Դեպի վեր

Նախարար Զեյնալյանը մասնակցել է Անահիտ Մանասյանի մենագրության շնորհանդեսին

21/03/2019

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը մարտի 20-ին մասնակցել է  Արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր, ի.գ.թ., ԵՊՀ  սահմանադրական իրավունքի դոցենտ Անահիտ Մանասյանի «Սահմանադրական կայունությունը՝ որպես կայուն ժողովրդավարության կարևորագույն գրավական» մենագրության շնորհանդեսին:

Նախարար Զեյնալյանը շնորհակալություն է հայտնել հեղինակին հրավերի համար և նշել, որ ժամանակակից քաղաքակրթության մարտահրավերներից մեկը կայուն ժողովրդավարության և դրա հենքի վրա ստեղծված իրավական պետության գոյության ապահովումն է, իսկ կայուն ժողովրդավարության հաստատուն հիմքերից մեկը սահմանադրական կայունությունն է:

«Կարևորելով այս երկու ինստիտուտների նկատմամբ ոչ միայն քաղաքական, այլև ակադեմիական հետաքրքրությունը՝ ընդգծեմ, որ Հայաստանում սահմանադրական կայունության ականատեսը եղանք մենք բոլորս անցյալ տարի տեղի ունեցած թավշյա, ոչ բռնի հեղափոխության ընթացքում: Առաջին անգամ ժամանակակից քաղաքակրթության պատմության մեջ հեղափոխությունը և դրան հաջորդող ընտրական և այլ գործընթացները տեղի ունեցան գործող սահմանադրության շրջանակում, իրավական ճանապարհով՝ խուսափելով որևէ իրավական կամ սահմանադրական ճգնաժամից կամ ցնցումից»,- նշել է Արտակ Զեյնալյանը՝ հավելելով, որ այն շարունակական է լինելու:

Խոսելով իրավական անվտանգությունից և կայուն ժողովրդավարությունից՝ նախարարն ընդգծել է, որ դրանք Կառավարության կողմից իրականացվող քաղաքական գործընթացի ողնաշարն են: Այդ համատեքստում Արտակ Զեյնալյանը կարևորել է այն փաստը, որ մենագրության մեջ համակողմանի հետազոտվել են սահմանադրական մարմինների միջև իրենց սահմանադրական լիազորությունների առնչությամբ վեճերի հաղթահարման իրավական կառուցակարգերը, ներկայացվել է այդ վեճերի բովանդակության, դրանց լուծման առանձնահատկությունների առնչությամբ հայեցակարգային մոտեցում և այլն:

«Ժողովրդավարությունը, ժողովրդաիշխանությունը կարծրացած երևույթներ չեն, դրանց զարգացումները ներկայում հանգեցրել են ժողովրդավարության ու ժողովրդաիշխանության դոկտրինի վերաիմաստավորման, ժողովրդի իշխանության սահմանների հստակեցման, անմիջական և միջնորդավորված ժողովրդաիշխանության կառուցակարգերի համադրման անհրաժեշտության և այս ոլորտներում իրավունքի, քաղաքականության և գիտության մարտահրավերները բազմաթիվ են»- ամփոփելով խոսքը՝ նշել է Արտակ Զեյնալյանը:

Մենագրության շնորհանդեսին մասնակցել են նաև ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը, Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գևորգ Դանիելյանը, իրավաբանական համայնքի այլ ներկայացուցիչներ:  

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն