Դեպի վեր

Արդարադատության նախարարությունն առաջարկում է լուծարել համատիրությունները

02/07/2018

ՀՀ արդարադատության նախարարությունը շրջանառության է դրել «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու և «Համատիրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» օրենքի նախագիծը:

Առաջարկվում է նախատեսել առավել մասնագիտացված կառավարման մոդել, այն է՝ կառավարումն իրավաբանական անձ հանդիսացող կառավարչի միջոցով, ինչի արդյունքում համատիրությունները լուծարվելու են: 

Նախագծի հիմնավորման համաձայն, «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» և «Համատիրությունների մասին» օրենքները չափազանց բարդեցված են: Բազմաբնակարան շենքի կառավարում իրականացնող համատիրությունները ստեղծվում են իրավաբանական անձի կարգավիճակով՝ իրենց տարբեր գործադիր մարմիններով, միաժամանակ հիմնադրման, վերակազմակերպման և գործունեության իրականացման բարդեցված փուլերով: Այս կարգավորումները կենտրոնացած չեն համատիրության միակ նպատակի վրա, այն է` բնակարանների սեփականատերերի ընդհանուր գույքի կառավարումը:

Սեփականատերերի կողմից բազմաբնակարան շենքի կառավարման սկիզբն ու ավարտը ավտոմատ կերպով պետք է կապվի բնակարանի նկատմամբ սեփականության ծագման հետ: Ինչպես նշվեց, գործող կարգավորմամբ բազմաբնակարան շենքերի կառավարումն իրականացվում է իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող համատիրությունների կողմից: Թեպետ համատիրությունը ենթադրվում է որպես բազմաբնակարան շենքի սեփականատերերի անդամության վրա հիմնված կազմակերպություն, սեփականատերերը մեծամասամբ մեկուսացված են բազմաբնակարան շենքերի կառավարման մասնակցությունից: Մի դեպքում դա պայմանավորված է, այն հանգամանքով, որ համատիրության ներկայացուցիչները, պատշաճ չիրականացնելով իրենց իրավասությունները, չեն ապահովում անհրաժեշտ տեղեկատվություն և չեն հրավիրում սեփականատերերի ժողովներ: Մյուս կողմից սեփականատերերն իրենք հաճախ անգործություն են դրսևորում, քանի որ բացակայում է շահագրգռվածությունը մասնակցելու բազմաբնակարան շենքերի կառավարմանը: Գործող կարգավորումներով բազմաբնակարան շենքի կառավարումը կարող է իրականացվել նաև համայնքի ղեկավարի կողմից, քանզի բոլոր այն դեպքերում, երբ օրենքի անցումային դրույթների համաձայն՝ օրենքի ուժի մեջ մտնելու օրվանից 6-ամսյա ժամկետում շենքի կառավարման մարմին չի ձևավորվում, շենքի կառավարման մարմնի համապատասխան լիազորություններն անցնում են համայնքի ղեկավարին: Մինչդեռ բազմաբնակարան շենքի կառավարման արդյունավետության բարձրացման, մասնավոր իրավահարաբերությունների զարգացման համար անհրաժեշտ է բազմաբնակարան շենքի կառավարումն ապահովել բացառապես սեփականատերերի ինքնակառավարման միջոցով՝ սեփականատերերի կողմից ընտրված կառավարման մարմնի կողմից:

Սկզբնաղբյուրը ՝ http://iravaban.net/192893.html

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն