www.e-request.am-ը կնպաստի պետական մարմինների կողմից իրականացվող գործունեության և մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը

08/05/2018

ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 26-ի 524-Ն որոշմամբ ներդրվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից վարվող հարցումների միասնական www.e-request.am  հարթակը: Հարթակի նպատակն է քաղաքացիներին ընձեռել հնարավորություն  էլեկտրոնային եղանակով ներկայացնել հարցում, դիմում կամ բողոք տեղեկատվություն տնօրինող պետական մարմիններին և էլեկտրոնային եղանակով ստանալ պատասխան:

Որոշման հիման վրա առաջիկա ամիսների ընթացքում նախատեսվում է արդիականացնել բոլոր պետական մարմինների էլեկտրոնային կայքերը՝ նախատեսելով միասնական պաատուհան էլեկտրոնային եղանակով հարցումներ ներկայացնելու համար: Նշված միասնական պատուհանի միջոցով քաղաքացիները մուտք կգործեն էլեկտրոնային հարցումների միասնական www.e-request.am հարթակ, որի միջոցով կուղարկեն համապատասխան հարցումներ, ինչպես նաև հնարավորություն կստանան գնահատել համապատասխան պետական մարմինի կողից մատուցվող ծառայությունների որակն ու ժամկետները:

Հատկանշական է, որ Հարթակում առկա վիճակագրական պատկերներից երկուսը ձևավորվում են  քաղաքացիների կողմից ներկայացված կարծիքի հիման վրա՝ հաշվի առնելով իրենց գոհունակությունը տեղեկատվություն տնօրինող պետական մարմինների կողմից ներկայացված պատասխանի բովանդակությունից և պատասխան գրության ներկայացման ժամկետից:

Միաժամանակ, վիճակագրության ձևավորման այս մոդելը խթան կհանդիսանա պետական մարմինների կողմից իրականացվող գործունեության և մատուցվող ծառայությունների որակի բարձրացման համար:

Բացի այդ՝ հաշվի առնելով էլեկտրոնային կառավարման գործիքների զարգացման միտումները Հայաստանում, անխուսափելի է դառնում թղթային փաստաթղթաշրջանառությանը զուգահեռ էլեկտրոնային նորարար գործիքների ստեղծումը՝ դրանով իսկ նպաստելով վարչարարության ու կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը: