28/08/2015

Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 18-ի N 16 արձանագրային որոշման մեջ լրացում կատարելու և Հայաստանի Հանրապետության նախարարին կից հանրային խորհրդի օրինակելի աշխատակարգին հավանություն տալու մասին ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծ, ամփոփաթերթ

ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18-Ի N 16 ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ  ԵՎ  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻՆ ԿԻՑ ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հայաստանի Հանրապետության նախարարությունների գործունեության թափանցիկությունը և մասնակցային կառավարումը ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 18-ի N 16 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած` Հայաստանի Հանրապետության նախարարության այսուհետ՝ Նախարարություն օրինակելի կանոնադրությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 15.2-րդ կետով. 

«15.2. Նախարարության առջև դրված խնդիրների և գործառույթների իրականացման ընթացքում քաղաքացիական հասարակության մասնակցության ապահովման նպատակով նախարարին կից ստեղծվում է հանրային խորհուրդ: Հայաստանի Հանրապետության նախարարին կից հանրային խորհուրդը`

1 աջակցում է Նախարարության առջև դրված խնդիրների ու գործառույթների առավել արդյունավետ իրականացմանը՝ ներկայացնելով առաջարկություններ և դիտողություններ Նախարարության կողմից տարվող ընդհանուր քաղաքականության առավել արդյունավետ իրականացման վերաբերյալ,

2 հասարակական կազմակերպությունների կամ այլ շահագրգիռ անձանց մասնակցությամբ քննարկում է հասարակության տարբեր շերտերի կարծիքներն ու տեսակետները՝ Նախարարության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման վերաբերյալ,

3 ներկայացնում է առաջարկություններ և դիտողություններ`

ա. Նախարարության կողմից շրջանառվող իրավական ակտերի, հայեցակարգերի, ռազմավարությունների և ծրագրերի նախագծերի վերաբերյալ և աջակցում է հանրային քննարկումներին,

բ. Նախարարության կողմից ձեռնարկվող բարեփոխումների, ընդհանուր քաղաքականության ուղղությունների, ինչպես նաև Նախարարության կողմից իրականացվող աշխատանքների առաջնահերթությունների վերաբերյալ,

գ. Նախարարության ընթացիկ գործունեության, Նախարարության առանձնացված ստորաբաժանումներ հանդիսացող գործակալությունների կողմից մատուցվող ծառայությունների որակի վերաբերյալ:

2. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության նախարարին կից հանրային խորհրդի օրինակելի աշխատակարգին այսուհետ՝ Աշխատակարգ` համաձայն հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության նախարարներին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո`

1 երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել նախարարության կանոնադրությունում համապատասխան լրացում կատարելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ.

2 Նախարարության կանոնադրության մեջ լրացում կատարելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 30-օրյա ժամկետում ստեղծել Հայաստանի Հանրապետության նախարարին կից հանրային խորհուրդ:

 

 

 


Հավելված

 ՀՀ կառավարության

2015 թվականի ------------N-----

արձանագրային որոշման

 

ՕՐԻՆԱԿԵԼԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻՆ ԿԻՑ ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1.  Հայաստանի Հանրապետության  նախարարին կից հանրային խորհուրդը (այսուհետ` Խորհուրդ) խորհրդակցական մարմին է: 

 

II. ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

2. Խորհրդի նախագահը Հայաստանի Հանրապետության նախարարն է (այսուհետ` Խորհրդի նախագահ): 

3. Խորհրդի անհատական կազմը հաստատում է Խորհրդի նախագահը: Խորհրդի կազմում ընդգրկվում են առնվազն 15  անդամներ: Խորհրդի անդամների առավելագույն  թվաքանակը հաստատվում է Խորհրդի նախագահի կողմից:

4. Խորհրդի կազմում կարող են ընդգրկվել հասարակական կազմակերպությունների, զանգվածային լրատվության միջոցների, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև այլ  շահագրգիռ անձինք, որոնց գործունեության բնույթը համընկնում է Նախարարության գործունեության հիմնական ուղղություններին, համապատասխան ոլորտում ունեն առնվազն 2 տարվա մասնագիտական փորձառություն (իրականացրել  կամ մասնակցել են ոլորտին առնչվող ծրագրերի,  փորձագիտական աշխատանքների իրականացմանը, ունեն  ոլորտին առնչվող հրապարակումներ, մասնակցել են նախարարության կողմից ձևավորված աշխատանքային խմբերի, հանձնաժողովների աշխատանքներին, ոլորտին առնչվող հարցերով  համագործակցել են միջազգային կազմակերպությունների հետ և այլն) և որոնց մասնակցությունը Խորհրդի աշխատանքներին կարող է նպաստել Խորհրդի առջև դրված խնդիրների և  նպատակների առավել արդյունավետ իրականացմանը: Խորհրդի անհատական կազմում ընդգրկվող անձը պետք է ունենա բարձրագույն կրթություն: Խորհրդի կազմում չեն կարող ընդգրկվել այն անձինք, ովքեր տվյալ պահին ֆինանսավորում են  ստանում Նախարարությունից՝ վերջինիս մատուցելով համապատասխան ծառայություններ:

Խորհրդի կազմում ընդգրկված կազմակերպություններին Խորհրդում ներկայացնում են վերջիններիս կողմից լիազորված անձինք: Խորհրդի կազմում ընդգրկված կազմակերպությունները կարող են Խորհրդում իրենց ներկայացնելու համար լիազորված անձանց փոխելու դիմում ներկայացնել Նախարարություն, եթե նոր առաջադրված թեկնածուն համապատասխանում է սույն Աշխատակարգի 4-րդ կետով նախատեսված պահանջներին:

5. Խորհրդի կազմում ընդգրկվելու նպատակով սույն Աշխատակարգի 4-րդ կետի պահանջներին համապատասխանող  անձինք Նախարարության պաշտոնական կայքէջում հրապարակված հայտարարության հիման վրա (հայտարարության մեջ նշված ձևով և ժամկետներում) դիմում  են ներկայացնում Խորհրդի նախագահին` Խորհրդի կազմում ընդգրկվելու վերաբերյալ: Դիմումի մեջ պետք է ներկայացվի սույն Աշխատակարգի 4-րդ կետով նախատեսված պահանջներին համապատասխանությունը հիմնավորող տեղեկատվություն և փաստաթղթեր: Ներկայացված դիմումը՝ կից փաստաթղթերով, տեղադրվում է Նախարարության պաշտոնական կայքէջում:

6. Խորհրդի նախագահը Խորհրդի կազմում ընդգրկվելու վերաբերյալ դիմումը նախարարության աշխատակազմ մուտքագրվելուց հետո մեկշաբաթյա ժամկետում որոշում է կայացնում դիմումը բավարարելու կամ մերժելու մասին՝ հնգօրյա ժամկետում տեղեկացնելով դիմումատուին: Խորհրդի նախագահի որոշումը եռօրյա ժամկետում հրապարակվում է Նախարարության պաշտոնական կայքէջում:   Խորհրդի նախագահը սույն Աշխատակարգի 4-րդ կետով նախատեսված պահանջներին համապատասխանող անձանց դիմումները բավարարվում է ըստ դրանց ներկայացման հերթականության՝ հաշվի առնելով Խորհրդի անդամների առավելագույն թվաքականը պահպանելու անհրաժեշտությունը:

7. Խորհրդի անդամների նվազագույն թվաքանակի համալրման անհնարինության դեպքում Խորհուրդը կազմավորվում է սույն Աշխատակարգի 4-րդ կետի պահանջներին բավարարող անձանց փաստացի թվաքանակով: Խորհրդի լրացման նպատակով Նախարարության պաշտոնական կայքէջում հրապարակվում է նոր հայտարարություն՝ նախկին հայտարարության հրապարակումից 2 ամիս անց:

8. Երկու տարին մեկ անգամ Խորհրդի անդամների մեկ երրորդը ենթարկվում է ռոտացիայի՝ ըստ վիճակահանության՝ հաշվի առնելով սույն Աշխատակարգի 3-րդ կետով նախատեսված՝ Խորհրդի նվազագույն թվաքանակը պահպանելու անհրաժեշտությունը: Ռոտացիայի իրականացման նպատակով Նախարարության պաշտոնական կայքէջում Խորհրդի նոր անդամների համալրման նպատակով հրապարակվում է հայտարարություն: Ռոտացիայի արդյունքում Խորհրդի անդամների նվազագույն թվաքանակը պահպանելու անհնարինության դեպքում ռոտացիան կիրառվում է Խորհրդում ընդգրկվելու համար նոր դիմում ներկայացրած անձանց թվաքանակի համամասնությամբ:

 Խորհրդում նոր անդամների համալրման նպատակով հրապարակված հայտարարության հիման վրա դիմում չներկայացնելու դեպքում ռոտացիա չի կիրառվում և հետագայում ռոտացիայի կիրառման նպատակով Նախարարության պաշտոնական կայքջում հրապարակվում է հայտարարություն՝ նախկին հայտարարության հրապարակման պահից 2 ամիս անց:

Ռոտացիայի արդյունքում Խորհրդի կազմից դուրս եկած անդամը կարող է Խորհրդում ընդգրկվելու նպատակով դիմում ներկայացնել Խորհրդի կազմից դուրս գալուց 2 տարի անց:

9. Խորհրդում ընդգրկվելու նախապատվությունը տրվում է այն անձին, որի գործունեությունը առավել սերտ է առնչվում նախարարության նպատակներին և վերջինիս կողմից իրականացվող գործառույթներին, ինչպես նաև խրախուսվում է ազգային փոքրամասնությունների ներկայացուցչությունների ներգրավվածությունը:  Խորհրդում նոր անդամի ընդգրկումը կատարվում է սույն Աշխատակարգի 5-րդ կետով նախատեսված կարգով:

10. Խորհրդի կազմում ընդգրկվելու նպատակով անձի ներկայացրած դիմումի  մերժումը պետք է պատշաճ կարգով հիմնավորվի Խորհրդի նախագահի կողմից:

11. Խորհրդի նախագահը կարող է իր նախաձեռնությամբ Խորհրդի նվազագույն կազմից բացի որպես Խորհրդի լրացուցիչ անդամ ընդգրկել այլ շահագրգիռ անձի վերջինիս համաձայնությամբ, եթե գտնում է, որ տվյալ անձի մասնակցությունը կարող է էական նշանակություն ունենալ Խորհրդի ընթացիկ աշխատանքների համար: Խորհրդի կազմում լրացուցիչ անդամ ընդգրկելու վերաբերյալ Խորհրդի նախագահը կայացնում է պատճառաբանված որոշում:

12. Խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են առնվազն երեք ամիսը մեկ անգամ:

13. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է Խորհրդի անդամների կեսից ավելին:

14. Խորհրդի նիստերը նախագահում և վարում է Խորհրդի նախագահը կամ նրա  կողմից լիազորված անձը:

15. Խորհրդի անդամներից բացի, Խորհրդի նիստերին Խորհրդի նախագահի կամ Խորհրդի անդամների կեսից ավելիի համաձայնության դեպքում կարող են հրավիրվել Խորհրդի օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ տեղեկատվության տիրապետող տվյալ Նախարարության աշխատողները, Հայաստանի Հանրապետության Նախարարության հասարակայնության հետ կապերի համար պատասխանատու ստորաբաժանման աշխատակիցները, Հայաստանի Հանրապետության այլ նախարարությունների ներկայացուցիչներ, պետական մարմինների աշխատակիցները և օրակարգում քննարկվող հարցերին առնչություն ունեցող հասարակական կազմակերպությունների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ և այլ շահագրգիռ անձինք:

16.  Խորհրդի նիստերը դռնբաց են:

 

III. ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԵՐԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

17. Խորհրդի նիստերն անցկացվում են Խորհրդի նախագահի կողմից հաստատված օրակարգով:  Խորհրդի օրակարգը ձևավորվում է Խորհրդի  նախագահի և կամ անդամների կողմից ներկայացված առաջարկությունների հիման վրա: Խորհրդի նախագահը որոշում Է Խորհրդի նիստի անցկացման օրը, վայրը և ժամը: Խորհրդի նիստերի անցկացման մասին անդամները ծանուցվում են նիստից առնվազն քսան օր առաջ: Խորհրդի յուրաքանչյուր անդամ Խորհրդի նիստի օրակարգում հարց ընդգրկելու համար կարող Է այն ներկայացնել նիստից առնվազն տաս օր առաջ` այդ մասին տեղեկացնելով Նախարարության աշխատակազմին՝ կցելով անհրաժեշտ նյութերը:

18. Խորհրդի օրակարգում նշվում են`

1) Խորհրդի նիստի անցկացման վայրը, օրը և ժամը

2) Խորհրդի նիստում քննարկման ենթակա հարցերի շրջանակը

19. Խորհրդի նիստերի վերջնական օրակարգը և քննարկվելիք հարցերին վերաբերող այլ անհրաժեշտ փաստաթղթերը Խորհրդի անդամներին են փոխանցվում նիստից առնվազն մեկ շաբաթ առաջ՝ էլեկտրոնային փոստի միջոցով:

20. Խորհրդի գործունեության կազմակերպչական-տեխնիկական ապահովումն և քարտուղարությունն իրականացնում է Նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի համար պատասխանատու ստորաբաժանումը կամ տվյալ Նախարարության կազմակերպչական-տեխնիկական ապահովումն իրականացնող այլ պատասխանատու ստորաբաժանումը:

 

V. ԽՈՐՀՐԴԻ ԿՈՂՄԻՑ ԸՆԴՈՒՆՎՈՂ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԲՆՈՒՅԹԸ, ՆԻՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՄԱՆ ԵՎ ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

 

21. Խորհուրդը բաց քվեարկությամբ, ձայների մեծամասնությամբ կարող է ընդունել խորհրդատվական բնույթի որոշումներ: Ձայների հավասարության դեպքում վճռորոշ է Նախագահողի ձայնը:

22. Խորհրդի նիստի արձանագրության մեջ նշվում է`

1) նիստի անցկացման վայրը, տարին, ամիսը և ամսաթիվը, նիստը սկսելու և ավարտելու ժամերը.

2) նիստի օրակարգը.

3) նիստին մասնակցող խորհրդի անդամների, հրավիրված անձանց և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների տվյալները.

4) քննարկվող հարցերի  և ելույթների հիմնական դրույթները.

5) նիստին մասնակցող խորհրդի անդամների ներկայացրած հանրային առաջարկները, դիտողությունները և դրանց վերաբերյալ պաշտոնական մեկնաբանությունները.

6) ընդունված որոշումները՝ ներառյալ տվյալ որոշման վերաբերյալ քվեարկության արդյունքները.

7) այլ անհրաժեշտ տեղեկություններ:

23. Խորհրդի նիստի արձանագրությունը ստորագրում է նիստը նախագահողը և  նիստի արձանագրությունը կազմող աշխատակիցը` նիստից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում:

24. Խորհրդի աշխատանքների հետ կապված ծանուցումները և տեղեկատվության փոխանակումը կատարվում է էլեկտրոնային եղանակով` խորհրդի անդամների կողմից տրամադրված էլեկտրոնային փոստի հասցեներով:

25. Խորհրդի նիստերի արձանագրությունները պահվում են Նախարարության աշխատակազմում և հրապարակվում Նախարարության պաշտոնական կայքէջում Խորհրդի նիստի օրվան հաջորդող հնգօրյա ժամկետում:

26. Խորհրդի նիստը նախագահողի որոշմամբ կարող է ձայնագրվել, որի վերաբերյալ համապատասխան նշում է կատարվում Խորհրդի նիստի արձանագրության մեջ:

 

VI. ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ ՆԱԽԱԳԱՀՈՂԻ ԵՎ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ

ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

27. Խորհրդի նախագահը`

1) վարում է Խորհրդի նիստերը.

2) հաստատում է Խորհրդի օրակարգը և ստորագրում Խորհրդի նիստերի արձանագրությունները.

3) որոշում է Խորհրդի նիստերին հրավիրվող այլ անձանց կազմը.

4) ընտրում և հաստատում է Խորհրդի կազմը.

5) իրականացնում է սույն աշխատակարգով սահմանված այլ լիազորություններ:

28. Խորհրդի անդամն իրավունք ունի՝

1) ներկայացնել հարցեր՝ Խորհրդի օրակարգում ընդգրկելու համար.

2) ներկայացնել կարծիք՝ Խորհրդի նիստերի ընթացքում քննարկվող հարցերի շուրջ.

3) մասնակցելու քվեարկությանը.

29. Խորհրդի անդամը պարտավոր է մասնակցել Խորհրդի նիստերին:

 

 

VII. ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

30. Խորհրդի կազմում անդամությունը դադարեցվում է `

1) Խորհրդի անդամի  դիմումի հիման վրա.

2) Խորհրդի նիստերին երեք և ավելի անգամ անհարգելի բացակայելու դեպքում.

3) Ռոտացիայի արդյունքում Խորհրդի կազմից դուրս գալու դեպքում

4) Խորհրդի անդամին առաջադրվող պահանջներին չհամապատասխանելու վերաբերյալ նոր փաստերի առկայության դեպքում

5) Խորհրդի կազմում ընդգրկված կազմակերպության լիազոր ներկայացուցչին փոխելու և կազմակերպության կողմից ներկայացված նոր անդամ ընդգրկելու վերաբերյալ դիմումը բավարարելու դեպքում:

31. Սույն Աշխատակարգի 30-րդ կետի 1-ին, 3-րդ, 4-րդ և 5-րդ ենթակետերով նախատեսված դեպքերում Խորհրդի կազմում անձի անդամությունը դադարեցվում է Խորհրդի նախագահի պատճառաբանված որոշմամբ:

32. Սույն Աշխատակարգի 30-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված դեպքում Խորհրդի կազմում անձի անդամությունը դադարեցվում է Խորհրդի նախագահի պատճառաբանված որոշմամբ, որը հնգօրյա ժամկետում առաքվում է տվյալ անձին կամ այն կազմակերպությունը, որին անդամակցում է տվյալ անձը: Սույն Աշխատակարգի 30-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված հիմքով Խորհրդի կազմում անդամությունը դադարեցվելու դեպքում տվյալ անձը երկու տարի ժամկետով զրկվում է Խորհրդի կազմում ընդգրկվելու իրավունքից:

 

 

VIII. ԽՈՐՀՐԴՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԱԾ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՈՒՄԸ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ, ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ

 

33. Խորհրդի նիստերի արձանագրությունները կամ արձանագրության քաղվածքները տրամադրվում են Խորհրդի բոլոր անդամներին վերջիններիս ցանկությամբ հնգօրյա ժամկետում, իսկ Խորհրդի նիստերում ընդունված որոշումները տեղադրվում են Նախարարության պաշտոնական կայքէջում:

34. Խորհրդի նիստերի արձանագրությունների կամ արձանագրության քաղվածքների տրամադրումը խորհրդի անդամներին ապահովում է քարտուղարությունը:  

35. Խորհրդի գործունեության տարեկան հաշվետվությունը մինչև մյուս տարվա հունվարի 20-ը տեղադրվում է Նախարարության պաշտոնական կայքէջում:

 

 

 

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18-Ի N 16 ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ  ԵՎ  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻՆ ԿԻՑ ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

 Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 18-ի N 16 արձանագրային որոշման մեջ լրացում կատարելու  և  Հայաստանի Հանրապետության նախարարին կից հանրային խորհրդի օրինակելի աշխատակարգին հավանություն տալու մասին»   Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 31-ի «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության շրջանակներում Հայաստանի Հանրապետության երկրորդ գործողությունների ծրագրին հավանություն տալու մասին» թիվ 32 արձանագրային որոշման հավելվածի 2-րդ բաժնի 7-րդ կետի կատարումը ապահովելու նպատակով: Մասնավորապես, վերը նշված նախագծի ընդունումը բխում է քաղաքականությունների և օրենսդրական բարեփոխումների գործընթացում քաղաքացիական հասարակության արդյունավետ, թափանցիկ և հաշվետու մասնակցային համակարգի ձևավորման խնդրի լուծման անհրաժեշտությունից: 

 

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

Անկախ հետազոտությունների արդյունքները և ներկայիս իրավիճակը ցույց են տալիս, որ ՀՀ պետական գերատեսչությունների կառավարման գործընթացը երբեմն ֆորմալ բնույթ է կրում բաց կառավարման  հիմնարար արժեքների ընկալման և իրավակիրառական խնդիրների հետևանքով: Սա առաջացնում է հանրային անվստահություն և քաղաքացիական անտարբերություն երկրի կառավարման և վերահսկողության ձևավորման գործում: Ուստի, արդիական է քաղաքականությունների և օրենսդրական բարեփոխումների գործընթացում քաղաքացիական հասարակության արդյունավետ, թափանցիկ և հաշվետու մասնակցային համակարգի ձևավորման խնդիրը: 

Միաժամանակ, հարկ է նշել, որ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 18-ի N 16 արձանագրային որոշման մեջ լրացում կատարելու և Հայաստանի Հանրապետության նախարարին կից կոլեգիայի օրինակելի աշխատակարգին հավանություն տալու մասին» թիվ 47 արձանագրային որոշման 1-ին կետով լրացված 15.1-րդ կետի՝ ներկայումս գոյություն ունեն Հայաստանի Հանրապետության նախարարին կից կոլեգիաներ:

Սակայն Նախագծով հստակ տարբերակում են դրվում նախարարին կից կոլեգիայի և խորհրդի միջև: Մասնավորապես, նախարարին կից կոլեգիան օժանդակում է նախարարության գործունեության ռազմավարական պլանավորման, քաղաքական որոշումների կայացման, միջոցառումների ծրագրերի մշակման գործընթացներին, նպաստում է ռազմավարական ծրագրերի իրականացմանը, գնահատմանը և այդ գործընթացներում քաղաքացիական հասարակության մասնակցությանը, մշակում և ներկայացնում է նախարարության կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված առաջարկություններ:

 Մինչդեռ Նախագծի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության նախարարին կից հանրային խորհուրդը ներկայացնում է առաջարկություններ և դիտողություններ նախարարության կողմից տարվող ընդհանուր քաղաքականության առավել արդյունավետ իրականացման, նախարարության կողմից ձեռնարկվող բարեփոխումների, ընդհանուր քաղաքականության ուղղությունների, իրականացվող աշխատանքների առաջնահերթությունների, ընթացիկ գործունեության, նախարարության առանձնացված ստորաբաժանումներ հանդիսացող գործակալությունների կողմից մատուցվող ծառայությունների որակի վերաբերյալ, ինչպես նաև ներկայացնում է առաջարկություններ և դիտողություններ նախարարության կողմից շրջանառվող իրավական ակտերի, ռազմավարությունների, ծրագրերի և հայեցակարգերի նախագծերի վերաբերյալ, աջակցում է հանրային քննարկումներին, հասարակական կազմակերպությունների կամ այլ շահագրգիռ անձանց մասնակցությամբ քննարկում է հասարակության տարբեր շերտերի կարծիքներն ու տեսակետները՝ Նախարարության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման վերաբերյալ:

Այսինքն նախարարին կից կոլեգիան և հանրային խորհուրդը միմյանից էապես տարբերվում են իրենց գործառույթների բնույթով:

Հարկ է նշել նաև նախարարին կից կոլեգիայի և Խորհրդի կազմի տարբերության մասին: Մասնավորապես, կոլեգիայի կազմում կարող են ընդգրկվել նախարարի տեղակալները և նախարարության աշխատակազմի ղեկավարը, ինչպես նաև իրենց համաձայնությամբ համապատասխան ոլորտում գործող քաղաքացիական հասարակության ինստիտուտների ներկայացուցիչներ, հեղինակություն վայելող ճանաչված գործիչներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և այլ անձինք: Այսինքն Նախարարին կից գործող կոլեգիան առավելապես ծառայում է որպես ներքին գործիք նախարարության ընդհանուր քաղաքականության իրականացման բնագավառում:

Մինչդեռ Խորհրդի կազմում կարող են ընդգրկվել հասարակական կազմակերպությունների, զանգվածային լրատվության միջոցների, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև այլ  շահագրգիռ անձինք, որոնց գործունեության բնույթը համընկնում է Նախարարության գործունեության հիմնական ուղղություններին, համապատասխան ոլորտում ունեն 2 տարվա մասնագիտական փորձառություն (իրականացրել  կամ մասնակցել են ոլորտին առնչվող ծրագրերի,  փորձագիտական աշխատանքների իրականացմանը, ունեն  ոլորտին առնչվող հրապարակումներ, մասնակցել են նախարարության կողմից ձևավորված աշխատանքային խմբերի, հանձնաժողովների աշխատանքներին, ոլորտին առնչվող հարցերով  համագործակցել են միջազգային կազմակերպությունների հետ և այլն) և որոնց մասնակցությունը Խորհրդի աշխատանքներին կարող է նպաստել Խորհրդի առջև դրված խնդիրների և  նպատակների առավել արդյունավետ իրականացմանը: Միաժամանակ, Խորհրդի կազմում չեն կարող ընդգրկվել այն անձինք, ովքեր տվյալ պահին ֆինանսավորում են ստանում Նախարարությունից՝ վերջինիս մատուցելով համապատասխան ծառայություններ: Այսինքն՝ Խորհրդի կազմում ընդգրկվում են քաղաքացիական հասարակության համապատասխան ներկայացուցիչները և ապահովում է պետական մարմին-քաղաքացիական հասարակություն սերտ համագործակցությունը: 

 

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից: Նախագիծը մշակվել է նաև «Արազա» հասարակական բարեգործական կազմակերպության սերտ համագործակցությամբ:

  

Կարգավորման նպատակը և ակնկալվող արդյունքը

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 18-ի N 16 արձանագրային որոշման մեջ լրացում կատարելու  և  Հայաստանի Հանրապետության նախարարին կից հանրային խորհրդի օրինակելի աշխատակարգին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության  արձանագրային որոշման նախագծի ընդունմամբ հնարավոր կլինի հստակեցնել և տարանջատել կոլեգիաների և խորհուրդների գործառույթները, ճշգրտել դրանցում մասնակից կողմերի կազմը, իրավունքներն ու պարտականությունները և խորհուրդների հետ կապված այլ հարցեր: Միաժամանակ, հնարավոր կլինի սահմանել խորհուրդների ձևավորման և գործունեության` բաց, թափանցիկ ընթացակարգերը:  

 

 

 

 

             ՏԵՂԵԿԱՆՔ N 1 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18-Ի N 16 ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ  ԵՎ  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻՆ ԿԻՑ ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 18-ի N 16 արձանագրային որոշման մեջ լրացում կատարելու  և  Հայաստանի Հանրապետության նախարարին կից հանրային խորհրդի օրինակելի աշխատակարգին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության  արձանագրային որոշման նախագծի ընդունման դեպքում կառաջանա նախարարությունների օրինակելի կանոնադրություններում փոփոխություն կատարելու անհրաժեշտություն:

 

     ՏԵՂԵԿԱՆՔ N 2

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18-Ի N 16 ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ  ԵՎ  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻՆ ԿԻՑ ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ 

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 18-ի N 16 արձանագրային որոշման մեջ լրացում կատարելու  և  Հայաստանի Հանրապետության նախարարին կից հանրային խորհրդի օրինակելի աշխատակարգին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության  արձանագրային որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում: