Դեպի վեր

«Որքան այս կենտրոնը հագեցված լինի, այնքան արդարադատությունը կշահի». Փորձագիտական կենտրոնը նոր շենք ունի

05/05/2012 Տառատեսակի
չափսը
A A A

ՀՀ արդարադատության նախարարության «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ն արդեն նոր շենք ունի: Հիշեցնենք, որ 2008 թվականի փետրվարի 9-ին, ՀՀ արդարադատության նախարարության վարչական շենքում բռնկված հրդեհի հետևանքով` Փորձագիտական կենտրոնը ոչ միայն զրկվել էր շենքային պայմաններից, այլև զգալի կորուստներ կրել: ՀՀ նախագահի կարգադրությամբ փորձագիտական կենտրոնի շենքային պայմաններով ապահովման խնդիրը ներառվել է դատաիրավական բարեփոխումների 2009-2011թթ-ի ռազմավարական գործողությունների ծրագրում: Արդյունքում, չորս տարի իր գործունեությունն իրականացնելով վարձակալության հիմունքներով ձեռք բերված շենքում` կենտրոնը վերջապես ունեցավ իր շենքը: Շենքը կառուցվել է Համաշխարհային բանկի տրամադրած վարկային միջոցներով:

Ինչպես այսօր շենքի բացման արարողությանը նշեց արդարադատության փոխնախարար Ռուբեն Մելիքյանը, փորձաքննությունների դերը գնալով թե աշխարհում, և թե մեր երկրում մեծանում է: «Այս կենտրոնի բացումը կլինի նոր սկզբի խորհրդանիշ և ազդակ կհանդիսանա, որպեսզի ավելի արդյունավետ իրականացնենք այս շատ կարևոր գործը»,- ասաց փոխնախարարը:

«ՀՀ Փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ»-ի տնօրեն Ժորժ Ծատուրյանի խոսքերով՝ բարելավված շենքային նոր պայմանները կնպաստեն մատուցվող փորձաքննությունների կատարման ծառայությունների որակի բարձրացմանը: Ըստ նրա՝ դատական փորձաքննության դերը արդարադատության իրականացման գործում շատ մեծ է: «Դատական փորձաքննությունն այն հիմնական խողովակներից մեկն է, որի միջոցով գիտատեխնիկական առաջընթացը ներմուծվում է արդարադատության իրականացման գործընթացում»,- ընդգծեց նա:

Ժ.Ծատուրյանը նշեց, որ խորհրդային տարիներին կենտրոնը եղել է տեխնիկապես հագեցած կենտրոններից մեկը, իսկ հետխորհրդային տարիներին կարողացել են պահպանել բոլոր սարքավորումները: «Այս կենտրոնում ունենք 1967-1988 թթ-ի արտադրության տեխնիկական սարքավորումներ, որոնք ճշգրիտ աշխատում են, սակայն մեր խնդիրն է ձեռք բերել ժամանակակից տեխնիկական միջոցներ, որպեսզի անձի մասնակցությունը հասցվի մինիմումի»,- ասաց կենտրոնի տնօրենը:

Նշվեց նաև, որ արդեն ունեն ժամանակակից պահանջներին համապատասխան, անվտանգությունը ապահովող լաբորատորիաներով հագեցված շենք, որը լիովին բավարարում է այսօրվա պահանջներին: «Որքան այս կենտրոնը հագեցված լինի, այնքան արդարադատությունը կշահի, և մեր արդարացի պահանջները ճիշտ կիրագործվեն»,- ասաց Ժ.Ծատուրյանը:

Աղբյուր` Panorama.am

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն