Հայաստանում որպես խափանման միջոց ավելի հաճախ կիրառվում է կալանավորումը. պրոբացիան` որպես այլընտրանք. Հայացք օրաթերթ

23/11/2012

Վերջին տասնամյակում եվրոպական մի շարք երկրներում հանցագործությունների թվի աճման միտումը, քրեակատարողական հիմնարկների գերբեռնվածությունն ու հասարակության անվտանգության երաշխիքների նվազումը հանգեցրել են արդարադատության համակարգի նկատմամբ դժգոհության և արդարադատության ավանդական պրակտիկայի նկատմամբ նվազող հետաքրքրության:

 

Այս հանգամանքը կարևորում է այլընտրանքային և հակազդեցության նոր միջոցների կիրառման անհրաժեշտությունը և վերջին տարիներին այս ուղղությամբ սկսել է քայլեր ձեռնարկել նաև ՀՀ արդարադատության նախարարությունը: ՍակայնՀՀ-ում քրեական գործերի մինչդատական քննության փուլում մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվում է մեծ մասամբ կալանավորումը,այնուհետև միայն` ազատազրկումը որպես պատժատեսակ, չնայած այն բանին, որ պրոբացիոն ծառայությունն ավելի քիչ ծախսատար է ու ավելի արդյունավետ` իրավախախտի ուղղման տեսանկյունից: Սա է փաստում «Սոցիալական արդարություն» ՀԿ կողմից ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ իրականացված «ՀՀ-ում պրոբացիայի ծառայության ստեղծման խնդիրներն ու առանձնահատկությունները» հետազոտությունը:

 

Ներկայում, որպես այլընտրանք, եվրոպական մի շարք երկրներում դիտարկվում է վերականգնողական արդարադատության անցումը, քանի որ այն ապահովում է առավել ճկուն հակազդում հանցագործությանը: Այդ հակազդումը ստեղծում է հավասար պայմաններ երկու կողմերի արժանապատվությունը հարգելու, ինչպես նաև կողմերի միջև փոխըմբռնման ձևավորման համար:Ավելին, վերականգնողական արդարադատության միջոցով մեծանում է հասարակության դերը` որպես հանցագործությունների ու սոցիալական անկարգությունների դեմ պայքարի կարևոր գործոն: Եվ վերջապես, վերականգնողական արդարադատությունը մատչելի միջոց է, որը հնարավոր է հեշտությամբ ադապտացնել տվյալ երկրի ներքին իրավական համակարգում: Այս առումով վերականգնողական արդարադատության սկզբունքները որդեգրած պետությունների փորձի ուսումնասիրությունը փաստում է, որ այդ պետություններում վերականգնողական ծրագրերի իրականացման առաքելությունն իրականացնում են պրոբացիոն ծառայությունները` ապահովելով պատժի նպատակների իրացումը` ազատազրկման փոխարեն անձին պահելով ազատության մեջ: Այս ծառայությունների հիմքում դրվեց հասարակությունում անձի վերասոցիալականացման գաղափարախոսությունը, ինչը մասնակիորեն նպաստեց նաև քրեկատարողական հիմնարկների բեռնաթափման խնդրի լուծմանը:

 

Մեր երկրում, դեռևս 90-ականներից սկիզբ առած դատաիրավական բարեփոխումների շրջանակներում,տեղի են ունեցել մի շարք օրենսդրական փոփոխություններ, որոնք իրենց ազդեցությունն ունեցան ՀՀ քրեական քաղաքականության վրա ընդհանրապես և պատժողական քաղաքականության վրա` մասնավորապես: Բարեփոխումներից անմասն չի մնացել նաև քրեակատարողական համակարգը, որը 2001 թվականին ՀՀ ներքին գործերի նախարարության ենթակայությունից անցավ ՀՀ արդարադատության նախարարության ենթակայությանը, և հիմք դրվեց քրեակատարողական համակարգի լայնածավալ և շարունակական բարեփոխումների: Այնուամենայնիվ, ի թիվս քրեակատարողական ոլորտում առկա այլ խնդիրների, դեռևս արդիական են մնում քրեակատարողական հիմնարկների գերբեռնվածությունն ու կալանավորված և դատապարտված անձանց հետ վերականգնողական,ուղղիչ աշխատանքների արդյունավետության բարձրացումը, ինչպես նաև այլընտրանքային պատիժների կատարման ստորաբաժանումների գործունեության արդյունավետությունը,այլընտրանքային պատիժների կատարման առանձնահատկություններն ու պրակտիկան:

Ըստ «Սոցիալական արդարություն» ՀԿ կողմից իրականացված հետազոտության արդյունքների` այս առումով արդարադատության ամբողջ ոլորտում իրականացվող բարեփոխումները պետք է ենթադրեն ազատազրկման ավանդական գաղափարախոսությունից անցում կատարել վերասոցիալականացման և վերականգնողական արդարադատության գաղափարախոսության, որի էությունը ազատազրկմանն այլընտրանքային միջոցներով պատժի նպատակներին հասնելն է`պրոբացիոն ծառայությունների գործունեության արդյունքում:

Պետք է փաստել, որ 2012 թվականի հուլիսի 2-ին ՀՀ նախագահի կողմից ստորագրված «ՀայաստանիՀանրապետության իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագրում և ծրագրից բխող միջոցառումների ցանկում» քրեական արդարադատության և քրեական պատիժների համակարգի արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումներում առաջնայնություններից են քրեակատարողական համակարգի բարեփոխումները, որտեղ ամրագրված է նաև ՀՀարդարադատության նախարարության ենթակայությամբ գործող պրոբացիոն պետական ծառայության ստեղծման անհրաժեշտությունը: Ուստի, ըստ իրականացված հետազոտության, առաջին հերթին անհրաժեշտ է բարեփոխումների ռազմավարությամբ խթանել փոփոխությունները երեք մակարդակներում: Ռազմավարական մակարդակով անհրաժեշտ է զգալիորեն ավելի մեծ օժանդակություն ապահովել այլընտրանքային պատժատեսակների ներդրմանը` հաշվի առնելով, որ արդարադատության համակարգում չափազանց շատ են կիրառվում ազատազրկման տեսքով պատիժները: Գործառնական մակարդակով անհրաժեշտ է խթանել աշխատանքի արդյունավետ մեթոդները, որոնք նկարագրված են համայնքային պատիժների և միջոցների վերաբերյալ եվրոպական կանոնների և պրոբացիայի եվրոպական կանոնների մեջ: Կազմակերպական մակարդակով անհրաժեշտ է օգնել պրոբացիայի ծառայության ներդրմանը` վերջինիս համար ապահովելով իր գործառույթների արդյունավետ իրականացումը երկրի ողջ տարածքում:

 

Հաշվի առնելով խնդրի արդիականությունը` ՀԿ հետազոտությունն ընդգծում է, որ առաջնային էպրոբացիոն ծառայության ներդրման համար առկա պայմանների, հնարավորությունների ուսումնասիրությունը: Ընդհանուր առմամբ հետազոտությամբ ներկայացվել է երկու տասնյակից ավելի եվրոպական երկրների փորձ: Հետազոտության արդյունքները մեր երկրի համար արդիական դարձնելու նպատակով, բացի եվրոպական փորձի ներկայացումից, իրականացվել է նաև որակական հետազոտություն ՀՀ արդարադատության նախարարության «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկի և քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի աշխատակիցների շրջանում` պարզելու պատժի կրման ընթացքում (ներառյալ վերահսկողության,փորձաշրջանի մեջ գտնվողները) դատապարտյալների հետ իրականացվող վերականգնողական և ուղղիչ բնույթի աշխատանքների ներկա վիճակն ու առանձնահատկությունները: