Դեպի վեր

18/03/2016

«Պրոբացիայի մասին» և «Պրոբացիայի պետական ծառայության մասին» ՀՀ օրենքների և հարակից մի շարք ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծեր

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                        

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 

Օ Ր Ե Ն Ք Ը 

ՊՐՈԲԱՑԻԱՅԻ  ՄԱՍԻՆ 

 

Գ Լ ՈՒ Խ  1 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1.  Օրենքի կարգավորման առարկան

1. Սույն օրենքը կարգավորում է պրոբացիայի նպատակները, խնդիրները, սկզբունքները, կազմակերպման և գործունեության հիմունքները, այլընտրանքային խափանման միջոցների, ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների, անվտանգության միջոցների, պատիժը պայմանականորեն չկիրառելու, պատժից պայմանական վաղաժամկետ ազատման դեպքում փորձաշրջան նշանակելու, պատժի կրումից ազատելու, պատժի կրումը հետաձգելու կատարման և խորհրդատվական զեկույցի ներկայացման կարգը, ինչպես նաև պրոբացիայի ծառայության անչափահաս շահառուների նկատմամբ իրականացվող պրոբացիայի առանձնահատկությունները:

 

Հոդված 2. Պրոբացիայի մասին օրենսդրությունը

1. Պրոբացիայի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքով, սույն օրենքով և այլ իրավական ակտերով:

 

Հոդված 3.   Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

1) պրոբացիա՝ պրոբացիայի ծառայության շահառուի սոցիալական վերաինտեգրման, ինչպես նաև հասարակության անվտանգության ապահովման նպատակով պրոբացիայի ծառայության շահառուի նկատմամբ օրենքով սահմանված կարգով կիրառված այլընտրանքային խափանման միջոցների, ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների, անվտանգության միջոցների, պատիժը պայմանականորեն չկիրառելու և պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու հետևանքով փորձաշրջան նշանակելու,  պատժի կրումից ազատելու, պատժի կրումը հետաձգելու կատարումն ու վերասոցիալականացման իրականացումն է հասարակությունում` անձի նկատմամբ հսկողություն, ուղղորդում և աջակցություն իրականացնելու միջոցով.

2) էլեկտրոնային հսկողություն՝ ռադիոալիքային, կենսաչափական, արբանյակային կամ այլ միջոցներով հսկողություն անձի գտնվելու վայրի, տեղաշարժի և վարքագծի նկատմամբ.

3) պրոբացիայի ծառայություն՝ պրոբացիա իրականացնող իրավասու պետական մարմին.

4) պրոբացիայի ծառայության շահառու՝ անձ, ում նկատմամբ կիրառվել է այլընտրանքային խափանման միջոց կամ նշանակվել ազատությունից զրկելու հետ չկապված պատիժ կամ անվտանգության միջոց կամ նրա նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառելու կամ նրան պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու դեպքում նշանակվել է փորձաշրջան, կամ նա պատիժը կրելուց ազատվել է կամ նրա պատժի կրումը հետաձգվել է, կամ ում վերաբերյալ պետք է ներկայացվի խորհրդատվական զեկույց.

5) անձնական գործ՝ պրոբացիայի ծառայության շահառուի վերաբերյալ փաստաթղթերի փաթեթ.

6) տվյալների շտեմարան՝ պրոբացիայի ծառայության շահառուների անձնական գործերի և պրոբացիայի ծառայության գործունեության վերաբերյալ էլեկտրոնային և թղթային տեղեկությունների ամբողջություն.

7) պրոբացիայի ծառայության շահառուի հաշվառման քարտ՝ պրոբացիայի ծառայության շահառուի վերաբերյալ համառոտ տեղեկություններ պարունակող փաստաթուղթ․

8) խորհրդատվական զեկույց՝ պրոբացիայի ծառայության կողմից, սույն օրենքին համապատասխան, պրոբացիայի ծառայության շահառուի մասին ներկայացվող տեղեկություններ.

9) վերահսկողության պլան՝ փաստաթուղթ, որում սահմանված են պրոբացիայի ծառայության շահառուի վերահսկողության ենթակա գործողությունները և ժամկետները, իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև անձի հետ տարվող վերասոցիալականացման միջոցառումները.

10) վերասոցիալականացում` պրոբացիայի ծառայության շահառուների հետ տարվող սոցիալ-հոգեբանական աշխատանքների և ծրագրերի, իրավական և հոգեբանական աջակցություն ցուցաբերելու, հասարակությունում վերաինտեգրելու և օրինապահ վարքագիծ ձևավորելու գործընթացների ամբողջություն.

11) ռիսկերի և պահանջմունքների գնահատում` պրոբացիայի ծառայության շահառուի կողմից կատարված կամ ենթադրյալ կատարված արարքի պատճառների վերհանում և այնպիսի միջոցների պլանավորում, որոնք հնարավորություն կտան նվազեցնել կատարված կամ ենթադրյալ կատարված հանցագործության կրկնության հավանականությունը:

 

Հոդված 4. Պրոբացիայի նպատակներն ու խնդիրները

1. Պրոբացիայի  նպատակներն են.

1)             քրեական վարույթի ընթացքում մեղադրյալի հնարավոր անօրինական վարքագծի կանխման ու դատարանի կողմից նրա վրա դրված պարտականությունների կատարման ապահովմանն ուղղված միջոցառումների իրականացումը` այլընտրանքային խափանման միջոցների կիրառումն ապահովելու միջոցով.

2)            հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ դատական ակտով նշանակված պատժի և հարկադրանքի միջոցների կատարման միջոցով  սոցիալական արդարության վերականգնումը, պատժի ենթարկված անձի վերասոցիալականացումը, իսկ պրոբացիայի ծառայության անչափահաս շահառուների նկատմամբ նաև նրա ֆիզիկական և հոգեկան բնականոն զարգացման ապահովումը, նրա դաստիարակումը և այլ անձի բացասական ազդեցությունից պաշտպանությունը.

3)            հասարակության անվտանգության ապահովումը՝ կրկնահանցագործության կանխարգելման և կրճատման միջոցով.

4)            քրեական արդարադատության իրականացման աջակցությունը:

2. Պրոբացիայի խնդիրներն են.

1) քրեական վարույթի ընթացքում սույն օրենքով նախատեսված այլընտրանքային խափանման միջոցների կատարումը.

2) ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների և դատարանի կողմից կիրառված հարկադրանքի այլ միջոցների կատարումը.

3) ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների և այլընտրանքային խափանման միջոցների կատարման անհատական պլանավորման իրականացումը` գնահատելով ռիսկերը և հաշվի առնելով պրոբացիայի ծառայության շահառուի կարիքները.

          4) պատիժը պայմանականորեն չկիրառելու, պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատիժը ավելի մեղմ պատժով փոխարինելու, դատվածությունը հանելու վերաբերյալ պրոբացիայի ծառայության կողմից անձի վերաբերյալ խորհրդատվական զեկույցների տրամադրումը.

          5) պատիժը պայմանականորեն չկիրառելու հետևանքով փորձաշրջանի մեջ գտնվող, պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատված, հղի կանանց, մինչև երեք տարեկան երեխա ունեցող կամ պատժի կրումը հետաձգված կամ պատժի կրումից ազատված անձանց նկատմամբ սահմանված վերահսկողության իրականացումը:

 

ԳԼՈՒԽ 2. 

ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

Հոդված 5. Տարբերակման և անհատականացման սկզբունքը

  1. Սույն օրենքով նախատեսված խնդիրների լուծման համար պրոբացիայի ծառայությունը պետք է պրոբացիայի ծառայության յուրաքանչյուր շահառուի անձը տարբերակի, նրա համար մշակի նրա ուղղման, վերասոցիալականացման և օրինապահ վարքագիծը խթանելու անհատական ծրագիր` հաշվի առնելով կատարած հանցանքը և նրա սոցիալ-հոգեբանական վիճակը, ինչպես նաև պրոբացիայի ծառայության անչափահաս շահառուների լավագույն շահը: Անչափահաս շահառուի լավագույն շահերի ապահովումն ուղղված է նրա իրավունքների արդյունավետ և ամբողջական իրականացմանը, ինչպես նաև  անչափահաս շահառուի զարգացմանը, հաշվի առնելով անչափահաս շահառուի մտավոր և ֆիզիկական կարիքները, այդ կարիքների բավարարման համար համապատասխան խնամքի առկայությունը, անչափահաս շահառուի զարգացման համար ծնողի և ընտանիքի այլ անդամների հետ շփվելու կարևորությունը, ինչպես նաև անչափահաս շահառուի  մշակութային, լեզվական, հոգևոր կամ կրոնական կապերը և դաստիարակությունն ու նշանակությունն ընտանեկան միջավայրում և այլ կարիքները և պահանջները:

 

Հոդված 6. Զուգակցման սկզբունքը

1. Պրոբացիայի ծառայության շահառուի նկատմամբ կիրառված պատիժը և հարկադրանքի այլ միջոցները կարող են զուգակցվել անձի ուղղմանն ու վերասոցիալականացմանն ուղղված օրենքով նախատեսված այլ միջոցների հետ:

 

Հոդված 7. Համագործակցության սկզբունքը

  1. Պրոբացիայի ծառայության գործունեությունը հիմնված է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև այլ մարմինների և կազմակերպությունների հետ համագործակցության վրա:
  2. Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրենց իրավասությունների սահմաններում աջակցում են պրոբացիայի ծառայությանը՝ վերջինիս խնդիրների իրականացման ընթացքում:

 

Հոդված 8. Գաղտնիության սկզբունքը

  1. Պրոբացիայի ծառայության գործունեության ընթացքում ապահովվում է պրոբացիայի ծառայության շահառուին վերաբերող տեղեկությունների գաղտնիությունը:
  2. Պրոբացիայի ծառայողն առանց պրոբացիայի ծառայության շահառուի  համաձայնության նրա վերաբերյալ  կարող է սույն օրենքով սահմանված դեպքերում տեղեկություններ հավաքել, պահել, օգտագործել կամ փոխանցել բացառապես օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում՝ նվազագույնի հասցնելով միջամտությունը շահառուի անձնական կյանքին և ապահովելով իրեն հայտնի դարձած տեղեկությունների գաղտնիությունը:

 

Հոդված 9.  Հաշտեցման սկզբունքը

1. Պրոբացիայի ծառայությունը պրոբացիայի ծառայության շահառուի վերասոցիալականացման միջոցառումների շրջանակներում օժանդակում է տուժողի և պրոբացիայի ծառայության շահառուի հաշտեցմանը:

 

Հոդված 10.  Աջակցության սկզբունքը

1. Պրոբացիայի ծառայությունը վերասոցիալականացման միջոցառումների շրջանակում ապահովում է պրոբացիայի ծառայության շահառուների մշտական աջակցություն՝ նրանց տրամադրվող օգնության և խորհրդատվության միջոցով:

 

Հոդված 11. Համաձայնության սկզբունքը

1. Պրոբացիայի ծառայության կողմից որոշումների կայացման, ինչպես նաև վերահսկողության պլանի մշակման ընթացքում հնարավորինս հաշվի են առնվում պրոբացիայի ծառայության շահառուի կարծիքը և համաձայնությունը, ինչպես նաև հնարավորինս ապահովվում է նրա ներգրավվածությունը դրանց կայացման և մշակման գործընթացին:

 

 

ԳԼՈՒԽ 3.

ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

Հոդված 12. Այլընտրանքային խափանման միջոցի կատարման ապահովումը

  1. Այլընտրանքային խափանման միջոցի կատարումը սույն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով ապահովում է պրոբացիայի ծառայության շահառուի մշտական բնակության վայրի պրոբացիայի ծառայության տարածքային մարմինը (այսուհետ՝ մարմին), իսկ բնակության վայր չունեցող կամ օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձանց դեպքում՝ նրա փաստացի բնակության վայրի կամ դատարանի որոշման մեջ նշված վայրի մարմինը:
  2. Պրոբացիայի ծառայությունը հսկողություն է իրականացնում դատարանի որոշմամբ պրոբացիայի ծառայության շահառուի վրա դրված պարտականությունների կատարման նկատմամբ:
  3. Այլընտրանքային խափանման միջոց կիրառելու մասին դատարանի որոշումը ստանալուց հետո պրոբացիայի ծառայությունն անհապաղ պարզում է պրոբացիայի ծառայության շահառուի գտնվելու վայրը, նրա հետ կապ է հաստատում, ծանուցում է վերջինիս պրոբացիայի ծառայության համապատասխան մարմին ներկայանալու անհրաժեշտության մասին, իսկ տնային կալանք այլընտրանքային խափանման միջոցի դեպքում, ապահովում է պրոբացիայի ծառայողի այցը պրոբացիայի ծառայության շահառուի բնակության վայր, կազմում է պրոբացիայի ծառայության շահառուի անձնական գործը, վերահսկողության պլանը և լրացնում հաշվառման քարտը: Վերահսկողության սկիզբը հաշվվում է պրոբացիայի ծառայության շահառուին հաշվառման վերցնելու պահից:
  4. Ծանուցագիրը կանչվող անձին հանձնվում է ստորագրությամբ կամ փոխանցվում է կապի միջոցներով: Նրա ժամանակավոր բացակայության դեպքում ծանուցագիրը հանձնվում է կանչվողի ընտանիքի չափահաս անդամներից որևէ մեկին, հարևաններին, համատիրությանը (բնակարանային շահագործման կազմակերպությանը) կամ փոխանցվում է նրան աշխատանքի կամ ուսման վայրի վարչակազմի միջոցով:
  5. Եթե առկա են հիմնավոր կասկածներ, որ պրոբացիայի ծառայության շահառուն ֆիզիկապես անկարող է կամ այլ օբյեկտիվ պատճառներով չի կարող ներկայանալ պրոբացիայի ծառայություն, պրոբացիայի ծառայողն անձամբ այցելում է պրոբացիայի ծառայության շահառուին կամ ապահովում է նրա պրոբացիայի ծառայություն ներկայանալը:
  6. Պրոբացիայի ծառայության շահառուն պարտավոր է ծանուցագիրը ստանալուց հետո անհապաղ, բայց ոչ ուշ քան 24 ժամվա ընթացքում ներկայանալ պրոբացիայի ծառայության մարմին: Ծանուցագրում նշվում է, թե ով է կանչում, ում, ինչպիսի կարգավիճակով, այն ժամանակահատվածն ու վայրը, ուր պետք է ներկայանա կանչվողը, ինչպես նաև անհարգելի պատճառներով չներկայանալու հետևանքները:
  7. Այլընտրանքային խափանման միջոց կիրառած դատարանի որոշման հիման վրա և դրա շրջանակներում, ինչպես նաև պրոբացիայի ծառայության շահառուի վերաբերյալ ռիսկերի և պահանջմունքների գնահատման հիման վրա պրոբացիայի ծառայողը վերահսկողության պլանում սահմանում է պրոբացիայի ծառայության շահառուի կողմից կատարման ենթակա պարտականությունները և  սահմանափակումները, որոնք նա պետք է կատարի և պահպանի, ինչպես նաև պրոբացիայի ծառայության շահառուի վերասոցիալականացմանն ուղղված անհատական ծրագիրը:
  8. Այլընտրանքային խափանման միջոց կիրառելու մասին դատարանի որոշման հիման վրա պրոբացիայի ծառայողն իրավասու է այցելել պրոբացիայի ծառայության շահառուի բնակության կամ աշխատանքի վայր, ինչպես նաև այլ վայր, որտեղ դատարանի որոշմամբ պրոբացիայի ծառայության շահառուին  արգելված է այցելել՝ դատարանի կողմից անձի վրա դրված պարտականությունների կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակով, որի արդյունքում կազմվում է արձանագրություն:
  9. Այլընտրանքային խափանման միջոց կիրառելու մասին իրավասու մարմնի որոշման հիման վրա պրոբացիայի ծառայության շահառուի կողմից իր բնակության կամ աշխատանքի վայր մուտք գործելը արգելելու կամ պրոբացիայի ծառայողի պարտականությունների կատարմանը ցանկացած ձևով խոչընդոտելու դեպքում պրոբացիայի ծառայողն այդ մասին կազմում է արձանագրություն և անհապաղ, բայց ոչ ուշ քան 12 ժամվա ընթացքում ուղարկում վարույթն իրականացնող մարմնին: Այլ անձանց կողմից պրոբացիայի ծառայության շահառուի բնակության կամ աշխատանքի վայր մուտք գործելը արգելելու կամ պրոբացիայի ծառայողի պարտականությունների կատարմանը ցանկացած ձևով խոչընդոտելու դեպքում պրոբացիայի ծառայողն այդ մասին կազմում է արձանագրություն` վարչական դատարան ներկայացնելու նպատակով:
  10. Այլընտրանքային խափանման միջոցների կատարումն իրականացվում է էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառմամբ՝ դատարանի որոշման հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի պահանջներին համապատասխան:
  11. Պրոբացիայի ծառայողը այլընտրանքային խափանման միջոց կիրառած դատարանի որոշմամբ սահմանված կոնկրետ սահմանափակումների վերաբերյալ կազմում է հաշվետվություն, որն իրավասու մարմնի կողմից նշված պարբերականությամբ ներկայացվում է վարույթն իրականացնող մարմնին:
  12. Պրոբացիայի ծառայության շահառուի կողմից իրավասու մարմնի որոշման հիման վրա կիրառվող այլընտրանքային խափանման միջոցի պայմանների խախտման դեպքում պրոբացիայի ծառայությունը, ներքին կանոնակարգի համաձայն, միջոցներ է ձեռնարկում պրոբացիայի ծառայության շահառուին հայտնաբերելու և իրավասու մարմնի որոշման հիման վրա կիրառվող  սահմանափակումների կատարումն ապահովելու ուղղությամբ, անհապաղ հայտնում է վարույթն իրականացնող մարմնին, անհրաժեշտության դեպքում խախտման մասին հայտնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը (այսուհետ` ՀՀ ոստիկանություն) կամ այլ իրավասու մարմինների, նրանց օժանդակում կամ նրանց հետ համատեղ միջոցառումներ է իրականացնում: 
  13. Այլընտրանքային խափանման միջոց կիրառած մարմնի որոշմամբ սահմանված կոնկրետ սահմանափակումների վերաբերյալ կազմվող հաշվետվության, պրոբացիայի ծառայողի այցելության արդյունքում, ինչպես նաև պրոբացիայի ծառայողի պարտականությունների կատարմանը ցանկացած ձևով խոչընդոտելու դեպքում կազմվող և վարույթն իրականացնող մարմին ներկայացվող արձանագրությունների և պրոբացիայի ծառայության կողմից օգտագործվող այլ փաստաթղթերի ձևերը հաստատում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:

 

 Հոդված 13. Տնային կալանքի և վարչական հսկողության կատարման առանձնահատկությունները

  1. Վարչական հսկողություն կիրառելու մասին դատական ակտը ստանալուց հետո պրոբացիայի ծառայողն անհապաղ գրանցում է պրոբացիայի ծառայության շահառուին և նրան հսկողության ընդունելու մասին տեղյակ պահում վարույթն իրականացնող մարմնին:
  2. Տնային կալանք կամ վարչական հսկողություն  կիրառելու մասին դատական ակտի պահանջները պարտադիր են պրոբացիայի ծառայության շահառուի բնակության վայրի անվտանգությունը կամ կառավարումն իրականացնող մարմինների, աշխատավայրի վարչակազմի, ինչպես նաև այն վայրերի վարչակազմերի համար, որտեղ դատարանի որոշմամբ պրոբացիայի ծառայության շահառուին արգելված է այցելել:
  3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված մարմինները պրոբացիայի ծառայողի ծառայողական վկայականի ներկայացման դեպքում պարտավոր են ապահովել վերջինիս ազատ մուտքն ու ելքը նշված վայրեր:

 

Հոդված 14. Սույն օրենքով չնախատեսված այլ այլընտրանքային խափանման միջոցների կատարումը

1. Պրոբացիայի ծառայությունն ապահովում է նաև այլ այլընտրանքային խափանման միջոցների կատարումը, եթե դա նախատեսված է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով:

 

ԳԼՈՒԽ 4.

ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԶՐԿԵԼՈՒ ՀԵՏ ՉԿԱՊՎԱԾ ՊԱՏԻԺՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

Հոդված 15. Ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման կարգը

1. Պրոբացիայի ծառայությունը օրենքով սահմանված կարգով կատարում է ազատությունից զրկելու հետ չկապված պատիժները, իրականացնում է վերահսկողություն և վերասոցիալականացման աշխատանքներ:

2. Ազատությունից զրկելու հետ չկապված  պատիժների կատարման կարգն ու պայմանները սահմանվում են Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքով:

 

ԳԼՈՒԽ 5.

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

Հոդված 16. Անվտանգության միջոցի կատարման ապահովումը

1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով սահմանված անվտանգության միջոցի կատարումն ապահովում է պրոբացիայի ծառայության շահառուի մշտական բնակության վայրի պրոբացիայի ծառայության մարմինը, իսկ բնակության վայր չունեցող կամ օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձանց դեպքում՝ նրա փաստացի բնակության վայրի կամ համապատասխան բժշկական հաստատության գործունեության վայրի կամ դատարանի որոշման մեջ նշված վայրի մարմինը:

2. Պրոբացիայի ծառայությունը հսկողություն է իրականացնում դատական ակտով պրոբացիայի ծառայության շահառուի վրա դրված պարտականությունների կատարման նկատմամբ:

3. Անվտանգության միջոց նշանակելու մասին դատական ակտը ստանալուց հետո պրոբացիայի ծառայությունն անհապաղ պարզում է պրոբացիայի ծառայության շահառուի գտնվելու վայրը, նրա հետ կապ է հաստատում, ծանուցում է վերջինիս պրոբացիայի ծառայության համապատասխան մարմին ներկայանալու անհրաժեշտության մասին, կազմում է պրոբացիայի ծառայության շահառուի անձնական գործը, վերահսկողության պլանը և լրացնում հաշվառման քարտը:

4. Ծանուցագիրը կանչվող անձին հանձնվում է ստորագրությամբ կամ փոխանցվում է կապի միջոցներով: Նրա ժամանակավոր բացակայության դեպքում ծանուցագիրը հանձնվում է կանչվողի ընտանիքի չափահաս անդամներից որևէ մեկին, հարևաններին, համատիրությանը (բնակարանային շահագործման կազմակերպությանը) կամ փոխանցվում է նրան աշխատանքի կամ ուսման վայրի վարչակազմի միջոցով:

5. Եթե առկա են հիմնավոր կասկածներ, որ պրոբացիայի ծառայության շահառուն ֆիզիկապես անկարող է կամ այլ օբյեկտիվ պատճառներով չի կարող ներկայանալ պրոբացիայի ծառայություն, պրոբացիայի ծառայողն անձամբ այցելում է պրոբացիայի ծառայության շահառուին կամ ապահովում է նրա պրոբացիայի ծառայություն ներկայանալը:

6. Պրոբացիայի ծառայության շահառուն պարտավոր է ծանուցագիրը ստանալուց հետո անհապաղ, բայց ոչ ուշ քան 24 ժամվա ընթացքում ներկայանալ պրոբացիայի ծառայության մարմին: Ծանուցագրում նշվում է, թե ով է կանչում, ում, ինչպիսի կարգավիճակով, այն ժամանակահատվածն ու վայրը, ուր պետք է ներկայանա կանչվողը, ինչպես նաև անհարգելի պատճառներով չներկայանալու հետևանքները:

Պրոբացիայի ծառայության շահառուի կողմից առաջին անգամ անհարգելի պատճառով չներկայանալը առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:

Վարչական տույժի միջոց կիրառելուց հետո նույն արարքը կրկին անգամ կատարելը հիմք է հանդիսանում պրոբացիայի ծառայության շահառուի նկատմամբ կիրառված անվտանգության միջոցը փոխելու համար:

7. Անվտանգության միջոցներ նշանակելու մասին դատական ակտի հիման վրա և դրա շրջանակներում, ինչպես նաև պրոբացիայի ծառայության շահառուի վերաբերյալ ռիսկերի և պահանջմունքների գնահատման հիման վրա վերահսկողության պլանում պրոբացիայի ծառայողը սահմանում է պրոբացիայի ծառայության շահառուի այն բոլոր պարտականությունները և  սահմանափակումները, որոնք նա պետք է իրականացնի և պահպանի, ինչպես նաև պրոբացիայի ծառայության շահառուի վերասոցիալականացմանն ուղղված անհատական ծրագրերը:

8. Պրոբացիայի ծառայողն իրավունք ունի այցելել պրոբացիայի ծառայության շահառուի բնակության, աշխատանքի, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող, հատուկ կրթադաստիարակչական հիմնարկի, համապատասխան կրթական, մշակութային, մարզական կամ այլ միջոցառման իրականացման վայր կամ այն վայրը, որտեղ անձին արգելված է այցելել՝ դատարանի կողմից պրոբացիայի ծառայության շահառուի  վրա դրված պարտականությունների կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու, դատարանի որոշման պահանջների կատարման մասին պարզաբանումներ ստանալու նպատակով, որի արդյունքում կազմվում է արձանագրություն:

9. Անվտանգության միջոց կիրառելու մասին դատական ակտի պահանջները պարտադիր են պրոբացիայի ծառայության շահառուի բնակության վայրի անվտանգությունը կամ կառավարումն իրականացնող սուբյեկտների, աշխատավայրի, բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ մատուցող մարմնի կամ կազմակերպության, հատուկ կրթադաստիարակչական հիմնարկի, համապատասխան կրթական, մշակութային, մարզական կամ այլ միջոցառման իրականացման վայր վարչակազմի, ինչպես նաև այն վայրերի վարչակազմերի համար, որտեղ դատարանի որոշմամբ պրոբացիայի ծառայության շահառուին արգելված է այցելել:

10. Սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված սուբյեկտները պրոբացիայի ծառայողի վկայականի ներկայացման դեպքում պարտավոր են ապահովել վերջինիս ազատ մուտքն ու ելքը նշված վայրեր:

11. Անվտանգության միջոց կիրառելու մասին դատական ակտի հիման վրա պրոբացիայի ծառայության շահառուի բնակության, աշխատանքի, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող, հատուկ կրթադաստիարակչական հիմնարկի, համապատասխան կրթական, մշակութային, մարզական կամ այլ միջոցառման իրականացման վայր մուտք գործելը արգելելու կամ պրոբացիայի ծառայողի պարտականությունների կատարմանը ցանկացած ձևով խոչընդոտելու դեպքում պրոբացիայի ծառայողն այդ մասին կազմում է արձանագրություններ՝ համապատասխանաբար վարույթն իրականացնող մարմին և վարչական դատարան ներկայացնելու նպատակով:

12. Դատարանի որոշմամբ անվտանգության միջոցների կատարումը կարող է իրականացվել էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառմամբ կամ առանց դրա:

13. Պրոբացիայի ծառայության շահառուի կողմից դատական ակտի հիման վրա կիրառվող  սահմանափակումների խախտման դեպքում պրոբացիայի ծառայությունը միջոցներ է ձեռնարկում դատարանի որոշման հիման վրա կիրառվող  սահմանափակումների կատարում ապահովելու ուղղությամբ, խախտման մասին հայտնում է վարույթ իրականացնող մարմնին, անհրաժեշտության դեպքում` ՀՀ ոստիկանությանը, նրանց հետ համատեղ միջոցառումներ է իրականացնում, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում միջնորդություն է ներկայացնում դատարան անվտանգության միջոցը փոխելու վերաբերյալ:

14. Անվտանգության միջոցի կիրառման ավարտից կամ դադարեցվելուց հետո պրոբացիայի ծառայությունը պրոբացիայի ծառայության շահառուին տալիս է տեղեկանք անվտանգության միջոցի կիրառման ավարտի կամ դադարեցման մասին, այդ մասին հայտնում է դատական ակտը կայացրած դատարան, ՀՀ ոստիկանություն, անհրաժեշտության դեպքում` համապատասխան բժշկական կազմակերպության վարչակազմ կամ այլ հաստատություն:

15. Անվտանգության միջոց կիրառած մարմնի որոշմամբ սահմանված կոնկրետ սահմանափակումների վերաբերյալ կազմվող հաշվետվության, պրոբացիայի ծառայողի այցելության արդյունքում, ինչպես նաև պրոբացիայի ծառայության շահառուի բնակության, աշխատանքի, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող, հատուկ կրթադաստիարակչական հիմնարկի, համապատասխան կրթական, մշակութային, մարզական կամ այլ ծրագրի իրականացման վայր մուտք գործելը արգելելու, պրոբացիայի ծառայողի պարտականությունների կատարմանը ցանկացած ձևով խոչընդոտելու դեպքում կազմվող և վարույթն իրականացնող մարմին ներկայացվող արձանագրությունների ձևերը հաստատում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:

 

Հոդված 17. Որոշակի վայրեր այցելելու արգելքի կատարման առանձնահատկությունները

  1. Դատարանի որոշմամբ կիրառված որոշակի վայրեր այցելելու արգելքի պահանջները կատարելուց քրեական պատասխանատվության տարիքի հասած պրոբացիայի ծառայության շահառուի կողմից հրաժարվելու կամ խուսափելու դեպքում պրոբացիայի ծառայողն այդ մասին կազմում է արձանագրություն և քրեական վարույթ նախաձեռնելու հաղորդում է ներկայացնում դատախազին:

2. Դատարանի որոշմամբ կիրառված որոշակի վայրեր այցելելու արգելքի պահանջները քրեական պատասխանատվության տարիքի չհասած պրոբացիայի ծառայության շահառուի կողմից խախտելու դեպքում պրոբացիայի ծառայությունն այդ մասին կազմում է արձանագրություն և անվտանգության միջոցի տեսակը փոխելու միջնորդություն է ներկայացնում դատարան:

 

Հոդված 18. Հոգեբանական օգնություն ստանալու պարտականության կատարման առանձնահատկությունները

1. Դատարանի որոշմամբ կիրառված հոգեբանական օգնություն ստանալու պարտականության պահանջները կատարելուց քրեական պատասխանատվության տարիքի հասած պրոբացիայի ծառայության շահառուի կողմից հրաժարվելու կամ խուսափելու դեպքում պրոբացիայի ծառայողն այդ մասին կազմում է արձանագրություն և քրեական վարույթ նախաձեռնելու հաղորդում է ներկայացնում դատախազին:

2. Դատարանի որոշմամբ կիրառված հոգեբանական օգնություն ստանալու պարտականության պահանջները քրեական պատասխանատվության տարիքի չհասած պրոբացիայի ծառայության շահառուի կողմից խախտելու դեպքում պրոբացիայի ծառայությունն այդ մասին կազմում է արձանագրություն և անվտանգության միջոցի տեսակը փոխելու միջնորդություն է ներկայացնում դատարան:

3. Դատարանի որոշմամբ կիրառված հոգեբանական օգնություն ստանալու պարտականության կատարման ընթացքում պրոբացիայի ծառայությունը կարող է հոգեբանական օգնություն ստանալու տևողությունը կրճատելու կամ երկարաձգելու մասին միջնորդություն ներկայացնել դատարան:

4. Հոգեբանական օգնություն ստանալու պարտականության կիրառման անհրաժեշտության բացակայության դեպքում պրոբացիայի ծառայությունն այդ մասին կազմում է արձանագրություն և հոգեբանական օգնություն ստանալու պարտականության կիրառումը դադարեցնելու մասին միջնորդություն է ներկայացնում դատարան:

 

Հոդված 19. Վարքագծի նկատմամբ հատուկ հսկողության կատարման առանձնահատկությունները

1. Պրոբացիայի ծառայողը դատարանի որոշմամբ սահմանված կոնկրետ սահմանափակումների պահպանման ընթացքի վերաբերյալ կազմում է հաշվետվություն, որը դատարանի կողմից նշված պարբերականությամբ ներկայացվում են դատարան:

2. Պրոբացիայի ծառայողը հսկողություն է իրականացնում պրոբացիայի ծառայության շահառուի կողմից դատարանի որոշմամբ սահմանված ոգելից խմիչքներից (ալկոհոլից), թմրամիջոցներից, հոգեմետ (հոգեներգործուն), թունավոր կամ այլ թմրեցնող նյութերից ունեցած կախվածությունից բուժման կուրս անցնելու պարտականության կատարման նկատմամբ:

3. Պրոբացիայի ծառայության շահառուի կողմից ոգելից խմիչքների (ալկոհոլի), թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն), թունավոր կամ այլ թմրեցնող նյութերի հետ առնչության մասին հիմնավոր կասկածի առկայության դեպքում պրոբացիայի ծառայողը պրոբացիայի ծառայության շահառուից պահանջում է օրգանիզմում ոգելից խմիչքների (ալկոհոլի), թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն), թունավոր կամ այլ թմրեցնող նյութերի առկայության վերաբերյալ հետազոտություն անցնել և հնգօրյա ժամկետում համապատասխան տեղեկանքը ներկայացնել պրոբացիայի ծառայություն: Հետազոտությունների անցկացման հետ կապված բոլոր ծախսերը կատարվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին: