Աջակցության տրամադրման դիմումի ձևն ու փաստաթղթերի ցանկը

2019 թվականի օգոստոսի 8-ի Կառավարության որոշմամբ սահմանվել են 2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության ձևը, չափը և տրամադրման կարգը, ինչպես նաև աջակցության տրամադրման համար դիմումի ձևը, դիմումին կցվող փաստաթղթերի ցանկը և այդ դիմումի քննարկման կարգը:

Մասնավորապես`

  • սահմանվել է, որ տրամադրվող աջակցության ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներով,
  • աջակցության տրամադրման համար դիմումը նախատեսված անձինք անձամբ կամ իրենց ներկայացուցչի միջոցով կարող են ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երեք տարվա ընթացքում,
  • ամրագրվել է, որ ստացված բոլոր փաստաթղթերի համադրման և գնահատման արդյունքում պարզված հանգամանքների հաշվառմամբ՝ լիազոր մարմինը կկայացնի հետևյալ պատճառաբանված որոշումներից մեկը՝ բավարարել դիմումը և տրամադրել աջակցություն կամ մերժել դիմումը կամ կասեցնել դիմումի քննարկումը: Ընդ որում՝ շեշտվում է, որ դիմումը մերժվում է, եթե չի հաստատվում դիմումատուի՝ աջակցություն ստանալու իրավունք ունենալու հանգամանքը,
  • Լիազոր մարմնի ղեկավարի կողմից դիմումը բավարարելու դեպքում՝ լիազոր մարմինը հինգ աշխատանքային օրվա ընթացքում աջակցության գումարը փոխանցում է դիմումատուի նշած՝ վերջինիս անունով բանկում բացված հաշվեհամարին:

Որպես աջակցության ձև՝ սահմանվում է դրամական օգնությունը՝ հետևյալ չափերով.

  • ստացած վնասվածքի պատճառով զոհված (մահացած) անձի` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով իրավահաջորդի կարգավիճակ ունեցող անձին՝ 30.000.000 ՀՀ դրամ,
  • առողջությանը ծանր վնաս հասցված անձին՝ 15.000.000 ՀՀ դրամ,
  • առողջությանը միջին ծանրության վնաս հասցված անձին՝ 5.000.000 ՀՀ դրամ:

 Նախագծով սահմանված են նաև դիմումի ձևը և կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը:

Շահագրգիռ քաղաքացիները լրացրած դիմումով և պահանջվող փաստաթղթերով պետք է այցելեն Արդարադատության նախարարություն (Վազգեն Սարգսյան 3/8):