Կոռուպցիայի վիճակը եթե հարյուր տոկոսով չփոխենք, հիսուն տոկոսով կփոխենք. Սուրեն Քրմոյան

31/07/2015

 

 Ամիսներ առաջ իր գոյության դադարեցման մասին հայտարարեց Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը, փոխարենը ստեղծվեց նոր Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ, որի անդրանիկ նիստում ներկայացվեց ու հավանության արժանացավ  Կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարությունը 2015-2018թթ. համար: Խորհրդի ստեղծումը միանշանակ չընդունվեց քաղաքացիական հասարակության կողմից, քննադատություններ հնչեցին Խորհրդի հասցեին, մտավախություններ հայտնեցին պայքարի իմիտացիոն լինելու մասին; Այս մասին է «Փաստինֆո»-ի զրույցը ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, Հակակոռուպցիոն ծրագրերի ազգային համակարգող Սուրեն Քրմոյանի հետ: 
 
- Օրերս արդարադատության նախարարությունը Թրանսփերենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի մտահղացմամբ ու Եվրամիության աջակցությամբ կազմակերպել էր աշխատաժողով, որի նպատակն էր կոռուպցիայի դեմ պայքարում ընդգրկել նաև մասնավոր հատվածը: Ինչպիսի՞ն են արդյունքները: 
 
-Բիզնեսի ներկայացուցիչները ողջունել են մեր նախաձեռնությունը, որ իրենք պետք է ներգրավվեն հակակոռուպցիոն պայքարում: Շատ հետաքրքիր ելույթներ հնչեցին: Կազմակերպություններից մեկը բացեիբաց ներկայացրեց մասնավոր հատվածում առկա կոռուպցիոն  ռիսկերը, մենք էլ ֆիքսեցինք, որ փորձենք լուծել իրենց առջև ծագած խնդիրները:  
Հասարակական կազմակերպություններն էլ են խնդիրներ բարձրացնում, մենք փորձում ենք լուծել և իմ անձնական տպավորությամբ՝  վերջին մեկ տարում մենք կարողացել ենք, համենայն դեպս, որոշակի ռեալ քայլեր կատարել, մասնավորապես, տեղեկատվության ազատության ոլորտում: 
 
ՀԿ-ների առաջարկություններով, կառավարության հանձնարարությամբ  բոլոր պետական մարմիններում նշանակվել են կոռուպցիայի դեմ պայքարի պատասխանատուներ, մենք կոռուպցիայի դեմ պայքարի նոր թեմաներ ենք ընդգրկել: 
 
Ավելին ասեմ, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիան առաջարկել էր, որ պայքարում ընդգրկվի սոցիալական ոլորտը: Կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարության մեջ արդեն ընգրկված են չորս ոլորտներ՝ առողջապահություն, կրթություն, հարկերի հավաքագրում և ոստիկանության կողմից ծառայությունների մատուցում, մենք նախատեսում ենք այդ ոլորտային ծրագրերի ընդունումից հետո քննարկել տարբեր վերլուծություններ, առաջարկներ, թե ո՞ր ոլորտն է առավել կարևոր հաջորդիվ ընդգրկելու համար: Մենք    նախատեսել ենք, որ դա կլինի սոցիալական ոլորտը, բայց դա կախված կլինի արդեն քննարկումների արդյունքներից: Դա էլ ենք ընդունել որպես առաջարկություն: 
 
- Նոր Խորհրդի ստեղծումը միանշանակ չի ընդունվում, քաղաքացիական հասարակության հատվածում հնչում են քննադատություններ: 
 
- Մեր կողմից ընդունելի չէ անընդհատ ու չհիմնավորված քննադատությունը: Մենք առաջարկն ընդունում, ներկայացնում ենք, մեզ ասում են՝ չէ, չեք ներկայացրել: Մենք ասում ենք, օրինակ, սոցիալական ոլորտի վերլուծություն տվեք, կմտցնենք ռազմավարության մեջ, վերլուծությունը չեն տալիս, բայց ասում են՝ մեր առաջարկը չի ընդունվել: Բոլոր ողջամիտ առաջարկները մենք փորձել ենք ընդունել: 
Ի վերջո կառավարությունն է պատասխանատու կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարության իրականացման համար: Մենք մեր գործընկերների կարծիքները լսելու ենք, բայց Խորհուրդը կքննարկի  և որոշում կընդունի իրականացվելիք ծրագրերի վերաբերյալ: 
 
Ամենակարևորը քաղաքացիների, հասարակական կազմակերպությունների, բիզնեսի կողմից կոռուպցիոն երևույթների նկատմամբ անհանդուրժողականության ձևավորումն է: Յուրաքանչյուրս պետք է անհանդուրժող լինենք կոռուպցիոն երևույթների նկատմամբ, այդ դեպքում հաջողություն կունենանք: Դա չի նշանակում, որ միայն պետությունը պետք է աշխատի, բիզնեսը պետք է աշխատի, կաշառք չտա, կաշառքով իր համար առավելություններ չստեղծի, քաղաքացին պետք է կաշառք չտա, ահազանգի կոռուպցիոն երևույթների մասին, չփորձի կաշառքով առավելություններ ստանալ: Պետական մարմինները՝ չինովնիկներն ի դեմս մեզ, պետք է բարեկիրթ լինեն, իրենց պարտականությունները կատարեն, պետք է հանրային շահը սեփական շահից վեր դասեն: Ես դա չեմ ասում որպես վերացական, ամպագորգոռ բառեր, ես ուզում եմ ասել, որ դա քայլ առ քայլ պետք է ներդրվի կյանքում կրթության, կանխարգելիչ միջոցառումների, պատասխանատվություն սահմանելու միջոցով: 
 
- Քննադատություն է հնչում առ այն, որ Խորհրդի առաջին նիստում ոչ  էական հարցեր են քննարկվել: 
 
- Ամենակարևոր հարցը ապագա 2015-18թթ.   ռազմավարությունն է, դրանից կարևոր փաստաթուղթ կա՞: Իրավաբանական անձանց քրեական, վարչական պատասխանատվության հարց ենք քննարկել, որոշում ընդունել: Լա՞վ չէ, որ իրավաբանական անձինք պատասխանատվություն կրեն կոռուպցիոն հանցագործությունների համար: Քննարկել ենք հայտարարագիր չներկայացրած,  կեղծ, սխալ տվյալ ներկայացրած բարձրաստիճան պաշտոնատար անձանց վարչական, ինչու չէ՝ քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը, կարևոր հարց չէ՞, որ չինովնիկների հանդեպ կանխարգելիչ միջոցներ կիրառվեն  կամ  նրանք  պատասխանատվության ենթարկվեն: 
 
Տեղեկատվության ազատության ոլորտում տասը տարի կիսատ գործեր ունենք:  Խորհուրդը որոշում ընդունեց, դրանից հետո հուսով ենք մեկ ամսվա ընթացքում համապատասխան կարգերը կընդունենք: Կարևոր հարցեր չե՞ն: 
 
Քննարկել ենք քաղհասարակության մասնակցության հարցը պետության քաղաքականության մշակմանը՝ ի՞նչ խոչընդոտներ կան, ինչո՞ւ ՀԿ-ները չեն մասնակցում կամ քիչ են մասնակցում, ինչո՞ւ պետական մարմինները պատշաճ ուշադրություն չեն դարձնում ՀԿ-ների կարծիքին, կարևոր հարց չի՞, ինձ թվում է շատ կարևոր հարց է: Շատ հագեցած օրակարգ էր՝ տասը հարցով և ես հուսով եմ, որ մենք մեկ-երկու ամսից Խորհրդի բոլոր հանձնարարականները կկատարենք: Հաջորդ նիստը կգումարենք, կհրավիրենք էլ ավելի շատ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, Վարչապետի հանձնարարությամբ կհրավիրվեն  նաև բիզնեսի ներկայացուցիչներ և կփորձենք տեսանելի դարձնել քայլերը: Ես հուսով եմ, որ Խորհրդի տված հանձնարարականներով մենք իրավական ակտեր կպատրաստենք, կփոխենք, և քաղաքացին  կզգա, որ փոփոխություններ են տեղի ունեցել ու ոչ թե կզգա մեկ տարուց, երկու տարուց, երեք տարուց հետո, արդեն մեկ-երկու ամսվա ընթացքում մենք կարգեր կփոխենք, քաղաքացին կտեսնի, որ, օրինակ, արդարադատության փոխնախարարը հայտարարագիր չտալու համար վարչական տուգանք պետք է վճարի: Ավելին քաղաքացին կկարողանա նաև վերահսկել՝   նա  կտեսնի, թե  հայտարարագիրը կա՞ կայքում, թե՞ ոչ: Եթե չկա, ուրեմն  ՀԿ-ն կարող է հարցում անել՝ տուգանե՞լ եք այդ պաշտոնյային, թե՞ ոչ: 
 
Պատկերացրեք՝ թափանցիկ մեխանիզմներ ենք նախատեսել, մենք ՀԿ-ներին հայտարարեցինք՝ դուք կարող եք դիտարկել, նստեք, գնահատեք Խորհրդի գործունեությունը, երկու-երեք ամսից հետո տեսեք Խորհուրդն այն, ինչ քննարկել է, ինչ-որ դրական քայլ եղե՞լ է, թե՞ ոչ, քննադատեք, ասեք սա եղել է, սա չի եղել: 
 
- Ինչպե՞ս եք գնահատում՝ քաղաքացիական հասարակության կազմակերպություններն ու կառավարությունը կոռուպցիայի դեմ պայքարի հարցում ունե՞ն շփման, համագործակցության  եզրեր:
 
- Կոռուպցիայի դեմ պայքարում քաղաքացիական հասարակության՝  հասարակական կազմակերպությունների ու քաղաքացիների,   դերն անգնահատելի է, այն  շատ կարևոր գործառույթ ունի իըականացնելու՝  անհանդուրժող լինել կոռուպցիոն երևույթների հանդեպ, ահազանգել  դրանց մասին, կառավարության հետ աշխատել, այլ ոչ թե սպասել, թե երբ է ձախողվելու կառավարությունը: Չի ձախողվելու, եթե  Կառավարությունը, մասնավոր հատվածը, քաղաքացիական հասարակությունը միասնաբար աշխատեն: Կոռուպցիայի դեմ պայքարի հարցում կարևոր է նաև հավատը:  
 
Եվ այդ համատեքստում կուզենայի նշել, որ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստից առաջ, դեռ նիստը չգումարված, դեռ որևէ գործողություն չկատարված, հասարակական կազմակերպությունների կողմից հնչում էին քննադատություններ: Փորձում էին պատկեր ստեղծել, որ ամբողջ ՀԿ դաշտը դեմ է այդ բարեփոխումներին կամ դեմ է Խորհրդին: Մասնավորապես, Խորհրդի նիստից հետո նույն աղբյուրից քննադատություններ հնչեցին, որ Խորհուրդը լավը չէ, պրոֆեսիոնալ չէ, ձևական հասարակական կազմակերպություններ են ներգրավել Խորհրդում: 
 
Մինչդեռ մեր մոտեցումը հետևյալն է՝ մենք շատ կարևորում ենք քաղաքացիական հասարակության դերը, մեր Հայեցակարգում ու ռազմավարության մեջ հստակ նշված է, որ առանց քաղաքացիական հասարակության, առանց քաղաքացիների ակտիվ մասնակցության և առանց հավատի այս պրոցեսը կձախողվի; Սա միանշանակ է: Եվ դրա համար Կառավարությունն  ամեն ինչ անում է, որպեսզի քաղհասարակությունը ներգրավված լինի գործընթացում:
 
Բայց այդ ամեն ինչ անելը ողջամտության շրջանակներ ունի: Որպես օրինակ նշեմ, որ դեռևս նախորդ Կառավարությունը անվանական նշել էր այն երկու կազմակերպությունները, որոնք պետք է լինեն Խորհրդի կազմում: Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան գրավոր իր դժգոհությունն էր հայտնել այդ փաստի կապակցությամբ՝ առաջարկելով փոխել այդ կարգը: Մենք ընդունեցինք այդ առաջարկը և ասացինք, որ ՀԿ-ները ընտրվում են մրցութային կարգով, որը, կարծում եմ, ավելի ճիշտ ձև էր, քան  ՀԿ-ների, այդ թվում՝  այսպես կոչված՝ չակերտավոր կառավարական ՀԿ-ների,  ուղղակի նշանակումը: Բայց, այդուհանդերձ, քաղհասարակությունը ակնկալվող քայլը չարեց՝ մենք մրցույթ կազմակերպեցինք, շատ ՀԿ-ներ չուզեցին մասնակցել դրան, սակայն մենք, այդուհանդերձ, ընդունեցինք իրենց առաջարկությունը: 
 
Մեր կողմից մեկ այլ առաջարկ հնչեց, լավ, Խորհրդում չեք ընդգրկվում, հրավիրում ենք մասնակցել, ուղղակի նստեք, լսեք, գնահատեք, ձեր գնահատականները կտաք: Շատ ՀԿ-ներ ընդունեցին առաջարկությունը, բայց, օրինակ,    Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան և ՔԿՀ հակակոռուպցիոն  կոալիցիան բոյկոտեցին այսպիսի ձևակերպմամբ, որ աշխատանքային ծանրաբեռնվածությունից ելնելով՝ չենք կարող մասնակցել: Կարծում եմ, պարզ է, որ աշխատանքային ծանրաբեռնվածությունը ակտիվ հակակոռուպցիոն ՀԿ-ների համար չէր կարող հիմք լինել հրավերը չընդունելու համար: Հիմքն այլ է՝ ուղղակի ուզում են բոյկոտել, ի՞նչ պատճառով, ինչո՞ւ՝ չգիտեմ: Դա մեր համար ընդունելի չէ, Կառավարությունը և Խորհուրդը բաց է հասարակական կազմակերպությունների համար:
 
Խորհրդի առաջին նիստում ևեթ ելույթներ ունեցան հասարակական կազմակերպությունները, ներկայացրեցին իրենց հետազոտությունները: Ընդ որում, ընդդիմախոսներին  չի հաջողվի դրանք ներկայացնել որպես ձևական ելույթներ՝ մենք չենք   պատվիրել և իրենք էլ նոր ելույթներով չէ, որ հանդես են գալիս, իրենք ներկայացնում են այլ ծրագրերի շրջանակում իրենց կատարած վերլուծությունները: Նույն Երևանի մամուլի ակումբը,  Ինֆորմացիայի ազատության կենտրոնը, օրինակ, Եվրամիության միջոցներով կատարված իրենց վերլուծությունները ներկայացրեցին Խորհրդի նիստում, դրա հիման վրա Վարչապետը տվեց հանձնարարական: Եթե կասեն, որ կես տարի կամ մեկ տարի առաջ կատարված այդ վերլուծությունները կատարվել են նաև Կառավարության պատվերով, դա աբսուրդ է՝ դրա պատվիրատուն մենք չենք, Եվրամիությունն է, այլ դոնոր կազմակերպություններ: Մենք ուղղակի հրավիրել ենք, որպեսզի նրանք այդ ամենը ներկայացնեն Խորհրդի անդամներին, որպեսզի վերջիններս կարողանան համապատասխան որոշում կայացնել: 
 
Այն պատկերացումը, որ ամբողջ քաղաքացիական հասարակությունը դեմ է Խորհրդին, որ ամբողջ քաղաքացիական հասարակությունը բոյկոտում է, չի համապատասխանում իրականությանը, շատ և շատ հասարակական կազմակերպություններ համագործակցում են և պետական մարմինների հետ, մասնավորապես, Կառավարության աշխատակազմի, Արդարադատության, Կրթության, Առողջապահության  նախարարությունների հետ, այսինքն՝ ՀԿ դաշտը կառավարության հետ աշխատում է, և պատկերացում ստեղծել, որ ՀԿ դաշտի և Կառավարության միջև անջրպետ կա, իրար հետ չեն համագործակցում, այդպես չէ: 
 
Մենք   «Արազա» բարեգործական կազմակերպության հետ նախարարներին կից խորհուրդների կարգն ենք մշակում, հիմա նաև այլ գործ ենք անում՝ մշակում ենք իրավական ակտերի իրազեկման պլատֆորմը, Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հետ ենք աշխատում: Օրերս «Թրանսփերենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի հետ անցկացրեցինք աշխատաժողով մասնավոր հատվածում կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ: Եվրասիա հիմնադրամի աջակցությամբ հակակոռուպցիոն բնույթի հոլովակներ ենք պատրաստում, այսինքն՝  այդ համագործակցությունը կա և բավականաչափ ակտիվ է, առավել ակտիվ է վերջին տարվա ընթացքում: 
 
Մենք ուղղակի նորից հորդորում ենք մեր հասարակական կազմակերպություններին ձևական մոտեցում չցուցաբերել, այլ գալ, նստել, աշխատել մեր կողքին: 
 
Ավելին ասեմ, Խորհրդի նիստից հետո քննադատություն հնչեց, որ արդարադատության արդեն նախկին նախարարի հետ աշխատանքային խմբեր ստեղծելու  պայմանավորվածություններ կան   և այդ պայմանավորվածությունները չեն իրագործվում: ՀԿ-ներից մեկի ղեկավարը վարչապետին անհիմն ակնարկներ  էր կատարում այդ մասին: Եթե նույն հասարակական կազմակերպությունը կամ դաշինքը կարդային  Խորհրդի նիստում հավանության արժանացած  ռազմավարությունը, ապա կտեսնեին, որ    իրենց երկու առաջարկները՝ ապօրինի հարստացման քրեականացման  և նոր ինստիտուցիոնալ համակարգի վերաբերյալ վերլուծություններ կատարելու մասին, առանձին կետերով ներառված է  ռազմավարությունում  և հատուկ ամփոփաթերթում էլ գրված է, որ այն ներառվել է Հակակոռուպցիոն դաշինքի առաջարկության հիման վրա:  Նախարարի առաջին տեղակալ, նախարարի պաշտոնակատար, պրն. Արսեն Մկրտչյանի ելույթում հստակ նշվել է, որ ՀԿ-ների առաջարկությունների հիման վրա մի քանի կետեր են ավելացվել, այդ թվում՝ հիշյալ երկու կետերը:  Ինչո՞ւ միջազգային փորձի վերլուծության, համատեղ աշխատանքի կարիք կա, որովհետև դրանք շատ նուրբ թեմաներ են, և մենք կարող ենք այդտեղ ձախողում ունենալ, չենք ուզում հանպատրաստից քայլերի գնալ:  
 
Կառավարությունն ընդառաջ է գնում, Դաշինքի առաջարկություններն ընդունում է,  ներառում է ռազմավարության մեջ, գրավոր հրավիրում ենք աշխատանքային խմբի անդամ ներկայացնել, որ սկսենք աշխատել, մեզ քննադատում են, ասում են՝  մեր առաջարկությունը չեն ընդունել: 
 
Էլ ինչպե՞ս ցույց տանք, որ առաջարկն ընդունվել է: Ավելին, Խորհրդի նիստից մի քանի օր առաջ մեզ հեռախոսով հարցրել են, թե ե՞րբ է սկսվում աշխատանքային խմբերի ձևավորումը, մենք հստակ պատասխանել ենք, որ Կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարությունը Խորհրդի նիստում հավանության արժանանալուց հետո աշխատանքային խմբերը կստեղծենք:  Խորհուրդը ռազմավարությունն է հաստատում, որտեղ իրենց առաջարկած կետերն արդեն կան, դրանից հետո խմբերը կսկսեն աշխատել: 
 
Քաղհասարակության մասնակցությունը շատ կարևոր է,  առանց քաղհասարակության պրոցեսը տեղից չի շարժվի, ինչքան էլ պետական մարմիններն ուզեն: Վերջին մեկ տարվա մեր կարգախոսն է՝ կոռուպցիայի դեմ պայքարը ոչ միայն կառավարության, այլ բոլոր պետական մարմինների, բոլոր քաղաքացիների, բոլոր հասարակական կազմակերպությունների և բիզնեսի պատասխանատվությունն է: Թեև մեր երկրում ներկայացված միջազգային կազմակերպությունները պատասխանատվություն չեն կրում դրա համար, սակայն իրենք էլ որոշակի գործառույթներ ունեն, մենք ասում ենք՝ սա բոլորի գործն է: Կառավարությունը պատասխանատուն է, եթե պայքարը լավ չտանի, ժողովուրդը Կառավարությանն է քննադատելու, բայց բոլորը պետք է մասնակցեն պայքարին:
 
- Կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում նախատեսվո՞ւմ են օրենսդրական փոփոխություններ: 
 
Այո, մենք ռազմավարությամբ նախատեսել ենք  Հանրային ծառայության մասին օրենքի ընդունում: Ներկայումս  պաշտոնատար անձինք ներկայացնում են եկամուտների հավաստագիր, փոփոխություններով  նախատեսել ենք նոր մեխանիզմ ներդնել՝  շահերի հավաստագիր, որպեսզի պաշտոնյան, օրինակ,  իր ազգականին չօգնի մրցույթը հաղթելու հարցում: Տեղեկատվության ազատության օրենք ենք փոխելու, կարգեր ենք ներդնելու, Վարչական իրավախախտումների օրենսգրքում նախատեսելու ենք պաշտոնատար անձանց պատասխանատվություն, գուցե նաև քրեական պատասխանատվություն, իրավաբանական անձանց համար քրեական պատասխանատվություն ենք նախատեսում կոռուպցիոն հանցագործությունների համար: Բազմաթիվ իրավական ակտեր են ընդունվելու հենց մոտակա ամիսներին: 
 
- Ինչպե՞ս եք գնահատում, որ   «Հետաքննող լրագրողներ» կազմակերպության կողմից  Կոռուպցիայի դեմ պայքարի լրագրողական խորհուրդ է ստեղծվել:  
 
- Լրատվամիջոցները որոշել են ստեղծել կոռուպցիոն հարցերով զբաղվող խորհուրդ կամ կոալիցիա, շատերը դա գնահատում են որպես մարտահրավեր՝ նետված Խորհրդին կամ պետական մարմիններին: Հակառակը՝  եկեք հիշենք, որ մենք սեմինար կազմակերպեցինք լրագրողների համար՝ հորդորելով նրանց, որ գրեն այդ թեմաներով, դրականն էլ գրեն, բացասականն էլ գրեն, օգնեն մեզ: Մենք լրագրողական խորհրդի ստեղծումն ընկալում ենք ոչ թե որպես մարտահրավեր, այլ հակառակը, ես անձամբ դա ընկալում եմ որպես օգնություն պետությանը, որովհետև եթե լրագրողը բարեխիղճ ու օբյեկտիվ լուսաբանի ցանկացած երևույթ, այդ թվում՝  կոռուպցիայի դեմ պայքարի քաղաքականությունը, կոնկրետ կոռուպցիոն դեպքերը, և բացասական, և նաև դրական օրինակները, դրանով  ոչ թե մարտահրավեր, ձեռնոց է նետում, այլ ընդհակառակը՝ մեր կողքին կանգնում են, մեզ փորձում  են օգնել այդ խնդրով:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: