Նախարարն այսօր ընդունել է Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի տնօրենին

02/06/2014

 Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր ընդունել է Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արևիկ Սարիբեկյանին, քննարկել հունիսի 3-ին տեղի ունենալիք ԵՄ «Աջակցություն Հայաստանում ժողովրդավար կառավարման գործընթացին» ծրագրի  մանրամասները:

 Արևիկ Սարիբեկյանը նախարարին է ներկայացրել ծրագրի նպատակը, այն է՝ աջակցել հասարակական կազմակերպությունների գործունեության համար իրավական և ֆինանսական կայուն համակարգի ստեղծմանը, հասարակական կազմակերպությունների կարողությունների և լրատվամիջոցների մասնագիտական հմտությունների բարելավմանը, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների, կառավարության և Եվրամիության միջև երկխոսության և համագործակցության դյուրացմանը:

 Հովհաննես Մանուկյանը դրական է գնահատել Բրիտանական խորհրդի հետ ՀՀ արդարադատության նախարարության համագործակցության առաջին քայլերը և հույս հայտնել, որ այն շարունակական կլինի:

 «Աջակցություն Հայաստանում ժողովրդավար կառավարման գործընթացին» ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ, Բրիտանական խորհրդի կողմից՝ իր գործընկերներ Թոմսոն հիմնադրամի, Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի և Գրանտ Թորնթոնի հետ համատեղ:

 Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես կգա ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը: