Տիգրան Խաչիկյանն ընդունել է Քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի անդամներին

13/05/2019

Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանն այսօր ընդունել է Քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի անդամներին:

Տիգրան Խաչիկյանը, ողջունելով Խմբի անդամներին, վերահաստատել է Նախարարության՝ նախկինում ձևավորված արդյունավետ համագործակցության շարունակականությունն ապահովելու և խորացնելու պատրաստակամությունը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել այնպիսի հարցերի, ինչպիսիք են՝ քրեակատարողական հիմնարկների վարչակազմերի գործողությունների և անգործության դատական բողոքարկման օրենսդրական մեխանիզմների ներդրումը, որակյալ բուժծառայության մատուցումը, ինչպես նաև քրեական միջավայրի ստեղծման քրեականացմանն առնչվող օրենսդրական նախագիծն ու մի շարք այլ հարցեր:

Փոխնախարարը հավաստիացրել է Խմբի անդամներին, որ քրեակատարողական ոլորտում իրականացվող քաղաքականության շրջանակում Նախարարության կողմից բովանդակային քննարկման կարժանանան Խմբի ներկայացրած բոլոր առաջարկներն ու դիտարկումները:

Ամփոփելով հանդիպումը՝ Տիգրան Խաչիկյանը վերահաստատել է որոշակի պարբերականությամբ Խմբի անդամների հետ հանդիպելու իր պատրաստակամությունը՝ քրեակատարողական համակարգի խնդիրներին կառուցողական երկխոսության դաշտում համատեղ լուծումներ գտնելու նպատակով: