21/11/2014

Հայեցակարգային փաստաթուղթ՝ Հայաստանում էլեկտրոնային առևտրի քաղաքացիաիրավական կարգավորման հիմնախնդիրների վերաբերյալ

Հայեցակարգային փաստաթուղթ 

Հայաստանում էլեկտրոնային առևտրի քաղաքացիաիրավական կարգավորման հիմնախնդիրների վերաբերյալ

 

 

Փորձագետներ՝ Վարդուհի Դանիելյան, Մուշեղ Մանուկյան, Արսեն Մանուկյան 

 

 

Սույն հայեցակարգային փաստաթուղթը պատրաստվել է ՀՀ տեղական փորձագետներ՝ Վարդուհի Դանիելյանի, Մուշեղ Մանուկյանի և Արսեն Մանուկյանի կողմից ԵՄ ծրագրի շրջանակներում և արտահայտում է նրանց փորձագիտական դիրքորոշումը խնդրի վերաբերյալ:

 

I. Ներածություն

Հայտնի է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների և ֆինանսական գործիքների զարգացմանը զուգընթաց աշխարհում լայն տարածում են գտել էլեկտրոնային և բջջային եղանակով ծառայությունների պատվիրման (մատուցման) և ապրանքների ձեռքբերման (էլեկտրոնային առևտրի) տարբեր դրսևորումները: Հայաստանում վերջին տասնամյակում նույնպես նշանակալի քայլեր են կատարվել տեղեկատվական տեխնոլոգիաների և ֆինանսական գործիքների զարգացման ուղղությամբ: Ավելին, դեռևս 2000թ. դեկտեմբերի 28-ին ՀՀ կառավարության կողմից տեղեկատվական տեխնոլոգիաների արդյունաբերությունը ճանաչվել է Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման գերակա ուղղություններից մեկը: Չնայած, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանում գրանցված զգալի առաջընթացին, հարկ է նշել, որ Հայաստանում էլեկտրոնային առևտուրը (կոմերցիան) մինչև օրս լայն կիրառություն չունի: Ենթակառուցվածքային, մշակութային խնդիրներից բացի, էլեկտրոնային առևտրի հետ կապված առկա է նաև օրենսդրական խնդիր այն իմաստով, որ ՀՀ օրենսդրությունը (քաղաքացիական, հարկային, մաքսային) պատշաճ չի կարգավորում էլեկտրոնային առևտրի հետ կապված իրավահարաբերությունները: Թերի օրենսդրական կարգավորումը, իսկ երբեմն անգամ կարգավորման բացակայությունը ոչ միայն չի խթանում, այլև խոչընդոտում է քաղաքացիաիրավական շրջանառությունում էլեկտրոնային առևտրի տարածումն ու զարգացումը: Այդ հանգամանքը հիմնավորվում է նաև էլեկտրոնային առևտրին առնչվող դատական և արբիտրաժային վեճերի և արդյունքում համապատասխան պրակտիկայի բացակայությամբ:  Հարկ է նշել, որ ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը, այս իմաստով բացառություն չէ, քանի որ այն նույնպես պատշաճ չի կարգավորում էլեկտրոնային առևտրի հետ կապված քաղաքացիաիրավական հարաբերությունները և թերևս անհրաժեշտ է ՀՀ քաղաքացիական օրենսգրքում ամրագրել համարժեք դրույթներ, որոնք ամբողջական կդարձնեն էլեկտրոնային առևտրի քաղաքացիաիրավական կարգավորումը։

 

II. Նպատակը և խնդիրները

Փորձագետների նպատակն է բարելավել էլեկտրոնային առևտրի վերաբերյալ ՀՀ քաղաքացիական օրենսդրությունը, մասնավորապես նոր իրավական կարգավորումներ սահմանելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքում:

Սույն հայեցակարգային փաստաթղթում փորձագետները խնդիր են ունեցել`

  • ուսումնասիրել քաղաքացիաիրավական, բանկային, սպառողների իրավունքների պաշտպանության, էլեկտրոնային հաղորդակցության վերաբերյալ ՀՀ օրենսդրության այն դրույթները, որոնք այս կամ այն կերպ առնչվում են էլեկտրոնային առևտրին և այդ իմաստով ունեն էական նշանակություն, սակայն առաջարկներ կատարել բացառապես ՀՀ քաղաքացիական օրենսգրքի և հարակից օրենքների իրավակարգավորումների վերաբերյալ` հաշվի առնելով ծրագրի սահմանափակումները,
  • վերլուծել և ցույց տալ այն քաղաքացիաիրավական օրենսդրական թերկարգավորումները, որոնք խոչընդոտում են կամ կարող են խոչընդոտել էլեկտրոնային առևտրի զարգացմանը,
  • ներկայացնել առաջարկություններ և եզրահանգումներ առկա քաղաքացիաիրավական օրենսդրական խոչընդոտները վերացնելու և էլեկտրոնային առևտրի զարգացման համար բարենպաստ իրավական միջավայր ստեղծելու վերաբերյալ[1]:

Նշված խնդիրներից ելնելով` փորձագետներն ուսումնասիրել են ինչպես ներպետական մասնավոր օրենսդրական դաշտը, այնպես էլ միջազգային իրավական փաստաթղթեր: Վերլուծության հիմքում են ընկած այնպիսի միջազգային փաստաթղթեր, ինչպիսիք են Միավորված ազգերի կազմակերպության Միջազգային առևտրային իրավունքի հանձնաժողովի (այսուհետ` ՄԱԿՄԱԻՀ) կողմից 1996թ. մշակված «Էլեկտրոնային առևտրի մասին» և 2001թ. մշակված «Էլեկտրոնային ստորագրությունների մասին» նմուշային օրենքները, ՄԱԿ-ի 2007թ. կոնվենցիան «Միջազգային պայմանագրերում էլեկտրոնային հաղորդակցության կիրառման մասին», Եվրոպական միության (այսուհետ` ԵՄ) 1999/93/EC և 2000/31/ЕC դիրեկտիվները: 

Էլեկտրոնային առևտուրը բազմաոլորտ ինստիտուտ է և վերջինիս կարգավորումը չի սահմանափակվում միայն քաղաքացիական օրենսդրությամբ։ Սույն փաստաթղթի շրջանակներում փորձագետները շեշտադրումը դրել են քաղաքացիաիրավական կարգավորումներ և լուծումներ մշակելու վրա: Էլեկտրոնային առևտրի համակարգային կարգավորումը, սակայն, ներառում է նաև մաքսային, հարկային, բանկային, վճարահաշվարկային իրավակարգավորումներ, որպիսի բնագավառներում նույնպես առկա են բազմաթիվ խնդիրներ: Փորձագետների կարծիքով, էլեկտրոնային առևտրի առավել համակարգային կարգավորումը պետք է հետագայում առավել մանրակրկիտ ներառի այլ ոլորտների (մաքսային, հարկային, ՀՀ կենտրոնական բանկի, վճարահաշվարկային) բարեփոխումները նույնպես։

 

lll. Իրավական կարգավորվածությունը և առկա խնդիրները

 (ՀՀ քաղաքացիական օրենսգիրք և այլ օրենքներ)

1. Հայտնի է, որ գործարքների, այդ թվում պայմանագրերի կնքման կարգը, ինչպես նաև դրանց ձևի նկատմամբ ներկայացվող պահանջները կարգավորվում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքով: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համապատասխան նորմերը նախատեսված են 294-րդ, 296-րդ և 298-րդ և 450-րդ, հոդվածներում:

Դրանց ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այդ դրույթները նկատի չեն առնում էլեկտրոնային եղանակով գործարքների և պայմանագրերի կնքման առանձնահատկությունները:  Այդ իսկ պատճառով առկա է անհրաժեշտություն համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 294-րդ, 296-րդ, 298-րդ, 450-րդ և հարակից հոդվածներում: 

2. Գործարքների էլեկտրոնային եղանակով կնքման ժամանակ  գնորդը և վաճառողը չեն տեսնում և չեն ճանաչում իրար, իսկ շատ հաճախ այդ իրավահարաբերությունները կրում են մեկանգամյա բնույթ: Այս իմաստով շատ կարևոր է, որպեսզի գնորդը նվազագույն տեղեկատվություն ունենա վաճառողի մասին, որին անհրաժեշտության դեպքում կկարողանա ներկայացնել իր պահանջները կամ բողոքները ապրանքի որակի կամ այն վերադարձնելու վերաբերյալ: Հետևաբար, անհրաժեշտ է օրենսդրությամբ նախատեսել առնվազն նվազագույն պահանջներ այն էլեկտրոնային կայքերի ու խանութների, ինչպես նաև հեռուստատեսային խանութների նկատմամբ, ովքեր հրապարակային օֆերտաներ են տեղադրում ինտերնետում կամ հեռուստատեսությամբ ապրանքների վաճառքի կամ ծառայությունների մատուցման վերաբերյալ: Այդ տեղեկատվությունը պետք է պարզորոշ կերպով հնարավորություն տա պարզելու, թե ով (ֆիզիկական կամ իրավաբանական անձ) է կանգնած  տվյալ կայքի կամ էլեկտրոնային, հեռուստատեսային խանութի ետևում:

3. ՀՀ օրենսդրությամբ բացակայում են ինտերնետային կայքի, էլեկտրոնային հաղորդակցության միջոցի կամ հեռուստատեսային եթերի իրավունքը ունեցող ընկերության սեփականատիրոջ (այսուհետ՝ հեռահաղորդակցության օպերատոր) գործունեության և պատասխանատվության վերաբերյալ կարգավորումներ: Հարկ է նկատի ունենալ այն հանգամանքը, որ օպերատորը պայմանագրի կողմ չէ և չի հանդիսանում հրապարակային օֆերտայի հեղինակը (նրանից դուրս չի եկել հրապարակային օֆերտան): Օպերատորն ընդամենը հնարավորություն է ընձեռել, որպեսզի ձեռնարկատիրությամբ զբաղվող սուբյեկտը (ֆիզիկական կամ իրավաբանական անձ) հրապարակային հայտարարություն տեղադրի իր էլեկտրոնային հեռահաղորդակցության միջոցով կամ հրապարակային առաջարկով (օֆերտա) հանդես գա հեռուստատեսային եթերից:  Հետևաբար օպերատորը պատասխանատվություն չի կրում հրապարակային օֆերտայի բովանդակության համար, բացառությամբ, եթե օպերատորը ձևափոխել կամ նենգափոխել է էլեկտրոնային հաղորդագրության բովանդակությունը: Օպերատորի սահմանափակ պատասխանատվության մասին կանոնները պետք է սահմանվեն ՀՀ քաղաքացիական օրենսգրքում:

4. Սպառողն իրավունք ունի տեղեկատվություն իմանալ վաճառողի կամ ծառայություն մատուցողի մասին: Վաճառողը պարտավոր է նվազագույն տեղեկատվություն ապահովել իր մասին և այդ տեղեկատվությունը հայտնի դարձնել գնորդներին (սպառողներին): Սա վաղուց ընդունված պրակտիկա է զարգացած երկրներում: Հետևաբար անհրաժեշտ է սահմանել առնվազն այն պահանջների և տեղեկատվության ցանկը, որոնք հնարավորություն կտան նույնականացնել էլեկտրոնային հեռահաղորդակցության կամ հեռուստաեթերի միջոցով ապրանք կամ ծառայություն առաջարկողին, ում հետ գնորդը մտնում է քաղաքացիաիրավական հարաբերությունների մեջ: Բացի այդ, պետք է սահմանել, թե որտեղից սպառողը կարող է տեղեկատվություն գտնել վաճառողի մասին: Ենթադրվում է, որ ապրանք վաճառողների կամ ծառայություն մատուցողների վերաբերյալ տեղեկատվությունը պետք է առկա լինի որևէ տեղեկատվական կայքում  այն ժամանակահատվածում, որի ընթացքում նրանք իրականացնում են իրենց գործունեությունը: Հնարավոր է նաև նախատեսել կարգավորում, որով սպառողներն ի հավաստումն կնքված գործարքի կկարողանան պահպանել գործարքի կնքվածությունը հավաստող էլեկտրոնային տեքստն իրենց համակարգչում կամ էլեկտրոնային այլ կրիչում:

5. Այն դեպքերում, երբ հեռահաղորդակցության միջոցներով հրապարակային առաջարկներ են արվում ապրանքների կամ ծառայությունների վերաբերյալ, դրանք առաջարկողը պարտավոր է պարզորոշ նկարագրել այն քայլերը և դրանց հաջորդականությունը, որոնք պետք է կատարի գնորդը (սպառողը) հրապարակային օֆերտան ակցեպտավորելու (ապրանքը ձեռք բերելու) համար, ինչպես նաև հստակեցնել այն պահը, երբ օֆերտան կհամարվի ակցեպտավորված: Խոսքը հատկապես գնում է այն կայքերի մասին, որտեղից առևտուր կատարելիս անձը ստիպված է հետևել որոշակի քայլերի հաջորդականության վերջնական գնում կատարելու կամ վճարումն իրականացնելու համար, առավել ևս, որ էլեկտրոնային առևտրի դեպքում մեծանում է սխալների հավանականությունը: Հաշվի առնելով օֆերտայի և ակցեպտի ստացման պահի և վայրի առանձնահատկությունները էլեկտրոնային միջավայրում, անհրաժեշտ է անդրադառնալ նաև այդ հարցերի կարգավորմանը:  

6. Էլեկտրոնային եղանակով գործարք կնքելիս ապրանք ձեռքբերողը չի կարողանում շոշափել և տեսնել ապրանքը, գնահատել ապրանքի իրավական որակը, այդ իսկ պատճառով մեծ է հավանականությունը, որ անձը կարող է սխալվել իր ընտրության մեջ: Հետևաբար, պետք է նախատեսել ապրանքը վերադարձնելու գնորդի (սպառողի) իրավունքը։: Պետք է սահմանել նաև այն ժամանակահատվածը, որի ընթացքում   վաճառողը պարտավոր է վերադարձնել ապրանքի համար վճարված գումարը: Այս կապակցությամբ, կարծում ենք, որ փոփոխություններ պետք է կատարվեն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 517-րդ հոդվածում, ինչպես նաև <<Սպառողների իրավունքների պաշտպանության մասին>> ՀՀ օրենքի 23-րդ հոդվածում:

7. Հասարակության մեջ “էլեկտրոնային առևտուր” հասկացությունը տարընկալումներ է առաջացնում: Հաճախ այն ընկալվում է զուտ որպես համացանցով կատարվող առուվաճառքի գործունեություն` չներառելով ծառայությունների ոլորտը, ինչպես նաև էլեկտրոնային այլ միջոցներով կամ այլ ցանցերով կատարվող առևտուրը: Այս առումով անհրաժեշտություն է նկատվում անդրադառնալ էլեկտրոնային միջոց կամ էլեկտրոնային առևտուր հասկացությունների սահմանմանը:

8. “Հսկիչ դրամարկղային մեքենաների մասին” ՀՀ օրենքի համաձայն մանրածախ առուվաճառքի դեպքում վաճառողը պետք է ՀԴՄ կտրոն տրամադրի գնորդին: Մեր համոզմամբ, անհրաժեշտ է քննարկել օրենսդրության այս պահանջը էլեկտրոնային առևտրի դեպքում կիրառելիության հարցը։ Խնդրին պետք է անդրադառնալ սպառողների իրավունքների պաշտպանության (որպես ապացույց ապրանքը տվյալ վաճառողից ձեռքբերելու մասին), հարկային վարչարարության (շրջանառությունը հաշվելու) և էլեկտրոնային առևտրի զարգացմանը չխոչընդոտելու տեսակետներից։

9. Հայաստանի Հանրապետությունում 2005թ.  հունվարի 1-ից գործում է <<Առևտրի և ծառայությունների մասին>> ՀՀ օրենքը, որը սահմանում է առևտրի օբյեկտների դասակարգումը: «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքի՝ առևտրի օբյեկտների և խանութների վերաբերյալ դրույթները և ներկայացվող պահանջների բնույթը ակնհայտորեն վկայում է, որ դրանք շարադրելիս նկատի չեն առնվել էլեկտրոնային առևտրի և ապրանքների առուվաճառքը էլեկտրոնային հարթակներում իրականացնելու հնարավորությունը: Օրինակ, Օրենքի 2-րդ հոդվածում հիմնական հասկացություններ շարադրված է հետևյալը. Առևտրի օբյեկտ՝ գույքային համալիր (հողամաս, շենք, կառույց), որն օգտագործվում է ապրանքների առուվաճառքի համար: Կամ Խանութ՝ առևտրական գործունեության իրականացման համար նախատեսված` հատուկ սարքավորված շենք, շինություն կամ դրա մաս, որն ունի առևտրական դահլիճ: (Տես՝ Օրենքի 2-րդ հոդված՝ հիմնական հասկացություններ): Ակնհայտ է, որ այն մշակված է սովորական պայմաններում իրականացվող ապրանքների վաճառքի գործունեության համար: Հետևաբար, անհրաժեշտ ենք համարում <<Առևտրի և ծառայությունների մասին>> ՀՀ օրենքում նույնպես կատարել համապատասխան փոփոխություններ և լրացումներ:

10. Էլեկտրոնային առևտրի կապակցությամբ խնդիրներ են ծագում նաև հարկային և մաքսային ոլորտներում, որտեղ դժվարություն է առաջանում հետևել էլեկտրոնային առևտրաշրջանառությանը, հետևել կնքված գործարքներին ու ըստ այդմ որոշել, թե արդյոք կատարված հարկային պարտավորությունները ճշգրիտ են հաշվարկվել, թե ոչ: Այս առումով խնդրահարույց կարող է լինել նաև մաքսային ոլորտը կապված հայտարարագրերի, բեռն ուղեկցող փաստաթղթերի ներկայացման հետ: Այս տեսանկյունից փորձագետները ներկայացված քաղաքացիաիրավական լուծումների հետ կապված փորձելու են վերհանել այս ոլորտներում առկա ռիսկերն ու պետական մարմինների հնարավոր մոտեցումները:  Նման կերպ փորձագետները փորձելու են նաև անդրադառնալ վճարահաշվարկային ոլորտին, որտեղ երբեմն խնդիրներ են ծագում կոնկրետ տեսակի վճարային քարտերով էլեկտրոնային միջավայրում առևտուր կատարելիս:

 

IV. Եզրակացություն

Նախորդ գլխում նշված իրավական հարցադրումները և խնդիրները վկայում են, որ իրապես ՀՀ քաղաքացիական օրենսգրքում և մի շարք այլ օրենքներում անհրաժեշտ են փոփոխություններ և լրացումներ, որոնք պատշաճ քաղաքացիաիրավական միջավայր կապահովեն էլեկտրոնային առևտրի համար։

 

Փորձագետներ՝

 

Վարդուհի Դանիելյան

Մուշեղ Մանուկյան

Արսեն Մանուկյան

 

29-ը հոկտեմբերի, 2014

 

 

 


[1] Հեղինակները նաև կմշակեն օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենսդրական նախագծերի փաթեթ, որոնք հիմնված կլինեն սույն վերլուծության և ներկայացված առաջարկությունների վրա: