Վրաց նախարարը դրական է գնահատում դատաիրավական բարեփոխումներ կատարելու հայաստանյան փորձը

17/06/2013

  ՀՀ արդարադատության նախարարության հրավերով պաշտոնական երկօրյա այցով Երևան է ժամանել Վրաստանի արդարադատության նախարար տիկին Թեա Ցուլուկիանի գլխավորած պատվիրակությունը:

  ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հետ հանդիպման ընթացքում կողմերը ներկայացրեցին իրենց ղեկավարած գերատեսչություններում առկա խնդիրներն ու իրականացվող բարեփոխումները:

  Վրաց նախարարը դրական գնահատեց նախապես մշակված հայեցակարգով դատաիրավական բարեփոխումներ կատարելու հայաստանյան փորձը, միևնույն ժամանակ փորձը  փոխանակելու  ցանկություն հայտնեց:

  Տիկին Թեա Ցուլուկիանին պատրաստակամություն հայտնեց անհրաժեշտության դեպքում աջակցել հայաստանյան իր գործընկերներին պետական ծառայություն մատուցելու իրենց փորձը փոխանցելու առումով:

  ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հյուրերի խնդրանքով որոշ մանրամասներ ներկայացրեց Հայաստանում իրականացվող դատաիրավական բարեփոխումների, պրոբացիոն համակարգի ներդրման, պետական ծառայության ոլորտում իրականացված և կատարվելիք աշխատանքների վերաբերյալ:  

  Նախարարը նույնպես պատրաստակամություն հայտնեց աջակցել հարևան պետության իր պաշտոնակցին հատկապես դատաիրավական ոլորտում իրականացվելիք օրենսդրական փոփոխությունների հարցում:

  Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ արդարադատության նախարարի տեղակալներ Արամ Օրբելյանը և Եղիշե Կիրակոսյանը, վրացական կողմից` արդարադատության նախարարի տեղակալ Գոշա Լորդկիբանիձեն և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Մարիամ Սկիլաձեն:

  Վրաստանի արդարադատության նախարարի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցի շրջանակներում նախանշված  են  նաև  հանդիպումներ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի, Սահմանադրական դատարանի նախագահի Գագիկ Հարությյունյանի,  գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի, փաստաբանական պալատի նախագահ Ռուբեն Սահակյանի հետ: Հյուրերին ներկայացվելու են նաև Հայաստանի Հանրապետությունում գործող էլեկտրոնային կառավարման համակարգերը: