Արսեն Մկրտչյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը

27/07/2015

 ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ, նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արսեն Մկրտչյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը:

 Հանդիպմանը ներկա են եղել նաև Համաշխարհային բանկի ավագ տնտեսագետ Միգարա դե Սիլվան, Պետական հատվածի արդիականացման ծրագրի ղեկավար Ահարոն Մկրտչյանը, Հայաստանի Հանրապետությունում Համաշխարհային բանկի խմբի պետական կառավարման հարցերով ավագ մասնագետ Դավիթ Մելիքյանը, ծրագրի իրավական հարցերով խորհրդատու Օլգա Սիպկան, ՀՀ ԱՆ կազմակերպական-իրավական վարչության պետի տեղակալ Դիանա Ղազարյանը, ՀՀ ԱՆ Գերատեսչական և անհատական իրավական ակտերի փորձաքննության բաժնի պետ Գոռ Ալեքսանյանը,  այլք:

 Արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արսեն Մկրտչյանը բարձր է գնահատել Համաշխարհային բանկի հետ ունեցած փոխգործակցությունն ու կարևորել ՀԲ աջակցությամբ նորմատիվ իրավական ակտերի մշակման միասնական էլեկտրոնային համակարգի ներդրմանն ուղղված աշխատանքները:

 Նրա խոսքով՝ ծրագիրը խոստումնալից է. այն ուղղված է լինելու նորմատիվ իրավական ցանկացած ակտի մշակման միասնական մոտեցումներ ապահովելուն: Արսեն Մկրտչյանը հետաքրքրող բոլոր հարցերը լսելու և ծրագրի ներդրման վերաբերյալ մանրամասներ ներկայացնելու պատրաստակամություն է հայտնել:

 Համաշխարհային բանկի ներկայացուցիչ Միգարա դե Սիլվան շնորհակալություն է  հայտնել ընդունելության համար և նշել, որ արդեն իսկ հանդիպումներ են ունեցել հայաստանյան գործընկերների հետ, ստացել են համակարգի ներդրման աշխատանքներին առնչվող մեկնաբանություններ և առաջարկներ: «Ստացված բոլոր առաջարկները հաշվի են առնվել»,- ասել է ՀԲ ներկայացուցիչը՝ կարևորելով արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումների այս ծրագիրը:

 Նորմատիվ իրավական ակտերի մշակման միասնական էլեկտրոնային համակարգը նպատակ ունի ապահովել իրավական ակտերի նախագծերի միասնականություն՝ լեզվական, կառուցվածքային և տեխնիկական այլ առումներով:

Համակարգը պետք է հնարավորինս հասանելի գործիքակազմ ունենա, որն էլ կնպաստի տարբեր մակարդակներում դրա կիրառմանը: Համակարգում ներառված կլինեն իրավական կատերի նախագծերի պատրաստի ձևաթղթեր, որոնք նվազագույնի կհասցնեն տեխնիկական թերությունների առկայությունը նախ իրավական ակտի նախագծում, ապա վերջնական ակտում: Այն ունենալու է հասանելիություն նորմատիվ իրավական ակտերի ստեղծման գործառույթ ունեցող բոլոր մարմիններում և կազմակերպություններում: