Հայաստանի ազգային արխիվի 100-ամյակը նշանավորվել է միջազգային գիտաժողովով

26/03/2024

Արդարադատության նախարարության «Հայաստանի ազգային արխիվ»-ը նշում է ստեղծման 100-ամյակը: Մարտի 26-28-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային համաժողովի հետ համագործակցությամբ կազմակերպվել է «Արխիվներ՝ մարդկության հիշողությունը» միջազգային գիտաժողովը:
Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար Սիրվարդ Գևորգյանը բացման ելույթում նշել է, որ Ազգային արխիվը դարձել է հայ ժողովրդի պատմական հիշողությունը կրող ու պահպանող շտեմարան, որին վերապահված է պահպանել, նորոգել, նոր կյանք ու շնչառություն տալ փաստաթղթերին։
Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Արթուր Ստեփանյանն ընդգծել է, որ Ազգային արխիվի ստեղծումը եղել է կարևոր ու նշանակալից իրադարձություն, որն ազդակ է հաղորդել հայ ժողովրդի պատմության, գիտության զարգացմանն ու պատմամշակութային ժառանգության պահպանմանը:
Ազգային արխիվի 100-ամյա հոբելյանի կապակցությամբ Հայաստան են ժամանել Արխիվների միջազգային խորհրդի, ԱՄՆ, ՌԴ, Հնդկաստանի, Ղազախաստանի, Հունաստանի, Բուլղարիայի, Մոլդովայի, Ուզբեկստանի և Տաջիկստանի արխիվների ղեկավարներ ու ներկայացուցիչներ:
Միջազգային գիտաժողովի շրջանակներում Հայաստանի ազգային արխիվը ներկայացրել է արխիվային փաստաթղթերի ցուցադրություն, որի առիթով հրատարակվել է Հայաստանի ազգային արխիվում պահվող արժեքավոր փաստաթղթերի պատկերագիրք։