Դեպի վեր

Արդարադատության նախարարն ընդունել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների բարձրագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ Մոդ դը Բոյեր-Բուքիքյոյին

13/05/2015

 ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների բարձրագույն հանձնակատարի գրասենյակի՝ երեխաների վաճառքի, երեխաների մարմնավաճառության և մանկական պոռնոգրաֆիայի հարցերով հատուկ զեկուցող Մոդ դը Բոյեր-Բուքիքյոյին: Անդրադառնալով Հայաստանյան այցի նպատակներին՝ տիկին Բուքիքյոն կարևորել է իր մանդատի շրջանակում ՀՀ արդարադատության նախարարության հետ համագործակցության անհրաժեշտությունը: Նա նշել է, որ ուսումնասիրելու են երեխաների իրավունքներին առնչվող ՀՀ օրենսդրության խնդիրները և փորձելու են հնարավորինս ճշգրիտ տվյալներ հավաքել երեխաների սեռական շահագործման և վաճառքի, ինչպես նաև տուժողներին պատճառված վնասը փոխհատուցելու հնարավորությունների մասին:

Համաձայնելով երեխաների իրավունքների պաշտպանության հարցում ՀՀ արդարադատության նախարարության առանցքային դերակատարությանը՝ ՀՀ արդարադատության նախարարը ներկայացրել է այդ համատեքստում նախարարության օրենսդրական և գործառնական հիմնական հանձնառությունները:

 Կողմերն անդրադարձել են ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծով, ինչպես նաև ՀՀ քրեական նոր օրենսգրքի ընդունվելիք հայեցակարգի շրջանակում նախատեսվելիք օրենսդրական առանձին լուծումներին, որոնք ուղղված են լինելու քրեական վարույթի ընթացքում երեխայի շահերի ապահովմանը:

 ՀՀ արդարադատության նախարարը զրուցակցին է ներկայացրել «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» 2015թ-ի հունիսի 30-ից ուժի մեջ մտնող ՀՀ օրենքի համապատասխան դրույթները: Նախարարը նշել է, որ օրենքի համաձայն ստեղծվելու են Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհուրդ և մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողով:

 Կողմերն անդրադարձել են ոլորտին առնչվող մի շարք այլ հարցերի, մասնավորապես` յուվենալ արդարադատության հարցերով դատավորների մասնագիտացման, որդեգրումների վիճակին, այդ թվում նաև՝ օտարերկրյա, և այդ գործընթացի՝ առավել մանրակրկիտ և որդեգրվողի իրավունքների լիարժեք հաշվառումն ապահովող կարգավորումներ ունենալու անհրաժեշտությանը:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն