգով իրացման համար նախատեսված գործարքների կամ այդ գործարքի կատարման վրա:»:

Հոդված 24. Օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Կառավարիչը կարող է պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում դիմել և դատական կարգով հետ ստանալ՝»։

Հոդված 25. Օրենքի 59-րդ հոդվածի՝

      1) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«2. Ֆինանսական առողջացման ծրագրի ժամկետը չի կարող գերազանցել 36 ամիսը, եթե սույն օրենքով սահմանված կարգով դրա գործողության ժամկետը չի երկարաձգվել»:

2) 3-րդ մասում`

ա. ժգ) կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ժգ) պարտապան կազմակերպության մասնակցի (մասնակիցների) սեփականությունը հանդիսացող պարտապան կազմակերպությունում ունեցած բաժնեմասերի (բաժնետոմսերի, փայաբաժինների և օրենքներով սահմանված այլ արժեթղթերի) օտարումը, վարձակալության տալը, գրավադրումը կամ այլ ձևով ծանրաբեռնումը»,

բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ ժդ) կետ.

«ժդ) oրենքով չարգելված այլ միջոցառումներ»:

Հոդված 26. Օրենքի 60-րդ հոդվածի 2-րդ մասում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություն.

«Ֆինանսական առողջացման ծրագրի հետ մեկտեղ պարտատերերին, ինչպես նաև առողջացման ծրագրով նախատեսված ծրագրի հնարավոր ֆինանսավորողներին ըստ պահանջի ներկայացվում են բոլոր այն տեղեկությունները, այդ թվում նաև ֆինանսական, որոնք հիմք են ծառայել պարտապանի ֆինանսական առողջացման ծրագրի համար:»:

Հոդված 27. Օրենքի 61-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Եթե ֆինանսական առողջացման ծրագրով նախատեսվում է այլ անձանց կողմից պարտապանին ֆինանսավորման տրամադրում, ապա տվյալ ծրագրի հաստատման համար ֆինանսավորողի համաձայնությունը պարտադիր է: Պարտապանի ֆինանսական առողջացման ծրագրի շրջանակներում ֆինանսավորում տրամադրած կամ պարտապանի պարտատոմսեր կամ մուրհակներ ձեռք բերած անձանց պահանջներն ունեն բավարարման առաջնահերթություն պարտապանի հանդեպ մյուս բոլոր պահանջների նկատմամբ և բավարարվում են ֆինանսական առողջացման ծրագրի իրականացման ընթացքում պարտապանի ստացած զուտ եկամուտներից, եթե այլ բան նախատեսված չէ պարտապանի ֆինանսական առողջացման ծրագրով կամ ֆինանսավորողի և պարտատերերի գրավոր համաձայնությամբ:»:

Հոդված 28. Օրենքի 64-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Ֆինանսական առողջացման ծրագիրը պարտատերերի ժողովի կողմից ընդունվելուց հետո դատարանի հաստատմանը ներկայացնելիս  պարտապանը պարտավոր է դատարանին ներկայացնել պահանջներ չներկայացրած  պարտատերերի ցուցակը։ Պահանջներ չներկայացրած  պարտատերերը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ծանուցվում են պարտապանի սնանկության և պարտատերերի պահանջները մեկամսյա ժամկետում դատարանին ներկայացնելու անհրաժեշտության մասին: Ծանուցագրում նշվում է պահանջ չներկայացնելու իրավական հետևանքների մասին:

Սույն մասի 1-ին պարբերությամբ սահմանված պահանջները դատարանի կողմից քննարկվում են սույն օրենքի 85-րդ հոդվածի 2-րդ մասի կարգով:

Եթե ֆինանսական առողջացման ծրագրի հաստատումից հետո դատարան են ներկայացվում պարտատերերի նոր պահանջներ, ապա ֆինանսական առողջացման ծրագիր ներկայացնելու իրավունք ունեցող անձը մեկամսյա ժամկետում կարող է դատարան ներկայացել նոր ֆինանսական առողջացման ծրագիր կամ հաստատված ծրագրի փոփոխություններ: Նոր ֆինանսական առողջացման ծրագիրը կամ հաստատված ծրագրի փոփոխությունները դատարան են ներկայացվում և հաստատվում սույն օրենքով սահմանված կարգով:

Եթե ծանուցված պարտատերը պահանջ չի ներկայացնում, ապա պարտապանի ֆինանսական առողջացման հիմքով սնանկության գործն  ավարտելուց հետո, պարտապանը ազատվում է պարտավորությունից։ Չծանուցված պարտատերերը պահպանում են պարտապանի դեմ պահանջ ներկայացնելու իրավունքը»:

Հոդված 29. Օրենքի 66-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Պարտատերերի ժողովը պարտավոր է քննարկել և որոշել ֆինանսական առողջացման ծրագիրը  երկարաձգելու կամ դրանում փոփոխություններ կատարելու հարցը սույն օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված անձանց կողմից դիմելու դեպքում»:

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մաս.

«3. Ֆինանսական առողջացման ծրագրի ընդհանուր տևողությունը դատարանի կողմից դրա սկզբնական հաստատումից հետո չի կարող գերազանցել 72 ամիսը, իսկ սկզբնական հաստատվող ֆինանսական առողջացման ծրագրի տևողությունը չի կարող գերազանցել 36 ամիսը»:

Հոդված 30. Օրենքի 82-րդ հոդվածի

1) 1-ին մասի ա) կետում «տնօրինման համար անհրաժեշտ ծախսերը» բառերից հետո լրացնել «(ֆինանսավորումները)» բառը.

2) 1-ին մասի ե) կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

2)  «ե) պարտապանին սնանկ ճանաչելու մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո պարտապանի գույքի օտարման հետ կապված ընթացիկ անուղղակի հարկային պարտավորությունները:»::

Հոդված 31. Օրենքի 94-րդ հոդվածում.

1) ուժը կորցրած ճանաչել 1-ին, 3-րդ, 4-րդ և 5-րդ մասերը:

2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Ֆիզիկական անձի ֆինանսական առողջացման ծրագիրը հաստատում է դատարանը, եթե այն համապատասխանում է սույն օրենքով սահմանված պահանջներին և առկա է պարտապանի և գրանցված պարտատիրոջ համաձայնությունը: Ֆիզիկական անձի առողջացման ծրագիրը ներկայացնելու, հաստատելու հետ կապված հարաբերությունների նկատմամբ տարածվում են՝ իրավաբանական անձանց համար սույն օրենքով սահմանված իրավակարգավորումները, եթե այլ բան սահմանված չէ սույն հոդվածով։

Ֆիզիկական անձի առողջացման ծրագրի առավելագույն ժամկետը չի կարող գերազանցել չորս տարին:»:

Հոդված 32. Օրենքի 99-րդ հոդվածի 2-րդ մասը ճանաչել ուժը կորցրած։

Հոդված 33. Օրենքի 100-րդ հոդվածում՝

«1. Անհատ ձեռնարկատիրոջ սնանկության վարույթում ձեռնարկատիրական գործունեության հետ չկապված պարտավորություններով նրա պարտատերերը, ինչպես նաև անձնական բնույթի այլ պահանջներով պարտատերերը իրավունք ունեն ներկայացնելու իրենց պահանջները սույն օրենքով սահմանված կարգով: Եթե սնանկ ճանաչված ֆիզիկական անձը նաև անհատ ձեռնարկատեր է, ապա նրա որպես անհատ ձեռնարկատիրոջ գործունեության հետ կապված պարտավորություններով պարտատերերը իրավունք ունեն ներկայացնելու իրենց պահանջները սույն օրենքով սահմանված կարգով:»:

2) 2-րդ մասը ճանաչել ուժը կորցրած։

Հոդված 34. Օրենքի 105-րդ հոդվածի 1-ին մասից «և խորհրդի համաձայնության առկայության դեպքում» բառերը փոխարինել  «և պարտատերերի առարկությունների բացակայության դեպքում» բառերով:

Հոդված 35. Եզրափակիչ և անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2016 թվականի հունիսի 1-ից:

2. Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո հարուցված սնանկության վերաբերյալ գործերի վարույթն իրականացվում է սույն օրենքով սահմանված կարգով:

3. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը սահմանված կարգով հարուցված և դատարանի վարույթում գտնվող սնանկության վերաբերյալ գործերի վարույթն իրականացվում է մինչ սույն օրենքի ուժի մեջ մտնելը սահմանված կարգով, բացառությամբ ֆինանսական առողջացման դեպքերի:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի (Օրենսգրքի) 193-րդ հոդվածի «պատժվում է ազատազրկմամբ` երկուսից վեց տարի ժամկետով:» բառերը փոխարինել «պատժվում է ազատազրկմամբ` երկուսից վեց տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ 

«ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ 

ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հոդված 1.  «Անհատ ձեռնարկատիրոջ մասին» Հայաստանի Հանրապետության  2001 թվականի ապրիլի 3-ի ՀՕ-167 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 9-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ պարբերությամբ.  

«Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող քաղաքացին կրում է պատասխանատվություն իր` որպես անհատ ձեռնարկատեր ստանձնած պարտավորությունների կատարման համար»:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ  

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Շուկայական տնտեսության պայմաններում առաջանում են այնպիսի իրավիճակներ, երբ բացակայում է շուկայի մասնակիցների` իրենց կողմից ստանձնած պարտավորությունները կատարելու հնարավորությունը: Ուստի անհրաժեշտ է որոշակի իրավական գործիքների և կանոնակարգումների միջոցով պաշտպանել ինչպես պարտատերերի, այնպես էլ պարտապանների շահերը:

Եթե քաղաքացիական հայց ներկայացնելու միջոցով իրավունքների պաշտպանությունը հիմնականում անհատական շահերի պաշտպանության միջոց է, ապա սնանկության պարագայում նպատակը կոլեկտիվ շահերի պաշտպանությունն է, որը ներառում է ինչպես պարտատերերին, այնպես էլ պարտապանին, չնայած, որ, որպես կանոն, սնանկության վարույթները սկսվում են առանձին անձանց դիմումների հիման վրա:

Այսպիսի իրավիճակները կարգավորվում են սնանկության միջոցով: Սնանկությունը հետապնդում է մի քանի նպատակ. ապահովել պարտատերերի՝ պարտապանին ուղղված պահանջների կատարումը, նպաստել ֆինանսական ծանր կացության մեջ գտնվող կազմակերպություններին պարտավորությունների կատարման՝ ֆինանսական առողջացման ծրագրի իրագործման միջոցով դուրս գալ սնանկացման գործընթացից և վերսկսել բնականոն գործունեությունը: Սնանկության իրավահարաբերությունների կարգավորման բեռի մեծ մասն ընկնում է «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի վրա /այսուհետ նաև՝ Օրենք/:

Օրենքում առկա են որոշակի բացեր, թերություններ, որոնք նշվել են ինչպես Համաշխարհային բանկի փորձագետների ուսումնասիրության արդյունքում տրված 2014թ. եզրակացությամբ, այնպես էլ` Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի 27.01.2015 թվականի որոշմամբ և Օրենքի կիրառմանը մասնակցող պաշտոնյաների, մասնագետների ու այլ անձանց կարծիքներում:

Արդյունքում Օրենքը պահանջում է որոշակի փոփոխություններ, որոնք կվերացնեն առկա թերությունները և բացերը, ինչը զգալիորեն կբարձրացի Օրենքի կիրառման արդյունավետությունը:

Ներկա իրավիճակը և խնդիրները

·         Սնանկության վտանգ

Ներկայումս սնանկության ոլորտում բացակայում է ճգնաժամային կառավարման /սնանկության վտանգի/ մեխանիզմը, Սնանկության մասին Հայաստանի Հանրապետության օրենքը պարտավորեցնում է պարտապանին դիմել դատարան՝  կամավոր սնանկության այն դեպքում, երբ պարտավորությունները գերազանցում են օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի և ավելի չափով գերազանցում են պարտապանի ակտիվների արժեքը:

Կամավոր սնանկության դիմումին հետևում են  սահմանափակումները՝  մորատորիումը, ինչը գործնականում ստեղծում է դժվարություններ ընկերության հնարավոր առողջացման և շուկա վերադառնալու հրատապ քայլեր կատարելու համար:  Կամավոր սնանկության դիմող պարտապանը օգնության ձեռք է փնտրում, որը նրան պետք է մատչելի լինի անմիջապես: Այսինքն՝ ճգնաժամում հայտնված պարտապանին այնպիսի աջակցություն է պետք, որը գործնականում հնարավորություն ընձեռի բանակցել և ստանալ պարտավորությունների կատարման նոր մեխանիզմ կամ ժամանակացույց, կամ այլ այնպիսի գործիքների կիրառում, որոնք կարող են փրկօղակի դեր կատարել և չստիպել պարտապանին ընկղմվել սնանկության բարդ ընթացակարգի մեջ:

Սակայն ճգնաժամային կառավարման հարցում օգնությունն ավելի արդյունավետ կլինի այն դեպքում, երբ պարտապանն արդեն իսկ կանխատեսում է սնանկության հնարավորությունը, սակայն դեռևս առկա չեն սնանկության հատկանիշները: Հենց այս փուլում հակաճգնաժամային կառավարման ինստիտուտի ներմուծումը սնանկությունների կանխման համար կարևոր միջոց կարող է դառնալ: Պարտապանի ճգնաժամային կառավարման համար համապատասխան իրավասություններ և գործիքներ պետք է տրվեն  սնանկության կառավարիչներին, ովքեր իրենց փորձն ու գիտելիքները համատեղելով այն լրացուցիչ իրավունքների ու գործիքների հետ, որ կունենան օրենքով, կկարողանան օգնել պարտապանին հաղթահարել դժվարությունները և վերադառնալ բնականոն գործունեության:

Նախագծի 6-րդ հոդվածի 15.8 հոդվածի 1-ին մասի բ) կետով նախատեսված է առաջնահերթության իրավունքի շնորհում սնանկության վտանգի վարույթում գտնվող ընկերությանը ֆինանսավորող վարկատուներին: Այս հնարավորությունը խորհուրդ է տրվում Միավորված ազգերի Միջազգային առևտրային իրավունքի հանձնաժողովի օրենսդրական սնանկության ուղեցույցում:

Գործող համակարգում բանկերը կարող են նման ֆինանսավորումը դիտարկել, որպես շահույթի աղբյուր, հաշվի առնելով, որ  առաջնահերթության դեպքում պահանջի բավարարման հավանականությունը բարձր է:

Պարտապանի կողմից ֆինանսավորումը խրախուսելու համար վերակազմավորումը հաջողությամբ իրականացնող շատ երկրներում իրավական համակարգը թույլ է տալիս, որպեսզի  սնանկության վարույթի ներքո վերակազմավորվող ընկերության վարկատուներին տրվի պահանջի բավարարման առաջնահերթություն:

Առաջնահերթություն կարող է շնորհվել մի քանի ճանապարհով: Գերմանիայում այն շնորհվում է վարկատուներին, որոնք ֆինանսավորում  են տրամադրում գործի վարույթը սկսվելուց հետո, բայց միայն չապահովված պարտատերերի դեպքում: Ֆրանսիայում դատարաններին թույլ է տրվում հաշտության վարույթի ընթացքում ֆինանսավորում  տրամադրող պարտապանների շահերի կամ գույքի պաշտպանության նպատակով առաջնահերթություն շնորհել, որը գերակայում է գործող գույքային իրավունքները: ԱՄՆ-ում դատարանը շնորհում է վարույթի ընթացքում ընկերության հետ առևտրային գործարքներ իրականացնող ընկերությունների պահանջների  առաջնահերթ բավարարման իրավունք, կամ կարող է թույլ տալ վարույթի ընթացքում ստացված հասույթից վարկատուների պահանջների բավարարման առաջնահերթություն կամ գույքի նկատմամբ գործող իրավունքներին հավասար կամ առաջնահերթ իրավունք, եթե պարտապանը չի կարող չապահովված վարկ ստանալ:

·         Ֆինանսական առողջացման ժամկետը

Օրենքը սահմանում է, որ պարտապանի ֆինանսական առողջացման ծրագրի ժամկետը չի կարող գերազանցել 24 ամիսը, իսկ որոշ դեպքերում դատարանի որոշմամբ այն կարող է երկարաձգվել ևս 12 ամսով:

Նշված ժամկետը կարող է բավարար չլինել պարտապանի ֆինանսական առողջացման ծրագրի իրագործման համար և պատճառ հանդիսանալ գործող ծրագրի ձախողման: Հետևապես անհրաժեշտ է այն վերանայել և նախատեսել ավելի երկար ժամկետ:

·         Պարտապանի դեմ վարչական և արբիտրաժային գործերի կարճում

Սնանկության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճռի օրինական ուժի մեջ մտնելու պահից Պարտապանից գումարի բռնագանձման կամ գույքի հանձնման պահանջներով բոլոր քաղաքացիական գործերի վարույթները կարճվում են: Միաժամանակ կարճվում են նաև գույքային բռնագանձումներով բոլոր կատարողական վարույթները: Բայց օրենքը չի կարգավորում, թե արդյոք պետք է կարճվեն նաև պարտապանի դեմ վարչական կամ արբիտրաժային դատարաններում գտնվող գործերը: Ինպես նաև բաց է մնում այդ գործերով կիրառված հայցային ապահովման միջոցները վերացնելու հարցը:

·                Պարտապանին վերաբերող բոլոր դատական վեճերի քննությունը մեկ վարույթում

Գործնականում հաճախ է հանդիպում, երբ պարտապանին վերաբերող վեճերը քննվում են տարբեր դատարաններում: Օրինակ, երբ պարտապանը վիճարկում է գործարքների անվավերությունը, գույքային պահանջներ է ներկայացնում և այլն: Նման դեպքերում սնանկության գործը մնում է առկախված:

Պարտապանին վերաբերող բոլոր քաղաքացիական գործերը մեկ վարությում քննելը կարող է այն ավելի արդյունավետ դարձնել:

  • Վարձատրության սկզբունքը չի նպաստում, որպեսզի ՍԿ-ները իրականացնեն կամ օժանդակեն վերակազմավորմանը

Կառավարիչների վարձատրությունը սահմանված է օրենքի 30-րդ հոդվածում: Կառավարիչների վարձատրությունը պարտատերերի պահանջների բավարարման համար ստացված գումարի տոկոս է, որը կախված է վերականգնված գումարի մեծությունից:  Կառավարչի վարձատրությունը սահմանվում է պարտատերերի պահանջների բավարարման չափի տոկոսադրույքներով` սկսած 10 տոկոսից մինչև 25 միլիոն դրամի դեպքում և 500 միլիոն ՀՀ դրամը գերազանցելու դեպքում հասնելով 23,750,000 ՀՀ դրամի (57,600 ԱՄՆ դոլար) գումարած 500 միլիոն դրամը գերազանցող գումարի 3 տոկոսը: Եթե գործը մնում է անավարտ կամ դադարեցվում է առանց գույքի իրացման դատարանը որոշում է վարձատրության չափը հիմք ընդունելով աշխատած ժամերը և կատարված աշխատանքը: Պարտապանի ֆինանսական առողջացման դեպքում կառավարչի վարձատրության ամսական չափը սահմանվում է ֆինանսական առողջացման ծրագրով՝ հաշվի առնելով պարտապանի կառավարվող ակտիվների ծավալը և (կամ) կառավարման բարդությունը: Եթե պարտապանը չունի գույք, կամ նրա գույքի արժեքը պակաս է նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից, կառավարչին վճարվում է փոխհատուցում՝ նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով: Շահագրգիռ կողմերը հաղորդում են, որ կառավարիչները, համեմատելով լուծարման դեպքում գույքի արագ վաճառքից ստացվող վարձատրությունը ֆինանսական առողջացման իրականացման դեպքում անորոշ վարձատրության հետ, խուսափում են վերակազմավորում իրականացնելուց: Այն ավելի շատ աշխատանք է պահանջում, ավելի երկար է տևում և արդյունքն ավելի անորոշ է, ուստի կառավարիչը վստահ չի կարող լինել վերջնական վարձատրության չափի վերաբերյալ, ընդ որում դատարանի եզրահանգումից բացի չկան որևէ այլ կարգավորող իրավական դրույթներ:

  • Ֆինանսական առողջացման ծրագրի տևողության համար նախատեսված ժամկետը շատ կարճ է.  

Օրենքի 59-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն այն չի կարող գերազանցել 24 ամիս: Այլ երկրների համեմատ դա կարճ ժամկետ է, օրինակ Միացյալ Թագավորությունում պարտատերերի հետ պայմանավորվածությունների համար ընկերություններին տրվում է 6 տարի, իսկ Ֆրանսիայում  ֆինանսական առողջացման ժամկետը կարող է տևել 10 տարի: Կարճ ժամկետը սահմանափակում է բանակցությունների հնարավորությունը:

·         Միայն մեկ կառավարիչների ԻԿԿ-ի լուծարման խնդիրը

Օրենքի  106-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ կարող է լինել սնանկության գործերով կառավարիչների ինքնակարգավորվող միայն մեկ կազմակերպություն, սակայն պահանջվում է, որ այդպիսի կազմակերպությունն ունենա ոչ պակաս, քան 20 պետական լիազոր մարմնի կողմից որակավորված կառավարիչներ (Հոդ. 26(1)): Եթե կառավարիչ անդամների թիվը 20-ից նվազի, ապա սնանկության գործերով կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունը հարկադրված կլինի լուծարվել, որի հետևանքով սնանկության համակարգը կաթվածահար կլինի:

  • Սնանկության վարույթում գտնվող ընկերությանը կանխիկ դրամով ապահովելու նպատակով ֆինանսավորումը, որը չափազանց կարևոր է  նրա վերակազմավորման համար:

Ֆինանսական բարդ վիճակում գտնվող պարտապանը որպես կանոն դրամի կարիք ունի, սակայն, նման վիճակում հայտնվելուց հետո նա սովորաբար չի կարողանում բավարարել այդ պահանջը նորմալ առևտրային ճանապարհով: Այդ իսկ պատճառով ժամանակակից սնանկության օրենքները լծակներ են նախատեսում վերակազմավորման գործընթացում գտնվող պարտապանների վարկատուների համար, մասնավորապես նախատեսելով պահանջի բավարարման կամ գրավի իրացումից ստացվող հասույթի նկատմամբ առաջնահերթության իրավունք: Միջազգային գործելակերպը ցույց է տալիս, որ առանց նման ֆինանսավորման սնանկության օրենքները թույլ չեն տալիս հասնել վերակազմավորման: Հայաստանի օրենսդրությունում չկան սնանկության վարույթում գտնվող ընկերության ֆինանսավորմանը նպաստող դրույթներ:

Կարգավորման նպատակը և ակնկալվող արդյունքը

Սնանկության ոլորտը կարգավորող իրավական դաշտի ուսումնասիրման և օրենսդրական դաշտի կարգավորման նպատակով 2015 թվականի մարտի 10-ին N 191-Ա Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որի մասնակիցները համատեղ քննարկումների արդյունքում «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքում կատարել են հետևյալ լրացումները և փոփոխությունները`

  • «Սնանկության վտանգի» հնարավորության ներմուծումը առաջնահերթ կերպով հնարավորություն կտա շատ պարտապանների խուսափել վերահաս սնանկությունից և կառավարչի աջակցությամբ հաղթահարել դժվարությունները և վերադառնալ բնականոն գործունեության: Սա նաև կարող է զգալիորեն թեթևացնել դատարանների ծանրաբեռնվածությունը սնանկության գործերով:

Նախագծի 2.1 գլխով սահմանվել է առանձին «Սնանկության վտանգի վարույթ», որտեղ նկարագրված է սնանկության վտանգի դիմումի քննության կարգը, դիմումի բավարարման հետևանքները, պարտատերերի պահանջների բավարարման սառեցման (մորատորիումի) կարգը սնանկության վտանգի վարույթում, ֆինանսական  առողջացման ծրագրի ներկայացման կարգը, պայմանները, ավարտման պահը և այլն:

  •  Նոր ֆինանսավորողների ներգրավումը զգալիորեն կբարելավի սնանկության գործընթացի և մասնավորապես` պարտապանի ֆիանանսական առողջացման հնարավորությունը (61-րդ հոդվածի 5-րդ մաս):
  • Ժամանակի սղությունը այլևս առողջացման ծրագրի ձախողման պատճառ չի լինի (59-րդ հոդված) :
  • Կսահմանվի ապահովված իրավունքի առարկայի իրացման արտադատական մեխանիզմ, որը հնարավորություն  կընձեռի ապահովված պարտատիրոջը ավելի ճկուն և արագ իրականացնել իր իրավունքները՝ դրանով հանդերձ հավելյալ չծանրաբեռնելով դատարաններին: Ապահովված իրավունքների պարագայում մորատիորումը չի տարածվի ապահովված իրավունքի առարկայի վրա այն դեպքում, երբ դատարանը թույլատրել է վերջինիս իրացումը արտադատական կարգով: Հիշյալ կարգավորումը կնախատեսի նաև բացառություններ՝ տրամադրելով համարժեք ապահովվածություն պարտատիրոջը այն պայմանով, երբ առանց ապահովված իրավունքի առարկայի օգտագործման պարտապանի ֆինանսական առողջացման ծրագիրը չի կարող իրականացվե (39-րդ հոդված):
  • Նախատեսվել են սնանկության կառավարչի վարքագծի լրացուցիչ կանոններ (Հոդված 23.1):
  • Այն դեպքում, եթե կառավարիչների թիվը գրանցվի 20-ից պակաս, ապա կառավարիչների ինքնակարգավորվող ընկերության գործառույթները կկատարի ՀՀ արդարադատության նախարարությունը, մինչև օրենքի պահանջներին համապատասխան կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության անդամ կառավարիչների թվի համալրումը կամ նոր ինքնակարգավորվող կազմակերպության հիմնադրումը (26-րդ հոդվածի 1.1 մաս):
  • Սնանկության գործընթացի արդյունատվետությունը ապահովելու նպատակով կառավարիչների համար սահմանվել են ամենամյա վերապատրաստումներ նվազագույնը 24 ակադեմիական ժամ ընդհանուր տևողությամբ (26-րդ հոդվածի 5-րդ մաս):
  • Սնանկության գործընթացի թափանցիկությունը ապահովելու նպատակով 29-րդ հոդվածի 1-ին մասի ժգ) կետով նախատեսվել է պարտապանի,  պարտատերերի կամ ֆինանսական առողջացման ծրագրով ներգրավված ֆինանսավորողի պահանջով վերջիններիս տրամադրել տեղեկություններ պարտապանի սնանկության վարույթի կամ ֆինանսական առողջացման վերաբերյալ:
  • 29.1 և 29.2 հոդվածներով նախատեսվել են սնանկության կառավարչի գործունեության կասեցման, ինչպես նաև լիազորությունների դադարեցման դեպքերը:
  • Օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի փոփոխությամբ նախատեսվել է կառավարչի վարձատրության կարգի և չափի փոփոխություն, որի նպատակն է սնանկության կառավարիչներին շահագրգռել իրավաբանական անձի վերակազմավորման և առողջացման:
  • 99 և 100-րդ հոդվածներում նախատեսված փոփոխությունները նպատակ ունեն պարտապանին հնարավորություն ընձեռել հետագայում վերադառնալ բիզնես միջավայր և շարունակել կամ նորից սկսել բիզնես գործունեությունը:
  • Չապահովված պարտատերերի մեջ առաջնահերթություն է նախատեսվում այն ֆինանսավորողներին, ովքեր ֆինանսավորում կտրամադրեն պարտապանին ֆինանսական առողջացման ծրագիրը ներկայացնելուց մինչև դատարանի կողմից դրա հաստատումը ընկած ժամանակահատվածում:

ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելը պայմանավորված է այն պարզ իրողությամբ, որ ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված կեղծ սնանկության համար որպես պատիժ նախատեսվում է ազատազրկում` երկուսից վեց տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով: Մինչդեռ ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված կանխամտածված սնանկություն հանցակազմի համար որպես պատժատեսակ նախաետսվում է միայն ազատազրկում 2-6 տարի ժամկետով: Նման պայմաններում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ շատ իրավիճակներում կանխամտածված սնանկության հանցակազմը իր հանրային վտանգավորության բնույթով ոչ պակաս վտանգավորություն է ներկայացնում, քան կեղծ սնանկությունը, ուստի առաջարկվում է կանխամտածված սնանկության համար պատժատեսակը համահունչ դարձնել կեղծ սնանկության համար նախատեսված պատժատեսակին: 

«Անհատ ձեռնարկատիրոջ մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում նախատեսված է լրացում 9-րդ հոդվածի 3-րդ մասում, մասնավորապես` «Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող քաղաքացին կրում է պատասխանատվություն իր՝  որպես անհատ ձեռնարկատեր ստանձնած պարտավորությունների կատարման համար»: Այս օրենքում փոփոխությունները պայմանավորված է այն հանգամանքով, որ սույն նախագծով նախատեսվում է, որ եթե սնանկ ճանաչված ֆիզիկական անձը նաև անհատ ձեռնարկատեր է, ապա նրա՝ որպես անհատ ձեռնարկատիրոջ գործունեության հետ կապված պարտավորություններով պարտատերերը իրավունք ունեն ներկայացնելու իրենց պահանջները սույն օրենքով սահմանված կարգով:  

  • և այլն:

Տվյալ կարգավորումների ընդունմամբ կլրացվեն օրենսդրական բացերը, որոնք օրենքի տարաբնույթ մեկնաբանությունների և կիրառման տեղիք են տալիս:

Պարտապաններին հնարավորություն կընձեռվի առանց սնանկության հասնելու վերադառնալ բնականոն գործունեության՝ հակաճգնաժամային կառավարման օգնություն ստանալով կառավարչի կողմից:

Պարտապանի ֆինանսական առողջացման համար ավելի լայն հնարավորություններ կտրվեն ու ավելի երկար ժամկետներ, ինչը զգալիորեն կարող է մեծացնել ինչպես պարտապանի ֆինանսական առողջացման և շուկա վերադառնալու, այնպես էլ պարտատերերի շահերի պաշտպանության մակարդակը: Արդյունքում շահելու է նաև սնանկության վարույթի արդյունավետությունը:

Սնանկության կառավարիչների գործունեությունը կդառնա առավել արդյունավետ և վերահսկելի՝ ինչպես պարտապանների, այնպես էլ պարտատերերի շահերի պաշտպանության տեսանկյունից: Կլուծվեն սնանկության կառավարիչների վարձատրության հետ կապված խնդիրները, իսկ ֆինանսական առողջացման համար սնանկության կառավարչի վարձատրության նոր կարգը կխրախուսի նրանց ավելի շատ հակվելու պարտապանի ֆինանսական առողջացմանը, քան լուծարմանը:

Դատավորների մասնագիտացման խնդրի լուծումը թույլ կտա սնանկության գործեր քննող դատավորներին չծանրաբեռնվել այլ գործերով և ավելի շատ ժամանակ հատկացնել սնանկության գործերին, արդյունքում կբարելավվի ինչպես քննության որակը, արագությունը և արդյունավետությունը, այնպես էլ պարտատերերի ու պարտապանների շահերի պաշտպանության աստիճանը:

ՏԵՂԵԿԱՆՔ N 1

«ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարեու մասին», «Անհատ ձեռնարկատիրոջ մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը առկա չէ:

ՏԵՂԵԿԱՆՔ N 2

«ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ  ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ

ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարեու մասին», «Անհատ ձեռնարկատիրոջ մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի էական ավելացում չի առաջանա։