29/09/2015

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի Քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ` Oրենսգիրք) 17-րդ հոդվածի 4-րդ մասի «սույն օրենսգրքով» բառերը փոխարինել «օրենքով» բառով։ 

 

Հոդված 2. Օրենսգրքի 1058-րդ հոդ­վա­ծի 1–ին մասի 1-ին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն հակաիրավական արարքով և իր մեղքով պատճառած անձի կողմից:»: 

 

Հոդված 3. Օրենսգրքի 1059-րդ հոդ­վա­ծի 3–րդ մասում «պետական» բա­ռը փոխարինել «հանրային» բա­ռով։

 

Հոդված 4. Օրենսգրքի 1062-րդ հոդ­վա­ծի՝

1. 1–ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

« 1. Իրավաբանական անձը կամ քաղաքացին հատուցում է իր աշխատողի կողմից աշխատանքային (ծառայողական, պաշտոնեական) պարտականությունները կատարելիս հակաիրավական արարքով և աշխատողի մեղքով պատճառված վնասը: Աշխատողի կողմից առավել վտանգի աղբյուրով պատճառված վնասի դեպքում իրավաբանական անձի կամ քաղաքացու պատասխանատվությունը վրա է հասնում անկախ աշխատողի  մեղքի առկայությունից:»:

2. 2–րդ մասում «համապատասխան իրավաբանական անձի կամ քաղաքացու առաջադրանքով» բա­ռե­րից հե­տո ավե­լաց­նել «, ի շահ այդ իրավաբանական անձի կամ քաղաքացու» բա­ռե­րը։

3. լրացնել հետևյալ բովանդակությամբ  4-րդ մաս.

«4. Ի­րա­վա­բա­նա­կան ան­ձը պար­տա­վոր է հա­տու­ցել նաև իր կա­ռա­վար­ման մար­մին­նե­րում (տնօ­րեն­նե­րի խոր­հուրդ, գոր­ծա­դիր մար­մին և այլն) ընդգրկ­ված ան­ձանց հակաիրավական արարքով և մեղքով պատ­ճառ­ված վնա­սը, ե­թե վնա­սը պատ­ճառ­վել է վեր­ջին­նե­րիս կող­մից ի­րա­վա­բա­նա­կան ան­ձի ա­նու­նից, ի շահ իրավաբանական անձի հան­դես գա­լիս կամ իրավաբանական անձի կա­նո­նադ­րու­թյամբ ի­րենց վրա դրված պար­տա­կա­նու­թյուն­նե­րը կա­տա­րե­լիս կամ դրանք չկատարելու հետևանքով։»։

 

Հոդված 5. Օրենսգրքի 1067-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 1067. Պատասխանատվությունը մինչև տասնչորս տարեկան անչափահասի պատճառած վնասի համար

1. Տասնչորս տարեկան չդարձած անչափահասի (փոքրահասակի) պատճառած վնասի համար պատասխանատվություն կրում են նրա ծնողները, որդեգրողները կամ խնամակալը այն դեպքում, եթե չեն ապացուցում, որը վնասը իրենց մեղքով (վատ հսկողություն և (կամ) դաստիարակություն) չի պատճառվել:

2. Եթե խնամակալության կարիք ունեցող փոքրահասակը գտնվել է համապատասխան դաստիարակչական, բուժական, բնակչության սոցիալական պաշտպանության կամ այլ նմանօրինակ հաստատությունում, որն օրենքի ուժով նրա խնամակալն է (հոդված 37), այդ հաստատությունը պարտավոր է հատուցել փոքրահասակի պատճառած վնասը այն դեպքում, եթե չեն ապացուցում, որը վնասը իրենց մեղքով (վատ հսկողություն և (կամ) դաստիարակություն) չի պատճառվել:

3. Եթե փոքրահասակը վնաս է պատճառել այն ժամանակ, երբ նա գտնվել է կրթական, դաստիարակչական, բուժական կամ այլ հաստատության հսկողության ներքո, որը պարտավոր էր հսկողություն իրականացնել նրա նկատմամբ կամ պայմանագրի հիման վրա փոքրահասակի նկատմամբ հսկողություն իրականացնող անձի հսկողության ներքո, այդ հաստատությունը կամ անձը պատասխանատվություն է կրում փոքրահասակի վնասի համար այն դեպքում, եթե չեն ապացուցում, որ վնասը իրենց մեղքով (վատ հսկողություն և (կամ) դաստիարակություն) չի պատճառվել  և (կամ)  եթե  պայմանագրով պատասխանատվությունը դրված չէ ծնողների, որդեգրողների կամ խնամակալի վրա։ Այս դեպքում ծնողները, որդեգրողները կամ խնամակալները կազատվեն պատասխանատվությունից, եթե ապացուցեն, որ վնասը կրթական, դաստիարակչական, բուժական կամ այլ հաստատության կամ պայմանագրի հիման վրա փոքրահասակի նկատմամբ հսկողություն իրականացնող անձի մեղքով (վատ հսկողություն և (կամ) դաստիարակություն) չի պատճառվել։

4. Փոքրահասակի պատճառած վնասը հատուցելու՝ ծնողների, որդեգրողների, խնամակալի, կրթական, դաստիարակչական, բուժական, այլ հաստատությունների և անձանց պարտականությունը չի դադարում փոքրահասակի չափահաս տարիքի հասնելով կամ նրա կողմից վնասը հատուցելու համար բավարար գույք ստանալով։

5. Եթե ծնողները, որդեգրողները, խնամակալը կամ սույն հոդվածի 3-րդ կետում նշված այլ քաղաքացիները մահացել են կամ բավարար միջոցներ չունեն տուժածի կյանքին կամ առողջությանը պատճառված վնասը հատուցելու համար, իսկ վնաս պատճառողը, դառնալով լրիվ գործունակ, ունի այդպիսի միջոցներ, դատարանը, հաշվի առնելով տուժողի և վնաս պատճառողի գույքային դրությունը, ինչպես նաև այլ հանգամանքներ, իրավունք ունի վճիռ կայացնել վնասի հատուցումը լրիվ կամ մասնակիորեն վնաս պատճառողի վրա դնելու մասին։»։

 

Հոդված 6. Օրենսգրքի 1068-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 1068. Պատասխանատվությունը տասնչորսից մինչև տասնութ տարեկան անչափահասների պատճառած վնասի համար

 

1. Տասնչորսից մինչև տասնութ տարեկան անչափահասներն ընդհանուր հիմունքներով ինքնուրույն պատասխանատվություն են կրում իրենց պատճառած վնասի համար։

2. Այն դեպքում, երբ տասնչորսից մինչև տասնութ տարեկան անչափահասը վնասը հատուցելու համար չունի բավարար եկամուտներ կամ այլ գույք (ներառյալ` պատճառված վնասի համար պատասխանատվության ապահովագրություն), վնասը պակասող մասով պետք է հատուցեն նրա ծնողները, որդեգրողները կամ հոգաբարձուն, եթե չեն ապացուցում, որ վնասը իրենց մեղքով (վատ հսկողություն և (կամ) դաստիարակություն) չի պատճառվել։

3. Եթե տասնչորսից մինչև տասնութ տարեկան անչափահասը գտնվում է համապատասխան կրթական, դաստիարակչական, բուժական, բնակչության սոցիալական պաշտպանության կամ այլ նմանօրինակ հաստատությունում, որն օրենքի ուժով նրա հոգաբարձուն է (հոդված 37), այդ հաստատությունը պարտավոր է հատուցել նրա պատճառած վնասը չբավարարող մասով, եթե չեն ապացուցում, որ վնասը իրենց մեղքով (վատ հսկողություն և (կամ) դաստիարակություն) չի պատճառվել։

4. Տասնչորսից մինչև տասնութ տարեկան անչափահասների պատճառած վնասը հատուցելու` ծնողների, որդեգրողների, հոգաբարձուի և համապատասխան հաստատության պարտականությունը դադարում է այն դեպքերում, երբ վնաս պատճառողը ձեռք է բերել եկամուտներ կամ այլ գույք, որը բավարար է վնասը ամբողջովին հատուցելու համար։

5. Այն դեպքում, եթե վնաս պատճառողի լրիվ գործունակ դառնալուց հետո վնասը պատճառողի մոտ վնասը ամբողջովին հատուցելու համար եկամուտների կամ գույքի անբավարարության հետևանքով ծնողները, որդեգրողները, հոգաբարձուն և համապատասխան հաստատությունը շարունակում են նրա փոխարեն հատուցել պատճառված վնասը, ապա այդ սուբյեկտները հետադարձ պահանջի (ռեգրեսի) իրավունք են ձեռք բերում վնաս պատճառողի նկատմամբ, վնաս պատճառողի գործունակ դառնալուց հետո նրա փոխարեն հատուցված գումարների չափով։»։

 

Հոդված 7. Օրենսգրքի 1072-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 1072. Պատասխանատվությունը շրջապատի համար առավել վտանգ ստեղծող գործունեությամբ պատճառած վնասի համար

1. Իրավաբանական անձինք և քաղաքացիները, որոնց գործունեությունը կապված է շրջապատի համար առավել վտանգի աղբյուրի հետ (տրանսպորտային միջոցների, մեխանիզմների, բարձր լարվածության էներգիայի, ատոմային էներգիայի, պայթուցիկ նյութերի, ուժեղ ներգործող թույների և այլնի օգտագործում, շինարարական և դրա հետ կապված այլ գործունեության իրականացում), պարտավոր են հատուցել առավել վտանգի աղբյուրով պատճառված վնասը, եթե չեն ապացուցում, որ վնասը ծագել է անհաղթահարելի ուժի (հոդված 417) կամ տուժողի դիտավորության հետևանքով։ Առավել վտանգի աղբյուրի տիրապետողին դատարանը կարող է նաև լրիվ կամ մասնակիորեն ազատել պատասխանատվությունից` սույն օրենսգրքի 1076-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված հիմքերով։

Վնաս հատուցելու պարտականությունը դրվում է առավել վտանգի աղբյուրը տիրապետող (սեփականության իրավունք, վարձակալության իրավունք, լիազորագրով տրանսպորտային միջոցները վարելու իրավունք և այլն) իրավաբանական անձի կամ քաղաքացու վրա։

2. Առավել վտանգի աղբյուրի տիրապետողը պատասխանատվություն չի կրում այդ աղբյուրի պատճառած վնասի համար, եթե ապացուցում է, որ աղբյուրը դուրս է եկել իր տիրապետումից այլ անձանց ապօրինի գործողությունների հետևանքով։ Նման դեպքերում առավել վտանգի աղբյուրի պատճառած վնասի համար պատասխանատվությունը կրում են աղբյուրն ապօրինի տիրապետած անձինք։ Եթե աղբյուրի օրինական տիրապետողը իր գործողություններով նպաստել է աղբյուրի ապօրինի վերցնելուն, ապա պատասխանատվությունը կարող է դրվել ինչպես առավել վտանգի աղբյուրի օրինական տիրապետողի, այնպես էլ այն ապօրինի ձեռք բերողի վրա։

3. Առավել վտանգի աղբյուրների տիրապետողները, սույն հոդվածի 1-ին կետում նախատեսված հիմունքներով, համապարտ պատասխանատվություն են կրում այդ աղբյուրների փոխներգործության (տրանսպորտային միջոցների բախում և այլն) հետևանքով երրորդ անձանց պատճառված վնասի համար։

Առավել վտանգի աղբյուրների փոխներգործության հետևանքով նրանց օրինական տիրապետողներին պատճառված վնասը հատուցվում է ընդհանուր հիմունքներով (հոդված 1058)` առավել վտանգի աղբյուրների տիրապետողների մեղքի աստիճանին համապատասխան: Մեղքի աստիճանը որոշելու անհնարինության դեպքում բաժինները ճանաչվում են հավասար»։

 

Հոդված 8. Օրենսգրքի 1074-րդ հոդվածի 4-րդ մասում «Սույն օրենսգրքի 1067-1069-րդ հոդվածներում նշված հիմունքներով վնասը հատուցած անձինք հետադարձ պահանջի իրավունք չունեն վնաս պատճառած անձից» բա­ռե­րից հե­տո լրաց­նել «`բացառությամբ 1068-րդ հոդվածի 5-րդ կետով նախատեսված դեպքի» բա­ռե­րը։

 

Հոդված 9. Օրենսգրքի 1076-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Եթե տուժողի անզգուշությունը նպաստել է վնասի առաջացմանը կամ մեծացմանը, հատուցման չափը պետք է նվազեցվի` կախված տուժողի և վնաս պատճառողի մեղքի աստիճանից։

Տուժողի կոպիտ անզգուշության առկայության և վնաս պատճառողի մեղքի բացակայության այն դեպքերում, երբ պատասխանատվությունը վրա է հասնում մեղքից անկախ, հատուցման չափը կարող է նվազեցվել կամ վնասի հատուցումը կարող է մերժվել, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով։

Տուժողի կոպիտ անզգուշության դեպքում, երբ պատասխանատվությունը վրա է հասնում մեղքից անկախ, քաղաքացու կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցումը չի կարող մերժվել, սակայն դատարանը վնասի հատուցման չափը կարող է նվազեցնել` հաշվի առնելով տուժողի կոպիտ անզգուշության  աստիճանը։»։

 

Հոդված 10. Օրենսգրքի 1079-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Այն դեպքում, երբ վնաս պատճառելու պահին տուժողը չի աշխատել, նրա ցանկությամբ հաշվարկվում է նրա` մինչև աշխատանքից ազատվելու աշխատավարձը կամ հաշվարկի հիմքում դրվում է տվյալ վայրում նրա որակավորմամբ աշխատողի վարձատրության սովորական չափը, որը սակայն չի կարող պակաս լինել ՀՀ օրենսդրությամբ ընդունված նվազագույն աշխատավարձի չափից, որը գործատուն պարտավոր է վճարել աշխատողին քառասունժամյա աշխատանքային շաբաթվա համար։»։

 

Հոդված 11. Օրենսգրքի 1080-րդ հոդվածի՝

1. 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. 

«2. Փոքրահասակի տասնչորս տարեկան դառնալուց հետո, ինչպես նաև տասնչորս տարեկանից մինչև տասնութ տարեկան անչափահասի, որը չունի աշխատանք (եկամուտ), առողջությանը վնաս պատճառելու դեպքում, դրա համար պատասխանատու անձը պարտավոր է բացի տուժողի առողջությանը վնաս պատճառելուց ծագած ծախսերից, հատուցել նաև նրա աշխատունակության կորստի կամ նվազեցման հետ կապված վնասը` ելնելով ՀՀ օրենսդրությամբ ընդունված նվազագույն աշխատավարձի չափից, որը գործատուն պարտավոր է վճարել անչափաս աշխատողին  աշխատանքային շաբաթվա համար։»։

2.  3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

« 3. Եթե առողջությանը վնաս հասցվելու ժամանակ անչափահասն ունեցել է աշխատավարձ, ապա վնասը հատուցվում է, ելնելով այդ աշխատավարձի չափից, որը սակայն չի կարող պակաս լինել ՀՀ օրենսդրությամբ ընդունված նվազագույն աշխատավարձի չափից, որը գործատուն պարտավոր է վճարել անչափահաս աշխատողին աշխատանքային շաբաթվա համար։»։

3. 4-րդ մասում «աշխատանքային գործունեությունն սկսելուց հետո» բա­ռե­րից հե­տո լրաց­նել «, այն դեպքում, եթե պատճառված վնասի հետևանքով ի վիճակի չէ աշխատել լրիվ ծանրաբեռնվածությամբ,» բա­ռե­րը։ 

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1.  Իրավական ակտի անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մշակումը պայմանավորված է Հայաստանում վնաս պատճառելուց բխող պարտավորությունների համապարփակ և արդյունավետ կարգավորման անհրաժեշտությամբ:

 

2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները 

Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 60-րդ գլուխը ունի բազմաթիվ փոփոխությունների կարիք։ Այդ փոփոխությունները արդիական են և կարող են նպաստել Օրենսգրքի կողմից դելիկտային պարտավորությունների ավելի ամբողջական և արդյունավետ կարգավորմանը։

Օրենսգիրքն արդեն գործում է 16 տարի և այդ ընթացքում մի շարք նորմեր կորցրել են իրենց արդիականությունը, որոշներ, փոփոխության ենթարկվելով, ոչ միայն չեն նպաստել հարցի ավելի արդյունավետ կարգավորմանը, այլև խեղաթյուրել են հոդվածի էությունը, որոշ դեպքերում դարձնելով այն ընդհանրապես անկիրառելի։

Օրենսգրքում պետք է հստակեցվեն ոչ նյութական վնասի հատուցման դեպքերը և այս հարցը ստանա ամբողջական կարգավորում, քանզի ներկայումս նման հատուցում սահմանված է միայն անձանց պատվի, արժանապատվության և գործարար համբավի արատավորման համար, ինչպես նաև «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայով սահմանված մի շարք իրավունքների խախտման և անարդարացի դատապարտման հետևանքով պատճառված վնասի դեպքում։

 Օրենսգիրքը չի սահմանում պատճառված վնասի արդյունքում աշխատունակության կորստ հետևանքով կորցրած աշխատավարձի հատուցման ժամանակահատվածը, ինչը առաջացնում է դժվարություններ որոշելու, թե որքան ժամանակ պետք է վճարվեն անձի աշխատունակության կորստի հետևանքով պատճառված վնասի համար սահմանված գումարները։

Ելնելով վերոգրյալից` մշակվել են «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

3.        Կարգավորման նպատակը և բնույթը

Սույն օրենսդրական փաթեթով ներկայացվում են Քաղաքացիական օրենսգրքի 60-րդ գլխի մի շարք փոփոխություններ, որոնք կոչված են նպաստելու այս հարաբերությունների ավելի ամբողջական և արդյունավետ կարգավորմանը: Մասնավորապես, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով

-      ընդլայնվել են ոչ նյութական վնասի հատուցման սկզբունքները,

-      սահմանվել են վնաս պատճառելու համար պատասխանատվության հիմքերը,

-      հստակեցվել են իրավաբանական անձի կամ քաղաքացու պատասխաատվության սահմանները վերջիններիս աշխատակիցների կողմից պատճառված վնասի համար,

-      ամբողջովին վերախմբագրվել են մինչև տասնչորս տարեկան փոքրահասակների և տասնչորսից մինչև տասնութ տարեկան անչափահասների կողմից պատճառված վնասի հատուցման հարցերը կարգավորող հոդվածները,

-      վերախմբագրվել է առավել վտանգի աղբյուրով պատճառված վնասի հատուցումը կարգավորող 1072 հոդվածը,

-      հստակեցվել է տուժողի մեղավորության հարցը,

-      սահմանվել են պատճառված վնասի հատուցման ավելի ռեալ չափեր

-      և այլն:

4.        Իրավական ակտի կիրարկման դեպքում ակնկալվող արդյունքը

Սույն օրենքի նախագծի ընդունման արդյունքում Հայաստանում վնաս պատճառելուց բխող պարտավորությունները կենթարկվեն ավելի հստակ և համակարգված կարգավորման: Կապահովվի տուժողներին պատճառված վնասի ավելի ռեալ հատուցումը: Կհստակեցվի տուժող-վնաս պատճառող իրավահարաբերություններում մեղքի աստիճանի հիման վրա պատասխանատվությունը:

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումն այլ օրենքների ընդունման անհրաժեշտություն չի առաջացնում:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեում ծախսերի ավելացում կամ եկամուտների նվազեցում չի նախատեսվում: