Դեպի վեր

Նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը մասնակցել է ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի 10-րդ նիստին

01/10/2015

 ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը սեպտեմբերի 27-30-ը մասնակցել է Ղրղզստանի Հանրապետության մայրաքաղաք Բիշքեկում տեղի ունեցած ԱՊՀ անդամ երկրների արդարադատության նախարարների խորհրդի 10-րդ նիստին:

 Վերջինին  մասնակցել են նաև Ռուսաստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի արդարադատության նախարարներն ու Բելառուսի արդարադատության նախարարի տեղակալը:

 Հանդիպման նպատակն էր քննարկել ԱՊՀ մասնակից պետությունների արդարադատության նախարարությունների առջև դրված խնդիրների արդյունավետ լուծման մեխանիզմները, ինչպես նաև փոխշահավետ փոխգործակցությանն ուղղված հետագա քայլերի ընթացքը:

 ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանն ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի 10-րդ նիստի ընթացքում անդրադարձել է ԱՊՀ կոնվենցիաներին համապատասխան իրավական օգնության տրամադրման, քաղաքացիների իրավական մշակույթի և իրավական տեղեկացվածության բարձրացման գործում ԱՊՀ անդամ-պետությունների արդարադատության նախարարությունների դերին, ինչպես նաև ԴԱՀԿ մարմինների գործունեության պրակտիկայի ուսումնասիրության և ամփոփման աշխատանքների անցկացման առանձնահատկություններին:

 Հանդիպումներ են տեղի ունեցել նաև ԱՊՀ անդամ-պետությունների արդարադատության նախարարների, վերջինների տեղակալների ու ոլորտի փորձագետների հետ:

 ԱՊՀ անդամ երկրների Արդարադատության նախարարների խորհրդի նիստում ընդունվել է Արդարադատության խորհրդի աշխատանքային խումբ ստեղծելու մասին որոշում, որը կզբաղվի «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավահարաբերությունների մասին» 1993 թվականի հունվարի 22-ի Մինսկի կոնվենցիայի և «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» 2002 թվականի հոկտեմբերի 7-ի Քիշնևի կոնվենցիայի իրավակիրառ մեխանիզմների կատարելագործման հարցերով:

 10-րդ նիստի ընթացքում ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի նախագահ է ընտրվել Ռուսաստանի Դաշնության արդարադատաության նախարար Ալեքսանդր Կոնովալովը:

 Հավելենք, որ ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի հերթական` 11-րդ նիստը, կանցկացվի 2016թ. երկրորդ կիսամյակում, Սանկտ Պետերբուրգում` VI-րդ Պետերբուրգյան միջազգային իրավաբանական ֆորումի շրջանակներում:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն