Դեպի վեր

22/07/2016

ՀՀ օրենքը անհատական և կոլեկտիվ հանրագրերի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԵՎ ԿՈԼԵԿՏԻՎ ՀԱՆՐԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ

 

ԳԼՈՒԽ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ 

 

Հոդված 1.      Օրենքի կարգավորման առարկան

  1. Օրենքը կարգավորում է ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին ու պաշտոնատար անձանց անհատական և կոլեկտիվ հանրագրեր ներկայացնելու իրավունքի իրականացման հետ կապված հարաբերությունները, սահմանում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց կողմից դրանք քննարկելու կարգը։

 

Հոդված 2.     Օրենքի նպատակը

  1. Սույն օրենքի նպատակը պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին ու պաշտոնատար անձանց անհատական և կոլեկտիվ հանրագրեր ներկայացնելու և ողջամիտ ժամկետում պատշաճ պատասխան ստանալու միջոցով անհատական և հասարակական շահերի պաշտպանությունն է:

 

Հոդված 3.     Անհատական և կոլեկտիվ հանրագրերի մասին օրենսդրությունը

  1. Անհատական և կոլեկտիվ հանրագրերի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության  Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, սույն օրենքով, ինչպես նաև սույն օրենքին համապատասխան ընդունված  այլ իրավական ակտերով:
  2. Օրենքը չի կարգավորում ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից ներկայացվող այն դիմումների կամ բողոքների հետ կապված հարաբերությունները, որոնք ենթակա են քննության վարչական այլ վարույթի կամ քաղաքացիական, վարչական, քրեական, սահմանադրական դատավարության կարգով:

 

Հոդված 4.     Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

  1.  Սույն օրենքում օգտագործվող ներքոհիշյալ հասկացություններն ունեն հետևյալ իմաստը՝

1)     հանրագիր` իրավունքների, ազատությունների կամ օրինական շահերի իրականացմանը նպաստելու նպատակով, հանրային նշանակություն ունեցող հարցերով ներկայացվող դիմում կամ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության թերությունների մասին հաղորդում կամ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության բարելավման, տնտեսական, քաղաքական, սոցիալական և հասարակական կյանքի այլ ոլորտներին վերաբերող հարցերի կարգավորման կամ գործող իրավակարգավորումների կատարելագործման վերաբերյալ առաջարկություն.

2)    գրավոր հանրագիր` հանրագիր, որը ներկայացվել է թղթային եղանակով, այդ թվում` անհատական ընդունելության արդյունքում կամ էլեկտրոնային եղանակով.

3)    բանավոր հանրագիր` հանրագիր, որը ներկայացվել է բանավոր կարգով անհատական ընդունելության ընթացքում.

4)    անհատական հանրագիր` հանրագիր, որը ներկայացվել է մեկ անձի կողմից.

5)    կոլեկտիվ հանրագիր` հանրագիր, որը ներկայացվել է երկու և ավելի անձանց կողմից միևնույն հարցով.

6)   կրկնակի հանրագիր` գրավոր կամ բանավոր հանրագիր, որը ներկայացվել է միևնույն անձի կողմից միևնույն հարցով միևնույն մարմնին կամ պաշտոնատար անձին, որի վերաբերյալ սույն օրենքով սահմանված կարգով որոշում է կայացվել.

7)    էլեկտրոնային եղանակով ներկայացվող հանրագիր` «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան ներկայացված հանրագիր.

8)   հանրագիր ներկայացնելու իրավունք ունեցող անձ` Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմքերով գտնվող ֆիզիկական անձ և անկախ կազմակերպաիրավական ձևից Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձ կամ օտարերկրյա իրավաբանական անձանց մասնաճյուղեր, ներկայացուցչություններ, որոնք հաշվառված են Հայաստանի Հանրապետությունում:

 

Հոդված 5.     Հանրագիր ներկայացնելու և քննարկելու սկզբունքները

  1. Հանրագիր ներկայացնելու և քննարկելու սկզբունքներն են`

1)     հանրագիր ներկայացնելու ազատությունը.

2)    հանրագրի ներկայացումն ու քննարկումը անվճար հիմունքներով.

3)    հանրագրի հրապարակայնությունը.

4)    անձի իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պահպանման երաշխավորումը:

 

Հոդված 6.     Հանրագիր ներկայացնող անձանց իրավունքների երաշխավորումը

  1. Ոչ ոք իրավունք չունի արգելել կամ որևէ կերպ խոչընդոտել հանրագիր ներկայացնելու իրավունքի իրականացմանը, այդ թվում` ստորագրություններ ազատորեն հավաքագրելուն կամ հանրագիր ներկայացնելու իրավունքի իրականացման համար անհրաժեշտ այլ գործողություններ կատարելուն:
  2. Հանրագիր ներկայացնող անձինք և նրանց ընտանիքի անդամները հանրագիր ներկայացնելու կապակցությամբ չեն կարող ենթարկվել հետապնդումների: 
  3. Հանրագիր ներկայացնելու իրավունքի իրականացումը չպետք է հանրագիր ներկայացնող անձի իրավունքները սահմանափակելու կամ դրանցից զրկելու հիմք հանդիսանա:
  4. Արգելվում է հանրագիր ներկայացնելու իրավունքը չարաշահելը՝ այլ անձանց կամ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեությանը միջամտելու կամ խոչընդոտելու միջոցով։
  5. Սույն հոդվածի 3-րդ մասի դրույթները չեն բացառում քաղաքացիական, քրեական, վարչական կամ կարգապահական պատասխանատվությունը, եթե հանրագիր ներկայացնելու իրավունքի իրականացումը հանգեցնում է այլ անձանց իրավունքների և օրինական շահերի խախտման:

 

Հոդված 7.     Հանրագրի առարկան 

  1. Անձինք կարող են հանրագրով պահանջել լուծել մշակութային, կրթական, տնտեսական, սոցիալական, բնապահպանական, առողջապահական և հասարակական կյանքի այլ ոլորտներին վերաբերող հարցերը, վերացնել պետական և  տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության թերությունները, առաջարկել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության բարելավումներ։  
  2. Հանրագրով անձը չի կարող պահանջել այնպիսի միջոցառումների իրականացում, որոնք կսահմանափակեն մարդու հիմնական իրավունքները և ազատությունները կամ ուղղված են Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ կամ տարածքային ամբողջականության բռնի փոփոխությանը կամ ազգային, ռասայական, կրոնական ատելություն բորբոքելուն, բռնություն  կամ  պատերազմ քարոզելուն կամ քարոզում են խտրական վերաբերմունք:

 

Հոդված 8.     Հանրագիր ներկայացրած անձի իրավունքները

  1. Հանրագիր ներկայացրած անձն իրավունք ունի`  

1)             հանրագիր ներկայացնել ինչպես անձամբ, այնպես էլ ներկայացուցչի միջոցով.

2)            անհրաժեշտության դեպքում իրավասու պաշտոնատար անձի հրավերով մասնակցել հանրագրի քննարկումներին, ծանոթանալ հանրագրի քննարկման հետ կապված նյութերին, եթե դա չի խախտում այլ անձանց իրավունքները, ազատությունները, օրինական շահերը կամ այդ նյութերը չեն պարունակում պետական, ծառայողական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք. 

3)            ներկայացնել լրացուցիչ փաստաթղթեր և տեղեկություններ. 

4)            միանալ կոլեկտիվ հանրագրին. 

5)            ցանկացած ժամանակ հետ վերցնել իր կողմից ներկայացված հանրագիրը կամ հրաժարվել կոլեկտիվ հանրագրից. 

6)           ստանալ պատշաճ պատասխան հանրագրի վերաբերյալ. 

7)            անհրաժեշտ տեղեկությունները անձամբ ձեռք բերելու անհնարինության դեպքում դրանք ձեռք բերելու վերաբերյալ համապատասխան միջնորդություն ներկայացնել իրավասու մարմնին կամ պաշտոնատար անձին. 

8)           բողոքարկել հանրագիրը վերահասցեագրելու և հանրագրի քննարկումը մերժելու մասին որոշումները,

9)           իրականացնել սույն օրենքով սահմանված այլ իրավունքներ: 

 

Հոդված 9.     Հանրագիր ներկայացրած անձի պարտականությունները

  1. Հանրագիր ներկայացրած անձը պարտավոր է`

1)     պահպանել սույն օրենքի պահանջները.

2)    հանրագրի քննարկման ընթացքում հանրագիրը քննարկող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնին կամ պաշտոնատար անձին տեղեկացնել իր հասցեի կամ կապի այլ միջոցների փոփոխության մասին:

 

Հոդված 10.   Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց իրավունքները և պարտականությունները

  1.  Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավունք ունեն`

1)             հանրագիր ներկայացրած անձից պահանջել հանրագրում նշված հարցի լուծման համար անհրաժեշտ փաստաթղթեր և տեղեկություններ.

2)    հանրագրի քննարկումներին ներգրավել մասնագետներ,

3)    իրականացնել սույն օրենքով նախատեսված այլ իրավունքներ:

  1. Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք պարտավոր են`

1)     ապահովել հանրագրի լիարժեք, բազմակողմանի և օբյեկտիվ քննարկումը.

2)    կայացնել օրինական և  պատճառաբանված որոշում.

3)    հանրագիր ներկայացնող անձին ծանուցել հանրագրի վերաբերյալ կայացված որոշման և ձեռնարկված միջոցառումների մասին.

4)    էլեկտրոնային եղանակով հրապարակել կոլեկտիվ հանրագիրրը,

5)    միջոցներ ձեռնարկել հանրագրի քննարկման արդյունքում կայացված որոշման կատարման ուղղությամբ.

6)            հանրագիր ներկայացնող անձին պարզաբանել որոշումների բողոքարկման կարգը.

7)            կատարել իր իրավասության շրջանակից բխող այլ պարտականություններ:

 

ԳԼՈՒԽ 2.

ՀԱՆՐԱԳՐԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ 

 

Հոդված 11.    Հանրագրերի ներկայացման կարգը

          1. Հանրագիր ներկայացնելու իրավունք ունեցող անձինք հանրագրերը ներկայացնում են հայերեն, գրավոր կամ բանավոր եղանակով:

  1. Գրավոր հանրագիրը ներկայացվում է առձեռն, փոստով կամ  էլեկտրոնային եղանակով։

3.  Բանավոր հանրագիրը համարվում է ներկայացված, եթե հանրագիր ներկայացնող անձի՝ հանրագիր ներկայացնելու վերաբերյալ պահանջը հստակ և որոշակի արտահայտված է:

4.  Հանրագիրը ներկայացվում է այն պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին  ու պաշտոնատար անձանց, որոնց իրավասություններին վերաբերում են հանրագրով առաջադրված հարցերը:

5.   Հանրագիրը ենթակա չէ քննարկման, եթե հանրագիր ներկայացրած անձը դիմում է ներկայացրել այն վերադարձնելու վերաբերյալ, բացառությամբ այն դեպքի, երբ հանրագրի քննարկումն էական նշանակություն ունի հանրային շահերի պաշտպանության տեսանկյունից:

6.  Հանրագիրը  վերադարձնելու կամ կոլեկտիվ հանրագրից հրաժարվելու մասին դիմումը ներկայացվում է գրավոր:

 

Հոդված 12. Հանրագրի բովանդակությունը

  1. Հանրագիրը պետք է բովանդակի հետևյալ տեղեկությունները`

1)             ֆիզիկական անձի դեպքում՝ հանրագիրը ներկայացնող ֆիզիկական անձի անունը, ազգանունը, բնակության վայրի հասցեն, կապի միջոցի վերաբերյալ տվյալներ, իսկ օտարերկրյա քաղաքացիների դեպքում նաև անձնագրային  տվյալները,

2)            իրավաբանական անձի դեպքում` իրավաբանական անձի անվանումը, մշտապես գործող մարմնի գտնվելու վայրի հասցեն, կապի միջոցի վերաբերյալ տվյալներ,

3)            կոլեկտիվ հանրագրի դեպքում` նաև հանրագիր ներկայացրած այն պատասխանատու անձը, ում հետ պետք է կապ պահպանվի։

4)             հանրագիրը ներկայացուցչի միջոցով ներկայացնելիս` վերջինիս անունը, ազգանունը, բնակության վայրի հասցեն, կապի միջոցի վերաբերյալ տվյալներ,

5)            այն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի անվանումը կամ պաշտոնատար անձի անունը, որին ուղղված է հանրագիրը,

6)           հանրագիր ներկայացնող անձի պահանջը և հիմնավորումները:

  1. Հանրագիրը ստորագրում է այն ներկայացրած անձը կամ վերջինիս ներկայացուցիչը: Իրավաբանական անձի կողմից ներկայացված հանրագիրը ստորագրում է կանոնադրությամբ իրավաբանական անձը ներկայացնելու իրավասություն ունեցող անձը կամ իրավաբանական անձի կողմից օրենքով սահմանված կարգով լիազորված անձը:
  2. Կոլեկտիվ հանրագիրը ստորագրվում է հանրագրին միացած բոլոր անձանց կողմից:
  3. Եթե հանրագիրը ներկայացվում է ներկայացուցչի միջոցով, ապա հանրագրին կցվում է ներկայացուցչի լիազորագիրը:
  4. Հանրագրին կարող են կցվել ներկայացված պահանջը հիմնավորող փաստաթղթեր և այլ նյութեր:

 

Հոդված 13. Հանրագրի գրանցումը և հրապարակումը։ Անանուն հանրագրերը

  1. Հանրագիրը ներկայացնելու օրը այն ենթակա է գրանցման այդ նպատակի համար նախատեսված գրանցամատյանում:
  2. Անանուն հանրագիրը, ինչպես նաև այն հանրագիրը որում նշված չէ հետադարձ կապի վերաբերյալ որևէ տեղեկություն, ենթակա չէ գրանցման և քննարկման:
  3. Կոլեկտիվ հանրագիրը ենթակա է հրապարակման այդ նպատակով ստեղծված համացանցում հասանելի տիրույթում։ Հանրագիր ներկայացնելու համար համացանցում հասանելի միասնական տիրույթի նկարագիրը սահմանում է ՀՀ կառավարությունը։
  4. Հանրագրի գրանցման և հրապարակման կարգը սահմանում է ՀՀ կառավարությունը։

 

Հոդված 14. Հանրագիրը վերահասցեագրելը և դրանում լրացումներ ու ուղղումներ կատարելը

  1. Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք հանրագիր ներկայացնելու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում հանրագիր ներկայացրած անձին հրավիրում են հանրագրում լրացումներ կամ ուղղումներ կատարելու, եթե`

1)             չեն պահպանվել հանրագրի ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջները կամ

2)    հստակ չէ հանրագիր ներկայացնող անձի պահանջը:

  1. Կոլեկտիվ հանրագրում լրացումներ կամ ուղղումներ կատարելու անհրաժեշտության դեպքում հրավիրվում է հանրագրում որպես պատասխանատու նշված անձը:
  2. Եթե հանրագիրը կամ դրա մի մասը չի վերաբերում այն պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց իրավասություններին, որոնց հասցեագրվել է, ապա վերջիններս ստանալու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում հանրագիրը կամ դրա վերաբերելի մասը վերահասցեագրում են իրավասու մարմիններին կամ պաշտոնատար անձանց և նույն ժամկետում այդ մասին ծանուցում հանրագիրը ներկայացրած անձին: Հանրագիրը մասով կարող է վերահասցեագրվել, եթե հնարավոր է այն առանձին քննարկել։  
  3. Եթե հանրագիրը վերաբերում է մի քանի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց իրավասություններին, ներառյալ` այն մարմնի ու պաշտոնատար անձի իրավասություններին, որին հասցեագրվել է հանրագիրը, և եթե հանրագրի քննարկումն առանձնացված ձևով յուրաքանչյուր մարմնի կողմից հնարավոր չէ, հանրագրի առաջին հասցեատեր մարմինը, ստանալով իրավասու մարմինների կամ պաշտոնատար անձանց կարծիքը, վերջնական որոշում է կայացնում հանրագրի վերաբերյալ:  
  4. Եթե անհատական ընդունելության արդյունքում ներկայացված բանավոր հանրագիրը ամբողջությամբ կամ մասամբ չի վերաբերում տվյալ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց իրավասություններին, որոնց հասցեագրվել է, ապա վերջիններս համապատասխանաբար ամբողջությամբ կամ մասամբ առանց քննարկման են թողնում հանրագիրը և այն ներկայացրած անձին պարզաբանում, թե որ մարմինն է իրավասու տվյալ հարցով: 

 

Հոդված 15. Հանրագրի քննարկումը մերժելը

  1. Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք մերժում են հանրագրի քննարկումը, եթե` 

1)     անձը ներկայացրել է կրկնակի հանրագիր, բացառությամբ այն դեպքերի, երբ հանրագրում նշված են նոր հանգամանքներ, որոնք կարող են էական նշանակություն ունենալ խնդրի լուծման համար.

2)    հանրագրում նշված հարցը արդեն իսկ ստացել է համապատասխան օրենսդրական կամ այլ կարգավորում.

3)    հանրագիրը ներկայացվել է այն ներկայացնելու իրավունք չունեցող անձի կողմից.

4)     առկա է սույն օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հիմքը.

5)    հանրագրով ներկայացված պահանջը ենթակա է լուծման քաղաքացիական, վարչական, քրեական կամ սահմանադրական դատավարության կարգով կամ այդպիսի պահանջի լուծման համար օրենքով նախատեսված է այլ ընթացակարգ.

6)    հանրագիրը ներկայացվել է օտար լեզվով:

  1. Հանրագրի քննարկումը մերժելու հիմքերի առկայության դեպքում իրավասու մարմինը կամ պաշտոնատար անձը հանրագիրը ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում որոշում է կայացնում հանրագրի քննարկումը մերժելու մասին` հանրագիրը, կից փաստաթղթերը և որոշումը ուղարկելով հանրագիրը ներկայացրած անձին:
  2. Հանրագրի քննարկումը մերժելու մասին որոշումը պետք է լինի պատճառաբանված, հղում պարունակի օրենքի կամ այլ իրավական ակտերի պահանջներին, որոնց հիման վրա կայացվել է որոշումը:

 

Հոդված 16. Հանրագրի վերաբերյալ ընդունված որոշումների բողոքարկումը

  1. Հանրագիրը վերահասցեագրելու կամ հանրագրի քննարկումը մերժելու մասին որոշումները կամ պետական և տեղական ինքնակառավարման մարմնի ու պաշտոնատար անձի անգործությունը ենթակա է բողոքարկման վարչական կամ դատական կարգով։
  2. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց կողմից հանրագրի քննարկման արդյունքում ընդունված որոշումները վերջնական են և բողոքարկման ենթակա չեն:   

 

 

Հոդված 17. Հանրագրի քննարկման ժամկետը

  1. Հանրագիրը քննարկվում է այն ընդունելուց հետո մեկ ամսվա ընթացքում:
  2. Լրացուցիչ ուսումնասիրություններ իրականացնելու անհրաժեշտության դեպքում հանրագրի քննարկման ժամկետը իրավասու պաշտոնատար անձի կողմից կարող է երկարաձգվել մինչև 30 աշխատանքային օրով` այդ մասին ծանուցելով հանրագիրը ներկայացրած անձին սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետի ավարտից առնվազն 3 աշխատանքային օր առաջ:
  3. Առանձին դեպքերում, երբ հանրագրում նշված հարցի վերաբերյալ ձևավորված է հանձնաժողով կամ այլ խումբ, ապա հանրագիրը քննարկվում է հանձնաժողովի կամ այլ խմբի գործունեության ժամկետում։

 

Հոդված 18. Հանրագրի քննարկումը և դրա վերաբերյալ որոշում ընդունելը

  1. Հանրագիրն ընդունվելուց հետո ենթակա է բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկման:
  2. Հանրագրի քննարկման արդյունքում իրավասու մարմինը կամ պաշտոնատար անձը գրավոր որոշում է ընդունում հանրագիրը լրիվ կամ մասնակիորեն բավարարելու կամ մերժելու մասին: Որոշումը պետք է լինի պատճառաբանված, հղում պարունակի Սահմանադրության, օրենքի կամ այլ իրավական ակտի նորմերին, տեղեկություններ պարունակի հանրագրի քննարկման արդյունքում ձեռնարկված կամ ձեռնարկվելիք միջոցառումների կամ դրանց անհրաժեշտության բացակայության մասին: Որոշման մեջ նշվում է այն բողոքարկելու կարգը և ժամկետները։
  3. Որոշումը ստորագրում է պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի իրավասու պաշտոնատար անձը:
  4. Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք հանրագրի քննարկման արդյունքում ընդունված որոշումը  մեկ աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում են հանրագիրը ներկայացրած անձին:
  5. Նույն անձի կողմից մի քանի նույնաբնույթ հանրագրեր ներկայացվելու կամ մի քանի անձանց կողմից միաժամանակ նույնաբնույթ հանրագիր ներկայացվելու դեպքում մինչև դրա վերաբերյալ վերջնական պատասխան ներկայացնելը իրավասու մարմինը կամ պաշտոնատար անձը իրավունք ունի միավորել դրանք և ներկայացնել մեկ ընդհանուր պատասխան, որն ուղարկվում է բոլոր հասցեատերերին:

 

              Հոդված 19. Անհատական ընդունելություն

  1. Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք բանավոր հանրագրեր ներկայացնելու համար կազմակերպում են անձանց ընդունելություն։  
  2. Ընդունելությունը կատարվում է ոչ պակաս, քան յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ` անձանց նախապես ծանուցված օրերին և ժամերին:
  3. Եթե ընդունելության արդյունքում բանավոր հանրագրով առաջադրված հարցի վերաբերյալ հնարավոր չէ կայացնել որոշում տեղում, և այն պահանջում է լրացուցիչ ուսումնասիրություններ, ապա իրավասու մարմնի պաշտոնատար անձը բանավոր ներկայացված հանրագիրը ձևակերպում է գրավոր և քննարկում գրավոր հանրագրի համար սույն օրենքով նախատեսված  կարգով: 
  4. Ընդունելության ժամանակ անձինք ներկայանում են անձը կամ լիազորությունը հաստատող փաստաթղթերով:
  5. Ընդունելության ընթացքի և արդյունքների վերաբերյալ կազմվում է արձանագրություն, որում պարտադիր նշվում է բանավոր հանրագրի հակիրճ բովանդակությունը և դրա վերաբերյալ ընդունված որոշման մասին տեղեկությունները։
  6. Ընդունելության կազմակերպումն ապահովում է պետական և տեղական ինքնակառավարման մարմնի ու պաշտոնատար անձի աշխատակազմը:

 

Հոդված 20. Հանրագրի  վերաբերյալ ընդունված որոշումների մասին  ծանուցելը

  1. Ծանուցումն իրականացվում է փոստով` հանձնելու մասին ծանուցմամբ կամ հասցեատիրոջը ստորագրությամբ առձեռն հանձնելու կամ հասցեատիրոջ կողմից էլեկտրոնային կամ հաղորդակցության այլ միջոց ներկայացված լինելու դեպքում` այդ միջոցով։  
  2. Կոլեկտիվ հանրագրի դեպքում ծանուցումն ուղարկվում է ծանուցման համար հանրագրում որպես պատասխանատու նշված անձի հասցեով:
  3. Կոլեկտիվ հանրագրի վերաբերյալ որոշումն այն կայացնելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում ենթակա է հրապարակման նաև միասնական հարթակում:
  4. Էլեկտրոնային եղանակով ստացված հանրագրի վերաբերյալ որոշումն ուղարկվում է նույն եղանակով:
  5. Ընդունելության ժամանակ բանավոր հանրագրով առաջադրված հարցի վերաբերյալ որոշումը հաղորդվում է բանավոր, եթե բանավոր ներկայացված հանրագիրը չի ձևակերպվում գրավոր։

 

ԳԼՈՒԽ 3.

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 21. Եզրափակիչ դրույթներ

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
  2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Քաղաքացիների առաջարկությունները, դիմումները և բողոքները քննարկելու կարգի մասին» Հայաստանի Հանրապետության 1999թ. նոյեմբերի 24-ի թիվ ՀՕ-24 օրենքը:

 

Հոդված 23. Անցումային դրույթներ 

1. Մինչև համացանցում հասանելի տիրույթում հանրագրեր ներկայացնելու միասնական հարթակի ստեղծումը, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք կոլեկտիվ հանրագրերը հրապարակում են իրենց պաշտոնական կայքերում։ Տեղական ինքնակառավարման այն մարմինները, որոնք չունեն պաշտոնական կայք, կոլեկտիվ հանրագրերը հրապարակում են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության պաշտոնական կայքում, իսկ մինչև 1000 բնակիչ ունեցող համայնքներում կոլեկտիվ հանրագրերը հրապարակվում են համայնքի վարչական շենքին հարող տարածքում այդ նպատակի համար հատկացված վայրում։  

 

                            


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» 2002 թվականի մայիսի 7-ի Հայաստանի Հանրապետության ՀՕ-337 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 33-րդ հոդվածի 4-րդ կետում «առաջարկությունները» բառերը փոխարինել «հանրագրերը» բառերով:

             Հոդված 2. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տաuներորդ oրը:

 


 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին»  2008 թվականի դեկտեմբերի 26-ի Հայաստանի Հանրապետության ՀՕ-5-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 51-րդ հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետում  «առաջարկությունների» բառերը փոխարինել «հանրագրերի» բառերով: 

Հոդված. 2. Օրենքի 103-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում «առաջարկությունների» բառերը փոխարինել «հանրագրերի» բառերով:

Հոդված 3. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տաuներորդ oրը:

 

 


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 

 

Հոդված 1. «Դիվանագիտական ծառայության մասին» 2001 թվականի հոկտեմբերի 24-ի Հայաստանի Հանրապետության ՀՕ-249 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 43-րդ հոդվածի 1-ին մասի է) կետը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ.

«է) իր լիազորությունների շրջանակներում հանրագրեր, դիմումներ և բողոքներ քննության առնելն ու օրենսդրությամբ սահմանված կարգով դրանց ընթացք տալը»:

Հոդված 2. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տաuներորդ oրը:

 

 

 


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հյուպատոսական ծառայության մասին» 1996 թվականի մայիսի 29-ի Հայաստանի Հանրապետության ՀՕ-61 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 22-րդ հոդվածում «բանավոր դիմումներ» բառերից հետո լրացնել հետևյալ բառերը` «, օրենքով սահմանված կարգով ընդունել և քննարկել ներկայացված հանրագրերը»:

Հոդված 2. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տաuներորդ oրը:

 


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» 2004 թվականի փետրվարի 18-ի Հայաստանի Հանրապետության ՀՕ-41-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 113-րդ հոդվածի 3-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:

          Հոդված 2. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տաuներորդ oրը:


 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ 

«ԱՆՀԱՏԱԿԱՆ ԵՎ ԿՈԼԵԿՏԻՎ ՀԱՆՐԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ», «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»,
«ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ

ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 

 

Ընթացիկ իրավիճակը և առկա խնդիրները

Հանրագրեր ներկայացնելու իրավունքը` որպես քաղաքական իրավունք, կարևորագույն նշանակություն ունի անհատական և հանրային շահերի պաշտպանության տեսանկյունից: Հանրագիրը միջոց է հարկադրելու պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին ու պաշտոնատար անձանց հաշվի առնել հասարակության կարծիքը, միջոցներ ձեռնարկել հասարակության անդամների կողմից բարձրացված հարցերի լուծման ուղղությամբ: Վերաբերելով ոչ միայն քաղաքացիներին, այլև օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց` այն հնարավորություն է տալիս ապահովել հասարակության առավել լայն մասնակցություն և ներգրավվածություն հանրային նշանակություն ունեցող հիմնախնդիրների լուծման գործընթացներին:

Հանրագրերի ինստիտուտը լայն կիրառություն ունի միջազգային պրակտիկայում: Գերմանիայի Սահմանադրությունը, օրինակ, ամրագրում է յուրաքանչյուրի` առանձին կամ այլոց հետ խնդրանքով կամ բողոքով Բունդեսթագին դիմելու իրավունքը: Միաժամանակ, Գերմանիայի Հիմնական օրենքը Բունդեսթագին պահանջ է առաջադրում ստեղծելու առանձին պետիցիաների հանձնաժողով, որը կքննարկի Բունդեսթագին ուղղված հանրագրերը[1]: Պետիցիաների հանձնաժողովն իրավասու է քննարկել ինչպես Բունդեսթագի իրավասությունների ոլորտին, այսինքն` դաշնային օրենսդրությանը վերաբերող հարցեր, այնպես էլ դաշնային կառավարությանը, դաշնային մարմիններին և հանրային գործառույթներ իրականացնող այլ դաշնային կառույցներին վերաբերող հարցեր: Պետիցիաների մասին առանձին օրենքներ են գործում նաև Գերմանիայի հողերում: Պետիցիաների իրավունքը մանրամասն իրավական կարգավորում է ստացել նաև Պորտուգալիայում: Պորտուգալիայի Սահմանադրության 52-րդ հոդվածի` յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի անհատական կամ կոլեկտիվ եղանակով պետական իշխանության և տեղական ինքնակառավարման մարմիններին և պետական մյուս մարմիններին ներկայացնել պետիցիաներ, դիմումներ, պահանջներ և բողոքներ իրենց իրավունքների Սահմանադրության, օրենքների կամ ընդհանուր շահերի պաշտպանության նպատակով: Պորտուգալիայում գործում է նաև պետիցիաների մասին առանձին օրենք, որը համակողմանիորեն կարգավորում է հանրագրերի իրավունքի հետ կապված հարաբերությունները[2]: Հանրագրերի իրավունքն ամրագրված է նաև Ֆրանսիայի, Լիտվայի, ՌԴ-ի, Ուկրաինայի, Բելառուսի և մի շարք այլ երկրների Սահմանադրությամբ և օրենքներում[3]:

1995թ. խմբագրությամբ Սահմանադրությունը հանրագրերի իրավունքի վերաբերյալ իրավական կարգավորումներ չէր նախատեսում: Այս իրավունքն այլ ձևակերպմամբ սահմանադրական ամրագրում ստացավ 2005թ. սահմանադրական բարեփոխումներով: 2005թ. խմբագրությամբ Սահմանադրության 27.1-ին հոդվածն ամրագրում էր, որ յուրաքանչյուր ոք ունի իր անձնական կամ հասարակական շահերի պաշտպանության նկատառումներով իրավասու պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին ու պաշտոնատար անձանց դիմումներ և առաջարկություններ ներկայացնելու և ողջամիտ ժամկետում պատշաճ պատասխան ստանալու իրավունք: Այդուհանդերձ, սահմանադրական փոփոխություններին չհաջորդեցին նաև օրենսդրական փոփոխությունները, որոնք անհրաժեշտ ընթացակարգերի նախատեսմամբ կապահովեին իրավունքի գործնական իրացումը:

Այս հարցի վերաբերյալ օրենսդրական մակարդակով որոշակի իրավական լուծումներ առկա են եղել նաև նախկինում: Բանն այն է, որ անձանց` դիմումներ, բողոքներ և առաջարկություններ ներկայացնելու իրավունքն ի սկզբանե կարգավորվում էր «Քաղաքացիների առաջարկությունները, դիմումները և բողոքները քննարկելու կարգի մասին» ՀՀ 1999 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-24 օրենքով: Սակայն հետագայում` «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ 2004թ. փետրվարի 18-ի ՀՕ-41-Ն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո դիմում-բողոքների հետ կապված հարաբերությունները սկսեցին կարգավորվել վերը նշված օրենքով և «Քաղաքացիների առաջարկությունները, դիմումները և բողոքները քննարկելու կարգի մասին» ՀՀ օրենքը պահպանեց իր իրավական ուժը միայն քաղաքացիների առաջարկությունների մասով: Սակայն նշված օրենքները ընդունվել են մինչև 2005թ. սահմանադրական բարեփոխումները, երբ Սահմանադրությամբ հանրագրի իրավունք դեռևս նախատեսված չէր:

Ներկայումս գործող օրենսդրությամբ հանրագրերի իրավունքին առնչվող հարաբերությունների իրավական կարգավորումն իրականացվում է միայն հատվածաբար: Մասնավորապես, պետիցիաների առանձին տարրեր ամրագրված են «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքով, որի 27-րդ հոդվածի համաձայն` իրավաբանական և ֆիզիկական անձինք իրենց նախաձեռնությամբ իրավունք ունեն մշակել և համապատասխան իրավաստեղծ մարմիններին ներկայացնել նորմատիվ իրավական ակտերի նախագծեր: Իսկ «Քաղաքացիների առաջարկությունները, դիմումները և բողոքները քննարկելու կարգի մասին» ՀՀ օրենքը կարգավորում է քաղաքացիների առաջարկություններին վերաբերող հարաբերությունները, որտեղ, այդուհանդերձ, բացակայում են ամբողջական կարգավորումները:

2015թ. դեկտեմբերի 6-ի սահմանադրական փոփոխություններով առաջին անգամ ամրագրվեց անհատական և կոլեկտիվ հանրագրերի իրավունքը, որը նպատակ ունի հնարավորինս օգտագործել քաղաքացիական հասարակության ներուժը, ապահովել պետական իշխանության և հանրության ներկայացուցիչների միջև կայուն հաղորդակցությունը: Հաշվի առնելով ՀՀ Սահմանադրությամբ հանրագրերի ինստիտուտի ներդրումը, ՀՀ կառավարության` «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների` օրենքով կարգավորման պահանջ ուղղակիորեն նախատեսող դրույթների հիման վրա ընդունման, փոփոխման և լրացման ենթակա օրենքների ցանկը հաստատելու մասին» 2016 թվականի մարտի 10-ի թիվ 245-Ա որոշումը, ՀՀ օրենսդրությամբ համալիր իրավակարգավորումների բացակայությունը` անհրաժեշտ է օրենսդրությունը համապատասխանեցնել Սահմանադրության պահանջներին, ընդունել առանձին օրենք, որը համակողմանիորեն կկարգավորի հանրագրերի ներկայացման և հետագա ընթացքի հետ կապված հարաբերությունները:

 

  Առաջարկվող լուծումները 

Ի կատարումն ՀՀ կառավարության` «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների` օրենքով կարգավորման պահանջ ուղղակիորեն նախատեսող դրույթների հիման վրա ընդունման, փոփոխման և լրացման ենթակա օրենքների ցանկը հաստատելու մասին» 2016 թվականի մարտի 10-ի թիվ 245-Ա որոշման և վերը նշված խնդիրների լուծման նպատակով մշակվել է «Անհատական և կոլեկտիվ հանրագրերի մասին» ՀՀ օրենքի և հարակից ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում են հետևյալ լուծումները՝

1)             հանրագիրը իրավունքների, ազատությունների կամ օրինական շահերի իրականացմանը նպաստելու նպատակով, հանրային նշանակություն ունեցող հարցերով ներկայացվող դիմում, կամ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու դրանց պաշտոնատար անձանց գործունեության թերությունների մասին հաղորդում կամ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության բարելավման, տնտեսական, քաղաքական, սոցիալական և հասարակական կյանքի այլ ոլորտներին վերաբերող հարցերի կարգավորման կամ գործող իրավակարգավորումների կատարելագործման վերաբերյալ առաջարկություն.

2)            հանրագրերը կարող են ներկայացվել գրավոր կամ բանավոր եղանակով: Գրավոր հանրագրերը կարող են ներկայացվել ինչպես փոստով կամ առձեռն, այնպես էլ էլեկտրոնային  միջոցներով: Բանավոր հանրագրերը ներկայացվում են անհատական ընդունելության ընթացքում:

3)            հանրագրերը կարող են լինել անհատական և կոլեկտիվ: Անհատական հանրագիրը ներկայացվում է մեկ ֆիզիկական կամ մեկ իրավաբանական անձի կողմից: Կոլեկտիվ հանրագիրը ներկայացվում է երկու և ավելի անձանց կողմից միևնույն հարցով.

4)            կրկնակի է համարվում այն հանրագիրը, որը ներկայացվել է միևնույն անձի կողմից միևնույն հարցով նույն մարմնին կամ պաշտոնատար անձին և որի վերաբերյալ սույն օրենքով սահմանված կարգով որոշում է կայացվել.

5)            հանրագիր ներկայացնելու իրավունք է վերապահվում յուրաքանչյուրին` ՀՀ քաղաքացիներ, օտարերկրյա քաղաքացիներ և քաղաքացիություն չունեցող անձինք, ՀՀ իրավաբանական անձ, օտարերկրյա իրավաբանական անձանց` ՀՀ-ում հաշվառված մասնաճյուղեր, ներկայացուցչություններ.

6)           հանրագրի առարկան կարող է վերաբերել մշակութային, կրթական, տնտեսական, սոցիալական, բնապահպանական, առողջապահական և հասարակական կյանքի այլ ոլորտներին, պետական և  տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության թերությունները վերացմանը, պետական և  տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության բարելավմանը.

7)             հանրագիր ներկայացնող անձի պահանջը չի կարող վերաբերել այնպիսի միջոցառումների, որոնք կսահմանափակեն մարդու հիմնական իրավունքները և ազատությունները, ուղղված կլինեն Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության կամ տարածքային ամբողջականության բռնի փոփոխությանը, ազգային, ռասայական, կրոնական ատելություն բորբոքելուն, բռնություն կամ պատերազմ կամ խտրական վերաբերմունք քարոզելուն

8)           նախագծով երաշխիքներ են սահմանվում հանրագիր ներկայացնող անձանց իրավունքերի ապահովման համար: Մասնավորապես` ոչ ոք իրավունք չունի արգելել կամ որևէ կերպ խոչընդոտել հանրագիր ներկայացնելու իրավունքի իրականացմանը: Հանրագիր ներկայացնող անձինք և նրանց ընտանիքի անդամները հանրագիր ներկայացնելու կապակցությամբ չեն կարող ենթարկվել հետապնդումների:  Հանրագիր ներկայացնելու իրավունքի իրականացումը չպետք է հանրագիր ներկայացնող անձի իրավունքները սահմանափակելու կամ դրանցից զրկելու հիմք հանդիսանա:

9)           նախագծով սահմանվում են հանրագիր ներկայացրած անձանց իրավունքները և պարտականությունները, այդ թվում` անհրաժեշտության դեպքում հանրագրի քննարկումներին  մասնակցելու իրավունքը, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց իրավունքները և պարտականությունները.

10)         hանրագիր ներկայացրած անձը իրավունք ունի ցանկացած ժամանակ հետ վերցնել հանրագիրը կամ հրաժարվել կոլեկտիվ հանրագրից: Սակայն իրավասու մարմինը կամ պաշտոնատար անձը իրավունք ունի շարունակել դրա քննարկումը, եթե հանրագրի առարկան հանրային շահերի պաշտպանության տեսանկյունից ունի էական նշանակություն.

11)           հանրագրերը ենթակա են պարտադիր գրանցման: Անանուն հանրագրերը չեն գրանցվում և չեն քննարկվում: Հանրագիրը կարող է ներկայացվել ինչպես անձամբ, այնպես էլ ներկայացուցչի միջոցով.

12)          նախատեսվում է հանրագիրը վերահասցեագրելու և հանրագրի քննարկումն մերժելու իրավական հիմքեր: Հանրագիրը ենթակա է վերահասցեագրման, եթե չի վերաբերում տվյալ մարմնի կամ պաշտոնատար անձի իրավասություններին: Հանրագրի քննարկումը մերժելու հիմքերը իրենց էությամբ այնպիսին են, որ բացառում են դրա հետագա ընթացքը: Նախատեսվում է նաև հանրագրում լրացումներ և ուղղումներ կատարելու հնարավորություն, եթե չեն պահպանվել հանրագրի ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջները.

13)          հանրագիրը ենթակա է քննարկման հանրագիրը ստանալուց հետո առավելագույնը 30 աշխատանքային օրվա ընթացքում: Անհրաժեշտության դեպքում քննարկման ժամկետը իրավասու պաշտոնատար անձի որոշմամբ կարող է երկարաձգվել ևս նույն ժամկետով.

14)          հանրագրի քննարկման արդյունքում իրավասու մարմինը կամ պաշտոնատար անձը որոշում է ընդունում հանրագիրը լրիվ կամ մասնակիորեն բավարարելու կամ մերժելու մասին: Որոշումը պետք է լինի  պատճառաբանված, հղում պարունակի Սահմանադրության, օրենքի կամ այլ իրավական ակտի նորմերին, տեղեկատվություն պարունակի ձեռնարկվող միջոցառումների կամ դրանց անհրաժեշտության բացակայության մասին.

15)          պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց կողմից հանրագրի քննարկման արդյունքում ընդունված որոշումները բողոքարկման ենթակա չեն: Ի տարբերություն հանրագրի վերաբերյալ վերջնական որոշման` բողոքարկման ենթակա են հանրագիրը վերահասցեագրելու և հանրագրի քննարկումը մերժելու մասին որոշումները.

16)         նախատեսվում է անհատական ընդունելության հնարավորություն, որը կազմակերպվում է առնվազն ամիսը մեկ անգամ: Այն հնարավորություն է տալիս ավելի արագ արձագանքել առաջադրված հարցերին և խնդիրներին:

Եթե ընդունելության արդյունքում բանավոր հանրագրով առաջադրված հարցի վերաբերյալ հնարավոր չէ կայացնել որոշում տեղում և այն պահանջում է լրացուցիչ ուսումնասիրություններ, ապա իրավասու մարմնի պաշտոնատար անձը բանավոր ներկայացված հանրագիրը ձևակերպում է գրավոր և քննարկվում գրավոր հանրագրերի համար սույն օրենքով նախատեսված  կարգով:

17)          հաշվի առնելով այն հանգամանքը, որ ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից ներկայացված առաջարկությունները այսուհետ կարգավորվելու են «Անհատական և կոլեկտիվ հանրագերի մասին» օրենքով` առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել «Քաղաքացիների առաջարկությունները, դիմումները և բողոքները քննարկելու կարգի մասին» ՀՀ 1999 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-24 օրենքը.

18)         մինչև համացանցում հասանելի տիրույթում հանրագրեր ներկայացնելու միասնական հարթակի ստեղծումը, պետական և տեղական ինքնակառավարման մարմինները կոլեկտիվ հանրագրերը հրապարակում են իրենց պաշտոնական կայքերում։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկա պայմաններում  կան պետական և, հատկապես, տեղական ինքնակառավարման մարմիններ, որոնք ապահովված չեն էլեկտրոնային եղանակով հանրագրեր ընդունելու համար անհրաժեշտ համացանցով և տեխնիկական հնարավորություններով, այդպիսի տեղական ինքնակառավարման մարմինները կոլեկտիվ հանրագրերը հրապարակում են ՀՀ տարածքային կառավարման նախարարության պաշտոնական կայքում, իսկ մինչև 1000 բնակիչ ունեցող համայնքներում կոլեկտիվ հանրագրերը հրապարակվում են համայնքի վարչական շենքին հարող տարածքում այդ նպատակի համար հատկացված վայրում.

19)         ՀՀ օրենսդրությամբ հանրագրերի ինստիտուտի ներդրումն ապահովելու նպատակով համապատասխան փոփոխություններ են իրականացվել նաև «Տեղական ինքնակառավարման մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին», «Դիվանագիտական ծառայության մասին», «Հյուպատոսական ծառայության մասին» ՀՀ օրենքներում` հանրագրեր ընդունելու և քննարկելու իրավասությունները սահմանելով նաև նշված մարմինների համար:

 

Ակնկալվող արդյունքը

Սույն օրենսդրական նախաձեռնությամբ անհրաժեշտ իրավական կառուցակարգեր կստեղծվեն ՀՀ Սահմանադրության 53-րդ հոդվածով նախատեսված` հանրագիր ներկայացնելու իրավունքի գործնական իրացումն ապահովելու համար: Մասնավորապես` առաջարկվող նախագծով ակնկալվում են հետևյալ արդյունքները՝

1)   որպես լրացուցիչ իրավական երաշխիք` հանրագրերի ինստիտուտի ամրագրումը կխթանի ժողովրդավարության ամրապնդմանը, ժողովրդաիշխանության առավել ամբողջական իրացմանը.

2)  կապահովվի հասարակության մասնակցությունը  պետական և տեղական ինքնակառավարման գործընթացին.

3)  հնարավոր կդառնա վեր հանել հասարակական կյանքի բազմաթիվ ոլորտներին վերաբերող խնդիրներ, կապահովվի հասարակության պահանջմունքների բացահայտումը և իրավակարգավորումը.

4)  կամրապնդվի պետության հետ փոխհարաբերություներում հաղորդակցությունը և համագործակցությունը, կապահովվի հասարակական վերահսկողություն պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության նկատմամբ.

5)  կբարձրանա հանրային իշխանության սուբյեկտների պատասխանատվությունը հասարակության առջև.

6) ներկայացված առաջարկությունների հիման վրա կկատարելագործվվի ՀՀ օրենսդրությունը և իրավակիրառ պրակտիկան:

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ N 1

 

«ԱՆՀԱՏԱԿԱՆ ԵՎ ԿՈԼԵԿՏԻՎ ՀԱՆՐԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ», «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ
ՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ

ԸՆԴՈՒՆՄԱՆ  ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

«Անհատական և կոլեկտիվ հանրագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»  «Հյուպատոսական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքների ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտեր ընդունելու անհրաժեշտությունը բացակայում է:

 

ՏԵՂԵԿԱՆՔ N 2

 

«ԱՆՀԱՏԱԿԱՆ ԵՎ ԿՈԼԵԿՏԻՎ ՀԱՆՐԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ», «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»,
«ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ

ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

«Անհատական և կոլեկտիվ հանրագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»  «Հյուպատոսական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

 

 


[1] Տե՛ս Գերմանիայի Հիմնական օրենքը, հոդված 17, 45:

[2] Տե՛ս Law on Governing the exercise of the right of petition of Portugal:

[3] Տե՛ս, օրինակ, Ֆրանսիայի 1958թ. Սահմանադրությունը, հոդված 72-1, The law on petitions of Lithuania (7 July 1999, No. VIII-1313):

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն