Կառավարությունը մտադիր է նվազեցնել գերատեսչությունների կողմից մշակվող օրենքների քանակը և ստեղծում է նոր մարմին.Panorama.am

25/08/2016

Այսօր կառավարության նիստում հաստատվեց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի ներկայացրած «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամ ստեղծելու և հիմնադրամի կանոնադրությունը հաստատելու մասին որոշման նախագիծը:

Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ ԵԱՀԿ/ԺՄՀԻԳ –ի հետ քննարկումներ են արվել դեռևս 2013-ին, հիմնադրամի ստեղծումը կարևորվում է հատկապես  սահմանադրական բարեփոխումների լույսի ներքո: 

«Որպես հեռահար ռազմավարական նպատակ նախատեսում ենք նաև նվազեցնել գերատեսչությունների կողմից մշակվող օրենսդրությունների քանակը: Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալությանը հիմնադրամի ստեղծմանն աջակցելու համար»:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հետաքրքրվեց, թե ԱՄՆ միջազգային զարգացման հիմնադրամը քանի՞ տարի է ֆինանսավորելու հիմնադրամի գործունեությունը և արդյոք այդ ժամկետի ավարտից հետո լրացուցիչ ֆինանսական բեռ չի՞ առաջանա կառավարության վրա, Արփինե Հովհաննիսյանը պատասխանեց, որ Միջազգային զարգացման հիմնադրամը ֆինանսավորելու է երկու տարի: Ինչ վերաբերում է հետագային, ապա Հովհաննիսյանի խոսքով, իր բանակցությունները միջազգային կառույցների հետ թույլ է տալիս ասել, որ հետագայում ևս ֆինանսավորողներ կլինեն:

 

Սկզբնաղբյուրը՝  http://www.panorama.am/am/news/2016/08/25/%D4%BF%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BE%D5%A1%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6/1631532