ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքների արդյունավետ իրացում, քրեակատարողական ոլորտում գործակցություն․ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի պատվիրակությանը

14/03/2024

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյին և պատվիրակության ներկայացուցիչներին։
 
Նախարարի տեղակալը կարևորել է Հայաստանում և տարածաշրջանում հումանիտար խնդիրների հասցեագրման ուղղությամբ ԿԽՄԿ գործունեությունը։
 
Կարեն Կարապետյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների արդյունավետ իրացումն ապահովելու նպատակով Արդարադատության նախարարության կողմից իրականացվող աշխատանքները, առկա մարտահրավերները, ինչպես նաև անդրադարձել է Մարդու իրավունքների ազգային ռազմավարությունից բխող 2023-2025թթ․ գործողությունների ծրագրի իրականացման աշխատանքներին։
 
Թիերի Ռիբոն շնորհակալություն է հայտնել Արդարադատության նախարարության հետ ձևավորված արդյունավետ համագործակցության համար։ Հանդիպման շրջանակներում կողմերը քննարկել են նաև քրեակատարողական ոլորտում առկա գործակցությունը, ինչպես նաև նախարարության և ԿԽՄԿ միջև գործակցության ընդլայնման հնարավորությունները։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել սերտ համագործակցությունը։
 
Հանդիպմանը ներկա են եղել նաև Արդարադատության նախարարի խորհրդական Արտյոմ Սուջյանը և Արդարադատության նախարարության խորհրդական Հեղինե Ենգոյանը։