Դեպի վեր

Նոտարների թեկնածուների որակավորման ստուգման կարգի, այդ թվում նաև թեստերի նմուշի վերաբերյալ հայտարարություն և պարզաբանում

18/11/2011

«Նոտարների թեկնածուների որակավորման ստուգման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 06.06.2002թ. թիվ 789 որոշման մեջ կատարված փոփոխություններից մեկը թեստավորման փուլի նախատեսումն է: Համաձայն նշված որոշման 21-րդ կետի, թեստավորման առաջադրանքները բաղկացած են հարցերից, որոնք ունեն ենթադրյալ պատասխաններ, ընդ որում՝ թեստավորման յուրաքանչյուր հարց կարող է ունենալ մեկ կամ մեկից ավելի ճիշտ պատասխան: Եթե հարցն ունի մեկից ավելի ճիշտ պատասխան, հարցի պատասխանը ճիշտ է համարվում միայն բոլոր ճիշտ պատասխանները նշելու դեպքում:

Հիմք ընդունելով ՀՀ կառավարության թիվ 789 որոշման 15-րդ կետի պահանջները՝ ներկայացնում ենք թեստի նմուշը:

 

Հաշվի առնելով այս ձևաչափով թեստերի անսովոր լինելը, ՀՀ կառավարութան նշված որոշման 15-րդ կետը նախատում է.

«15. Թեստերի նմուշը ոչ ուշ, քան թեստավորումն անցկացվելուց տասն օր առաջ պետք է հրապարակվի www.azdarar.am և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պաշտոնական կայքերում»:

Թեստի նմուշ

Հարց. ՀՀ գործող օրենսդրության համաձայն ստորև բերված պայմանագրերից որոնք են ենթակա պարտադիր նոտարական վավերացման:

ա. Պայմանագիր, որի համաձայն ՀՀ քաղաքացի Ա-ն վաճառում է Երևան քաղաքում գտնվող իր բնակարանը քաղաքացիություն չունեցող Բ-ին:

բ. Պայմանագիր, համաձայն որի «ԱԱԱ» ՍՊ Ընկերությունը վարձակալում է ՀՀ քաղաքացի Բ-ին պատկանող Երազ մակնիշի ավտոմեքենան:

գ. Պայմանագիր, համաձայն որի ՀՀ քաղաքացի Ա-ն, ՀՀ քաղաքացի Բ-ին, ամսական որոշակի գումարի դիմաց տալիս է իրավունք, իրեն պատկանող հողամասի միջով անցկացնել ջրախողովակ՝ հողամասը ջրելու նպատակով:

դ. Պայմանագիր, համաձայն որի, «ԱԱԱ» ՓԲ Ընկերությունը գրավադրում է «Բանկ» ՓԲ Ընկերությունում իրեն պատկանող ապրանքները (շրջանառության մեջ գտնվող ապրանքի գրավ):

ե. Պայմանագիր, համաձայն որի «ԱԱԱ» ՍՊ Ընկերությունը պարտավորվում է պայմանագրի կնքմանը հաջորդող մեկ տարվա ընթացքում «ԲԲԲ» ԲԲ Ընկերությանը մատակարարել քառասուն միլիոն ՀՀ դրամի հացահատիկ:

զ. Պայմանագիր, համաձայն որի, ՀՀ քաղաքացի Ա-ն անհատույց օգտագործման է հանձնում սեփականության իրավունքով իրեն պատկանող գրասենյակային տարածքը «ԱԱԱ» ՍՊ Ընկերությունը, ընդ որում ՀՀ քաղաքացի Ա-ն «ԱԱԱ» ՍՊ Ընկերության միակ մասնակիցն է:

 

Սույն հարցին անհրաժեշտ է պատասխանել ա. գ. զ.: Այդպես նշելու դեպքում, թեկնածուն սույն հարցի համար կստանա 1 միավոր: Եթե թեկնածուն չի նշել այս պատասխաններից որևէ մեկը (օրինակ նշել է ա. և գ.), կամ նշել է ավել պատասխաններ (օրինակ ա. գ. ե. զ.), կամ միաժամանակ նշել է ավել և չի նշել որևէ մեկը (գ. ե. զ.), ապա այս հարցի համար նա ամեն դեպքում կստանա 0 միավոր:

Օրինակ` սույն հարցի «ա»-ի պատասխանը պետք է նշել` հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 562-րդ հոդվածի 2-րդ մասը, «գ»-ի պատասխանը պետք է նշել` հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 211-րդ հոդվածի 1-ին մասը, «զ»-ի պատասխանը պետք է նշել` հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 686-րդ հոդվածի 2-րդ մասը: Ընդ որում, պատասխանները նշվում են` առանց հղում կատարելու հիմք հանդիսացող իրավական ակտին:

 

Վերը նշված որոշման համաձայն թեստերը կազմում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը՝ դիմորդների գիտելիքները հետևյալ բնագավառներում ստուգելու համար՝

1) Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն.

2) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրք.

3) «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենք.

4) «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենք.

5) նոտարական էթիկայի կանոններ.

6) նոտարական գործունեությունը կարգավորող այլ իրավական ակտեր:

 

Թեստերը կազմելիս որպես նոտարական գործունեությունը կարգավորող այլ իրավական ակտեր (վերը նշված ցանկի 6-րդ կետ)` հիմք են ընդունվում հետևյալ իրավական ակտերը.

1) Հայաստանի Հանրապետության հողային օրենսգիրք.

2) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգիրք.

3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի փետրվարի 13-ի թիվ 147-Ն որոշում.

4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 26-ի թիվ 147-Ն 733-Ն որոշում.

5) Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 29-ի թիվ 1394-Ն որոշում.

6) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2001 թվականի հունիսի 4-ի թիվ 189 հրաման.

7) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2002 թվականի մարտի 1-ի թիվ 103 հրաման.

8) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2008 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 223-Ն հրաման.

9) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2010 թվականի սեպտեմբերի 7-ի թիվ 178-Ն հրաման.

 

Վերը նշված բոլոր իրավական ակտերը հասանելի են www.arlis.am իրավական-տեղեկատվական կայքում:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն