Դատարանը պետք է հասկանալի ատյան դառնա հասարակության համար. Panorama.am-ի հարցազրույցը Արդարադատության փոխնախարարի հետ

16/06/2014

 Նոր կառավարության ծրագրով նախատեսվում է Հայաստանում դատարանները դարձնել անկախ, բարձրացնել դատական իշխանության ինքնակառավարումը, բեռնաթափել նրանց գործունեությունը: Բացի այդ, դատաիրավական բարեփոխումների ծրագրի շրջանակներում կառավարությունը ծրագրում է այնպես անել, որ գնահատվի դատավորների գործունեությունը: Դրան ուղղված Դատական օրենսգրքում համապատասխան փոփոխությունը բուռն քննարկումների տեղիք էր տվել. Դատավորների միությունը «խորը անհանգստություն էր հայտնել» այդ նախագծի վերաբերյալ` հայտարարելով, որ այդպիսով կասկածի տակ է դրվում դատավորների անկախությունը: Նման մտահոգություն հայտնած դատավորների թվում էր նաև ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական գործերով դատարանի նախկին դատավոր, այժմ Արդարադատության փոխնախարար Արսեն Մկրտչյանը:
Նոր պաշտոնում դատավորների գնահատման ինստիտուտի վերաբերյալ պարոն Մկրտչյանը նոր կարծիք ունի, որը ներկայացրել է Panorama.am-ին տված հարցազրույցում:

 -Արդարադատության նախարարը կառավարության ծրագրի Ձեր հատվածը ԱԺ-ում ներկայացնելիս ասաց, որ կառավարության ծրագրում էական նշանակություն է տրվելու Մարդու իրավունքների պաշտպանությանը, առավել արդյունավետ դատական համակարգ ունենալուն նպաստող քայլերին: Ի՞նչ է սա նշանակում, պարոն Մկրտչյան:
 -Կառավարության գործունեության ծրագրում ամրագրված են դրույթներ, որոնց համաձայն, կառավարությունն իր գործունեության ընթացքում պետք է նպաստի դատարանների անկախությանը և ապահովի արդյունավետ գործունեության երաշխիքներ, դատական իշխանության ինքնակառավարման մարմինների գործունեության արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ կառավարությունը պետք է աշխատանքներ իրականացնի, պայմանների ստեղծել դատարանների համար, բեռնաթափել նրանց գործը: Սրանք գործառույթներ են, որոնք ուղղված են մի կողմից դատական իշխանության անկախության ամրապնդմանը: Այս ամենը բխում է Հանրապետության նախագահի կողմից հաստատված դատաիրավական բարեփոխումների 2012-2016 թթ. ծրագրում: Այս ծրագրում բավական գործուն միջոցներ կան դատական իշխանությունների ինքնակառավարումը բարձրացնելու համար: Մենք այդ աշխատանքները շարունակելու ենք իրականացնել ու ավարտին հասցնել: Դատական իշխանության ինքնակառավարմանը նպաստող որոշակի օրենսդրական նախաձեռնություններ արդեն իսկ ընդունվել են, քայլեր արվել են:
 -Կմատնանշե՞ք մի քանիսը, ըստ էության, պարոն Մկրտչյան:
 -Օրինակ, դատարանների նախագահների խորհրդի լիազորությունների մի մասի վերապահումը Դատավորների ընդհանուր ժողովին: Այսինքն, օրենսդրական այս փոփոխությունների ուժով մեկ հստակ տարանջատում է դրված` դատական իշխանության հետ կապված բոլոր հարցերով որոշումներն ընդունում են դատավորներն իրենց ընդհանուր ժողովում, կառավարման մի փոքր ավելի մեծ ֆունկցիա կրում է դատարանների նախագահների խորհուրդը: Օրենսդրական փոփոխություններով նախատեսվող և ստեղծվելիք հանձնաժողովները` Էթիկայի հանձնաժողովը, որը իրավասու է քննելու դատավորների էթիկայի հարցերը, ստեղծվելու է Դատավորների ընդհանուր ժողովի կողմից: Հանձնաժողովը պետք է իրականացնի դատավորների վարքագծի վերահսկողության գործառույթներ: Լինելու են նաև մի քանի այլ հանձնաժողովներ, մասնավորապես, դատավորների գնահատման հանձնաժողովը, որի ձևավորումը ըստ Դատական օրենսգրքում կատարված փոփոխությունների, վերապահվում է Դատավորների ընդհանուր ժողովին: Այսինքն` սկզբունքը շատ պարզ է` բոլոր կարևոր որոշումները կայացնում են դատավորները և ինքնակառավարվում: 
 Դատավորների ընդհանուր ժողովի կողմից կայացվող որոշումները և ժողովի դերի բարձրացումը, կարծում եմ, էական խթան է հանդիսանալու դատական իշխանության ինքնակառավարման և ճիշտ զարգացման համար: Իրականացվելու է նաև դատարանների բեռնաթափման ծրագիրը, և շատ գործեր կվերապահվեն նոտարներին: Դատարաններում կմնան այն բարդ գործերը, որոնք ապացուցման հետ կապված խնդկրներ կունենան: Դատարանների ծանրաբեռնվածության էական մասը կրում են հենց փաստերի հաստատման վարույթները, և այդ առումով, դրանք նոտարների իրավասությանը թողնելը, զգալի կկրճատվի դատարանների գործը: Կառավարության ծրագրով նաև խթանելու ենք արբիտրաժային և միջնորդ հաշտարարության ինստիտուտը: Բացի այդ էլեկտրոնային հայցադիմումի ներդրումն ենք շարունակելու, որը էականորեն կհեշտացնի դատարան դիմելը: Դա կօգնի նաև էլեկտրոնային գործ ստեղծելուն: Դա կբացառի նաև փաստաթղթերի կորուստը դատարաններից: 

Ամբողջական հարցազրույցը՝ սկզբնաղբյուր կայքում: