Կասեցվել է թմրամիջոցի ներթափանցումը՝ ՔԿՀ

07/08/2013

  2013թ-ի օգոստոսի 5-ին, ժամը 15:25-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Գ. Չ-ին կարճատև տեսակցության այցելած մոր` Ա. Ա-ի անձնական խուզարկության ժամանակ տաբատի գոտկատեղի ներսի հատվածից հայտնաբերվել և առգրավվել է պոլիէթիլենային թաղանթով փաթեթավորված փաթեթ, որում առկա է եղել 1 հատ 1000 ՀՀ թղթադրամ, իսկ թղթադրամի մեջ` պոլիէթիլենային երկու փաթեթ:

  ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի տեղեկացմամբ, վերոհիշյալ երկու փաթեթներից յուրաքանչյուրի մեջ եղել է 2 հատ սպիտակ, օվալաձև «B8» գրառմամբ 4 դեղահաբ: Փորձաքննությամբ պարզվել է, որ հայտնաբերված 4 դեղահաբերը միասին պարունակում են 0.03 գրամ «Բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց:  Կատարվում է հետաքննություն:

  Իսկ օգոստոսի 6-ին, ժամը 17:10-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, Երևան քաղաքի բնակիչ Մ. Ա-ի կողմից «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Շ. Կ-ի անվամբ ներկայացրած հանձնունքի զննությամբ, բնական հյութի ստվարաթղթե տարայի ծալքերի մեջ հայտնաբերել և առգրավել են պոլիէթիլենային թաղանթով փաթեթավորված 0.4 և 0.5 գրամ քաշերով սպիտակ փոշեզանգված: Այս դեպքի առնչությամբ նույնպես կատարվում է հետաքննություն:  Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: