Դեպի վեր

21/11/2014

Հայեցակարգ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի սեփականության իրավունքին նվիրված գլուխների բարեփոխման վերաբերյալ

Հ Ա Յ Ե Ց Ա Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԳԼՈՒԽՆԵՐԻ ԲԱՐԵՓՈԽՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ներածություն

1998 թվականի մայիսի 9-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի(այսուհետ՝ Օրենսգիրք) 4-րդ բաժինը նվիրված է սեփականության իրավունքի և այլ իրային իրավունքների կարգավորմանը: Ընդունումից ի վեր սեփակության իրավունքին նվիրված բաժնում կատարվել են մի շարք փոփոխություններ, որոնք ուղղված էին Օրենսգրքի կիրառման ընթացքում առաջացած խնդիրների և կարգավորման բացերի վերացմանը: Սակայն անհրաժեշտ է նշել, որ դեռևս առկա են մի շարք խնդիրներ, որոնց լուծումը ունի ինչպես տեսական, այնպես էլ գործնական կարևոր նշանակություն: Ուստի անհրաժեշտությունը է առաջացել վերանայել սեփականության իրավունքը կարգավորող դրույթները՝ Օրենսգրքում նախատեսելով համապատասխան փոփոխություններ և լրացումներ:

 

Առկա խնդիրները և փոփոխությունների անհրաժեշտությունը 

 Սեփականության իրավունքի բովանդակությունը կազմող իրավազորությունների հասկացությունների, սեփականության իրավունքին նվիրված գլուխներում առկա եզրույթների, ձևակերպումների վերաբերյալ խնդիրներ: 

 Թեև Օրենսգրքում ամրագրված են սեփականության իրավունքի բովանդակությունը կազմող իրավազորությունները, սակայն պետք է նշել, որ իրավազորությունների հասկացությունները հստակ են և չեն արտացոլում դրանց առանձնահատկությունները և էությունը, օրինակ՝ տիրապետման իրավունքի էությունը բացահայտելիս օգտագործվում է նույն տիրապետում եզրույթը:

 Հստակ չէ «իր» և «գույք» եզրույթների տարանջատումը: Շատ հաճախ համապատասխան դրույթների վերլուծությունից ակնհայտ է դառնում, որ կարգավորումը վերաբերում է ոչ թե գույքին, այլ իրին, սակայն կարգավորող դրույթում օգտագործվում է գույք եզրույթը, ինչը առաջացնում է տարըմբռնումները և առաջացնում է ոչ միայն տեսական, այլ նաև գործնական անհարմարություններ:

 Օրենսգրքում բավական շատ են այնպիսի ձևակերպումներ և կարգավորումներ, որոնք չենք համապատասխանում ներկայիս իրավակարգի առանձնահատկություններին և անցյալի կարգավորման մնացուկներ են:

 Սեփականատեր չհամարվող անձանց իրային իրավունքների շրջանակի սահմանման վերաբերյալ խնդիրներ: Անհրաժեշտ է վերանայել և հստակորեն սահմանել իրային իրավունքների շրջանակը՝ հաշվի առնեով ինչպես միջազգային առաջատար փորձը, այնպես էլ մեր օրենսդրական կարգավորման առանձնահատկությունները: 

 Շարժական իրերի ձեռքբերմանը վերաբերող խնդիր: Օրենսգիրքը շարժական տիրազուրկ իրի տեսակ է համարում իրը, որից սեփականատերը հրաժարվել է (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 179-րդ հոդված): Իրերի այս տեսակի համար Օրենսգիրքը սահմանել է ձեռքբերման երկու ձև՝ իրի նկատմամբ տիրապետում հաստատելու միջոցով, իսկ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափից ավել արժեք ունեցող իրերի համար՝ դատարանի միջոցով: Կարծում ենք, որ նման կարգավորումը չի համապատասխանում մեկ միասնական հայեցակարգին. անհասկանալի է, թե ինչու է օրենսդիրը տարբերակում իրականացրել իրերի ձեռքբերման համար՝ կապելով այն իրի արժեքից: Նման կարգավորումը չի համապատասխանում սեփականության իրավունքի կարգավորման հայեցակարգին, քանի որ անկախ իրի արժեքից դրա նկատմամբ սեփականության իրավունքի պաշտպանության ռեժիմը կամ երաշխիքները պետք է միևնույնը լինեն: Օրենսգրքի 179-րդ հոդվածի կարգավորումը անհարկի ծանրաբեռնում է նաև դատարանները:

 Անշարժ իրերի՝ հողամասերի ձեռքբերմանը վերաբերող խնդիր: Տիրազուրկ անշարժ իրի ձեռքբերումը, ըստ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի՝ պետք է իրականացվի ձեռքբերման վաղեմության կանոններով (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդված): Մեր կարծիքով նման կարգավորումը Օրենսգրքի զգալի թերություններից մեկն է: Նախ՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի կարգավորումն առավելապես իրականացված է շարժական իրերի ձեռքբերման տրամաբանությամբ, ինչն արդեն խնդիր է առաջացնում անշարժ իերի պարագայում: Երկրորդ՝ բոլորովին անհասկանալի է, թե ինչու՞ է օրենսդիրը տիրազուրկ անշարժ իրը ձեռք բերելու համար սահմանում տասնամյա վաղեմությունը. պարզ չէ, թե ում շահերն են պաշտպանվում: Երրորդ՝ դատական պրակտիկայում նման կարգավորումը խնդրահարույց է. այս կարգավորումը հանգեցրել է նրան, որ անձանց մոտ առաջացել է սեփականությունը կորցնելու մտավախոթյուն (օրինակ՝ երկարատև ժամանակով բնակարանը կամ մեկ այլ անշարժ իրը չտիրապետելու դեպքում):

 Ձեռքբերման վաղեմությանը վերաբերող խնդիրներ: ՀՀ քաղաքացիական օրենսգրքում ձեռքբերման վաղեմությունը կարգավորվում է 187-րդ հոդվածով: Կարգավորման խնդիրները հանգում են հետևյալին: Նախ՝ հոդվածի կարգավորումն ավելի շատ իրականացված է շարժական իրերի ձեռքբերման վաղեմության տրամաբանությամբ, սակայն հոդվածը վերաբերում է միայն անշարժ իրերին: Երկրորդ՝ առկա կարգավորմամբ հայցային վաղեմությանը և ձեռքբերման վաղեմությանը վերաբերող նորմերի միջև մրցակցություն է առաջանում, ինչը պրակտիկայում բազմաթիվ խնդիրներ է առաջացնում: Երրորդ՝ բացակայում են ձեռքբերման վաղեմության կասեցմանը և ընդհատմանը վերաբերող նորմերը, ինչը կարող է բարդացնել սեփականության իրավունքի պաշտպանությունը: Չորրորդ՝ ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը չի կարգավորում ձեռքբերման վաղեմությանը վերաբերող կանխավարկածները (բարեխղճության, անընդհատ տիրապետման, ինքնուրույն տիրապետման), որոնց բացակայությունը բազմաթիվ խնդիրներ է առաջացնում իրավակիրառման ընթացքում: Հինգերորդ՝ բացակայում են շարժական իրերի ձեռքբերման վաղեմությունը կարգավորող նորմերը, ինչն էլ նշանակում է, որ որոշ դեպքերում շարժական իրը կարող է դուրս մնալ քաղաքացիական շրջանառությունից: 

 Շարժական իրերի ձեռքբերում տիրապետման փաստի ուժով: Այս հարցը կարգավորվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275-րդ հոդվածի միջոցով, որը, մեր կարծիքով թերի է: Նախ՝ հոդվածի կարգավորումից բխում է, որ այն տարածվում է նաև անշարժ իրի նկատմամբ, մինչդեռ անշարժ իրի համար նման կարգավորումն անթույլատրելի է, քանի որ դրա նկատմամբ իրավունքները պետք է գրանցվեն պետական մարմնում: Միևնույն ժամանակ այստեղ հակասություն է առաջանում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի հետ: 

Ինքնակամ կառույցի վերաբերյալ խնդիրներ

Օրենսգրքի վիճահարույց հարցերից է ինքնակամ կառույցի իրավական կարգավորման խնդիրները, որոնց լուծումը կհանգուցալուծի ինքնակամ կառույցների հետ կապված իրավական թնջուկը:

 Հողամաս, շենք, շինություն և այլ անշարժ գույքի տարածք մուտք գործելու արգելքի վերաբերյալ խնդիրներ

Անհրաժեշտ է ճշգրտել և հստակեցնել հողամաս, շենք, շինություն և այլ անշարժ գույքի տարածք մուտք գործելու արգելք սահմանող դրույթները: 

Առաջարկվող լուծումները

 Սեփականության իրավունքի բովանդակությունը կազմող իրավազորությունների հասկացությունների, սեփականության իրավունքի վերաբերյալ բաժնում առկա եզրույթների, ձևակերպումների վերաբերյալ խնդիրներ

 

 Անհրաժեշտ է հստակեցնել իրավազորությունների վերաբերյալ հասկացությունները՝ մասնավորապես ամրագրելով, որ տիրապետման իրավունքը անձի՝ որևէ իրի նկատմամբ ունեցած փաստացի իշխանություն իրականացնելու իրավաբանորեն ապահովված հնարավորությունն է, իսկ տնօրինման իրավունքը՝ իրավաբանական և փաստական ճակատագիրը որոշելու իրավաբանորեն ապահովված հնարավորությունը:

 Ինչպես սեփականության իրավունքի բաժնում, այնպես էլ ամբողջ օրենսգրքում անհրաժեշտ է տարբերակել «գույք» և «իր» եզրույթները ՝ հաշվի առնելով դրանց առանձնահատկությունները: Սովորաբար գույք են անվանում անձի ակտիվների ամբողջությունը, որի մեջ մտնում են ինչպես շարժական ու անշարժ գույքի նկատմամբ իրավունքները, նյութական իրավունքները, ինչպես նաև պահանջները , մինչդեռ իր են համարվում նյութական օբյեկտները, նյութական աշխարհի այն առարկաները, որոնք ուղղված են քաղաքացիական իրավահարաբերությունների մասնակիցների պահանջմունքների բավարարմանը և կարող են հանդես գալ որպես ապրանքաշրջանառության առարկա:

 Օրենսգրքի 166-րդ հոդվածը նվիրված է սեփականության իրավունքի սուբյեկտներին, միևնույն ժամանակ 167, 168 169-րդ հոդվածներում առանձին նշվում է քաղաքացիների և իրավաբանական անձանց սեփականության իրավունքը, պետական սեփականության իրավունքը և համայնքային սեփականությունը: Նշված հոդվածներում ըստ էության չեն բացահայտվում կարգավորման այնպիսի առանձնահատկություններ, որոնք կտարբերվեին 166-րդ հոդվածի կարգավորումներից, ուստի դրանց պահպանումը ընդամենը ավանդույթի հարց է և ժամանակավրեպ է: Այդիսկ պատճառով անհրաժեշտ է սեփականության իրավունքնի սուբյեկտների վերաբերյալ բոլոր դրույթները նախատեսել մեկ հոդվածում՝ բոլոր սուբյեկտների առանձնահատկությունների հաշվառմամբ:

 Օրենսգրքի 171-րդ հոդվածով նախատեսված է պետական գույքի մասնավորեցման վերաբերյալ դրույթներ, սակայն պետք է նշել, որ այդ դրույթներև անցումային ժամանակաշրջանի դրույթներ են, և ներկայումս օրենսգրքում դրանց նախատեսման անհրաժեշտությունը բացակայում է:

 Սեփականատեր չհամարվող անձանց իրային իրավունքների ցանկի վերաբերյալ: Սեփականատեր չհամարվող անձանց իրային իրավունքների ցանկը վերանայման կարիք ունի, և օրենսգրքում պետք է ոչ միայն հսկակեցվեն ներկայումս գործող իրային իրավունքները, այլ նախատեսվեն այնպիսի իրային իրավունքներ, որոնք նախկինւմ առկա չեն եղել, սակայն որոնց նախատեսման անհրաժեշտությունը օբյեկտիվորեն գոյություն ունի (ուզուֆրուկտ, Էմֆիտևզիս, և այլն) :

 Տիրազուրկ իրերի վերաբերյալ: Տիրազուրրկ իրերի հետ կապված խնդիրները լուծելու համար կարծում ենք անհրաժեշտ է.

Նախ՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 179-րդ հոդվածում պետք է վերացնել կարգավորման տարբերությունը՝ կապված իրի արժեքի հետ:

Երկրորդ՝ շարժական բոլոր դեն նետված իրերի համար պետք է սահմանել սեփականության իրավունքի ձեռքբերման հնարավորություն տիրապետումը հաստատելու միջոցով և այդ պահից: Նախկին սեփականատիրոջ համար երաշխիքները պահպանվում են դատական պաշտպանության միջոցով: Այսինքն՝ եթե նախկին սեփականատերը չէր հրաժարվել իրի նկատմամբ սեփականության իրավունքից, ապա նա կարող է դիմել դատարան ընդդեմ նոր սեփականատիրոջ՝ ապացուցելով այն փաստը, որ իրից հրաժարում տեղի չէր ունեցել:

Երրորդ՝ տիրազուրկ անշարժ իր հասկացությունը պետք է բացառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքից՝ հաշվի առնելով այն, որ տեսականորեն բացառվում է անշարժ իրի տիրազուրկ լինելը կադաստրային գրանցման, ինչպես նաև անշարժ իրերի (հողամասի) նկատմամբ իրավունքների գրանցման համակարգի առկայության պարագայում: Եթե սեփականատերը ցանկանում է հրաժարվել հողամասի նկատմամբ սեփականության իրավունքից, ապա նա այդ մասին պետք է համապատասխան գրավոր հայտարարություն կատարի, որի արդյունքում հողամասը կարող է անցնել համայնքին կամ պետությանը (ինչպես կարգավորված է ՀՀ հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի 3-րդ մասում և 101-րդ հոդվածում):

 

 Ձեռքբերման վաղեմության վերաբերյալ: Առաջին՝ պետք է սահմանել անշարժ իրի՝ հողամասի ձեռքբերան վաղեմության կանոններ, որոնք պետք է կապված լինեն հողամասի կամ այլ անշարժ իրի նկատմամբ իրավունքը գրանցող պետական մարմնում առկա գրանցման վաղեմության հետ: Այս նպատակով ՀՀ քաղաքացիական օրենսգրքում պետք է նախատեսել առանձին հոդված՝ սեփականության իրավունքի ձեռքբերման բաժնում:

Երկրորդ՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածը պետք է փոփոխել՝ հարմարեցնելով շարժական իրերի ձեռքբերմանը:

Երրորդ՝ պետք է նախատեսել մի շարք հոդվածներ, որոնք սահմանում են տիրապետման տեսակների վերաբերյալ կանխավարկածներ, մասնավորապես՝ տիրապետման բարեխղճության, անընդհատության, ինքնուրույնության կանխավարկածները: Այս հոդվածները պետք է նախատեսել ձեռքբերման վաղեմությանը վերաբերող հոդվածների հետ նույն գլխում:

Չորրորդ՝ ձեռքբերման վաղեմության համար պետք է սահմանել վաղեմության ընդհատման և կասեցման մասին հոդվածներ, որոնք նպատակաուղղված կլինեն պաշտպանելու սեփականատիրոջը՝ հավասարակշռելով շահերը:

 

 Շարժական իրերի ձեռքբերում տիրապետման փաստի ուժով: ՀՀ քաղաքացիական օրենսգրքում՝ սեփականության իրավունքի ձեռքբերման հիմքերում, պետք է նախատեսել հոդված տիրապետման փաստի ուժով շարժական իրը բարեխիղճ տիրապետողի օգտին սեփականության իրավունք ճանաչելու վերաբերյալ (իհարկե, բացառությամբ այն դեպքերի, երբ իրը սեփականատիրոջ տիրապետումից դուրս է եկել նրա կամքից անկախ հանգամանքներում (այս բացառությունը չի վերաբերում դրամական միջոցներին և ըստ ներկայացնողի արժեթղթերին): Սրա հետ կապված պետք է ուժը կորցրած ճանաչել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275-րդ հոդվածը:

 

 Ինքնակամ կառույցի վերաբերյալ: Ինքնակամ կառույցների վերաբերյալ դրույթները առկայությունը ոչ միայն նահանջ է օրենքի գերակայության սկբունքից, քանի որ հնարավորություն են տալիս օրինականացնել օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով կառուցված կամ վերակառուցված շենքը, շինությունը կամ այլ կառույցը, այլ նաև իրավակիրառ պրակտիկայում առաջացնում է մի շարք բարդություններ: Հարկ է նշել նաև, որ մի շարք երկրների օրենսդրությունը ուսումնասիրությունը վկայում է, որ ինքնակամ կառույցի օրինականացումը անթույլատրելի է: Ուստի առաջարկվում է բացառել ինքնակամ կառույցի օրինականացման հնարավորությունը՝ օրենսգրքի համապատասխան հոդվածը ուժը կորցրած ճանաչելով: Միևնույն ժամանակ անցումային դրույթներով կսահմանվեն ժամկետներ և կարգ, որը հնարավորություն կտա օրինականցնել մինչև օրենսգրքում փոփոխությունների կատարումը կառուցված ինքնակամ կառույցները:

 Հողամաս, շենք, շինություն և այլ անշարժ գույքի տարածք մուտք գործելու արգելքի վերաբերյալ: Անհրաժեշտ է ճշգրտել Օրենսգրքի 203-րդ հոդվածով հոդվածով սահմանվող հողամաս, շենք, շինություն և այլ անշարժ գույքի տարածք մուտք գործելու արգելք սահմանող դրույթները: Հարկ է նշել, որ հոդվածում առկա որոշ դրույթներ պետք է հանվեն, քանի որ կրում են վարչաիրավական բնույթ, իսկ որոշ դրույթներ պետք սեփականության իրավունքի պաշտպանությունը նախատեսող հոդվածներում՝ հաշվի առնելով կարգավորման առանձնահատկությունները:

 

Կարգավորման նպատակը և ակնկալվող արդյունքը

Հայեցակարգով առաջարկվող լուծումները նպատակ են հետապնդում ամբողջական և համալիր կերպով կարգավորել սեփականության իրավունքի հետ կապված հարաբերությունները՝ հաշվի առնելով ինչպես այդ հարաբերությունների առանձնահատկությունները, այնպես էլ միջազգային իրավական պրակտիկայում առկա մոտեցումները: Առաջարկվող լուծումները կնպաստեն նշված ոլորտում առաջացող հարաբերությունների կայունացմանը, սեփականատերերի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանը:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն