Կոռուպցիայից զերծ պահելու համար այս անգամ էլ առաջարկում են դատավորին ապահովագրել դժբախտ պատահարներից

22/11/2018

Արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դրել որոշման նախագիծ, որով առաջարկվում է դատավորներին ապահովագրել դժբախտ պատահարներից։ 
Նախագծում սահմանվել է «դժբախտ պատահար» հասկացությունը. «Դժբախտ պատահարն արտաքին, կարճաժամկետ (մինչև մի քանի ժամ), անկանխատեսելի, արտաքին գործոնների (ֆիզիկական, քիմիական, մեխանիկական) ազդեցությամբ և անկանխատեսելի պայմանների և հանգամանքների զուգադիպման հետևանքով դատավորի կամքից անկախ տեղի ունեցած իրադարձություն է (որի բնույթը, տեղի ունենալու ժամը և վայրը կարող են հստակ որոշվել), որի հետևանքով առաջացած մարմնական վնասվածքների կամ տոքսիկ ազդեցության հետևանքով վնաս է հասցվել դատավորի առողջությանը և նա ճանաչվել է հաշմանդամ»։
Ենթադրեցինք, որ խոսքը վերաբերում է դատավորի մասնագիտական գործունեությանն առնչվող պատահարներին, ինչպես սահմանված է փրկարարների, քննիչնների կամ այլոց դեպքում։ Օրինակ, երբ կողմերից մեկը դժգոհ է դատարանի վճռից ու որոշում է փողոցում, օրինակ, քիմիական նյութ շփել դատավորի դեմքին։
Օրինագծի անհրաժեշտությանը, հնարավոր վիճակագրությանը ծանոթանալու նպատակով Panorama.am-ը զրուցեց Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Մարկոսյանի հետ։ Հենց հիմնադրամն է հեղինակել արդեն Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակված «Դատավորի՝ դժբախտ պատահարներից ապահովագրության պայմանները և չափը սահմանելու մասին»  որոշման նախագիծը։ 

Տիգրան Մարկոսյանը նախ հստակեցրեց՝ խոսքն ամենևին էլ չի վերաբերում մասնագիտական գործունեության ընթացքում տեղի ունեցած դժբախտ պատահարներին։ Պետության հաշվին դատավորի ապահովագրությունը  վերաբերում է նրա հետ պատահած ցանկացած դժբախտ պատահարին, ինչի հետևանքով դատավորը հաշմանդամություն է ձեռք բերում։ Այսինքն, եթե դատավորը սեփական մեքենայով գնում է հարազատին տեսնելու, աստված մի արասցե, վթարի է ենթարկվում, այս դեպքում էլ նա պետության կողմից ապահովագրված է։ Ինչ վերաբերում է դատավճռի բովանդակության հետ կապված հնարավոր հարձակումներին, վրեժ լուծելու դեպքերին, ապա ըստ Մարկոսյանի, դա դիտվում  է որպես հանցագործություն ու դրա հետևանքով կրած վնասի փոխհատուցումը պետք է կատարվի առանձին քաղհայցի շրջանակում, որտեղ դատավորը տուժողն է, հատուցողն էլ կլինի վնաս պատճառողը։

Սկզբնաղբյուրը ՝ https://www.panorama.am/am/news/2018/11/08/%D5%A4%D5%A1%D5%BF%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80-%D5%A4%D5%AA%D5%A2%D5%A1%D5%AD%D5%BF-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%A1%D5%B0%D5%A1%D6%80/2030511?fbclid=IwAR1sQ7zvRF2SmBRF9XXqs9HjGHDZotYteLNZdcB3nWRyg6vzuklffDWpLkI